HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Հայ երիտասարդների միություն, Իշխան Մկրտչյան

Սկիզբը

Իշխան (Կնյազ) Մկրտիչի Մկրտչյանը ծնվել է 1957թ., Արթիկի շրջանի Սարատակ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո` ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Երեւան: Ծանոթացել է Մարզպետ Հարությունյանի հետ, որը մինչ այդ արդեն ստեղծել էր Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) երիտասարդական կառույցը՝ «Հայ երիտասարդների միությունը»: Իշխան Մկրտչյանը համաձայնում է դառնալ այդ միության անդամ: 1978-80 թթ. ծավալում է ակտիվ կազմակերպական գործունեություն: Կարողանում է ստեղծել «Հայ երիտասարդների միության» մասնաճյուղեր, որոնցից մեկը գործում էր Իշխան Մկրտչյանի հայրենի գյուղում: Հետագայում եղած մասնաճյուղերից այս մեկը բացահայտվեց:

1980 թ. գարնանը Երեւանի մանկավարժական ինստիտուտում Աշոտ Ափիկյանի գլխավորությամբ գործող ուսանողական խմբակ է բացահայտվում, որն առնչություններ ուներ 1978-80 թթ. Երեւանում գործող Հայ ազգային միության (ՀԱՄ) հետ, իսկ ՀԱՄ-ն իր հերթին առնչություններ ուներ Հայ երիտասարդների միության հետ: Այս երեք կառույցների հետ կապ ուներ մի անձնավորություն, որը նախկինում` դեռ 1978-ին, թռուցիկներ տարածելու պատճառով, հայտնվել էր ՊԱԿ-ի տեսադաշտում, տարվել էր ՊԱԿ ու ազատ արձակվել, բայց դրա մասին ոչ ոք տեղյակ չէր եղել: Հետագայում, անընդհատ գտնվելով ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում՝ նա հանձն էր առել տհաճ դերակատարում. 1979-ին տեղեկություններ էր տրամադրել ՊԱԿ-ին թռուցիկներ տարածող ուսանողական խմբակի մասին: Խմբակի անդամներն անմիջապես` հենց 1979-ին չեն ձերբակալվում, որովհետեւ ՊԱԿ-ին այդ շրջանում ավելի շատ հետաքրքրել են նրանց հետ առնչություններ ունեցող այլ գործող անձինք: Մի երկար շրջան նրանց հետեւելով` ՊԱԿ-ն ուշադրությունը սեւեռում է մանկավարժական ինստիտուտի դասախոս, մշակութաբան Ալեքսանդր Մանուչարյանի եւ «Հայ երիտասարդների միության» վրա:

1980 թ. մայիսի 21-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, երբ տան անդամները դեռ քնած են լինում, ՊԱԿ-ի աշխատակիցներն այցելում են Իշխան Մկրտչյանի եղբոր` Երեւանի Ախպարաշեն կոչվող թաղամասում գտնվող տունը, որտեղ բնակվում էր նաեւ Իշխանը: Իշխան Մկրտչյանի համար այդ այցը անսպասելի է լինում: Նախորդ օրը` ուշ երեկոյան, տուն բերած որոշ փաստաթղթեր թաքստոց տանելու փոխարեն, նա դրած է լինում բարձի տակ՝ առավոտյան թաքցնելու մտադրությամբ: Բնական է, որ բարձի տակից դրանք անմիջապես հայտնաբերվում են: Մինչ խուզարկություն իրականացնողները կշարունակեն իրենց գործը, Իշխանը, օգտվելով նրանց զբաղվածությունից ու անուշադրությունից, վերցնում է հայտնաբերված եւ սեղանին դրված մի քանի կարեւորագույն փաստաթղթեր, այդ թվում՝ հասցեներ ու հեռախոսահամարներ պարունակող տետրն ու տնից դուրս թռչում: Մինչ չեկիստները կհասնեին նրան, կարողանում է հասցեներ պարունակող տետրը ոչնչացնել այնպես, որ անգամ հետքը գտնել չեն կարողանում: Մնացած նյութերից ՊԱԿ-ի աշխատակիցները կարողանում են «փրկել» ոչ շատ կարեւոր մի քանի թուղթ եւ Վարդան Հարությունյանի ձեռքով գրված մի հիմնավորապես պատառոտված տետր` «Ընդհատակյա կազմակերպությունների անվտանգության կանոնները» վերնագրով: Իր այս քայլի համար Իշխան Մկրտչյանին ՀԽՍՀ քր. օր.-ի 207-1 հոդվածի 2-րդ մասով (միլիցիայի աշխատողին կամ ժողովրդական դրուժինիկին դիմադրություն ցույց տալը) մեղադրանք են առաջադրում եւ 1980 թ. հուլիսին դատապարտում 4 տարի ազատազրկման:

12.JPG (1.88 MB)

Նախաքննության ու դատավարության ողջ ընթացքում Մկրտչյանը ցուցաբերում է այնպիսի վարքագիծ, որ չեկիստների մեջ իր նկատմամբ խոր ատելություն է առաջացնում: Դատարանում ցուցմունքներ տալու ժամանակ Իշխանը հրաժարվում է դեմքով կանգնել դեպի դատարանը, հայտարարում է, որ դատարանին ու դատավորին չի հարգում, իսկ դահլիճում իր եւ իր ընկերների ծնողներն են, որոնց հարգում է, ինչից հետո դեմքով շրջվում է դեպի դահլիճը, իսկ դատարանին թիկունքով է կանգնում: Նա հայտարարում է, որ միայն այդ դիրքով է պատրաստ ցուցմունքներ տալ: Երկար բանակցություններից հետո Իշխանը վերջապես համաձայնում է ցուցմունքներ տալ դեպի դատավորը ուսով կանգնած վիճակում: Պետանվտանգության կոմիտեի այն գործակալի ցուցմունքների ժամանակ, որի պատճառով բացահայտվել էր «Հայ երիտասարդների միությունը», ՀԵՄ-ի չորս անդամները` Իշխան Մկրտչյանի առաջարկով այնպիսի ծաղրական աղմուկ են բարձրացնում, որ այդ «վկան» ոչ միայն չի կարողանում ցուցմունքներ տալ, այլեւ դժվարությամբ է կարողանում ոտքի վրա մնալ, եւ նրան դատարանի դահլիճից դուրս են բերում առաջին շարքում նստած չեկիստներից մեկի օգնությամբ: ՀԵՄ-ի անդամները հրաժարվում են վերջին խոսքի իրավունքից: Մարզպետ Հարությունյանը հայտարարում է, որ խորհրդային դատարաններին կարող են հավատալ միայն հոգեկան հիվանդները եւ միամիտները. «Մենք ոչ հոգեկան հիվանդ ենք, ոչ էլ` միամիտ եւ այս դատարանին ասելիք չունենք»: Միայն Իշխան Մկրտչյանը չի հրաժարվում կարճ վերջին խոսքից, որն ավարտում է այսպես. «Եթե իմ լեզուն պետք է մեռնի վաղը, ես պատրաստ եմ մեռնել այսօր»: Իշխան Մկրտչյանը ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով դատապարտվում է նախատեսված առավելագույն պատժաչափի` 7 տարի ազատազրկում եւ 5 տարի աքսոր:

Դատից հետո՝ դեպի Պերմի մարզում գտնվող քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայրեր էտապի ժամանակ, Ռոստովի բանտից Իշխան Մկրտչյանը, չնայած իր հետ միեւնույն խցում գտնվող Մարզպետ Հարությունյանի եւ Ալեքսանդր Մանուչարյանի հորդորներին` նման բան չանել, փախուստի է դիմում: Սա Ռոստովի բանտի երկարամյա պատմության մեջ աներեւակայելի ու նախադեպը չունեցող իրադարձություն էր: Ժամանակ անց նա կրկին կալանավորվում եւ տեղափոխվում է Ռոստովի բանտ, որտեղ դաժանագույն կտտանքների է ենթարկվում: 24-ամյա առողջ երիտասարդը կարճ ժամանակում հիվանդ ու հյուծված հաշմանդամի է վերածվում. նրա ականջներից ժամանակ առ ժամանակ արնախառն թարախ է հոսում, թոքերը նորմալ չեն գործում, ոսկորներն ու հոդերը ցավում են, կողոսկրերը ջարդված էին: Փախուստի համար նա դատապարտվեց եւս երեք տարի ազատազրկման, եւ նրա պատժաչափը դարձավ 10 տարի ազատազրկում ու 5 տարի աքսոր: Բայց առողջական լուրջ խնդիրները նրան չէին խանգարում կալանավայրում ամենաակտիվ կալանավորներից մեկի համարումն ունենալ: Ընկերների բոլոր հորդորները` խնայել իրեն, մերժում էր: Մասնակցում էր ե՛ւ հացադուլներին, ե՛ւ գործադուլներին: Հաճախ էր հայտնվում պատժախցում: 1985 թ. ապրիլի 24-ին` Եղեռնի զոհերի հիշատակի օրը, պատժիչ մեկուսարանի մենախցում, 28 տարեկանում նա կնքեց իր մահկանացուն: Կալանավայրի ղեկավարությունը հայտարարեց` իբր, ինքնասպան է եղել: Բոլոր փորձերը` պարզել նրա մահվան իրական հանգամանքները, այդպես էլ մնացին անարդյունք: 1989-ին ընկերների ջանքերով հնարավոր եղավ նրա աճյունը Հայաստան տեղափոխել: Այժմ նա հանգչում է Արթիկի շրջանի իր հարազատ Սարատակ գյուղը շրջապատող բլուրներից մեկի վրա:

Պատմում է Իշխան Մկրտչյանի եղբայրը` Սոկրատը

Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները խուզարկության նպատակով մեր տուն են եկել առավոտյան յոթի-ութի կողմերը, երբ տնեցիները դեռ քնած են եղել:

Ես աշխատանքի էի, ինձ զանգահարեցին ու տեղեկացրին: Եկա, բայց տուն չմտա: Մտա հարեւանի տուն: Խուզարկության հետ կապված դեպքերը գիտեմ խուզարկությանը ներկա կնոջս պատմածից: Իշխանը խուզարկության ժամանակ ինչ-որ փաստաթղթեր էր սեղանի վրայից վերցրել ու փախել: Ես հարեւանիս լուսամուտից տեսա, թե ինչպես են Իշխանի թեւերը բռնած տանում դեպի իրենց մեքենան: Մեր մեծ եղբայրն աշխատում էր ոստիկանությունում: ՊԱԿ-ի աշխատակիցների կապը մեզ հետ նրա միջոցով էր: Մի օր նա եկավ եւ ինձ ասաց, որ չեկիստները պատրաստ են Իշխանի հետ տեսակցություն տրամադրել, եւ ես պետք է գնամ տեսակցության: Նպատակն այն էր, որ Իշխանին համոզեի հետ կանգնել այդ ճանապարհից: Զրույցի ժամանակ պետք է շեշտը դնեի դրսում գտնվող մեր հարազատների ապագայի վրա, մորս հիվանդ լինելու հանգամանքը շեշտեի եւ այլն: Ես այդպես էլ արեցի: Ասացի` մեզ չես խղճում, գոնե հիվանդ մորդ խղճա` կմեռնի: Իսկ նա պատասխանեց. «Իմ մեծ մայրը` հայրենիքս է հիվանդ, դու ինձ ի՞նչ ես համոզում»: Ոչինչ չստացվեց: Դատավարության ժամանակ էլ էին չեկիստները մեզ համոզում, որ դահլիճում ընտանիքի ներկա անդամներով ճնշենք Իշխանին, պահանջենք, որ փոխի իր դիրքորոշումը: Բայց այդպես էլ բան դուրս չեկավ:

Դատից հետո մենք Իշխանից լուր չունեինք: Մի օր էլ ինձ զանգահարեց մեծ եղբայրս եւ ասաց, որ պետք է զգույշ լինեմ, Իշխանը Ռոստովի բանտից փախել է, այնտեղից հատուկ խումբ է ժամանել Հայաստան, եւ նրանք արդեն հանդիպել են իր հետ, առաջադրանք ունեն Իշխանին հայտնաբերելու դեպքում՝ տեղում գնդակահարել: Նա ինձ առաջարկեց Իշխանի հայտնվելու դեպքում կապկպել նրան ու զանգահարել իրեն կամ ոստիկաններին: Որոշ ժամանակ անց Իշխանին Ռուսաստանում ձերբակալեցին:

Երբ արդեն փախուստի համար նրան դատապարտել եւ Պերմի քաղբանտարկյալների կալանավայր էին տեղափոխել, ես ու քույրս գնացինք տեսակցության: Մեզ երկու օր տեսակցություն էր հասնում, բայց չէին թույլատրում: Ամուսնանալուց հետո քույրս ազգանունը փոխել էր: Սա հիմք հանդիսացավ, որ նրան ընդհանրապես արգելեն մտնել տեսակցության: Ծանոթացանք այդ տարածքում բնակվող ու աշխատող բազմաբնույթ կապեր ունեցող հայերի հետ: Նրանք մեզ կապեցին տեղի դատախազի հետ: Նա կին էր ու գաղութի պետի մտերմուհին էր: Այս դատախազի միջնորդությամբ քրոջս կարճաժամկետ տեսակցություն տվեցին: Նա ապակիների հետեւից Իշխանի հետ զրուցելու հնարավորություն ստացավ, իսկ ինձ 12 ժամանոց տեսակցության հնարավորություն ընձեռեցին: Իշխանի տրամադրությունը բարձր էր: 12 ժամ միասին ենք անցկացրել:

Այնտեղ իմացա, թե ինչ կարգի դաժանությունների է ենթարկվել Ռոստովի բանտում: Պատմում էր, որ ձեռքերն ու ոտքերը կապած` իր վրա կարատեի հնարքներ են ցուցադրել, հարվածից ականջներն են վնասել, օրերով ծեծել են, եւ ինքն էլ չգիտեր, թե ինչքան ժամանակ է անցկացրել ուշագնաց վիճակում: Պնդում էր, որ խորհրդային երկրին տասը տարի էլ չի մնացել ու անկասկած փլվելու է, եւ ամեն ինչ լավ է լինելու: Նրա ասածներն ինձ աներեւակայելի էին թվում, բայց ինքը համոզված էր:

13.JPG (344 KB)

1985 թ. ապրիլի 24-ին, երբ Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո մեքենայով գնում էի, ինչ-ինչ պատմությունների մեջ ընկա, եւ մեքենաս տարան տուգանային հրապարակ: Գնում էի մեծ եղբորս տուն, որ խնդրեմ` մեքենան հանի այնտեղից: Նրանց շենքի բակում հանդիպեցի հորս: Ծնողներս բնակվում էին գյուղում, եւ նրա անակնկալ Երեւանում գտնվելը կասկածելի էր: Այդտեղ էլ իմացա, որ կալանավայրի ղեկավարությունը հեռագրով ծնողներիս տեղեկացրել է Իշխանի մահվան մասին: Սա մի սարսափելի շոկ էր մեզ համար: Նույն հեռագրում հայտնել էին, որ ապրիլի 26-ին Իշխանին թաղելու են: Որոշեցինք, որ ես ու քրոջս ամուսինը պետք է գնանք եւ մասնակցենք թաղմանը: Մենք մեկ օրից քիչ ավելի ժամանակ ունեինք: Մոսկվայից երեք անգամ հեռագիր ուղարկեցի գաղութի ղեկավարությանը` խնդրելով, որ մինչեւ իմ տեղ հասնելը չթաղեն: Ինչքան էլ շտապում էի, ինքնաթիռների չվերթերի հետ կապված տեղ հասա նշանակված օրվա` ապրիլի 26-ի ուշ երեկոյան: Չնայած ուշ էր, գնացի կալանավայր եւ տեղեկացրի, որ տեղ եմ հասել: Ինձ դիմավորեց գաղութի ղեկավարներից Ժուրավկով ազգանունով մեկը: Իշխանին չէին թաղել, սպասել էին իմ գալուն: Ասաց` եթե ցանկանում եմ, ապա կարող եմ առավոտյան Իշխանի համար քաղաքացիական հագուստ գնել, նաեւ զգուշացրեց, որ 12 մետր երկարությամբ սրբիչի կտոր գնեմ:

Առավոտյան հագուստն ու սրբիչի կտորն առած` գաղութի աշխատողների հետ գնացինք մորգ: Մորգ ասածը գերեզմանոցից ոչ հեռու գտնվող` առանձնացված մի փոքր սենյակ էր: Մեզ թույլ տվեցին, որ ինքներս հագցնենք Իշխանին: Ես հուզված էի, ոչինչ չէի նկատում, արտասվում էի, երբ քրոջս ամուսինն ասաց, որ ուշադրություն դարձնեմ Իշխանի մարմնի վրա: Նոր միայն նկատեցի, որ Իշխանի թեւերն ու կողերն ամբողջությամբ կապույտ են, իսկ վզին զինվորական գոտու դաջված հետքը պարզորոշ երեւում էր: Ինձ համար ակնհայտ էր, այսօր էլ վստահ կարող եմ պնդել, որ Իշխանը մահից առաջ բռնության էր ենթարկվել: Ճիշտ է, մեզ օգնություն առաջարկեցին, բայց մենք հրաժարվեցինք եւ առանց կողմնակի օգնության` երկուսով դագաղը տարանք մինչեւ գերեզմանափոս: Մեր գնած սրբիչի 12 մետրանոց կտորով դագաղն իջեցրին գերեզմանափոսի մեջ: Գերեզմանափոսը հինգ մետրից ավելի խորություն ուներ: Այդ գերեզմանոցում, որտեղ նաեւ սովորական քաղաքացիներին էին թաղում, կալանավորների գերեզմանները համարակալված փայտյա սյուներով առանձնանում էին մյուսներից: Իշխանի գերեզմանը 8-րդ համարն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter