HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը մերժել է Արամ Հարությունյանի, «ՀանԱրդ» ընկերության գույքի վրա կալանքի գործով բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, մերժել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, «ՀանԱրդ» ընկերության գույքի, Հարությունյանի բարեկամի անվամբ բնակարանի վրա դրված կալանքի գործով բողոքը։ Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք վճռաբեկ բողոք են ներկայացրել Արղամանյանի որոշման դեմ։

Նշենք, որ Արամ Հարությունյանը «ՀանԱրդ»-ում 92% բաժնեմաս ունի։ Ինչ վերաբերում է Հարությունյանի անվամբ բնակարանի վրա կալանք դնելուն, վարույթն իրականացնող մարմինը համարում է, որ այդ բնակարանն իրականում պատկանում է Արամ Հարությունյանին՝ թեև նրա բարեկամի անվամբ է գրանցված։

Հարությունյանի և նրան առնչվող գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է նրան առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման գործով որպես մեղադրյալ ներգրավելուց հետո։ Որոման դեմ բողոքներ են տարել Արամ Հարությունյանը, նրա եղբայր Արայիկ Հարությունյանն, ով «ՀանԱրդ»-ի տնօրենն է և նրանց բարեկամն, ում անվամբ գույքը դրվել է կալանքի տակ։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում, խոսելով բողոքների հիմքերի մասին, Արամ Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանն ասել է, որ «ՀանԱրդ»-ի 92 % բաժնեմասի կեսն, ըստ էության պատկանում է Հարությունյանի կնոջը, և վարույթն իրականացնող մարմինն իրավունք չուներ ընկերության ամբողջ գույքի վրա կալանք դնել: Պաշտպանը բարձրաձայնել է այն մասին, որ ընկերության գույքի վրա կալանք դնելու որոշումն արհեստական խոչընդոտներ է ստեղծում ընկերության տարածքները վարձակալության տալու, շահույթ ստանալու հարցում։ Կարեն Հակոբյանը նշել է նաև, որ Արամ Հարությունյանի բարեկամի անվամբ գույքը չէր կարող կալանքի տակ դրվել՝ առանց  հիմնավորելու, որ այն պատկանում է Հարությունյանին, այլ ոչ թե բարեկամին։

Առաջին ատյանի դատարանում բողոքները քննել է դատավոր Կարեն Ֆարխոյանն ու մերժել դրանք։ Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը, փաստորեն, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է արդեն շուրջ մեկուկես տարի։ Ըստ մեղադրանքի՝ նա գործարար Սիլվա Համբարձումյանից է 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստացել, ապա մտերիմների միջոցով օրինականացրել ենթադրյալ կաշառքի գումարը։

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթներում քննվում են Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter