HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ ազդեցություններ կարող է կրել Հայաստանի տնտեսությունը ԱՄՆ-Իրան կոնֆլիկտի հետևանքով

Իրանի և Միացյալ նահանգների հարաբերությունների վերջին սրացումը մեծ փորձություն է համաշխարհային տնտեսության համար։ Հայաստանի տնտեսության վրա ևս այս իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ։ 

Հայաստանը հարևան Իրանի հետ ունի մի շարք համատեղ ծրագրեր, որոնց իրականացման հավանականությունը նվազում է իրանական տնտեսության վատթարացման արդյունքում։ Բացի այդ, Իրանն ու Հայաստանը համատեղ ծրագրերի միջոցով քննարկել ու նախատեսել են առաջիկա տարիներին կրկնապատկել և հետագայում էլի ավելացնել ու ընդլայնել փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Այս և այլ ուղղություններով համագործակցության ընթացքն ու տեմպերը ռիսկի տակ են դրված։ 

«Հայաստանի տնտեսության վրա, համենայնդեպս այս պահին, ԱՄՆ-Իրան կոնֆլիկտի հետևանքով շատ մեծ ազդեցություններ չկան, բայց հնարավոր է` հետագայում դրանք տեսանելի լինեն»

Տնտեսագետ, ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը նկատում է, որ  համաշխարհային տնտեսության վրա ԱՄՆ-Իրան կոնֆլիկտն արդեն տևական ժամանակ է բացասական ադզեցություն է թողնում, որը նախևառաջ պայմանավորված է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած  տնտեսական պատժամիջոցներով։ 2018 թվականին ԱՄՆ-ն անցավ նոր կոշտ պատժամիջոցների։ Իրանին արգելվեց  ամերիկյան դոլար գնել, արգելվեց կամ խիստ սահմանափակվեց   ավտոմեքենաների, օդանավերի, ալյումինի, մետաղների, պարսկական գորգերի ու ոսկու առևտուրը, ինչպես նաև՝ իրանական ռիալով գործարքները:  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բոլորին զգուշացրել է զերծ մնալ Իրանի հետ առևտրից: Նա հայտարարել, որ յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կապեր կունենա, չի կարող բիզնեսով զբաղվել Միացյալ Նահանգների հետ։ Պատժամիջոցների երկրորդ փուլով արգելքներ դրվեց դեպի ԱՄՆ իրանական նավթի արտահանման ու առևտրի վրա: Արգելքներ դրվեցին նաև բանկային գործարքների վրա։  Օրերս էլ Իրանի կողմից Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազաների դեմ հրթիռային հարձակում իրականացնելուց հետո ԱՄՆ-ն  հայտարարեց նոր պատժամիջոցներ սկսելու մասին, որոնք ուղղված են Իրանի պողպատի և երկաթի արդյունաբերության դեմ, որից Իրանը զգալի եկամուտներ է ստանում:

«Եվ հիմա արդեն երրորդ էսկալացիան է. վերջին օրերի զարգացումների ֆոնին իրավիճակն էլ ավելի է սրվել։ Հայաստանի տնտեսության վրա, համենայնդեպս այս պահին, նշված կոնֆլիկտի հետևանքով շատ մեծ ազդեցություններ չկան։ Բայց,հաշվի առնելով Հայաստան-Իրան նախատեսված համատեղ տնտեսական ծրագրերը, հնարավոր է, որ հետագայում դրանք ավելի տեսանելի, ավելի լուրջ և լայնամասշտաբ լինեն, քան այս պահին երևում է»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Ատոմ Մարգարյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իրանական տնտեսությունը, հատկապես վերջին մեկ տարում, ցնցումների մեջ է. «Գնաճն արդեն անցել է 40%-ը, իրանական ռիալն արժեզրկվել է 3.5 անգամ, ներդրումային ծրագրերն են տապալվում, և առաջիկայում իրանական տնտեսությանը շատ ավելի վատ ժամանակ են սպասվում։ Եվ այս տարի, մասնավորապես այն ոլորտներում, որոնք Հայաստանի հետ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ էներգետիկան, ենթակառուցվածքները, առևտուրը, ազդեցությունները, կարծում եմ, կարող են լինել շոշափելի»։

Զբոսաշրջության ոլորտում ևս կարող են ազդեցություններ լինել

Ամեն տարի հարևան Իրանից, որպես զբոսաշրջիկ, Հայաստան են այցելում բազմաթիվ իրանցիներ։ Նրանց հոսքն առավել տեսանելի է լինում իրանական Նոր տարվա՝ Նովրուզի օրերին, որը նշվում է մարտ ամսին։ Երևանը իրանցիների համար Նովրուզը տոնելու հարմար տարբերակ  է։ Այն տևում է մոտ երկու շաբաթ։ Այս ընթացքում Իրանցիները ոչ միայն ծանոթանում են Հայաստանին ու հայկական մշակույթին, այլև՝ ազդում դրամի վարքագծի վրա։ Սովորաբար նրանք զգալի ծավալի արտարժույթ են ծախսում այստեղ, ինչի հետևանքով մի քանի օրով դրամն արժևորվում է։ Սակայն, վերջին երկու տարիներին դրամի արժևորման միտում չի նկատվում, քանի որ  իրանցիների հոսքը է պակասել է, ինչպես նաև՝ չի բացառվում, որ նրանք ավելի քիչ արտարժույթ են այստեղ ծախսում։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները ավելի սրվեն և դրա հետևանքով իրանական տնտեսության վիճակն ավելի վատթարանա, ապա՝ դա կազդի իրանցիների գնողունակության վրա, և կպակասի Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։

Հայ-իրանական առևտրի տեմպերը կարող են նվազել

«Այս պահի դրությամբ ենթակառուցվածքների ոլորտում հայ-իրանական որոշակի ծրագրեր կան, որոնք կապված են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի  կառուցման հետ։ Դրա առնչությամբ ակնկալիքները շատ մեծ էին, սակայն վերջին զարգացումներից կարելի ենթադրել, որ ընթացքը կդանդաղի»,- նկատում է Ատոմ Մարգարյանը։ 

Նա հիշեցնում է, որ նախատեսվում էր կրկնապատկել գազ-էլեկտրաէներգիա փոխանակության ծրագրի ծավալները, որը պետք է տեղի ունենար էլեկտրահաղորդման  նոր գծի կառուցման շնորհիվ, բայց այս պայմաններում, հնարավոր է, այս ծրագրերը ևս որոշակիորեն դանդաղեն կամ սառեցվեն։ «Նույնը վերաբերում է  Մեղրու ՀԷԿ-ի շինարարությանը, նավթավերամշակման գործարանի կառուցմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտու լիարժեք վերակառուցմանը և մյուս ծրագրերին։ Այս իրավիճակի ֆոնին սպասել, որ այդ ծրագրերը առաջանցիկ զարգացում կունենան, իհարկե, իրատեսական չէ»,- նշեց տնտեսագետը։ 

Հայաստանն Իրանի հետ առևտրային հարաբերություններում տարիներ առաջ պայմանավորվածության է եկել էլեկտրաէներգիա արտահանել և դրա դիմաց ստանալ գազ։ Հայաստանի և Իրանի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքն իրականացվում է  2009 թվականից սկսած: Հայաստանը պարտավորվել է մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանին տալ 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Մասնավորապես, ըստ Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալների՝ 2018 թվականին ներմուծվել է 567 մլն խմ գազ, որի դիմաց արտահանվել է 1 մլրդ 839 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա. 2019 թվականի տարեկան տվյալները դեռևս չեն ամփոփվել։   

Մինչև 2009 թվականը Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն անշեղորեն աճել է, ճգնաժամից հետո անկում է գրանցվել։ Վերջին տասը տարիների տվյալները ցույց են տալիս, որ 2009-ի անկումից հետո հաջորդող երեք տարիներին այն կրկին աճել է։ 

Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 2018-ին կազմել է 363.6 մլն դոլար՝ աճելով 40.5%-ով։ Սակայն, 2019 թվականի աճի այդ տեմպերը չեն պահպանվել և զգալի դանդաղել են։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը 2019թ. հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 326.9  մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11.7%-ով։ Մասնավորապես, Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 71.4 մլն դոլար՝ նվազելով 11.1%-ով, իսկ ներմուծումը կազմել է 255.5 մլն դոլար՝ աճելով 20.3%-ով։

2019 թվականի առաջին երեք եռամսյակների տվյալներով Իրանը Հայաստանի արտահանման TOP 10  շուկաների կազմում է՝ 6-րդ տեղում։ Իսկ ներմուծման կազմում երրորդն է:

ԱՄՆ-Իրան հակամարտության ֆոնին, հնարավոր է, այս  թվերը  նվազեն. գնողունակության անկման դեպքում Իրանը կարող է կրճատել Հայաստանից ներմուծումը։ Դա կարտահայտվի գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքի ցուցանիշներում, քանի որ Հայաստանից Իրան արտահանման կազմում էլեկտրաէներգիան զբաղեցնում է 80-90%-ը։ Այսինքն՝ Հայաստանից Իրան արտահանման ծավալները հիմնականում պայմանավորված են էլեկտրաէներգիայի ծավալներով։ Իսկ մյուս համեմատաբար խոշոր ապրանքախումբն է ոչխարի ու այծի միսը։ Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան ներմուծմանը, ապա այն ավելի դիվերսիֆիկացված է։ Ներմուծման կազմում գազի կշիռն ամենամեծն է՝ 30-40%-ը, խոշոր ապրանքախմբերն են ցեմենտը, միրգ, ընկուզեղենը, պարարտանյութերը և շինարարական ապրանքները։

Իրանի հայկական համայնքը, ներդրումներն ու անշարժ գույքի շուկան

«Պետք է հաշվի առնենք, որ ավելի քան 300 հազարանոց հայկական սփյուռքը Իրանում բավականին ուժեղ է եղել, և վերջին տարիներին այդ կապերը ինտենսիվացել են։Կոնֆլիկտի լրջանալու պարագայում, հնարավոր է, այդ հատվածի կողմից Հայաստանում ներդրումների որոշակի կրճատում լինել»,- ասում է Ատոմ Մարգարյանը։

Ըստ նրա՝ կարող է ազդեցություն լինել նաև հայկական անշարժ գույքի շուկայի վրա՝ իրանահայերի կողմից Հայաստանում բնակարաններ ձեռք բերելու հետևանքով.«Ամեն ինչ կախված է կոնֆլիկտի զարգացումներից։ Թրափն ու իր մտքերը անկանխատեսելի են»։ 

Ընդհանուր առմամբ, Իրանի տնտեսական վիճակի վատթարացումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում իրանական ներդրումների ծավալների վրա՝ թեև այսօրվա դրությամբ Իրանը Հայաստանի օտարեկրյա ներդրողների կազմում առաջատարներից չէ։

 Իսկ հայկական դրամի փոխարժեքի վրա ազդեցություն, ըստ Ատոմ Մարգարյանի, այս իրավիճակը  չի կարող ունենալ։

Հիշենենք, որ ԱՄՆ-Իրան կոնֆլկիտը նոր փուլ մտավ այս տարվա սկզբում, երբ  Բաղդադի օդանավակայանում հրթիռային հարվածի հետեւանքով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

Պաշտոնական Վաշինգտոնը արագ հաստատեց Սոլեյմանիի սպանությունը, նշելով, որ օպերացիան իրականացվել է նախագահ Թրամփի հրահանգով, կանխելու համար հետագա գրոհները, որոնք ենթադրաբար պլանավորվում էին Իրանի կողմից: Նոր հակամարտությունն օրեցօր նոր զարգացումներ է ստանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Իրանը խոստովանել է, որ պատահմամբ խոցել է ուկրաինական «Բոինգը»։

 

Գլխավոր լուսնակարը՝ Bloomberg News-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter