
Ահազանգում է փաստաբանը. «Մարդու հետ գործ ունենք, նույնիսկ կենդանու հետ այդպես չեն վարվում»
Փաստաբանների պալատի անդամ Արմեն Մուխսիկարոյանն ահազանգել է «Հետքին», որ իր պաշտպանյալ, 48-ամյա Տիգրան Հարությունյանի կյանքը վտանգված է:
Փաստաբանի խոսքով, արդեն երեք ամիս է՝ Տիգրան Հարությունյանը գամված է սայլակին, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ.մասում, 11 խցում, միայնակ: Իսկ մարտ ամսին կլրանա մեկ տարին, ինչ Տիգրան Հարությունյանը կալանավորված է: Ըստ բժշկական փաստաթղթերի, նա ունի տուբերկուլոզ, շաքարային դիաբետ, օրական ընդունում է 65 միավոր ինսուլին պարունակող դեղամիջոց Լանտուս տեսակի, ունի սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, Ֆլեգմոնան ճարպաբջջանքի սուր թարախային բորբոքում, Էպիլեպսիա՝ 20 տարեկանից, ուռուցքային գոյացություն կոկորդում:
Անցյալ հոկտեմբերին փաստաբանն է քրեակատարողական հիմնարկ շարժասայլակ տարել, որով կալանավորին նաև դատարան են տանում, բերում: Փաստաբանը Տիգրան Հարությունյանին վերջին անգամ տեսել է դեկտեմբերի 27-ին:
«Պատկերացնո՞ւմ եք մարդ ինչպես է հոգում բնական կարիքները, երբ արդեն երեք ամիս գամված է սայլակին: Իր անօգնական վիճակը կարելի է որակել որպես խոշտանգում, խոշտանգվում է, տանջանքների է ենթարկվում, սպասում է, երբ պիտի սիրտը կանգնի: Մարդու հետ գործ ունենք, նույնիսկ կենդանու հետ այդպես չեն վարվում: Իրեն պահում է այն միտքը, որ հնարավոր է դուրս գա, 1-2 շաբաթ մնա ընտանիքի հետ»,- ասաց Արմեն Մուխսիկարոյանը:
Հիվանդն իր փաստաբանին հայտնել է՝ կասկածում է, որ թոքախտը տարածվել է ողնաշարի վրա: Այսինքն, ունի ողնաշարի տուբերկուլյոզ: Փաստաբանի պնդմամբ, Տիգրանը համալիր հետազոտություն չի անցել, իսկ գործում առկա է 2007 թ-ի էպիկրիզ է, որտեղ քիչ թե շատ բարվոք վիճակում է եղել:
Կալանավորում՝ մի քանի ծանր հիվանդություններով
Չնայած ծանր հիվանդությունների առկայությանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու Տիգրան Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել: Այս հիվանդություններն անգամ հիմք չեն դարձել վարույթը նրա մասով կասեցնելու համար: Փաստաբանը կալանքի որոշումը բողոքարկել է դատարանում, սակայն դեկտեմբերի 16-ին միջնորդությունը մերժվել է: Այժմ այն բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում: Տեղական ատյաններն սպառելուց հետո փաստաբանը բողոք կտանի ՄԻ Եվրոպական դատարան:
Դատավոր Լևոն Ավետիսյանը նշել է, որ, իբր, ամբաստանյալը կարող խուսափել պատժից կամ խոչընդոտել դատաքննությանը: «Ամբաստանյալը միայն անկախ կալանքի տակ լինելուց կամ չլնելուց կարող է խուսափել պատժից մահանալով, սակայն ցանկություն չունի մահանալ քրեակատարողական հիմնարկում»,- նշել է փաստաբանը:
Կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ խափանման միջոց. գործնականում հակառակ պատկերն է
Խափանման միջոցներն ու դրանց կիրառումը ամրագրված է Քրեական դատավարության օրենսգրքում: 134 –րդ հոդվածը սահմանում է խափանման միջոցների ցանկը: Գոյություն ունի խափանման միջոցի 7 տեսակ. կալանավորումը, գրավը, ստորագրություն` չհեռանալու մասին, անձնական երաշխավորությունը, կազմակերպության երաշխավորություն, հսկողության հանձնելը, հրամանատարության հսկողության հանձնելը:
Կալանավորումը հարկադրանքի միջոցներից ամենախիստն է, որն ունի նաև բացառիկ անունը: Սակայն երկար ժամանակ է, ինչ մասնագետները բարձրաձայնում են, որ այն չի կիրառվում որպես բացառիկ խափանման միջոց: Հայաստանյան դատարաններում կալանքը որպես խափանման միջոց շարունակվում է մնալ ամենակիրառելին:
Հայաստանի դատական տեղեկատվական համակարգի կայքում ամփոփված է 2015 թվականի առաջին կիսամյակի վիճակագրությունը: Ըստ այդմ, 6 ամսվա ընթացքում դատարան է ստացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 1253 միջնորդություն, որից բավարարվել է 1151-ը, մերժվել է ընդամենը 84-ը: Փոխարենը գրավի միջնորդություն ներկայացվել է 324 անգամ, բավարարվել է ընդամենը 56-ը, իսկ 255-ը մերժվել: Կալանքի ժամկետը երկարացնելու մասին 890 միջնորդություն է ստացվել դատարան, որոնցից 831-ը բավարավել է:
Իսկ արդյո՞ք դատարանն անձին կալանավորելիս անդրադառնում է հիմնավոր կասկածին, թե բավարարվում է դեկլարատիվ բնույթի հայտարարություններով, որ անձը կխուսափի քննությունից կամ կխոչընդոտի, կարող է ազդել գործով վկաների վրա և այլն:
Այս հարցերի հետ կապված ՀՀ Փաստաբանների պալատը կազմել է մինչդատական կալանքի նախադեպային որոշումների քարտեզ:
Ինչի՞ վրա է հիմնվում դատարանը կալանքը երկարացնելիս
Տիգրան Հարությունյանը տառապում է նաև Էպիլեպսիայով
Տիգրան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով անհայտ անձից մարիխուանա ձեռք է բերելու համար, որը, ըստ մեղադրանքի, 15.000 դրամով վաճառել է իր բնակարանի դիմաց: Մայիսից սկսվել է դատաքննությունը, սակայն մինչ օրս դատավճիռ չկա:
Տիգրան Հարությունյանը Էպիլեպսիա հիվանդությամբ տառապում է 20 տարեկանից, սակայն նախաքննության ժամանակ չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն պարզելու արդյո՞ք ի վիճակի է ցուցմունքներ տալու, կամ որքանով են արժանահավատ նրա ցուցմունքները: «Դատախազն ասաց՝ մենք որտեղից իմանայինք որ Հարությունյանն ունի հոգեկան հիվանդություն: Սակայն գործում կա էպիկրիզ, որտեղ գրված է էպիլեպսիայի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:
Տիգրան Հարությունյանի մոտ հայտնաբերվել է նաև հեպատիտ C
Հոկտեմբերի 26-ին Տիգրան Հարությունյանը սուր ցավեր է ունեցել բանտում, շտապօգնություն է կանչվել: Շտապօգնություն ՊՈԱԿ-ից փաստաբանը ստացել է պատասխան, որ հետազոտությամբ պարզվել է, որ կալանավորը հիվանդ է նաև հեպատիտ C-ով: Ըստ փաստաբանի, կարելի է միանշանակ եզրակացնել, որ հեպատիտով նա վարակվել է քրեակատարողական հիմնարկում:
Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։
Փաստաբան Մուխսիկարոյանը նշում է, որ օրեր առաջ տեղեկացրել է ՔԿՎ ղեկավարությանը հեպատիտ C-ի մասին, կից ներկայացրել է նաև կանչի թերթիկը:
«Հետքը» փորձեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից պարզաբանում ստանալ: Հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ այս պահին ՔԿՎ-ում չկա որևէ փաստաթուղթ, որ վկայի, թե Տիգրան Հարությունյանն ունի հեպատիտ C:
Հարցին, թե ինչու կալանավորը չի տեղափոխվում «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՎ-ից տեղեկացրեցին, որ նույն բուժումը նա ստանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ.մասում:
Առաջին լուսանկարում Տիգրան Հարությունյանն է
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել