Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մինչ իրավական ընթացակարգերը չսպառվեն՝ Սուրիկ Խաչատրյանի որդին չի կարող զորակոչվել ԶՈւ



Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, որը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ, բաց նամակ է հղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով թույլ տալ իրեն պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ և զորակոչվել բանակ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քանի դեռ քաղաքացի Տրդատ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործ է առկա, նա չի կարող զորակոչվել բանակ:

«Պիտի դատաբժշկական փորձաքննության արդյունքներով քաղաքացին ճանաչվի առողջ, որից հետո նոր կարող է զորակոչվել բանակ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չի կարող ասել ավելին, քանի դեռ այս գործով իրավական ընթացակարգը չի սպառվել:

Հիշեցնենք, որ Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ըստ որի Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով: Մեղադրանքի առաջադրումից հետո հուլիսի 31-ից Տրդատ Խաչատրյանը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվում:

Տրդատ Խաչատրյանի՝ Դավիթ Տոնոյանին հղված բաց նամակը հրապարակում ենք ստորև:

 «Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ՝ ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաև թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի:

2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում:

2017թ.-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:

Նշված դեպքին ես մասնակից եմ եղել եւ վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել:

2017-2018թթ.-ին ես, իմ ծնողների օգնությամբ ձեռնարկել ենք տարբեր տիպի բժշկական, առողջական, հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաև արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), որոնք, ինչ խոսք, դրական ազդեցություն են գործել, և ես նախկինի համեմատ ինձ ավելի լավ եմ զգում: Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատա-հոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որը սկսել է իրականացվել 30 հուլիսի, 2018թ.-ից:

Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ»:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ազատման հիմքերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ոստիկանությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. բանակում դրան քանի օր կպահեն?17:01 - 6 օգոստոսի, 2018
Այսինքն ասվում է՝ «այս ձեռքերիս վրա մահացավ Չարենցը», իսկ առաջ՝ «այս ձեռքերովս խեղդեցի Չարենցին»
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ