
Իրանը խոստովանել է, որ պատահմամբ խոցել է ուկրաինական «Բոինգը»
Իրանցի զինվորականները հայտարարել են, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներին» պատկանող ուղևորատար «Բոինգ-737»-ը մոտ է թռել ռազմական օպերացիաների գոտուն և պատահմամբ խոցվել է, քանի որ զինվորականները մտածել են, թե այն թշնամու ինքնաթիռն է։
Ինչպես ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում, որը հեռարձակվել է տեղի լրատվամիջոցներով, ողբերգության պատճառը եղել է մարդկային գործոնը։ Նշվում է նաև, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
«Թռիքչի ընթացքում ինքնաթիռը անմիջական հեռավորության վրա է գտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր օբյեկտներից մեկից և ձևով ու թռիչքի բարձրությամբ նման է եղել թշնամական ինքնաթիռի»,- ասվում է գլխավոր շտաբի հայտարարությունում։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ աղետը տեղի է ունեցել մարդկային սխալի պատճառով ճգնաժամային ժամանակահատվածում՝ ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքով։
A sad day. Preliminary conclusions of internal investigation by Armed Forces:
— Javad Zarif (@JZarif) January 11, 2020
Human error at time of crisis caused by US adventurism led to disaster
Our profound regrets, apologies and condolences to our people, to the families of all victims, and to other affected nations.
?
Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ «Բոինգ»-ի կործանման հետաքննությունը կշարունակվի՝ «մեծ ողբերգության և աններելի սխալի» պատճառները պարզելու համար։
Armed Forces’ internal investigation has concluded that regrettably missiles fired due to human error caused the horrific crash of the Ukrainian plane & death of 176 innocent people.
— Hassan Rouhani (@HassanRouhani) January 11, 2020
Investigations continue to identify & prosecute this great tragedy & unforgivable mistake. #PS752
«Ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և Իրանի ժողովրդին վախեցնելու պայմաններում Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունից հետո Իրանի զինված ուժերը բերվել էին հարյուր տոկոսանոց մարտական պատրաստության՝ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար»,- ասվում է Իրանի նախագահի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեռևս երկու օր առաջ ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ հնարավոր է՝ ուկրաինական «Բոինգ»-ը պատահմամբ խոցվել է Իրանի կողմից։ Ավելի ուշ այս վարկածի մասին հայտարարություն էր արել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանից Կիև մեկնող ուղևորատար «Բոինգ-737»-ը կործանվել էր թռիչքից մի քանի րոպե անց՝ Թեհրանից ոչ հեռու։ Բոլոր 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները զոհվել էին։ Զոհերը հիմնականում Իրանի, Կանադայի և Ուկրաինայի քաղաքացիներ էին։
Սկզբում Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ավիաաղետի պատճառ է դարձել տեխնիկական խնդիրը, մասնավորապես՝ շարժիչներում բռնկված հրդեհը։
«Բոինգ-737»ի կործանումը տեղի ունեցավ Իրան-ԱՄՆ գերլարված հարաբերությունների ֆոնին։ Հենց այդ նույն օրը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաները՝ ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի կողմից գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության։
Մեկնաբանել