Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Երկու ընկերություն Ծավում ոսկի է ցանկանում որոնել



Առաջիկա 2-3 տարիներին Կապան խոշորացված համայնքի Ծավ գյուղի տարածքը կրկին հանքարդյունաբերության թիրախում է լինելու: Այստեղ ոսկի է ցանկանում որոնել 2 ընկերություն՝ «Նիգ Մայնինգ» եւ «Չուդո մետալ» ՍՊԸ-ները:

Ծավի տարածքում ոսկի որոնել են նաեւ նախկինում, խոսքը Մազրայի հանքի մասին է, սակայն բանը հետազոտությունից այն կողմ չի անցել: 

Եթե Մազրայի ոսկու հանքը շահագործվի,
Ծավի
 գյուղապետը «կփոխի ազգությունը»
Ոսկի՞ն, թե՞ Շիկահողի արգելոցը. պետությունն ընտրում է ոսկին,
շիկահողցիները՝ արգելոցը

Առաջին ընկերությունը նախատեսում է 2018-2020 թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Մեղրու Շվանիձոր գյուղից 7 կմ դեպի հյուսիս եւ Լիճք գյուղից 20 կմ դեպի արեւելք:

Փետրվարին Ծավում անցկացված հանրային քննարկման ժամանակ «Նիգ Մայնինգի»  գլխավոր երկրաբան, ծրագրի հեղինակ Ալեքսան Բաղդասարյանը հայտնել է, որ ոսկու հեռանկարային հանքայնացումներ հայտնաբերելու, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանման եւ գնահատման համար 50-100 մետր խորությամբ հորատանցքեր են փորվելու: Սակայն «Նիգ Մայնինգի» հետաքրքրության տիրույթն ընդգրկում է նաեւ Ծավ գյուղի տարածքը (ըստ Ծավի վարչական ներկայացուցիչ Սեյրան Զաքարյանի՝ հանքերեւակումների 70 տոկոսը Մեղրու, մոտ 30 տոկոսը՝ Ծավի տարածքում են):

Երկրորդ ընկերությունը «Չուդո մետալն» է: Երկու շաբաթ առաջ այս ՍՊԸ-ն Կապանի համայնքապետարանում առաջին հանրային քննարկումն է անցկացրել: Ընդ որում՝ փետրվարին ընկերության կազմակերպած քննարկումը չեղարկվել էր. պատճառն, ըստ համայնքապետարանի, ծրագիրը ոչ պատճաշ ներկայացնելն էր:

«Չուդո մետալը» ծրագրում է 2018-2021 թթ. Ծավի Արջիձորի տեղանքում ոսկի եւ բազմամետաղային հանածոներ որոնել: Ընկերության բնապահպանական մասնագետ Վռամ Թեւոսյանը քննարկման ժամանակ հայտնել է, որ երկրաբանահետախուզական աշխատանքների համար նախատեսվում է փորել 5 մ խորությամբ 25 հոր եւ 50-100 մ խորությամբ 4 հորատանցք:

Բնությո՞ւն, թե՞ աշխատատեղ

«Չուդո մետալ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թ. մարտի 11-ին: Միակ հիմնադիրն ու տնօրենն Արա Ավետիքի Դավթյանն է, ով հաշվառված է Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում: Ընկերությունն էլ գրանցված է Դավթյանի հասցեում: Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների համակարգի՝ «Չուդո մետալ» ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է, բայց դա, փաստորեն, չի խանգարել վերջինիս ոսկի եւ այլ մետաղներ փնտրելու ծրագիր մշակել, համապատասխան փաստաթղթեր կազմել ու հանրային քննարկում հրավիրել:

Սեյրան Զաքարյանը, ով ներկայում Ծավի վարչական ներկայացուցիչն է, մինչեւ անցյալ տարի դրա գյուղապետն էր: «Հետքի» հետ զրույցում նա պատմում է, որ 2017-ի ամռան-աշնան ամիսներին «Հրաշք մետաղ» ՍՊԸ-ն երկրաբանական աշխատանքներ է իրականացրել Ծավի վարչական տարածքում: «Ինչքանով մեզ հայտնի է, աշխատանքների արդյունքներն այդքան գոհացուցիչ չեն եղել»,- ասում է Ս. Զաքարյանը:

«Հրաշք մետաղը» ընկերությունը հիմնադրվել է նույն Արա Դավթյանի կողմից 2015-ի փետրվարին, սակայն «Չուդո մետալի» պես դրա գործունեությունն էլ ժամանակավոր դադարեցված է:

Սեյրան Զաքարյանն ասում է, որ «Հրաշք մետաղի» նախորդ աշխատանքների ընթացքում 5-6 աշխատատեղ էր բացվել Ծավի բնակիչների համար, մյուս կողմից՝ եթե ընդերքօգտագործման աշխատանքներ սկսվեն, պարզ է, որ արդյունաբերողները վնասակար հետեւանքները պետք է հասցնեն նվազագույնի: Գյուղի վարչական ներկայացուցիչը նշում է, որ այս անգամ հետախուզական աշխատանքների տարածքն ավելի են ընդլայնելու, իսկ այդ դեպքում գուցեեւ հարուստ պաշարներ հայտնաբերվեն: Նախորդ տարի, ըստ մեր զրուցակցի, աշխատանքներն իրականացվել են Մազրայից ներքեւ գտնվող Բոմբու ձորում: Այս անգամ նոր տարածքներ են ընդգրկվելու:

Ծավ. կանաչ դրախտ՝ լեռների մեջ Անտա՞ռը պահեն, թե՞ ժողովրդին. գյուղն առաջարկում է իր լուծումը

Որպես Ծավի բնակիչ Սեյրան Զաքարյանն ասում է, որ եթե այդտեղ հանք շահագործվի, ու ընդերքի օգտագործման նորմերը չպահպանվեն, վնասը մեծ է լինելու: Ըստ նրա՝ հանքարդյունաբերական գործունեության դրական կողմն աշխատատեղն է, քանի որ գյուղի երիտասարդության մեծ մասը Կապանի եւ Քաջարանի կոմբինատներում է աշխատում, ու, ըստ Զաքարյանի, շատ դեպքերում նրանք ասում են, որ եթե Ծավում նման հնարավորություն լինի, կաշխատեն հենց այդտեղ: Գյուղի ներկայացուցիչը հավելում է, որ պոչամբարի մասին խոսք չկա, քանի որ հանքաքարը տեղափոխվելու է:

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի, Քրիստինե Աղալարյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Նելսոն12:17 - 16 մարտի, 2018
Էլի սկսվեց ,փողա էլի աննպատակ ծախսելու են,ոչինչ բացասական արդյունքներ է արդյունք ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ