HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիր. ամենափոքր, բայց ամենամարդաշատ մարզի թանկարժեք եկեղեցիները

սկիզբը

Արմավիրի մարզը հանրապետության 10 մարզերից տարածքով ամենափոքրն է, զբաղեցնում է 1242 քառ.կմ տարածք, ինչը ՀՀ տարածքի 4,2 տոկոսն է: Սակայն Արմավիրը մարզերից ամենաշատ բնակչությունն ունի. ԱՎԾ տվյալներով՝ 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ մարզի մշտական բնակչության թիվը 266,2 հազ. է: Մարզը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, այդ թվում՝ կրոնական կառույցներով, սակայն անկախությունից, մասնավորապես՝ 2000-ական թթ.-ից սկսած լայն թափ է ստացել եկեղեցաշինությունը:

Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմը կազմավորվել է 1996 թ. մայիսի 30-ին Գարեգին Ա կաթողիկոսի կոնդակով: Թեմը ներառում է նույնանուն մարզի տարածքը, սակայն Էջմիածնում գտնվող Ս. Հռիփսիմեն, Ս. Գայանեն, Ս. Շողակաթը, նորակառույց Ս. Հրեշտակապետացը եւ, բնականաբար, Ս. Էջմիածին մայր տաճարը, ենթարկվում են Մայր Աթոռին:

Թեմի առաջնորդանիստը ներկայում մարզկենտրոն Արմավիրի նորակառույց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին է, իսկ նախկինում, երբ առաջնորդարանը Էջմիածնում էր, առաջնորդանիստ եկեղեցին Էջմիածնի Ս. Աստվածածինն էր: Դրանից հետո առաջնորդարանը տեղափոխվել էր Արմավիր, որը դեռ եկեղեցի չուներ, առաջնորդանիստն էլ դարձել էր Բամբակաշատ գյուղի Ս. Աստվածածինը: Թեմի առաջին առաջնորդը եղել է տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը (1996-1998 թթ.), ում հետո փոխարինել են տեր Խորեն քահանա Մարուքյանը (առաջնորդական տեղապահ, 1998-1999 թթ.), տեր Արշեն աբեղա Սանոսյանը (առաջնորդական փոխանորդ, 1999 թ.), տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (առաջնորդական փոխանորդ, 1999-2001 թթ.), տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը (առաջնորդական փոխանորդ, 2001 թ.): 2001-ից թեմի առաջնորդը տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն է:

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատասխանել է, որ 1991-ից հետո մարզում կառուցվել է 11 եկեղեցի: Սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում, ինչպես հայտնի է, 2011 թ. օծվել է Ս. Հրեշտակապետաց եկեղեցին, որի հիմնարկեքը դեռ 2007-ին էր կատարվել: Եկեղեցին անմիջապես Մայր Աթոռին է ենթարկվում: Իսկ ահա 2000 թ. Մուսալեռ գյուղում օծվել էր Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի մասին մարզպետի պատասխանում չի նշվել, սակայն այն առկա է թեմի կայքում՝ եկեղեցիների ցանկում: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ ՀՀ անկախությունից հետո Արմավիրի թեմում 12 նոր եկեղեցի է կառուցվել:

Մարզի նորակառույցներն են՝

Ս. Ամենափրկիչ (Մուսալեռ, օծումը՝ 2000 թ.), 
Ս. Ղազար (Մեծամոր, 2005),
Ս. Վարդան (Բաղրամյան, 2009), 
Ս. Հովհաննես (Արգավանդ, 2009), 
Ս. Մարիամ Աստվածածին (Շահումյան, 2010), 
Ս. Բարսեղ Կեսարացի (Նոր Կեսարիա, 2011), 
Ս. Խաչ (Բերքաշատ, 2012), 
Ս. Աննա (Աղավնատուն, 2012),
Ս. Կարապետ (Ջանֆիդա, 2014)
Ս. Գրիգոր Նարեկացի (Արմավիր, 2014), 
Ս. Աստվածածին (Առատաշեն, 2015),
Ս. Վարդան (Դալարիկ, 2015): 

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

Երեւան-Էջմիածին մայրուղու վրա գտնվող Մուսալեռ գյուղի (մշտական բնակչությունը 2011 թ. ՀՀ մարդահամարի տվյալներով՝ 2641 հոգի, ստորեւ ներկայացվող թվերը նույնպես այս մարդահամարից են) Ս. Ամենափրկիչ եկեղեցին օծվել է 2000 թ.: Շինարարությունը հովանավորել են Մուրադ Մուրադյանը եւ Միհրան Էրքիլեթյանը: 2010-ին բարեկարգման աշխատանքներ են կատարվել հարակից տարածքում: Համբարձման տոնին այստեղ Ս. Պատարագ է մատուցվում եւ հավատացյալներին կաթնով բաժանվում: Ս. Ամենափրկիչը եւ ԱՄՆ Գլենդել հայաշատ քաղաքի Ս. Գեւորգը քույր եկեղեցիներ են: 2005-ից Մուսալեռի գյուղապետ աշխատող Էդգար Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ եկեղեցու համար ներդրված միջոցներից:

Մեծամոր քաղաքի (9191 բնակիչ) Ս. Ղազար եկեղեցին (ներքեւի լուսանկարում), որը միակն է քաղաքում, կառուցվել է 2002-ին եւ օծվել 2005-ի հոկտեմբերի 22-ին Գարեգին Բ-ի կողմից:

Ճարտարապետը Խաչիկ Դանիելյանն է, հովանավորները՝ ամերիկաբնակ Զավեն եւ Ազատուհի Դադեկյանները: Եկեղեցու կառուցմանն ու շրջակա տարածքի բարեկարգմանը մասնակցել է նաեւ այն ժամանակվա քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը: 

Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան գյուղի (2838 բնակիչ) Ս. Վարդան եկեղեցու կառուցումը սկսվել է 2006-ին ամուսիններ Վարդան եւ Նաիրա Այվազյանների ֆինանսավորմամբ: Էջմիածնեցի Վ. Այվազյանը բնակվում է Մեծ Բրիտանիայի Բեդֆորդ-Քեմփստոն քաղաքում: Նա փոքր հասակում մոմավաճառ մոր հետ պարբերաբար եկեղեցի է հաճախել, ծիսակատարություններին մասնակցել որպես դպիր:

Վարդան Այվազյանը երազներ է տեսել, որոնցում Աստծո ձեռքը բռնած գյուղացի կնոջ հետ բարձրացել է քարքարոտ մի տեղ, որտեղ հայտնվել է գմբեթավոր եկեղեցի եւ Վարդան Մամիկոնյանի պատկերը: Այվազյանը որոշել է երազում տեսածի նմանությամբ եկեղեցի կառուցել: Հայաստանում պարբերաբար փնտրել է համապատասխան վայր եւ արդյունքում ընտրել Բաղրամյանը:

Եկեղեցու խաչի օծումը կատարվել է 2009-ի օգոստոսի 8-ին թեմի առաջնորդ Սիոն սրբազանի կողմից, հաջորդ օրը օծվել է Ս. Սեղանը, եւ մատուցվել առաջին պատարագը:

Մարզի Արգավանդ գյուղը (2301 բնակիչ), որը սահմանակից է հայ-թուրքական սահմանին եւ հիմնվել է 1825-ին, ունեցել է Ս. Հովհաննես անունով եկեղեցի, սակայն խորհրդային տարիներին այն ավերվել է: 1960-ականների վերջում եկեղեցու տեղում մատուռ է կառուցվել, որը հետո հայտնվել է ոչ բարվոք վիճակում: 2008-ին կիսավեր կառույցի տեղում արգավանդցի, Ուկրաինայում բնակվող Հայկ Մովսիսյանը կառուցվել է նոր եկեղեցի: Բարերարի հոր պապը՝ տեր Պողոսը, ժամանակին ծառայել է հին Ս. Հովհաննեսում եւ դրա բակում էլ թաղվել: Հայկ Մովսիսյանը եկեղեցին կառուցել է ի հիշատակ հոր եւ մոր՝ Մյասնիկ եւ Եպրաքսյա Մովսիսյանների: Ս. Հովհաննես նորակառույցը օծվել է 2009-ի նոյեմբերի 14-ին Սիոն սրբազանի կողմից:

Տարիներ անց Հ. Մովսիսյանի միջոցներով կառուցվել են նաեւ եկեղեցու Ս. Սեղանն ու մկրտության ավազանը, որոնք օծվել են թեմի առաջնորդի կողմից: Կաթողիկոսի կոնդակով բարերարը պարգեւատրվել է եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:

Արգավանդի գյուղապետ Արշակ Աղաջանյանի փոխանցմամբ՝ եկեղեցու կառուցման համար ներդրվել է շուրջ կես միլիոն դոլար: Հ. Մովսիսյանը, ըստ համայնքի ղեկավարի, նաեւ համակարգիչներ է նվիրել դպրոցին:

Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղը (1642 բնակիչ) ժամանակին ունեցել է իր Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին (18-րդ դար), որն ավերվել է 1930-ականներին: Շահումյանցի, մոսկվաբնակ Կարեն Հովհաննիսյանի միջոցներով կիսավեր բազիլիկի հարեւանությամբ կառուցվել ու 2010-ին թեմի առաջնորդի կողմից օծվել է Ս. Մարիամ Աստվածածինը: Հարեւանությամբ տեղադրվել են Ցեղասպանության, Սպիտակի երկրաշարժի, Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր, կառուցվել է հովվատուն, տարածքը ցանկապատվել է: Կառույցի ճարտարապետը Էդիկ Գրիգորյանն է, շինարարը՝ Նվեր Սարգսյանը:

Կարեն Հովհաննիսյանը եւ նրա տիկինը կաթողիկոսի կողմից պարգեւատրվել են ՀԱԵ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով՝ «հոգեւոր կյանքի վերազարթոնքին եւ եկեղեցաշինությանը նպաստելու համար»: Ըստ Շահումյանի գյուղապետարանի մեր աղբյուրի՝ կառուցապատումն արժեցել է մոտ 1 մլն դոլար:

Շահումյանում կա նաեւ նորակառույց Թուխ Մանուկ մատուռ, որը, մեր ստացած տեղեկություններով, արժեցել է 300.000 դոլար: Այն կառուցվել է հին ու նոր եկեղեցիների հարեւանությամբ (այս տարածքը գյուղում հայտնի է որպես Ղարադաշ կամ Թուխ Մանուկ) եւ օծվել 2012-ի հուլիսի 22-ին: Բարերարը շահումյանցի, ռուսաստանաբնակ Դավիթ Առաքելյանն է, ով Կարեն Հովհաննիսյանի ընկերն է եւ Ս. Մարիամ Աստվածածնի օծման ժամանակ է որոշել մատուռ հիմնել:

Մարզկենտրոնից մի քանի կմ հեռու գտնվող Նոր Կեսարիա համայնքում (1269 բնակիչ) է գտնվում Ս. Բարսեղ Կեսարացի եկեղեցին: Կառուցման հովանավորը եգիպտահայ Բարսեղ Գըզըլյանն է, ով արմատներով պատմական Կեսարիայից է: Իմանալով, որ Հայաստանում այդպիսի անունով գյուղ կա՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի միջնորդությամբ որոշել է համայնքում եկեղեցի կառուցել:

Շինարարությունը սկսվել է 2009-ին եւ ավարտվել հաջորդ տարի: Ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է: 2011-ի օգոստոսի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոնը օծել է եկեղեցին, որը միանավ տուֆակերտ բազիլիկ է: Հրայր Գալստյանը, ով Նոր Կեսարիայի գյուղապետն է 2011-ից, ասում է, որ տեղյակ չէ, թե որքան գումար է ծախսվել եկեղեցու համար:

Նոր Կեսարիայի հարեւանությամբ է գտնվում Բերքաշատ գյուղը (520 բնակիչ), որի Ս. Խաչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 2011-ին: Հովանավորը Կիեւում բնակվող բերքաշատցի Խաչատուր Խաչատրյանն է, ճարտարապետը՝ Խաչիկ Դանիելյանը, ով նաեւ նախագծել է Մեծամորի Ս. Ղազարը: Ս. Խաչն օծվել է 2012-ի օգոստոսի 25-ին Սիոն սրբազանի ձեռամբ: Օծումից հետո եկեղեցում կատարվել է մկրտություն, առաջին մկրտվողը բարերարի որդին էր՝ Արտյոմ Խաչատրյանը: Ըստ համայնքի ղեկավար Հարություն Չվչյանի՝ ներդրվել է մոտ կես միլիոն դոլար:

Էջմիածնի Աղավնատուն համայնքի (2840 բնակիչ) Ս. Աննայի շինարարությունը տեւել է 3 տարի, եկեղեցին էլ օծվել է 2012-ի հոկտեմբերի 21-ին: Հովանավորը գյուղում ծնված, սակայն Մոսկվայում բիզնեսով զբաղվող Վահան Ավագյանն է: Եկեղեցու բակում տեղադրվել են խաչքարեր, որոնց մեծ մասի հեղինակը Ռուբեն Նալբանդյանն է: Խաչքարերը պատրաստվել են գյուղից դուրս ապրող աղավնատունցի գործարարների պատվերներով:

Կաթողիկոսի կոնդակով Վահան Ավագյանը եւ նրա տիկինը օծման օրը պարգեւատրվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով, որոնք հանձնել է այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով եւս մասնակցում էր բացման արարողությանը: Իսկ շինարար Գագիկ Գրիգորյանը համայնքի ավագանու որոշմամբ ստացել է պատվավոր աղավնատունցու կոչում:  

«Հետքի»՝ եկեղեցու կառուցմանն անմիջական մասնակցություն ունեցած աղբյուրի տեղեկացմամբ՝ Ս. Աննայի շինարարության համար ծախսվել է շուրջ 1 մլն դոլար:

2010-ի աշնանից սկսվել էր հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Ջանֆիդա գյուղի (2963 բնակիչ) եկեղեցու կառուցումը: Ս. Կարապետ եկեղեցու բարերարը ջանֆիդացի, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում բնակվող Արթուր Կարապետյանն է: Ճարտարապետը Սամվել Մովսիսյանն է: Բարեկարգվել է եկեղեցուն կից տարածքը, գյուղացիների կողմից տեղադրվել են խաչքարեր:

Ա. Կարապետյանը նորակառույցը նվիրել է ծնողների՝ Անդրանիկ եւ Քնարիկ Կարապետյանների հիշատակին ու ցանկացել, որ այն կրի պապի անունը: Բարերարը, ով Դոնի Ռոստովի Ս. Աստվածածին եւ Ս. Խաչ եկեղեցիների խորհրդի անդամ է, ժամանակին խաչքարեր է տեղադրել այդ քաղաքում, որոնք օծել է Գարեգին Բ-ն:

Ս. Կարապետը օծվել է 2014-ի մայիսի 10-ին թեմի առաջնորդի ձեռքով եւ ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու Մայր Աթոռի լուսարարապետ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի մասնակցությամբ: Կաթողիկոսի կողմից ամուսիններ Արթուր եւ Նարինե Կարապետյանները այդ օրը պարգեւատրվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Արմավիր մարզկենտրոնը (29.319 բնակիչ), որքան էլ տարօրինակ է, սեփական եկեղեցի ունեցավ միայն տակավին վերջերս: Նախկին ամառային կինոթատրոնի տեղում 2009-ին Ս. Սարգիս անունով մատուռ էր կառուցվել, որը, սակայն, բավականին փոքր էր տարբեր արարողությունների ժամանակ բոլոր ցանկացողներին տեղավորելու համար: Բազիլիկ եկեղեցու կառուցումը սկսվել է 2011-ին մատուռի տեղում: Հիմնարկեքը կատարվել է 2012-ին՝ ձեռամբ տեր Սիոնի: Ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով կառուցված Ս. Գրիգոր Նարեկացու բարերարը արմավիրցի, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ, եկեղեցու ատենապետ Կարեն Մկրտչյանն է, ով վաղուց է եկեղեցի կառուցելու նպատակ ունեցել:

Ս. Գրիգոր Նարեկացու հարեւանությամբ տեղադրվել են խաչքարեր, տարածքը բարեկարգվել է: Եկեղեցու օծումը կատարվել է 2014-ի մայիսի 31-ին՝ ձեռամբ Սիոն սրբազանի եւ մասնակցությամբ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, Վիրահայոց, Գեղարքունիքի թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի ներկայացուցիչների: Արարողությանը մասնակցում էր նաեւ երկրի նախագահը:

Գարեգին Բ-ի կողմից Կարեն Մկրտչյանը պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, իսկ Արմավիրի քաղաքապետի կողմից՝ պատվավոր քաղաքացու կոչմամբ եւ ոսկե մեդալով՝ «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենի քաղաքում եկեղեցի կառուցելու համար»:

Արմավիրի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ բնակկոմունալ հարցերի բաժնի պետ Արմեն Աբգարյանի փոխանցմամբ՝ Ս. Գրիգոր Նարեկացու կառուցման համար ներդրվել է մոտ 900.000 դոլար:

Առատաշենը (2505 բնակիչ) նույնպես Էջմիածնի տարածաշրջանի գյուղերից է: Համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու կառուցումն սկսվել է 2012-ի հունիսի 19-ին: Ուղիղ 3 տարի անց՝ 2015-ի նույն օրը, եկեղեցին բացվել է: Դրանից երկու օր առաջ օծվել էին խաչն ու զանգերը: Բարերարը առատաշենցի Արամ Պողոսյանն է, ով ԶՈւ պահեստի գնդապետ է, Արցախյան պատերազմի մասնակից: Եկեղեցին կոչվել է Մարիամ Աստվածածնի անունով՝ ի հիշատակ բարերարի մոր:

Ա. Պողոսյանի հեռախոսահամարին կատարված մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի ասելով, ով այս պաշտոնում է 2012-ից, ինքը տեղյակ չէ ծախսված միջոցների չափից: 

Բազիլիկ կառույցի ճարտարապետը Սամվել Հակոբյանն է, քանդակագործը՝ Աշոտ Ներսիսյանը: Բնակիչների, տեղում ու արտերկրում ապրող մի շարք աջակիցների, դպրոցի տնօրինության ու համայնքապետարանի ջանքերով նորոգվել է եկեղեցուն կից տարածքը, տեղադրվել են խաչքարեր:

Օծման արարողությունը կատարել է թեմի առաջնորդը՝ ԶՈւ հոգեւոր հովվի մասնակցությամբ: Կաթողիկոսի կոնդակով նույն օրը Արամ Պողոսյանը պարգեւատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով: Նորակառույցում առաջին մկրտվողները բարերարի որդին ու թոռներն էին:    

Նույն օրը խոսելով Արմավիրի թեմում եկեղեցաշինության մասին՝ Սիոն սրբազանն ասել էր. «Եկեղեցին ժողովրդի պահանջն է: Դալարիկում այս տարի պիտի բացվի, Ակնալիճում պետք է սկսենք, Վանանդ գյուղում պետք է սկսենք, սահմանամերձ Երվանդաշատում է սկսվել…»:

Շատ չանցած՝ սեպտեմբերի 25-ին, թեմի առաջնորդի կողմից օծվեց Բաղրամյանի տարածաշրջանի Դալարիկ գյուղի (3975 բնակիչ) Ս. Վարդանը: Վերջինիս հիմնարկեքը կատարվել էր 2013-ի նոյեմբերի 1-ին: Նախաձեռնողն ու ֆինանսավորողը ծնունդով դալարիկցի Գագիկ Վարդանյանն է, ով ղեկավարում է շինարարական «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն: Հենց այս ընկերությունն էլ կառուցել է եկեղեցին, որի ճարտարապետը Սեդրակ Վարդանյանն է:

Գագիկ Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը եղել է իր ծնողներինը: Հայրը եղել է դպրոցի երկարամյա տնօրեն, իսկ մայրը՝ նույն դպրոցի ուսուցչուհի: Ասում է, որ եկեղեցու Ս. Վարդան անվանումն առաջարկել է համայնքը: Վարդան է եղել նաեւ Գ. Վարդանյանի պապի անունը: «Երբ տեր Սիոնի հետ սրբերի մեջ մտածում էինք անունը, ասաց՝ կարելի է կոչել Սուրբ Վարդան, քանի որ դուք Վարդանյան եք: Վարդան կա սրբերի մեջ դասակարգված»,- նշում է բարերարը ու հավելում, որ բացի այս եկեղեցուց, տարբեր այլ բարեգործություններ է արել՝ Դալարիկի դպրոցն ու Կոտայքի մարզի Ալափարս գյուղի Ս. Վարդան Զորավար եկեղեցին է վերանորոգել:

Դալարիկի նորակառույցի համար, ըստ գործարարի, ներդրել է մոտ 100.000 դոլար: Ասում է, որ օգնել են նաև համագյուղացիներից՝ Պետերբուրգում բնակվող իր բարեկամներից մեկը պատուհանների ֆինանսավորումն է արել, գորգերն էլ համագյուղացիներից մեկն է արել:

1999-ից Դալարիկի գյուղապետ աշխատող Պարգեւ Սաղաթելյանն էլ նշում է, որ եկեղեցու տարածքը պատկանում էր գյուղացիներից մեկին, ինքը գնել է այն 3000 դոլարով ու հատկացրել եկեղեցու կառուցման համար: Ըստ նրա՝ ընդհանուր 4-5 հազար դոլարի ներդրում է արել, բնակիչներից մի քանիսը եւս եկեղեցու կառուցմանն աջակցել են գումարով:

Արմավիրի թեմում այս պահին ընթացքի մեջ է Էջմիածնի տարածաշրջանի Արեւաշատ համայնքի (1917 բնակիչ) եկեղեցու կառուցումը: Գյուղն ունի 1905-1907 թթ. Ս. Աստվածածին եկեղեցի: Գյուղապետ Սուսաննա Գեւորգյանն ասում է, որ Նովգորոդում բնակվող Զավեն Ալեքսանյանը գյուղի հին մատուռի տեղում նորն է կառուցել, իսկ նոր եկեղեցու շինարարությունն ընթանում է արդեն 3 տարի: Վերջինիս հովանավորը մուսալեռցի Ռադիկ Թամրազյանն է, ով, Գեւորգյանի ասելով, իրենց գյուղի թոռ է, ապրում է Մոսկվայում:

Այս տարվա մայիսի 6-ին էլ Ակնալիճում (Էջմիածնի տարածաշրջան, 2566 բնակիչ) կատարվել է բազիլիկ եկեղեցու հիմնարկեք: Համայնքապետ Գեւորգ Միսակյանի հորդորներով եկեղեցու կառուցմանն իրենց միջոցներով մասնակցում են բնակիչները, այդ թվում՝ ակնալիճցի եզդիները: Գյուղապետի դիտարկմամբ՝ շինարարությունը կավարտեն երկու տարում:

Փաստորեն, Արմավիրի թեմում 12 նորակառույց եկեղեցիներից միայն 6-ի համար ծախսվել է մոտ 4 մլն դոլար: 

Գլխավոր լուսանկարում՝ Շահումյանի Ս. Մարիամ Աստվածածինը

Շարունակելի

Մեկնաբանություններ (5)

lusik
Միայն 2 բարերար բացի եկեղեցաշինությունից նվիրատվություն է կատարել դպրոցներին՝ տխուր,մտահոգող փաստ: Ըստ ինձ բարեկարգ , ժամանակակից ուսումնական սարքերով հագեցված դպրոցները գյուղերում ավելի կարևոր են, քան եկեղեցիները՝ 21 դարում մարդը հնարավոըինս պետք է ձգտի գիտելիքի, ոչ աղոտքի: Շատ երեխաներ անգամ դպրոց չեն կարողանում հաճախել շոր, կոշիկ չունենալու պատճարով, ապրում են ոչ տներում ՝բներում. սրա մասին մտածեք բարերարներ:
Վարազ Սյունի
Առնվազն 1 մլրդ հետեւորդ ունեցող Ֆրանցիսկոս Պապը հասարակ մի մեքենայով է շրջում, իսկ դե ֆակտո հազիվ կես մլն իրական հետեւորդ ունեցող հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան «հոգևոր հայրերից» յուրաքանչյուրն իր կես մլն դոլարանոց մեքենան ունի: Հայը նիհարում ու նիհարում է, իսկ հայ առաքելական եկեղեցին՝ չաղանում ու չաղանում: Մարդ, շենք, քար, շոր, ծառ, ուտելիք ու ջուր «օրհնելը» յուղոտ բիզնես է: «Սար ու ձոր, տերտերի փոր» հայկական ասացվածքը երկնքից չի ընկել: Խրոնիկական հայ հարմարվողներն էլ եկեղեցուն են օգտագործում՝ հային «հնազանդ հոտ» դարձնելու համար: Նույն կերպ օտարն էր դա անում. հենց դրա համար էին հանդուրժում հայ առաքելական եկեղեցուն: Հայի պրոբլեմը «միասնական չլինելու» մեջ չէ, այլ միագույն-միաձև լինելու մեջ:Խրոնիկական հարմարվողները, 1915-ից հետո անգամ, խրոնիկական միամիտներին կրկին փորձում են համոզել, որ իբր նորից «հույսը Քրիստոսի վրա պիտի դնել»:
Xunsap'ha
Հայ եկեղեցին ոչ Աստուծոյ հետ կապակցութիւն ունի, ոչ Քրիստոսի և ոչ ալ Աստուածաջունչի: Հայ եկեղեցին գող աւազակներու, կեղծաւոր, խաբեբայ դերասաններու կազմակերպութիւն մըն է, որ իր պարապ ձևակերպութիւններով ու անիմաստ արարողութիւններով միամիտ և անօթի ժողովուրդին միտքը սուտերով կը լեցնէ: Հայ եկեղեցին դարեր շարունակ իր հետևորդները խաբած, կողոպտած և կործանած է: Կաթողիկոսներ, վարդապետներ, տէրտէրներ, պապեր ևայլն, բոլորն ալ առանց բացառութեան Սատանային զաւակներն են, որոնք իրենց հօր (սատանային) նպատակին կը ծառայեն: Այսօր 21'րորդ դարն է, Ինթրնէթի դարը: Իրականութիւնը սորվիլ ուզողը կարդալու առիթ ունի: Իսկ անոնք որ գոհ են իրենց այդպէս- կոչուած ազգային կրօնական/եկեղեցական կեղծիքով, ազատ են իրենց անմիտ, անիմաստ, միտք-թմրեցնող թատրերգութեան հետևելու:
Վարազ Սյունի
Բոլո՛ր ուղղափառ քրիստոնյա երկրները (մահմեդական երկրների նման) եղել ու մնում են կոռուպտ: Կաթոլիկ երկրների կեսն է կոռուպտ: Ոչ մի բողոքական քրիստոնյա երկիր կոռուպտ չէ:Եզրակացություն՝ ինչքան մեծ է կրոնի/եկեղեցու ազդեցությունը պետության վրա,այնքան կոռուպտ է երկիրը:
M.Grigorian
Համաձայն եմ Լուսիկի հետ, նաև ավելացնեմ,որ այդ չորս միլիոն դոլարով կարելի էր զենք գնել: Երբ թշնամին հարձակվում է, աղոթքները չեն փրկում: Իսկ որքանո՞վ է թույլատրելի, որ եկեղեցիների անունները հարմարեցնում են իրենց հարազատների անուններին: Եթե պատվիրատուի հարազատի անունը Կառլեն է, պիտի կոչվի Սուրբ Կառլե՞ն:Մեկնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter