Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հրազդան. արդյունաբերական կենտրոնից՝ գործազուրկների քաղաք


61-ամյա Սուսաննա Պետրոսյանի երազանքներից մեկը «Հրազդանմաշ»-ի վերագործարկումն է: Ժամանակ առ ժամանակ գործարանը վերաբացելու լուրերը նրան հույս են ներշնչում, թե գուցե մի դուռ բացվի, և գործարանը կրկին աշխատի: Չնայած թոշակային տարիքը հեռու չէ, Սուսաննան վստահ է իր ուժերի վրա՝ եռանդ էլ ունի, փորձ էլ: Վերջապես ամուսինն էլ կկարողանա վերադառնալ արտագնա աշխատանքից, որդին էլ աշխատանք կգտնի գործարանում:

Սուսաննան 1982 թվականից մինչև լուծարումը «Հրազդանմաշ» գործարանում է աշխատել, նախ` կոմպլեկտավորող, ապա`պահեստապետ: 1987-88թթ. տեղափոխվել է «Հրազդանմաշ»-ի Կոճոռի մասնաճյուղ` «Դվին» գործարան: Նրա ամուսինը՝ Գրիշա Պետրոսյանը, նույնպես  «Հրազդանմաշ»-ում է աշխատել: Երիտասարդ զույգի լավագույն տարիները Հրազդանի այս հսկա գործարանում են անցել:

Տիկին Սուսաննան պատմում է, որ թե Հրազդանի իրենց բնակարանը, թե կահավորանքը կարողացել են ձեռք բերել «Հրազդանմաշ»-ում աշխատելու տարիներին: Գործարանի լուծարումով ավարտվել է նաև տիկին Սուսաննայի և ամուսնու աշխատանքային գործունեությունը: Այդ օրվանից Սուսաննան տնային տնտեսուհի է, իսկ ամուսինը սկսել է պարբերաբար մեկնել Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի, այս պահին տաքսի է վարում Սանկտ Պետերբուրգում:

«Մեր ժամանակ ասում էին` ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք (Հ. Թումանյանի տողերն է մեջբերում «Հին օրհնություն» բանաստեղծությունից-Ք.Ա.), հիմա ես ասում եմ` ապրեք երեխեք և մեզ պես ապրեք»,- իր աշխատանքային տարիները հիշելով՝ ասում է Սուսաննա Պետրոսյանը:

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանը խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերական 4-րդ քաղաքն էր: Այստեղ, բացի հրազդանցիներից և հարակից գյուղերի բնակիչներից, մեծ թվով աշխատակիցներ էին գալիս նաև Երևանից:

Աշոտ Գրիգորյանը «ՀրազՋէկ» ԲԲԸ-ի հերթափոխի պետն է: 44 տարի աշխատում է այդ հիմնարկում: Աշոտը հիշում է, որ 80-ականներին Երևանից հատուկ «Իկարուս» ավտոբուսներ ու գնացքներ մտցրեցին աշխատակիցներին Երևանից Հրազդան տեղափոխելու համար:

«Խորհրդային տարիներին Հրազդանում 120 հազար մարդ կար, հետո հիմնարկները փակվեցին, գնացողներ շատ եղան: Հիմա Հրազդանի կեսն էլ չի մնացել»,- հիշում է Աշոտ Գրիգորյանը:

72-ամյա Մհեր Առաքելյանը Հրազդան քաղաքի կառուցման վկան է: 1968-1994թթ. աշխատել է «Հրազդանշին» տրեստում`որպես վարորդ: Հրազդան քաղաքի շենքերի համար շինարարական հումք է փոխադրել «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարով: Հսկա գործարանի աշխատողների ջանքերով կառուցվել են Հրազդան քաղաքի բազմաբնակարան շենքերը: Գործարանն այժմ չի աշխատում:

Մինչև 1990 թվականը Հրազդանում գործել են Հրազդանի ՊՇԷԿ-ը, ՋԷԿ-ը, Ցեմենտի գործարանը, Պանելային տնաշինական կոմբինատը, Ջրառատի կաթի համալիրը, հացի գործարանը, «Կեչառք» և «Հրազդանի մեքենա» արտադրական միավորումները և այլ հիմնարկներ:

Այսօր Հրազդան քաղաքի տարածքում գործում է 24 ձեռնարկություն: Նախկին հսկաներից մնացել են Հրազդանի ջերմաէլեկտրակայանը («ՀրազՋէկ» ԲԲԸ-ն) և ցեմենտի գործարանը: Վերջին տասնամյակում ավելացել է 5-րդ էներգաբլոկը: Մնացածները կամ փակվել են, կամ սեփականաշնորհվել և տարիների ընթացքում վերածվել փոքր ձեռնարկությունների:

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Հրազդանի համայնքապետարանը տրամադրել է համայնքի 10 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ցանկն ու տարեկան կտրվածքով նրանց վճարած հարկերը համայնքին: Ըստ այդմ՝ Հրազդանի խոշոր կառույցներն են Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, 5-րդ էներգաբլոկը և ցեմենտի գործարանը:

17 հազար աշխատատեղ ունեցող «Հրազդանմաշ»-ի իրավահաջորդն ունի 82 աշխատակից

1970-ականներին Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա կառուցված «Հրազդանմաշը» պետք է գործեր որպես ռազմական տեխնկայի, ռադիոէլեկտրոնիկայի նորոգման տարածաշրջանային կենտրոն և դառնար հակաօդային պաշտպանության առաջատարը: Իհարկե, տարբեր արտադրամասերում կազմակերպվում էին նաև հատուկ տեխնիկայի, գյուղտեխնիկայի, գործիքաշինական, սպառման ապրանքների, պլատաների, սառնարանների արտադրություն և այլն:  Գլխավոր պատվիրատուն, այդուհանդերձ, ԽՍՀՄ պաշտպանական համակարգն էր: ԽՍՀՄ-ի փլուզման հետ փլուզվեց «Հրազդանմաշ»-ը. կորցնելով հիմնական պատվիրատուին՝ գործարանը սկսեց պարտքեր կուտակել և, ի վերջո, սնանկացավ: 1998-ին Ազգային ժողովի որոշմամբ գործարանը սեփականաշնորհվեց, և տարբեր արտադրություններ տարբեր ընկերությունների անցան: Դրանցից, որպես համեմատաբար խոշոր ձեռնարկություն, մնացել է հիմնական իրավահաջորդը` «Պատնեշ» ՓԲԸ-ն:

Կառավարության որոշմամբ «Հրազդանմաշ»-ի վերակազմավորման արդյունքում 2001-ին հիմնադրվեց «Պանտեշ» ՓԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալը 50 մլն դրամ է: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Համաձայն կառավարության 2003թ. օգոստոսի 14-ի որոշման`ընկերության բաժնետոմսերի 100%–ի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Նախկինում «Հրազդանմաշ»-ի աշխատավարձի բաժնի պետ, այժմ «Առողջ միջավայր» ՀԿ-ի ղեկավար, տնտեսագետ Աշոտ Օհանյանը հիշում է, որ Հրազդանի արդյունաբերության կուլմինացիոն ցուցանիշը եղել է 1980-ականների վերջին: Միայն 1987 թվականին «Հրազդանմաշ»-ը տվել է 176 մլն ռուբլու համախառն արտադրանք և ունեցել 17 հազար աշխատող: «Հրազդանմաշ»-ի իրավահաջորդն այսօր 82 աշխատակից ունի:

Հրազդանի ցեմենտի գործարանը՝ բանկերի ոստայնում

Խորհրդային տարիներին Հրազդանի ցեմենտի գործարանի արտադրանքի 80%-ը մատակարարվել է ԽՍՀՄ-ում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարության համար:

Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ստորաբաժանման հիմքի վրա ստեղծված Հրազդանի ցեմենտի գործարանը շահագործման է հանձնվել 1970 թվականին և առանձին միավորում դարձել 1977թ.:

Երկար տարիներ Հրազդանի ցեմենտի գործարանը տնօրինում էր գործարար Միկա Բաղդասարովը՝ իր «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ով: Բաղդասարովի բիզնես-կայսրության փլուզումով սնանկացման տարվեց նաև ցեմենտի գործարանը՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում վարկային գիծը չմարելու և բաժնեմասն ու ողջ գույքը գրավադրված լինելու պատճառով: Չվճարված պարտավորությունների պատճառով գործարանն անցել էր բանկին: 2017 թվականի նոյեմբերի 30-ի դատարանի վճռով ցեմենտի գործարանը սնանկ ճանաչվեց և շուտով վաճառքի հանվեց, չնայած՝ նույնիսկ կառավարության մակարդակով հարկային արտոնություններ էին տրվել` 510 մլն դրամից ավել: 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել էր մոտ 933 մլն դրամ:

Կարելի է ենթադրել, որ կառավարությունը փորձեց ցեմենտի գործարանը «մաքրել պարտքերից»` նոր սեփականատերերին հանձնելու նպատակով:

Հրազդանի ցեմենտի գործարանի նոր սեփականատերը 2017 թվականի դեկտեմբերի 19-ին գրանցված «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն է՝ հիմնադրված Արցախում գրանցված «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Արցախի ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գ. Մաքսիմովան հայտնել է, որ «Ջի Էմ Հոլդինգ»» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Վիտալի Գրիգորյանցը և Արսեն Միքայելյանը: Ընկերությունն, ըստ կանոնադրության, Արցախում զբաղվում է գազամատակարարման կառույցների շինարարությամբ: Ռուսաստանաբնակ գործարար Վիտալի Գրիգորյանցը, հիշեցնենք, «Հայբիզնեսբանկի» սեփականատերն է, իսկ Արսեն Միքայելյանը՝ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը: Վիտալի Գրիգորյանցը նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից է:

Սամվել Կարապետյանը Հրազդանի ջէկը «տեղափոխել է» օֆշոր

1969թ. Հրազդանի ջերմաէլեկտրական հզորությունը հասել է 300ՄՎտ-ի, այնուհետև՝ 810 ՄՎՏ և 1110 ՄՎտ՝ դառնալով Հայաստանի խոշորագույն էլեկտրակայանը:

Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի (ՊՇԷԿ)` այժմյան «ՀրազՋէկ» ԲԲԸ-ի (Հրազդանի ջերմաէլեկտրակենտրոն) կառուցումը սկսվել է 1963թ.: 1966-ից սկսել են շահագործման հանձնվել առաջին ջերմաֆիկացիոն շոգետուրբինները: 1969-ին՝ ևս երկուսը: 

Հրազդանի ջերմաէլեկտրակայանը ռազմական նշանակություն ունի երկրի համար: Հայաստանի ատոմային կայանը ամեն տարի որոշ ժամանակով դադարեցնում է գործունեությունը՝ պրոֆիլակտիկ աշխատանքների և վառելիքի լիցքավորման համար: Այդ ժամանակահատվածում Հայաստանի ներքին սպառման հիմնական փոխարինող հզորությունը դառնում է Հրազդանի ջերմաէլեկտրակայանը: Հայաստանի ներքին շուկայում Հրազդանի ջէկն ունի կարգավորող կայանի կարգավիճակ: Ներքին սպառման համար կայանն արտադրում է էլեկտրաէներգիա միայն Հայաստանի էներգահամակարգում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի առկայության դեպքում (հիմնականում աշուն-ձմեռ և ատոմակայանի պարապուրդի ժամանակահատվածում): Միևնույն ժամանակ, Հրազդանի ջէկն ունի բացառիկ նշանակություն էլեկտրաէներգիայի արտահանման համար: Այստեղից էլեկտրաէներգիա են արտահանում Իրան և Վրաստան:

Ռուսաստանի Դաշնությանը պետական պարտքի մարման դիմաց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանը 2004-ին հանձնվեց ՌԴ կառավարությանը՝ դառնալով «ՀրազՋէկ» ԲԲԸ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այն ժամանակ տնօրենի տեղակալ էր նշանակվել, իսկ 2011-2015թթ. ղեկավարում էր «ՀրազՋէկ»-ը: 

Այնուհետեւ «ՀրազՋէկ»-ի բաժնետեր դարձավ ռուսական պետական կապիտալ ունեցող «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն: 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժնետոմսերի 75%-ը պատկանում էր «Ինտեր ՌԱՕ ԲիՎի» ընկերությանը, իսկ 25%-ը` «Լիորման Հոլդինգս» ՍՊԸ-ին: Ընկերության վերջին ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2016թ. ընթացքում «Ինտեր ՌԱՕ ԲիՎի» ընկերությունը բաժնետոմսերի 75%-ը վաճառել է «Լիորման Հոլդինգս» ՍՊԸ-ին, որը դարձել է «ՀրազՋէկ»-ի միակ բաժնետերը:

Առաջին ագրեգատի թողարկման պահից մինչև 2005թ. հունվարի 1-ը Հրազդանի ՋԷԿ-ը արտադրել է մոտ 143 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա
և 12,3 մլն Գկալ ջերմային էներգիա: Առավել արտադրողական են եղել 1980-ական թվականները, երբ էլեկտրաէներգիայի արտադրությունը
հասել էր տարին 6,85 մլրդ կՎտ/ժ դրվածքային հզորության, ժամերի օգտագործումը կազմել է առավել քան 6200 (70%): Ջերմության
առավելագույն առաքումը գրանցվել է 1990թ. և կազմել է 950000Գկալ:

«Լիորման Հոլդինգս» ՍՊԸ-ն նաև ՀԷՑ-ի բաժնետերն էր մինչև անցյալ տարվա ապրիլը, որից հետո շուրջ 70 տոկոս բաժնեմասը փոխանցվեց «Տաշիր Կապիտալ»-ին: «Լիորման Հոլդինգս» ՍՊԸ-ի բաժնետերերին «Հետք»-ն արդեն անդրադարձել է՝ Սամվել Կարապետյանի բիզնեսի վերաբերյալ հրապարակման մեջ: «Լիորման Հոլդինգս» ՍՊԸ-ն տարբեր օֆշորային ընկերությունների միջոցով փոխկապակցվում է Սամվել Կարապետյանի հետ:

2016թ. հոկտեմբերի 11-ին  «Տաշիր Կապիտալ» խումբը ձեռք է բերել վերահսկողություն «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի նկատմամբ՝ գնելով այդ ընկերության բաժնետոմսերի և քվեարկելու իրավունք տվող բաժնեմասերի 100%-ը՝ 4,7 մլրդ դրամով:

«Խմբի անմիջական մայր կազմակերպությունը «Լիորման Հոլդինգս» ՍՊԸ-ն է: Խմբի վերջնական վերահսկող անձն է հանդիսանում պրն Սամվել Կարապետյանը»,-նշված է խմբի ֆինանսական հաշվետվության մեջ:

2012թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերությունում աշխատել է 686 մարդ: Այժմ «ՀրազՋէկ»-ն ունի 600 աշխատակից:

5-րդ էներգաբլոկը ստվերում է թողել Հրազդանի ջէկը

Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկի կառուցումն ուղղակիորեն կապված էր հայ-իրանական գազատարի կառուցման հետ: 5-րդ էներգաբլոկում արտադրված էներգիան արտահանվում է Իրանի էներգահամակարգ՝ այնտեղից ներմուծված գազի դիմաց։

Հրազդանում այժմ գործող ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկություններից մեկը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն է, որը շահագործում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» հիմնարկ համատեղ միավորումը (ՀՄ): «Գազպրոմ Արմենիա»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ-ին։ Վերջինի բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին պատկանում է ՌԴ կառավարությանը։

5-րդ էներգաբլոկը շահագործման հանձնվեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին:

Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկի կառուցման որոշումը կայացվել էր դեռեւս խորհրդային տարիներին՝ 70-ականների վերջերին: 1984թ. ԽՍՀՄ էներգետիկայի եւ էլեկտրաֆիկացիայի նախարարության «Ջերմաէներգապրոեկտ» ինստիտուտը մշակել է նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, իսկ 1987թ. ԽՍՀՄ էներգետիկայի նախարարությունը հաստատել 5-րդ էներգաբլոկի շինարարության փաստաթղթերը: Այդ ժամանակ Հայաստանի իշխանություններին հաջողվեց ձեռք բերել ԽՍՀՄ նախարարների խորհրդի թույլտվությունը ` 1989թ. դեկտեմբերին 5-րդ էներգաբլոկի շինարարական աշխատանքները սկսելու համար: Խորհրդային Հայաստանի համար սա աննախադեպ խոշոր շինարարություն էր, որի նախագծանախահաշվային արժեքը 80-ականների գներով կազմում էր 343 մլն 710 հազար խորհրդային ռուբլի:

1990-1992թթ. «Հրազդան-5»-ի շինարարությունը կանգ առավ: Նորանկախ Հայաստանը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ:

Կարճ ժամանակ անց` 1993-ին, Հայաստանի իշխանությունները շարունակեցին 5-րդ էներգաբլոկի շինարարությունը: Այդ նպատակով 57,5 մլն դոլարի չափով վարկային պայմանագիր կնքվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչեւ 1997թ. և դարձյալ դադարեցին` այս անգամ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:

2006 թվականին ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք էր բերել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը՝ շինարարությունն ավարտելու և արդիականացնելու պարտավորություններով: Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 465,2 մլն դոլար, որից 248,8 մլն դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

Էներգաբլոկի դրվածքային  հզորությունը 300 ՄՎտ-ից հասցնելով 467 ՄՎտ-ի` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում էր մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և հնարավորություն ստեղծել ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ, ինչը և այժմ անում է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հաշվետվության ցուցանիշների համաձայն՝ արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի ծավալով 5-րդ էներգաբլոկը դարձել է առաջատար՝ համեմատած «ՀրազՋէկի» ցուցանիշների: «ՀրազՋէկն» արտադրել է 316.9 մլն կՎտ/ժ էներգիա, առաքել՝ 295.4, մինչդեռ 5-րդ էներգաբլոկն արտադրել է 992.6 մլն կՎտ/ժ, առաքել՝ 954.5:

Հրազդանի 1/3-ը գործազուրկ է

Հրազդանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1959 թվականին: Իսկ մինչ այդ' Հրազդանի վարչական շրջանը (մինչև 1959թ. Ախտայի շրջան) կազմավորվել էր 1930թ. սեպտեմբերի 9-ին:

Հրազդան քաղաքի Գործարանային փողոցի արդյունաբերական հատված տանող ճանապարհով մի ժամանակ տասնյակ հազարավոր աշխատակիցներ էին անցնում: Ճանապարհն էլ բարեկարգ էր: Այժմ 1 կմ ճանապարհը, հատկապես ձնհալի կամ անձրևի ժամանակ, դժվարանցանելի է` խորը ջրափոսերով ծածկված: Հիմա էլ արդյունաբերական այս թաղամասը մասամբ բանուկ է, բայց արդեն ոչ թե տասնյակ հազարավորների, այլ 2 հազարի հասնող աշխատողների համար:

«Քաղաքի տարածքում մեծ թվով ձեռնարկությունների գործունեության դադարեցումը դժվարություններ է առաջացրել քաղաքի բյուջե մուտքագրվող հողի հարկի և գույքահարկի գանձման գործընթացում»,- արձանագրվել է Հրազդան քաղաքի 2017-2021թթ. զարգացման ծրագրում:

«Հետք»-ի հարցին ի պատասխան, թե Հրազդան համայնքը որևէ ծրագիր իրականացնո՞ւմ է արդյունաբերական կյանքի աշխուժացման նպատակով, համայնքապետ Արամ Դանիելյանը միայն թվարկել է հետևյալը. «Նախկինից գործող և նոր հիմնադրված ձեռնարկություններ տանող փողոցների վերանորոգում, նոր հիմնադրված իրավաբանական անձանց հողամասերի տրամադրում՝ արևային կայաններ և ջերմատնային կոմբինատ կառուցելու նպատակով, կառուցապատման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաթեթների և շինարարության թույլտվությունների տրամադրում, նախագծերի համաձայնեցում և ավարտական շահագործման ակտերի տրամադրում»:

Համայնքապետի թվարկածը համայնքապետարանի՝ օրենքով սահմանված լիազորություններն են, որի կատարման ուղղակի պարտավորություն ունի ՏԻՄ-ը: Իսկ հիմնական և մեծ արտադրական ձեռնարկություն տանող ճանապարհը, ինչպես պատմեցինք, դեռևս անմխիթար վիճակում է:

Մյուս կողմից` Հրազդանում գործող արդյունաբերական հսկաները սոցիալական որևէ ծրագիր չեն իրականացնում Հրազդանում: Դա հաստատել է նաև Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Քաղաքապետը հայտնել է, որ վերջին 5 տարիներին Հրազդանում հիմնադրվել են «Լեռնային հարստություն», «Գրին ֆարմեր», «Արևային կայան», «Ինվեսթմենտ մեդիա գրուպ» ընկերությունները, հացի, թխվածքի, տրիկոտաժի, գորգի, երկաթ-բետոնյա, ցեմենտ-բետոնյա սալիկների, տանիքների ծածկի թիթեղների և քարի արտադրամասեր: Սակայն, այս ընկերությունները մեծ արտադրական միավորումներ և գործատուներ չեն: «Գրին ֆարմեր»-ը, հիշեցնենք, լոլիկի արտադրությամբ զբաղվող ջերմոցային տնտեսություն է, որի սեփականատերերի թվում են նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի որդիները: Ընկերությունը հարկային արտոնություններ էր ստացել կառավարության կողմից:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 59 500 բնակչություն ունեցող Հրազդանում 21 200-ը գործազուրկ է: Գործազուրկների մեծ մասը կանայք են, իսկ գործազուրկ տղամարդկանց գերակշիռ մասը բռնել է արտագնա աշխատանքի մեկնելու ճանապարհը: Աղքատության ցուցանիշն այս քաղաքում 28% է: Զարգանալու փոխարեն քաղաքը հետընթաց է ապրում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։