HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Ի՞նչ են պատասխանել Գլխավոր դատախազութունից Միհրան Պողոսյանի գործի վերաբերյալ

 «Հետքը»  Գլխավոր դատախազությունից ստացել է Միհրան Պողոսյանի գործի կարճման վերաբերյալ փետրվարի 7-ին ուղարկված հարցման պատասխանը:

Նախևառաջ, նշենք, որ իր պատասխանում գլխավոր դատախազությունը չի անդրադարձել մեր նամակում նշված այն հանգամանքին, որ ՀՔԾ-ն թերթին տրամադրած իր պատասխանում ճիշտ չի նշել, որ Շվեյցարիան իրավական փոխօգնության պահանջը մերժել էր հունվարի 11-ին, և սա, փաստորեն, վերջինիս համար հիմք էր հանդիսացել գործը կարճելու համար: Մինչդեռ մեր հարցումը Շվեյցարիայի իրավապահներին այլ պատկեր էր ցույց տվել:

«Հետքը» դատախազությունից խնդրել էր ՀՔԾ-ի քրեական գործ կարճման որոշումը թերթին տրամադրելու միջոցով այն հասանելի դարձնել հանրությանը: Այս հարցին անդրադառնալիս Գլխավոր դատախազությունը դարձյալ հղում էր կատարել ՀՔԾ-ի կողմից ևս հիշատակված Քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանվում է՝ «քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցչին,  ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը», և եզրակացնել, որ լրատվամիջոցը չի հանդիսանում վերոհիշյալ «հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտ»:  Սակայն ավելի ուշագրավ է շարունակությունը.

«…քրեական գործը հարուցելու առիթ է հանդիսացել ոչ թե «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կամ «Հետք» թերթի խմբագրության՝ որպես իրավաբանական անձի հայտարարությունը, այլ «hetq.am» էլեկտրոնային կայքում հրապարակված լրատվության միջոցի հաղորդումը, որը քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդված ուժով քրեական գործ հարուցելու առանձին առիթ է և որի հիման վրա քրեական գործ հարուցելու դեպքերում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ հարուցված գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշման պատճենն ուղարկել առերևույթ հանցագործության մասին հրապարակած լրատվության միջոցին կամ դրա ներկայացուցչին»:

Օրեր առաջ Միհրան Պողոսյանի գործի կարճմանն էր անդրադարձել նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լ. Զուրաբյանը: Նա ԱԺ ամբիոնից հարց էր ուղղել վարչապետ Կ. Կարապետյանին՝ նշելով, որ մի կողմից վերջինս ԵՄ դեսպանի հետ հանդիպման ժամանակ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, իսկ մյուս կողմից, լինելով ՀՀԿ փոխնախագահ, Մ. Պողոսյանին ընդգրկում են ԱԺ պատգամավորների թեկնածուների ցուցակում. ինչպե՞ս դա բացատրել:

Կառավարության անունից հարցին պատասխանող նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել էր, որ լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ՝ իրեն երբևէ թույլ չի տա իրավապահ մարմնի այս կամ այն գործողության վերաբերյալ գնահատական հնչեցնել, քանի որ այն կորակվի որպես միջամտություն: Սակայն անդրադառնալով որոշման պատճենը թերթին չտրամադրելու խնդրին՝ վերջինս ասաց՝ «այո՛, խնդիր տեսնում եմ»:

Հովհաննիսյանն իր պատասխանում նշել էր, որ իսկապես կոռուպցիոն հանցագործություններով իրավապահ մարմինների գործունեության և թափանցիկության և հանրության առջև հաշվետվողականության առումով իրավիճակը բավարար չէ, և որպես քաղաքականություն մշակող մարմին արդարադատության նախարարությունն արդեն անդրադարձել է այդ հարցին. մշակվել է օրենսդրական նախագիծ: Սակայն թեև Ա. Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ «յուրաքանչյուր կոնկրետ գործով» հաշվետու լինելու անհրաժեշտությանը, նախագծում դրա մասին ոչինչ ասված չէ:

Նախագծի համաձայն յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հրապարակի  կոռուպցիոն հանցագործություններով կատարված քննությունների վերաբերյալ հաշվետվությունը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի լրացում՝ 4-րդ և 5-րդ կետերով):   

Մյուս կողմից, գուցե գործնականում իրավիճակն ավելի հուսադրող է, քան թվում է, և իրավապահ մարմիններն արդեն հասցրել են յուրացնել թափանցիկ և հաշվետու գործելակերպը: Սա պարզելու նպատակով զանգահաեցինք գլխավոր դատախազություն:

Նախ, «Հետքի» հարցմանը պատասխան ուղարկած ՀԿԳ դատախազ Երիցյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՔԾ վերոհիշյալ որոշումը  վերացվել է, թե ոչ, ինչին վերջինս պատասխանեց, որ այն «դեռևս գլխավոր դատախազությունում է»: 

Իսկ այն հարցին, թե արդյոք «Հետքը» կհամարվեր  «հայտարարություն ներկայացրած սուբյեկտ», եթե առանձին նամակով ուղարկեր հոդվածում տեղ գտած տեղեկությունները և դրանք հիմնավորող ապացույցները, և այս դեպքում լրատվամիջոցին իրավապահ մարմնի կողմից կայացված որոշումը կտրամադրվեր, թե ոչ, դատախազ Երիցյանը պատախսանեց.

«Ես չեմ կարող ասել հիմա, թե դուք ինչ անեիք, մենք ինչ կանեինք: Խնդիրը նրանում է, որ ես ձեզանից ստացել եմ հարցում, ես ձեր հարցմանը պատասխանել եմ: Եթե ինչ-որ կոնկրետ հարց կա, որը ձեզ անհանգստացնում է, կարող եք գրավոր դիմել գլխավոր դատախազությանը»:

«Հետքը» փորձեց պարզաբանել, որ պատախանը կարևոր է հաջորդ դեպքերի ժամանակ ճիշտ մոտեցում մշակելու նպատակով, ինչին Երիցյանը պատասխանեց.

«Եթե դուք ուզում եք ինչ-որ այլ կերպ վարվել, ուրեմն այլ կերպ վարվեք, դրա պատասխանը արդեն կստանաք գրավոր տեսքով»: 

Մեկնաբանություններ (1)

Ս. Սարգսյան
Դատախազությունը, ներողություն, ԺԵԿ-ի գրասենյակի մակարդակի պատասխան է ներկայացրել: Դատախազ Երիցյանը մոռանում է, որ մենք բոլորս մեր վճարած հարկերի հաշվին իրեն աշխատավարձ ենք վճարում, ջեռուցվող աշխատասենյակ ենք տրամադրում, կարծեմ՝ նաև խոհարարի տարազի մնանվող ֆոռմա, մինչդեռ նա, պարտավոր է անիմաստ գրություններ չձոնել՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող և իր պարտականությունների շրջանակում հայտնված հարցի կապակցությումբ: Տղաները տառացի են կիրառում Բ26-ից եկած հրահանգը, դե՝ ուրիշ ճար չունեն, տուն են պահում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter