Կիրակի, 23 սեպտեմբերի

Շիրակի նոր եկեղեցիները. «սիրուն ժամից» մինչեւ բանտի աղոթատուն


սկիզբը

Անկախությունից հետո Հայաստանում կառուցված առաքելական եկեղեցիների մասին շարքի հերթական հոդվածը վերաբերում է Շիրակի մարզին, որտեղ այսօր գործում է երկու թեմ: 

Մի փոքր պատմություն

ՀԱԵ Շիրակի թեմը ձեւավորվել է 1920-ի սեպտեմբերի 4-ին կաթողիկոս Գեւորգ Ե-ի կոնդակով: Մինչ այդ թեմի տարածքը մտնում էր Երեւանի (այսօր՝ Արարատյան Հայրապետական) թեմի մեջ որպես Ալեքսանդրապոլի փոխանորդություն: Ընդ որում՝ Գեւորգ Ե-ն 1878-1881 թթ. առաջնորդական փոխանորդ էր այստեղ: 1920-ին Շիրակի թեմի առաջին առաջնորդ է դարձել տեր Արտակ վարդապետ Սմբատյանցը (թեմը ղեկավարած հոգեւորականներին կարելի է ծանոթանալ այստեղ), առաջնորդանիստը Ալեքսանդրապոլի Ս. Աստվածածին (Ս. Յոթ Վերք, լուսանկարում) եկեղեցին էր: Թեմն ընդգրկում էր ներկայիս Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը, Արագածոտնի մարզի Թալինի ու Արագածի տարածաշրջանները: 1930-ականներին՝ խորհրդային իշխանությունների շարունակական հալածանքների ընթացքում, թեմը մնացել էր առանց ղեկավարի, վիճակը համեմատաբար կայունացել է համաշխարհային պատերազմից հետո:   

1990-ին Վազգեն Ա-ի կոնդակով Շիրակի թեմից առանձնացվեցին այժմյան Տավուշի մարզն ու Թումանյանի տարածաշրջանը՝ կազմելով Գուգարաց թեմը: 1996-ին սրան ավելացվեցին նաեւ Լոռու մարզի մյուս շրջանները, ինչի արդյունքում Շիրակի թեմը սահմանափակվեց նույնանուն մարզի տարածքով: 1999-ի դեկտեմբերի 1-ին Գարեգին Բ-ն թեմի առաջնորդական տեղապահ նշանակեց տեր Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին, որը 2001-ին ձեռնադրվեց եպիսկոպոս եւ դարձավ թեմի առաջնորդ: Պաշտոնավարում է մինչ օրս: 

2012-ի դեկտեմբերի 2-ին Շիրակի թեմից առանձնացվեց Արթիկի տարածաշրջանը (Արթիկ քաղաքն ու 23 գյուղ)՝ դառնալով Արթիկի թեմ: Առաջնորդ նշանակվեց տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, որի կարգման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին Արթիկում՝ կաթողիկոսի ու Միքայել սրբազանի մասնակցությամբ:

Աջապահյանի համար Արթիկի բաժանումը կորուստ չէ

Մամուլն առանձին ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Գարեգին Բ-ն տրոհել է հենց Շիրակի թեմը եւ նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակել իր համագյուղացուն՝ ոսկեհատցի Հովակիմ սրբազանին: Իր հերթին Աջապահյանը նշեց, որ Շիրակի թեմը տրոհումից ոչինչ չի կորցրել: «Ասպարեզի» հետ զրույցում նա ասել էր. «Թեմը ոչինչ չկորցրեց, կարելի է ասել՝  նույնիսկ շահեց, որովհետեւ Արթիկի՝ արդեն այսօր ձեւավորված թեմն ինքն իրենով ինքնաբավ չէր, եւ Գյումրին էր, որ պահում էր նրան: Իր ծախսերը Արթիկը չէր կարողանում փակել, ու նույնիսկ կարելի է ասել, որ ֆինանսատնտեսական իմաստով մենք շահեցինք: Մի շրջան կար, որ ինքն իրեն չէր կարողանում բավարարել եւ, այսպես ասած, դոտացիայի վրա էր, առաջնորդարանն էր, որ փակում էր նրանց ծախսերը: Այսօր ազատվեցինք այդ ծախսերից, եւ հիմա դրանց մասին պիտի հոգա Արթիկի թեմը: Մտածում եմ՝ միակ բանը, որ կորցրեցինք, այդ բառի շատ սահմանափակ իմաստով, այն էր, որ Շիրակի թեմը, վերջիվերջո, կոմպակտ թեմ էր, եւ բոլոր բնակավայրերը անխտիր ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեւոր թելերով կապված էին Գյումրու հետ: Հիմա կարծես թե կապերը ստիպված պետք է լինեն խզել: Հենց, օրինակ, մկրտության վկայական, պսակի վկայական, արձանագրություններ, որոնք արվում էին Շիրակի թեմում եւ թեմի առաջնորդարանի միջոցով, այսուհետ պիտի չարվեն, այս իմաստով Արթիկի հետ մեր հոգեւոր կապը խզվում է: Այս է, որ կարող ենք կորուստ համարել, այլապես կորցնելու բան չկա»:

Իսկ թե ինչու եղածներից հենց Շիրակը տրոհվեց, Միքայել սրբազանը պատասխանել էր. «Որովհետեւ Շիրակի թեմը ամենապատրաստը գտնվեց: Ես ինքս էլ իմ թեմի տարածքում, երբ մի ծուխ տրոհում եմ, նշանակում է՝ այդ ծուխը լավ է աշխատել ու կարող է տրոհվել, դառնալ 2 ծուխ: Լավ աշխատող ծուխերն են տրոհվում՝ նաեւ մեր թեմական տարածքում: Եվ եթե վերցնենք եւ խորքի մեջ ուսումնասիրեք բոլոր թեմերի մեջ եղած շրջանները, իրենց եկեղեցական զարգացվածության աստիճանով Արթիկն իրոք առաջատար է: Եվ բնական է, առաջատար լինելով, նա առաջինը պիտի տրոհվեր: Դարձյալ ասում եմ՝ դա մեզ պատիվ է բերում: Դա նշանակում է, որ Շիրակի թեմի առաջնորդը 13 տարի իզուր չի աշխատել, կարողացել է  ոչ միայն իր թեմը կայացնել, այլեւ մեկ ուրիշ թեմի ստեղծման հնարավորություն պատրաստել»:

Տեր Հովակիմը 2015-ին նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ, իսկ նույն տարվա օգոստոսից Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ դարձավ տեր Նարեկ վարդապետ Ավագյանը: 

Շիրակի թեմի առաջնորդանիստն այժմ էլ Գյումրու Ս. Աստվածածինն է, իսկ Արթիկի թեմինը՝ Արթիկի Ս. Գրիգոր Լուսավորիչը (հայտնի է նաեւ որպես Ս. Գեւորգ), որն այսօր խոնարհված է եւ սպասում է վերականգնման: Դրա փոխարեն հոգեւոր ծառայություն է մատուցվում հարեւանությամբ գործող նորակառույց Վարագատուն համալիրում (լուսանկարում, կառուցել են եղբայրներ Խաչատուր (Արթիկի նախկին քաղաքապետ), Մխիթար (ԱԺ նախկին պատգամավոր, Արթիկի ներկա քաղաքապետ), Դավիթ Վարագյանները, հիմնարկեքը կատարվել է 2007-ին, իսկ 2013-ին զանգակատան վրա տեղադրվել է օծված խաչ): 

Շիրակ. լռություն եւ անպատասխան հարցեր

1991-ից հետո Շիրակում կառուցված առաքելական եկեղեցիների մասին հարցում էինք ուղարկել մարզպետարան: Սկզբում մեզ ուղղորդել էին Շիրակի թեմ, սակայն երբ պնդեցինք, որ մարզպետարանը պետք է որ ունենա նշված ինֆորմացիան, աշխատակազմի ղեկավարը փոխանցեց մեկ եկեղեցու տվյալ: Ըստ մարզպետարանի՝ անկախությունից հետո Շիրակում կառուցվել է միայն Գյումրու Ս. Հակոբ եկեղեցին, ինչն իրականությանը, բնականաբար, չի համապատասխանում: Տարօրինակ է, որ մարզպետարանում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրենց մարզում: Ընդհանրապես, մեր ներկա եւ նախորդ փորձերից կարող ենք ասել, որ Շիրակի մարզպետարանը պատճաշ եւ ամբողջական ինֆորմացիա տրամադրելու լուրջ խնդիր ունի:   

Հարցումներ էինք ուղարկել նաեւ Շիրակի ու Արթիկի թեմերի ղեկավարներին՝ տեր Միքայելին ու տեր Նարեկին: Սակայն թեմերը ոչնչով հետ չեն մնացել մարզպետարանից: Այսպես՝ նոյեմբերի 30-ին Միքայել սրբազանին ուղարկված նամակից հետո թեմից մեզ հայտնել են, որ նամակը փոխանցվել է նրան, «ինքը կորոշի՝ պատասխանել, թե ոչ»: Ընդ որում՝ սա երկրորդ հարցումն էր, առաջինն ուղարկել էինք դեռ անցյալ տարվա սեպտեմբերին ու կրկին պատասխան չէինք ստացել: Դեկտեմբերի 12-ին կրկին գրել էինք թեմին՝ խնդրելով հայտնել, թե երբ է լինելու պատասխանը, իսկ եթե չի լինելու, ապա ինչու: Թեմից պատասխանել են. «Եթե մինչեւ հիմա չի պատասխանել սրբազանը, ուրեմն չի պատասխանի»: «Իսկ պատճառ կա՞» հարցին ի պատասխան նշել են. «Սրբազանը միայն կենդանի հարցազրույց է տալիս»: Այս ընթացքում բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել թե մարզպետարաններ, թե թեմեր, բայց առնվազն դրանցից մեկը բավարար պատասխան է տվել: Շիրակում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոգեւորականներ, կարծես, իրականությունից կտրված են:

Բավականին դժվարությամբ ստացանք Արթիկի թեմին ուղղված հարցերի պատասխանները: Խմբագրության պաշտոնական ձեւաթղթի վրա ուղարկված հարցումը չէր բավարարել թեմին, ու սկսվել էին կասկածները՝ «իսկ այդ հարցերը ինչի՞ համար եք ուզում, եւ ի՞նչ նպատակով է օգտագործվելու»: Երբ նշել էինք, որ լրագրող ենք, ու դա տեղեկատվություն ստանալու հարցում է, ինչն անհրաժեշտ է նյութ պատրաստելու համար, հետեւել էր հաջորդ հարցը՝ «իսկ ինչքանո՞վ վստահ լինենք, որ Դուք լրագրող եք, եթե նամակը ստորագրված չէ, եւ Դուք էլ Ձեր լրագրող լինելու մասին պաշտոնական տեղեկանք չեք ներկայացրել»: Չնայած պաշտոնական բլանկի, խմբագրության էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարների առկայությանը, թեմը «հույժ գաղտնի» ինֆորմացիան չտրամադրեց, մինչեւ ստորագրված ու կնիքով հարցում չուղարկեցինք: Պատկերացրեք քաղաքացու վիճակը, ով լրագրող չէ եւ ուղղակի հետաքրքված է թեմով, ցանկանում է տեղեկատվություն ստանալ. ի՞նչ հավաստիացումներ պետք է տրամադրի նա, եթե լրագրողն ինքը նման խութեր է հաղթահարում: Սակայն թեմն այս պարագայում էլ ամբողջական պատասխան չի տվել: Ներկայացնենք առաջնորդական տեղապահ Նարեկ վրդ. Ավագյանի հետ հարցուպատասխանը:

-Արթիկի թեմի ենթակայության տակ գտնվող քանի՞ գործող եւ չգործող (խնդրում եմ թվերը նշել առանձին-առանձին) եկեղեցի (վանք, տաճար) կա այժմ:

-Այս պահին Արթիկի թեմում կա 15 գործող եկեղեցի ու 2 գործող վանք:

-Ըստ թեմի տվյալների՝ Հայաստանի անկախացումից (1991 թ.) հետո քանի՞ առաքելական եկեղեցի է կառուցվել թեմի տարածքում: Խնդրում եմ եկեղեցիների անունները ներկայացնել ըստ բնակավայրերի, որտեղ դրանք կառուցվել են:

-Արթիկի թեմը հիմնադրվել է 2012 թ.: Իսկ մենք էլ նշանակվել ենք 2015 թ. օգոստոսի 1-ին: Իմ առաջնորդության ընթացքում օծվել է երկու եկեղեցի՝ Հայրենյաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին եւ Սարալանջ գյուղի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին (իրականում սրանք վերանորոգված եկեղեցիներ են եւ ոչ թե նորակառույց, այնինչ տեր Նարեկը դժվար թե չիմանար՝ իր թեմի տարածքում 15 գործողներից քանիսն են նորակառույց- հեղ.):

-Արդյոք թեմն ունի տվյալներ եկեղեցիների կառուցման բարերարների մասին: Եթե այո, խնդրում եմ ներկայացնել նրանց անունները՝ ըստ առանձին եկեղեցիների:

-Թեմի եկեղեցիներն, անշուշտ, կառուցվում են բարերարների կողմից, ու մենք ունենք բոլորի անունները, եւ եթե դեմ չեն լինում, նրանց անունները գրվում են իրենց կառուցած եկեղեցիների վրա (այս պատասխանը խուսափողական է, իրականում թեմի նորակառույցների բարերարների անունները հայտնի են, բայց տեր Նարեկը չի նշում- հեղ.):

-Եկեղեցի կառուցելու համար արդյո՞ք պարտադիր է Մայր Աթոռի կամ թեմի թույլտվությունը կամ համաձայնությունը:

-Այո, այժմ սահմանված հատուկ կարգ կա, որով եկեղեցի կառուցելու համար բարերարը պետք է դիմի թեմին, թեմն էլ իր հերթին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին՝ ստանալու համար անհրաժեշտ արտոնությունը եւ Մայր Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոսին կից գործող ճարտարապետական խորհրդի հավանությունը:

-Ո՞ր դեպքում է մերժվում եկեղեցի կառուցելու առաջարկը: Կա՞ն արդյոք նման նախադեպեր: Եթե այո, խնդրում եմ նշել:

-Մենք մշտապես հարգում ենք ամեն մի հայորդու ցանկությունը եւ ազնիվ մղումը օգտակարություն ունենալու մեր ժողովրդի հոգեւոր պահանջներին, ինչպես նաեւ իր ծննդավայրի հնամենի աղոթատան փափագը: Իսկ եթե արտահայտված ցանկությունը նախագծային առումով չհամապատասխանի Հայ եկեղեցու պահանջներին ու կանոններին, ապա այդ դեպքում թեմը եւ Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը օգտակար դիտողություններ կտան, ու նոր կկառուցվի:

-Թեմը տիրապետո՞ւմ է տեղեկությանը, թե կոնկրետ եկեղեցու կառուցման համար որքան գումար է ծախսվել: Եթե այո, խնդրում եմ տրամադրել:

-Մեր թեմում եկեղեցիները կառուցող բարերարներն իրենք են տնօրինում շինարարական բոլոր աշխատանքները, ու թեմը տեղյակ չէ ծախսված գումարի չափից:

-Մայր Աթոռը կամ թեմն ունի՞ որեւէ կարգ, ըստ որի՝ եկեղեցու օծման համար գումար է փոխանցվում թեմին կամ Մայր Աթոռին: Եթե այո, խնդրում եմ ներկայացնել կարգը եւ դրա մանրամասները, կամ թե ինչպես կարող ենք ծանոթանալ դրանց:

-Ոչ, այդպիսի կարգ կամ պահանջ չկա:

Շիրակի մարզի նոր եկեղեցիները

Քանի որ Շիրակի ու Արթիկի թեմերը գաղտնապահ գտնվեցին նոր եկեղեցիների տվյալների տրամադրման հարցում, ներկայացնում ենք դրանք՝ օգտագործելով բաց աղբյուրների ինֆորմացիան: Նշենք նաեւ, որ բոլոր նորակառույցներն էլ գործում են այսօր:

Շիրակի թեմ

Ս. Հակոբ (Գյումրի, օծումը՝ 2002 թ.),
Ս. Հոգի (Ղարիբջանյան, 2013):

Արթիկի թեմ 

Ս. Ամենափրկիչ (Սպանդարյան, օծումը՝ 2001 թ.),
Ս. Վարդան (Լեռնակերտ, 2007),
Ս. Գրիգոր Լուսավորիչ («Արթիկ» ՔԿՀ, Հառիճ, 2010):

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

Մարզկենտրոն Գյումրու (2011 թ. մարդահամարի տվյալներով՝ քաղաքի մշտական բնակչությունը 121.976 է, սակայն առկա բնակչությունը 7.000-ով ավելի քիչ է) Ս. Հակոբ եկեղեցին գտնվում է Անի թաղամասում (2002-ին ուներ մոտ 6.500 բնակիչ): ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Իսթոն քաղաքի բնակիչներ, ամուսիններ Սարգիս եւ Բաբի Հակոբյանները իրենց թոռնուհու՝ Անիի ծնունդից հետո ցանկացել են եկեղեցի կառուցել պատմական Անիում, ինչը հնարավոր չէր: Որոշել են մտադրությունն իրականացնել Շիրակի Անիպեմզա համայնքում, սակայն կաթողիկոս Գարեգին Ա-ի խորհրդով ընտրել են երկրաշարժից հետո կառուցված Գյումրու Անի թաղամասը: Եկեղեցին կոչվել է 4-րդ դարի եկեղեցական գործիչ Հակոբ Մծբնեցու անունով, որը Հայ Առաքելական եկեղեցու սրբերից է, սակայն անվան ընտրությունն առաջին հերթին պետք է պայմանավորել բարերարների ազգանունով (այս թեմային նախկինում անդրադարձել ենք):

Խաչաձեւ հորինվածքով Ս. Հակոբը նախագծել է հայտնի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը: Եկեղեցու ավետարանիչների ու հայ սրբերի քանդակագործը ոչ պակաս հայտնի Գետիկ Բաղդասարյանն է: Շինաշխատանքները, որոնք սկսվել են 1990-ականների վերջին, ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը: Կառույցի ընդհանուր բարձրությունը շուրջ 30 մ է: Եկեղեցին իր շրջակայքով զբաղեցնում է 2,5 հա տարածք:

Ս. Հակոբը օծվել է 2002-ի օգոստոսի 29-ին կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: Վերջինս այդ օրը եկեղեցուն Ս. Հաղորդության սկիհ է նվիրել, իսկ բարերար ամուսիններին պարգեւատրել քրիստոնեության ընդունման 1700-ամյակի Պատվո շքանշաններով: Կաթողիկոսը նաեւ օրհնել ու եկեղեցու խորաքանդակն է նվիրել եկեղեցու կառուցման «առիթ» դարձած Անի Արաքս Հակոբյանին: Գյումրեցիների շրջանում Ս. Հակոբը հայտնի է իբրեւ «սիրուն ժամ»: Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ եկեղեցու համար ներդրված միջոցների մասին տեղեկություններ չունի:

Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան գյուղի (1055 բնակիչ) ուղղափառ եկեղեցին, որը կառուցել էր Ալեքսանդր 2-րդ ցարի եղբայր Միխայիլը, խոնարհվել էր 1926-ի երկրաշարժից: Դրա քարերը գյուղացիներն օգտագործել էին իրենց տները վերականգնելու համար, ինչից հետո համայնքը մնացել էր առանց եկեղեցու:

Ս. Հոգի եկեղեցին կառուցվել է Սամվել Տոնոյանի նախաձեռնությամբ, ով կնոջ՝ Սաթենիկի հիշատակին 2007-ին որոշել էր եկեղեցի հիմնել իր հողատարածքում, հիմնարկեքն ու հողօրհնությունը կատարվել էր այդ տարվա մայիսին Միքայել սրբազանի կողմից: Շինարարությունն ավարտվել է 2008-ին: 2007-ի նոյեմբերին թեմի առաջնորդը օծել էր խաչը, իսկ 2013-ի սեպտեմբերին՝ մկրտության ավազանը, Ս. Սեղանը, հիմնասյուները: Այս վերջին արարողությանը ներկա էին Սամվել Տոնոյանի որդիները (բարերարը մահացել է):

Ս. Հոգին խաչաձեւ, կենտրոնագմբեթ կառույց է, ճարտարապետը գյումրեցի Անատոլի Դոգուզովն է: 1999-ից Ղարիբջանյանի գյուղապետ աշխատող Մանվել Պողոսյանն ասում է, որ տեղյակ չէ ներդրված միջոցների չափից:

Արթիկի թեմի նորակառույցներից առաջինը Սպանդարյան գյուղի (1662 բնակիչ) Ս. Ամենափրկիչ բազիլիկն է: Գյուղում կա 19-րդ դարի նույնանուն մեկ այլ եկեղեցի, որը կիսավեր է: Իսկ նորը կառուցվել է 2001-ին համայնքի նախկին բնակիչ Արտուշ Մկրտչյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով: Պարսպապատումը կատարվել է սպանդարյանցի Հովիկ Սարգսյանի բարերարությամբ, իսկ ավելի ուշ Ակսել Ստեփանյանը, ով այս տարի եկեղեցու խաչքավորն է, խաչ ու զանգ է նվիրել Ս. Ամենափրկչին: Զանգն օծվել է այս տարվա մայիսին Շիրակի թեմի առաջնորդի կողմից:

2015-ից համայնքը ղեկավարող Ավետիք Մխիթարյանը դժվարանում է ասել, թե որքան գումար է ծախսվել եկեղեցու շինարարարության համար, սակայն կարծիք է հայտնում, որ ներդրվել է 10.000-15.000 դոլար, քանի որ այն ժամանակ շինանյութն էժան էր: 

Արթիկի մեկ այլ գյուղում՝ Լեռնակերտում (1412 բնակիչ), երկու եկեղեցի կա: Մեկը 4-5-րդ դարերի Ս. Հովհաննես միանավ բազիլիկն է, որը վերականգնվել է 2005-ին եւ հիմա էլ գործում է: Մյուսը 2007-ին կառուցված Ս. Վարդանանցն է, որը գտնվում է գյուղի մուտքի մոտ՝ Պեմզաշենից եկող ճանապարհին: Բարերարը եւ նախաձեռնողը լեռնակերտցի, այժմ Եկատերինբուրգում բնակվող Գագիկ Հովհաննիսյանն է: Նորակառույցը նա նվիրել է ծնողների հիշատակին:

2006-ի հոկտեմբերին տեր Միքայելն օծել է Ս. Վարդանանցի խաչը, իսկ 2007-ին՝ եկեղեցին: 2002-ից Լեռնակերտ համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանն ասում է, որ եկեղեցին Գ. Հովհաննիսյանի առայժմ միակ բարեգործությունն է գյուղում, իսկ ներդրման չափը հայտնի է, թերեւս, միայն նրան: Կարծիք կա, որ ներդրումը չի գերազանցել 100.000 դոլարը:

2010-ի մայիսին ձեռամբ Միքայել սրբազանի կատարվել է Հառիճ գյուղի վարչական սահմաններում գտնվող «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնարկեքը: 7 ամիս անց՝ դեկտեմբերին, եկեղեցին օծվել է Շիրակի թեմի առաջնորդի կողմից: Նախատեսված էր նաեւ կաթողիկոսի մասնակցությունը, որը, սակայն, չէր կարողացել գալ: Խաչաձեւ, կենտրոնագմբեթ եկեղեցու շինարարությանը մասնակցել են ՔԿՀ-ի դատապարտյալները, որոնց թիվը շուրջ 350 է: Եկեղեցու կառուցման նախաձեռնության եւ ներդրված միջոցների մասին հարցում էինք ուղարկել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, որի համակարգում է «Արթիկ» ՔԿՀ-ն: Վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանը հայտնել է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը կառուցվել է ՔԿՀ-ի վարչակազմի նախաձեռնությամբ եւ դատապարտյալների գործուն աջակցությամբ: «Եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել ՔԿՀ-ի նախկին պետ, արդարադատության գնդապետ, երջանկահիշատակ Վարդան Սարգսյանը»,- նշել է Մելքոնյանը՝ չկոնկրետացնելով գումարի չափը: Սակայն հայտնի է, որ հանգանակություններ են կատարել նաեւ դատապարտյալները: 

Շիրակի մարզում քիչ չեն վերանորոգված հին եկեղեցիները, նորակառույց ու վերականգնված մատուռները, մի քանի համայնքներում էլ եկեղեցիների շինարարությունը դեռ ընթացքում է:

Առաջին լուսանկարում՝ Գյումրու Ս. Աստվածածին (Ս. Յոթ Վերք) եկեղեցին

Շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։