HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղարի ընկերությանը աղբ թափելու համար չեն տուգանել

Հատուկ քննչական ծառայության արդեն նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն աղբ թափելու համար չի տուգանվել, ինչպես այդ մասին հայտարարել էր Երևանի քաղաքապետարանը: Պարզվել է, որ աղբով բեռնված ընկերության բեռնատարների վարորդներն այդտեղ կայանել են ընդմիջում անելու համար:

Այս տարվա փետրվարի 15-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել` ազդարարելով «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարների` չսահմանված վայրում շինաղբ թափելու և հայտաբերվելու մասին:  

Մասնավորապես, քաղաքապետարանը հայտնել էր, որ Արաբկիրի ոստիկանության աշխատակիցներն այդ օրը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել էին «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպքը, երբ «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել էին շինաղբը թափել չսահմանված վայրում։

«Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի։ Ավելին, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ»,- հայտնել էր Երևանի քաղաքապետարանը:

«ՄԼ Մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ և շինարարությամբ։  Ընկերությունը, հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին է պատկանում: Դավիթ Սուքիասյանը Հատուկ քննչական ծառայությունում սկսել է աշխատել 2017 թ.-ի հուլիսից՝ որպես աշխատակազմի ղեկավար։ 2018 թ.-ի հունիսից դարձել է ՀՔԾ գլխավոր քարտուղար։ Սակայն այս տարվա օգոստոսի 6-ից այլևս այդ պաշտոնը չի զբաղեցնում: Ինչպես հայտնեցին ՀՔԾ-ից, Դավիթ Սուքիասյանն ազատվել է` իր դիմումի համաձայն: 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե արդյոք շինաշխատանքների լիցենզիայից զրկվել է «ՄԼ Մայնինգ» ընկերությունը աղբը չնախատեսված վայրում թափելու համար, եթե ոչ, ապա ինչպիսի՞ պատասխանատվության է ենթարկվել ընկերությունը:

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ 2020թ. փետրվարի 15-ին Արաբկիր վարչական շրջանի Կորեայի ձոր հատվածում հայտնաբերվել են բեռնատարներ, որոնց մի մասը եղել է «ՄԼ Մայնինգ» ընկերության տարբերանշաններով: Նշված ընկերության բեռնատարները բեռնված են եղել շինաղբով, սակայն բեռնաթափում չեն իրականացրել:

 «Դեպքի վերաբերյալ մեր կողմից ահազանգվել է ոստիկանություն, ինչից հետո վարորդները հրավիրվել են Արաբկիրի բաժին: 19.03.2020թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանի գրությունից պարզ է դարձել, որ վարորդները տվել են բացատրություններ այն մասին, որ չեն պատրաստվել շինաղբը թափել նշված վայրում: Կորեայի ձորի տվյալ տարածքը հարմար է բեռնատարներով կայանելու համար, և ընդամենը հավաքվել էին ընդմիջում անելու, իսկ շինաղբը պետք է բեռնաթափվեր այլ վայրում: Այն բեռնատարները, որոնք շինաղբը դատարկել էին նշված վայրում արդեն իսկ ենթարկվել են վարչական պատասխանատվության, սակայն դրանք վերոնշյալ ընկերությանը չեն պատկանում»,- հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանը հայտնել է, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կորեայի ձորում աղբ են թափել Սերյոժ Գրիգորյանն ու Հովակիմ Վիրաբյանը, իսկ այդ հասցեում գտնվել են «ՄԼ Մայնինգ» ընկերության ավտոմեքենաները, որոնք շինարարական աղբ չեն դատարկել նշված վայրում:

Նման պայմաններում, քաղաքապետարանի հավաստմամբ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գործող օրենսդրության շրջանակներում չունի որևէ իրավասություն «ՄԼ Մայնինգ» ընկերությանը կամ վարորդներին որևէ վարչական պատախանատվության ենթարկելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter