HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ալեքսանյանի քույրը նախկին ջրավազան-կանաչապատ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցում

Տիգրան Մեծ փողոցի կանաչապատ տարածքը, այնտեղ գտնվող ջրամբարը վերածվում է բազմաֆունկցիոնալ համալիրի։ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ՝ Սուսաննա Պետրոսյանի «Պար Սամ եղբայրներ» ընկերությունն այգու տարածքում կառուցում է «Կայզեր» բազմաֆունկցիոնալ համալիր։

«Պար Սամ եղբայրներ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հունիսին, միակ սեփականատերը Սուսաննա Պետրոսյանն է։ Ընկերության կապիտալը մոտ 3 միլիարդ դրամ է։ Ի դեպ, Պետրոսյանը ՀՀԿ-ից Երևանի ավագանու նախկին անդամ Արթուր Պետրոսյանի մայրն է։

Մոտ 2 ամիս է՝ տարածքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Նախկին ջրային տարածքը մի քանի տարի է` մետաղյա թիթեղներով առանձնացված էր։

Արխիվային լուսանկարներից երևում է, որ տարածքում նախկինում եղել է ջրավազան, կանաչապատ տարածք՝ նստարաններով։ Տարածքով հոսում է Հրազդան գետի առվակներից մեկը։

Երևանի քաղաքապետարանի՝ 2018թ.-ի մարտի 1-ի տված ճարտարապետահատակագծային առաջադրանքի մեջ նշված է, որ ընկերությանը տրամադրվել է մոտ 1,17 հեկտար տարածք, որտեղ պետք է կառուցվի առևտրի կենտրոնից, հյուրանոցային և գրասենյակային մասնաշենքերից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր:

Ամիսներ անց՝ հունիսի 12-ին, «Պար Սամ եղբայրներ» ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ։ Ըստ որի՝ բազմաֆունկցիոնալ համալիրը կազմված է լինելու հինգ մասնաշենքից: Բոլոր մասնաշենքերը լինելու են եռահարկ, երկու նկուղային հարկերով։

Առաջին հարկում նախատեսված են սուպերմարկետ և տաղավարներ: Երկրորդ հարկում նույնպես կգործեն տաղավարներ, տեղակայված կլինի համալիրի վարչական հատվածը և ծառայողական անձնակազմին հատկացված տարածքները:

Երկրորդ հարկում գտնվելու է մանկական ժամանցի կենտրոն, դահլիճներ և մանկական առևտրի կենտրոն: Իսկ երրորդ հարկերում՝ սրճարաններ` իրենց սպասարկող օժանդակ սենյակներով: Ըստ շինթույլտվության՝ շինարարությունը պետք է իրականացվի 3 տարվա ընթացքում:

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Պար Սամ ընկերության» ներկայացրած այս հայտին։

2018-ի հունվարի 23-ին քաղաքապետարանն ընկերությանը թույլատրել է ջրավազանի հունի տեղափոխման համար նոր հատվածամաս կառուցել։ Շինարարությունը պետք է իրականացվի 2 տարվա ընթացքում։

2018-ի մարտի 1-ին Երևանի քաղաքապետարանը «Պար Սամ եղբայրներ» ընկերությանը տրամադրել է նաև քանդման թույլտվություն, որով ընկերությունը կկարողանա քանդել երկու ջրավազան, երկու ռեստորան և անավարտ շենքի երկաթբետոնե կոնստրուկցիաներ:

Ինչպե՞ս նախկին ջրանցքի տարածքն անցավ Ս. Ալեքսանյանի քրոջ ընկերությանը

Ջրավազանի տարածքի նախկին սեփականատերերից մեկը Սիմա Ղուկասյանն է, նա սեփականաշնորհել է տարածքը 2007թ.-ին։ Ս. Ղուկասյանը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանի մայրն է։

Տարածքում շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականին, սակայն որոշ աշխատանք կատարելուց հետո դրանք դադարեցվել են։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած կառուցապատման թույլտվության` աշխատանքները պետք է ավարտվեին մոտ 4,5 տարվա ընթացքում։ Կառուցապատող ընկերությունը եղել է «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ-ն, որի որպես կապալառու լինելու վերաբերյալ վկայող պաստառը շինհրապարակում մինչև օրս պահպանվում է։ 

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Սարգիս Աղաբեկյանը տարիներ շարունակ դատական գործընթացների մեջ է եղել և կառուցապատող «Էսկո-Կոնցեռն» ընկերությունը («ԱԼՏԷ» ՓԲԸ) ճանաչվել է սնանկ։ Մինչև սնանկության գործի քննությունը, դատական գործերից մեկով՝ «էյչ-ԷՍ-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2010 թվականի հունիսին «Էսկո-Կոնցեռն» ընկերության հետ կնքել է վարկային գծի պայմանագիր, որում 2011 թվականին և գրավադրվել են մի շարք անշարժ գույքեր, այդ թվում՝ Տիգրան Մեծի պող. թիվ 53/3 և 53/16 հասցեներում գտնվող անշարժ գույքերը։ Չկարողանալով վերադարձնել վարկը, դատարանը գույքի բռնագանձման վերաբերյալ որոշում է կայացրել։

Սարգիս Աղաբեկյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գրավադրված՝ Տիգրան Մեծի 53/3 և 53/16 գույքերը վաճառել է «էյչ-ԷՍ-Բի-ՍԻ» բանկը: Ըստ նրա՝ այդ հասցեներում պետք է կառուցվեր առևտրի կենտրոն և հյուրանոցային համալիր, սակայն բանկը պարտավորությունները մասամբ է կատարել, և դադարեցրել է շենքի շինարարության ֆինանսավորումը, որի հետևանքով իրենք կրել են զգալի վնաս:

«Բանկը ֆինանսավորումը դադարեցրել է քանի որ նշել է, որ անշարժ գույքի ոլորտում ռիսկեր կան: Բանկը գույքը վաճառել է 1.8 մլն դոլարով՝ ծիծաղելի գումարով»,- նշեց Սարգիս Աղաբեկյանը։

Սարգիս Աղաբեկյանը բողոքարկելու է բանկի՝ գույքի վաճառքի որոշումը։ Պնդեց, որ բանկի գործողությունների արդյունքում 3,2 մլն դոլարի վնաս է կրել․ շինարարության ընթացքում կառուցել են շենքի հիմքը, կանգնեցրել մինչև 3-րդ հարկի մետաղական մասը: Աղաբեկյանը այդ հողատարածքները գնել էր 2007 թվականին՝ ֆիզիկական անձից։

Ի՞նչ նշանակություն ունեն ջրավազանները

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, էկոլոգ Բարդուխ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ քաղաքում տեղակայված բաց ջրանցքները, ջրավազանները քաղաքին միկրոկլիմա են ապահովում:

«Մեզ մոտ շոգ կլիմա է, երբ ջուրը գոլորշանում է, միկրոկլիմա են ապահովում, խոնավություն ապահովում, որից էլ ջերմաստիճանը նվազում է: Նույնիսկ շատրվանները միայն գեղեցկության համար չեն։ Քաղաքում ասֆալտ և բետոն, որոնք տաքանալու հատկություն ունեն, դրա համար է քաղաքի մեջ միշտ տաք լինում։ Իսկ ջրավազանների, շատրվանների դերը խոնավություն, զովությունն ապահովելն է»,- ասաց մասնագետը։

Ընթերցեք նաև`

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (2)

Կարինե Հովակիմյան
Պետք է դատել այդ տարածքը ֆիղիզիկան անձին վախճառողին և քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, որոնք թույլ են տվել քանդել երկու ջրավազՆները և կանաչ տարածքները։ Անհրաժեշտ է շինարարեւթյունը սառեցնել և ստիպել սեփականատիրոջը վերականգնելու ջրավազաններն ու կանաչ տարածքը, հաշվի առնելով վերջին երկու տարիների անհավանական շոգերը, երբ անհնար էր շնչելը և մարդիկ ա՞ենուր փնտրում էին ջուր և կանաչ տարածք՝ ստվերում թաքնվելու համար
Վահան
Հարգելի խմբագրություն, շատ շնորհակալ եմ նյութի համար: Սակայն այդպես էլ պարզ չէ, թե ինչու, ինչով են ղեկավարվել պաշտոնատար անձինք, ինչ շահ են ունեցել ընդունլով կանաչ տարածքն ու ջրավազանը վերացնելու որոշումը: Հուսով եմ կկարողանաք ՀԵՏՔերով գնալ: Նաև շատ կխնդրեի ՀԵՏՔաքննելՄոնումենտի դիմացի անտառի ոչնչացման հիմքերն ու շահառուներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter