HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմենակ Կյուրեղյան.«Չեմ հասկանում՝ սա ստալինյա՞ն դատարան է, թե՞ 21-րդ դարի դատարան»

Մեկ տարի 1 ամիս անազատության մեջ գտնվող 32- ամյա Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, մշտապես գալիս է որդու գործով դատական նիստերին, սակայն դահլիճ չի մտնում. «Եթե Հայկը ներկա չէ, անիմաստ եմ համարում այդ նիստերին մասնակցել: Ես դատական նիստը լսելու կարիք չեմ տեսնում: Գալիս եմ, որ իմ որդուն տեսնեմ: Դատավորներից ընդհանրապես սպասելիք չունեմ: Չեմ հասկանում՝ սա ստալինյա՞ն դատարան է, թե՞ 21-րդ դարի դատարան»,-դատարանի բակում «Հետքի» հարցին պատասխանելով՝ ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը: Նա նշեց, որ 15 օրը մեկ անգամ գնում է «Նուբարաշեն» ՔԿՀ որդու հետ կարճատև տեսակցության. «Ապակիներից այն կողմ տեսնում ենք, խոսում, գրքեր ենք տանում, մամուլ»:

Այս անգամ նույնպես Հայկ Կյուրեղյանի ներկայությունը չէր ապահովվել. նա 2014 թ-ի դեկտեմբերի 17-ից 10 ժամով հեռացվել էր դատական նիստերից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Հիշեցնենք, որ նա ոտքի չէր կանգնում «Ոտքի՛, դատարանն է գալիս» արտահայտությունը լսելիս՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով Հայաստանում դատարանները «խաղալիք» դատարաններ են:

«Հետքի» հետ զրույցում փաստաբան Անժելա Հոբոսյանը նշեց, որ Հայկը վաղուց պետք է մասնակցեր նիստերին. «Գտնում եմ, որ դատարանի գործողություններն անօրինական են: Իմ պրակտիկայում նման դեպք չի եղել: Անգամ «Մարտի 1»-ի գործով նիստերին նույն վարքագիծն էին դրսևորում ամբաստանյալները, սակայն նման բան չի եղել, որ անձը դատավարության սկզբից մինչև վիճաբանությունների փուլը չմասնակցի նիստերին ու ոչ մեկը չներկայացնի նրանց շահերը: Անգամ խոսում եմ կոլեգաներիս հետ, նրանք նույնպես իրենց պրակտիկայում նման դեպք չեն հիշում»,-ասաց Անժելա Հոբոսյանը՝ ավելացնելով, որ խախտվել ու խախտվում են Հայկ Կյուրեղյանի պաշտպանության բոլոր իրավունքները:  

Հիշեցնենք, որ փաստաբանը Հանրային պաշտպանի գրասենյակից նշանակվել է որպես Հայկ Կյուրեղյանի պաշտպան, սակայն Հայկ Կյուրեղյանը չի լիազորել նրան ներկայացնել իր շահերը. «Պարզապես ներկա եմ գտնվում նիստերին, քանի որ պարտավոր եմ, նշանակվել եմ պաշտպան, բայց լիազորություններ չունեմ իմ պաշտպանյալի կողմից»,-նշեց փաստաբան Հոբոսյանը:

Հայկ Կյուրեղյանի գործով թեպետ այսօր նախատեսված էր մեղադրող դատախազի ճառը, այդուհանդերձ նիստը սկսվեց ու հետաձգվեց: Դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ տուժողներից Քրիստինա Սարդարյանը չի ներկայացել, ով նախորդ դատական նիստերից մեկում հայտնել էր, որ քաղաքացիական հայց ունի: Քրիստինա Սարդարյանն այն քաղաքացին է, ով դեպքի օրը՝ 2013թ-ի հունիսի 12-ին որպես փաստաբան այլ գործով եկել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ու կայանել մեքենան: Հենց այդ մեքենայի վրա էլ բարձրացել էր Կյուրեղյանն իր ակցիայի ժամանակ: Տուժող Սարդարյանը դատարանին հայտնել էր 284.000 դրամի գույքային վնաս է արձանագրված փորձաքննությամբ, այդքան գումարի հայց էլ ներկայացնելու է դատարան: Սակայն տուժողը գտնվում էր արձակուրդում և մինչ օրս հայցը ներկայացված չէ: Այդ հիմքով դատախազի ճառն այսօր հետաձգվեց մինչև օգոստոսի 25-ը:

Ըստ փաստաբան Հոբոսյանի, սակայն, ոչինչ չէր խանգարում, որ այսօր դատախազն իր ճառն արտասաներ, իսկ մյուս նիստին տուժողները ներկայացնեին իրենց խոսքը, քաղաքացիական հայցը. «Այսօրվա հետաձգումը մի բանի մասին է վկայում, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ ձևով ելք գտնեն: Չգիտեն՝ ինչպես վարվել»,- կարծիք հայտնեց հանրային պաշտպանը:

Հիշեցնենք, որ  Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է ՔՕ 2 հոդվածներով` 258՝ խուլիգանություն և 316՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն: Ի դեպ` սկզբում միայն խուլիգանության հոդված էր դրվել, սակայն անցյալ տարվա օգոստոսին ավելացվեց երկրորդը: Սանկցիան առաջին հոդվածի դեպքում՝ 4-7 տարվա ազատազրկում է նախատեսում, իսկ երկրոդ հոդվածի դեպքում՝ 5-10 տարվա: Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել է դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա, ապա օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել է որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter