HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հաշմանդամության կարգից զրկելու հարցը՝ դատարանում. պատասխանողի ապացույցները բավարար չեն

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանն երեկ լրացուցիչ փաստաթղթեր պահանջեց՝ պարզելու համար, թե ինչու է նախկին իրավապահ Աբրահամ Մկրտչյանն այս տարի զրկվել հաշմանդամության 3-րդ կարգից: Պատասխանողը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն է: Հայցվորը՝ Աբրահամ Մկրտչյանը, դատարանին խնդրում է անվավեր ճանաչել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կայացրած այն որոշումը, որով այս տարի չի հաստավել իր հաշմանդամության 3-րդ կարգը, վերականգնել այն և հետևաբար՝ նաև թոշակը:

Ա. Մկրտչյանը դատարանում հայտնեց, որ ԲՍՓ գործակալությունն իր հաշմանդամության կարգը չի հաստատել այն դեպքում, երբ նույն բժշկական փաստաթղթերով նախորդ տարիներին ճանաչվել է 3-րդ կարգի հաշմանադամ: 

Պատասխանող կողմը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը, դատարան էր ներկայացրել միայն 2017թ. փաստաթղթերը: Դատարանը պահանջեց նաև 2015թ.-ինը: Նպատակը համեմատությունն է, թե ինչն է փոխվել այդ փաստաթղթերում, որ մի անգամ դարձել է հաշմանդամությունը հաստատելու, մյուս անգամ՝ չհաստատելու հիմք:

Դատարանը պահանջեց հենց 2015թ. փաստաթղթերը և ոչ` 2016թ.-ինը, քանի որ, ինչպես խոսքում մանրամասնեց Ա. Մկրտչյանը, 2015 և 2017թթ. իր կարգը հաստատել-չհաստատելու որոշումը կայացրել նույն մասնագետը՝ ԲՍՓ գործակալության բաժնի պետի պարտականությունները կատարող Բելլա Հովհաննիսյանը: 

Միակ բժշկական փաստաթուղթը, որն ավելացել է 2017թ. փաստաթղթերի փաթեթում, ըստ Ա. Մկրտչյանի, սրտի հոլտեր՝ 24-ժամյա հետազոտությունն է, ըստ որի՝ իր վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վատացել է, հետևաբար հանձնաժողովն ավելի շահագրգռված պետք է լիներ վերահաստատելու հաշմանդամության կարգը:

«Այդ հոլտեր հետազոտությունից պարզվել է, որ սրտիս ռիթմի խանգարումը ավելի է բարդացել, բժիշկն է ասաց, որ ինձ մոտ երեք անգամ ավելացել են փորոքային էքստրասիստոլաները»,- ասաց Ա. Մկրտչյանը:

Դատավոր Արթուր Ավագյանը որոշեց նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ, որի ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ ԲՍՓ գործակալության իրավական ապահովման բաժնի պետ Էդգար Գրիգորյանը պետք է ներկայացնի Ա. Մկրտչյանին հաշմանդամության 3-րդ կարգ տրամադրելու 2015թ. փաստաթղթերը: Նա պարտավորվեց նաև ապահովել ԲՍՓ գործակալության փորձագետ Բելլա Հովհաննիսյանի ներկայությունը հաջորդ նիստին: 

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը դատարանին հայցադիմումի պատասխան էր ներկայացրել, որում, ըստ Աբրահամ Մկրտչյանի, կեղծ, իր բժշկական փաստաթղթերին հակասող տվյալներ կան: Դրանց վերաբերյալ պատասխանողի ներկայացուցիչ Էդգար Գրիգորյանի պարզաբանումները հիմնավոր չէին ոչ դատարանում, ոչ մեզ հետ զրույցում: Իրավաբանը նշեց, որ դրանք նեղ մասնագիտական հարցեր են, և որ դատական մյուս նիստին մասնագիտական այդ հարցերին կպատասխանի ԲՍՓ փորձագետ Բելլա Հովհաննիսյանը:


կարդացեք նաև՝

Նախկին իրավապահը զրկվել է հաշմանդամության կարգից


Հիշեցնենք, Աբրահամ Մկրտչյանը նախկին իրավապահ է, աշխատել է ռազմական ոստիկանությունում, սակայն առողջական խնդիրների պատճառով 2010թ․ ինքնակամ դիմում է գրել և դուրս եկել ծառայությունից։ Նույն տարվա նոյեմբերից նա հաշմանդամության 3-րդ կարգ է ունեցել` ողնաշարի հիվանդության, իսկ 2014 թվականից` արդեն սրտի հիվանդության համար: Հաշմանդամության այս կարգը չի հաստատվել 2018թ․-ին։

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի որոշումը նշանակում է, որ Ա․ Մկրտչյանի առողջական վիճակը բարելավվել է, սակայն բժիշկների՝ Ա․ Մկրտչյանին առաջարկած միակ տարբերակը սրտի կծկողականությունն ապահովող արհեստական սարքի (pacemaker) տեղադրումն է, ունեցել է սրտի AV լրիվ պաշարում (կա շտապօգնության ծառայության համապատասխան արձանագրություն), և ամեն պահի կարող է բժշկական օգնություն կարիք ունենալ:

Կարգը վկայող փաստաթուղթը Աբրահամ Մկրտչյանին հնարավորություն էր տալիս ամսական ստանալ 15 հազար դրամ թոշակ և պետպատվերով կամ մասնակի վճարումով օգտվել բժշկական որոշ ծառայություններից, որոնց կարիքը նա այժմ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter