HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանի դահլիճից ազատվեց ծանր հիվանդություններով 1 տարի 10 ամիս բանտում պահվող քաղաքացին

Այսօր դատարանի դահլիճից ազատվեց 1 տարի 10 ամիս կալանքի տակ գտնվող 49-ամյա Տիգրան Հարությունյանը: Նա վերջին մեկ տարվա ընթացքում հենասայլակով է տեղաշարժվում:

Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» կազմակերպությունը` միջգերատեսչական բժշկական փորձագիտական հանձնաժողովի կազմով, հաստատել է այն, որ Տիգրան Հարությունյանի հիվանդությունները ներառված են Կառավարության 2006 թ-ի մայիսի 26-ի 825- Ն որոշման մեջ: Այսինքն՝ նա ենթակա է պատժից ազատման:

Ինքը Տիգրանը վեց ամիս սպասել էր փորձաքննության արդյունքներին: «Ես մահից չեմ վախենում, գիտեմ, որ իմ հիվանդություններով երկար չեմ ապրելու, բայց կյանքս մի քիչ կերկարի՝ ազատության գալով»,-ազատվելուց հետո «Հետքին» ասաց Տիգրան Հարությունյանը:

«Հետքը» գրել է Տիգրան Հարությունյանի կալանավորման ու հիվանդությունների մասին, տեսանկարահանել, թե ինչպես են նրան դատարան բերում հենասայլակով: Փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը բազմիցս բարձրացրել է այն հարցը, որ կալանավորն ունի պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ: Սակայն առաջին դատավոր Լևոն Ավետիսյանը մերժել էր  կալանքը վերացնելու և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին  պաշտպանի միջնորդությունները: Այնինչ խափանման միջոց ընտրելիս և կիրառելիս պետք է հաշվի առնել նաև անձի առողջական վիճակը, ըստ քրեական դատավարության օրենսգրքի, որոնք այդպես էլ հաշվի չեն առնվել:  

Ո՞վ կամ ովքե՞ր, ո՞ր մարմինն է պատասխանատու

«Ո՞վ կամ ովքե՞ր պետք է պատասխան տան նրա համար, որ Տիգրան Հարությունյանը 1 տարի 10 ամիս անհիմն պահվել է բանտում՝ լինելով ծանր հիվանդ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մուխսիկարոյանը՝ նշելով, որ բարձրացնելու են նաև փոխհատուցման պահանջ:

Ըստ պաշտպանի, պատասխանատվության մեծ բաժինը նախաքննական մարմնինն է, որը և պետք է հիշյալ փորձաքննությունը նշանակեր վաղուց: Երկրորդ՝ Արմեն Մուխսիկարոյանը պատասխանատու է համարում այս գործով առաջին դատավոր Լևոն Ավետիսյանին, որը և մերժել է նշանակել փորձաքննություն և կալանքից ազատել իր պաշտպանյալին՝ հաշվի առնելով ծանր, անբուժելի հիվանդությունների առկայությունը:  

Դատարանի դահլիճից ազատված արդեն նախկին կալանավորը պատմեց, որ ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում մոտ 1 տարի 6 ամիս մենակ է եղել խցում՝ անօգնական վիճակում. «Սողալով եմ գնացել զուգարան»:

Տիգրան Հարությունյանն ունի ծանր, անբուժելի հիվանդություններ

Ըստ բժշկական փաստաթղթերի, Տիգրան Հարությունյանն ունի տուբերկուլոզ, շաքարային դիաբետ, օրական  ընդունում է 65 միավոր ինսուլին պարունակող դեղամիջոց Լանտուս տեսակի, ունի սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, Ֆլեգմոնան ճարպաբջջանքի սուր թարախային բորբոքում, Էպիլեպսիա՝ 20 տարեկանից, ուռուցքային գոյացություն կոկորդում: Տիգրան Հարությունյանը նաև հիվանդ է հեպատիտ C-ով, ինչը նրա պնդմամբ, ձեռք է բերել ազատազրկման վայրում: 2015-ի հոկտեմբերին փաստաբանն է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ շարժասայլակ տարել, որով կալանավորին նաև դատարան էին տանում, բերում:

Ինչի՞ համար է մեղադրվել Տիգրան Հարությունյանը

Տիգրան Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել իրացնելու նպատակով անհայտ անձից չպարզված հանգամանքներում 2-3 գրամ մարիխուանա ձեռք բերելու և 3-4 անգամ 15.000 դրամով վաճառելու համար: Նախաքննության փուլում նա տվել էր ինքնախոստովանական ցուցմունք, դատարանում հայտնեց, որ չի ընդունում մեղադրանքը երեք դրվագով: Փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ իր պաշտպանյալը պատմել է, որ նախաքննության ժամանակ իրեն 3 օր ինսուլին չեն տվել, և նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր սկսեց ու ավարտեց դատաքննությունը: Նիստը տևեց շուրջ 5 ժամ: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Հարություն Հարությունյանը Տիգրան Հարությունյանի համար միջնորդեց 7 տարվա ազատազրկում, դատավոր Արսեն Նիկողոսյանը կայացրեց մեղադրական դատավճիռ՝ 5 տարի ժամկետով, միեւնույն ժամանակ՝ որոշեց այն պայմանականորեն չկիրառել:

Ըստ պաշտպանի, եթե փորձաքննության արդյունքները այդպիսին չլինեին, դատարանը նման որոշում չէր կայացնի: «Բայց մենք այսօր պայքարում էինք ոչ թե արդարադատության շահի, այլ օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով: Անհրաժեշտ էր, որ Տիգրան Հարությունյանն օր առաջ դուրս գա ազատազրկման վայրից»,-ընդգծեց պաշտպանը:

Այս գործով անցնում էր ևս երկու մեղադրյալ: Նրանք, ըստ մեղադրանքի, մարիխուանա էին գնել Տիգրան Հարությունյանից: Երիտասարդների նկատմամբ կիրառվել էր ստորգրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նրանք, սակայն, չցանկացան, որ իրենց մասով լուսաբանումու լսանկարահանում լինի: Նրանք դատապարտվեցին 2 ամսվա ազատազրկման, սակայն դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած դատավճռով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացվեց:  

Դատաքննությունը սկսվեց ու ավարտվեց մեկ օրում

2015-ի մայիսից այս գործով նիստերը պարբերաբար ընդհատվում էին տարբեր պատճառներով: Այս գործով փոխվեց նախագահողը (նախկինում՝ Լևոն Ավետիսյանն էր) և դատախազը: Նիստերը ընդհատվեցին նաև դատաբժշկական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցկացնելու՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ (2016-ի հուլիսի 8-ին): Դատաքննությունը սկսվեց  այսօր՝ 2017-ի հունվարի 24-ին: Բանն այն է, որ փորձաքննությունը տևել էր 6 ամիս (դատարանն այն ստացել է 2016-ի դեկտեմբերի 28-ին):

«Թե ինչու փորձաքննությունը տևեց 6 ամիս, երբ անձը գտնվում է ծանր վիճակում, այլ թեմա է: Այստեղ կարգավորման խնդիր կա: Կարծում եմ, պետք է փոփոխություն լինի կարգում, որ փորձաքննությունները կատարվեն ոչ թե ըստ հերթի, այլ՝ ըստ օբյեկտիվ անհրաժեշտության»,-ասում է պաշտպանը:

Հ.Գ. Ըստ փորձաքննության եզրակացության, Տիգրան Հարությունյանը ունակ չէ մասնակցել դատական նիստերին: Այսօր շուրջ 1 ժամ նիստերի դահլիճում էին գտնվում նաև Շտապօգնության աշխատակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter