HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Սամվել Մարդանյանը վարույթ է ընդունել բեկանված գործը, որով նախկինում արդարացման վճիռ է կայացրել

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վարույթ է ընդունել և նիստ նշանակել մի գործով, որով նախկինում արդարացման դատավճիռ է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Խոսքը Մաքսային պետական կոմիտեի Բագրատաշենի անցակետի պետի նախկին տեղակալ Արտուշ Ղուլյանի գործի մասին է:

Ղուլյանին, որը 14 տարի առաջ որպես մեղադրյալ է ներգրավվել առանձապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող բոլոր դատավորներն արդարացրել են`տարբեր ժամանակահատվածներում քննելով նրա վերաբերյալ գործը:

Առաջին անգամ Ղուլյանին արդարացրել է դատավոր Զոյա Զաքինյանը, երկրորդ անգամ՝ Սամվել Մարդանյանը, երրորդ անգամ՝ Ռաֆիկ Մելքոնյանը (այս պահին լիազորությունները դադարեցված են):

Վերջինս 2020 թվականի դեկտեմբերին է արդարացրել Ղուլյանին, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել` պահանջելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը բեկանել ու Ղուլյանին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման: Բողոքը մասնակիորեն բավարարվել է, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Ղուլյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ չի ընդունվել, ինչից հետո գործը ստացվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության համար:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Տավուշի մարզում այլևս դատավոր չի եղել, որն այս գործով դատավճիռ կայացրած չլինի:

2022 թվականի հունվարի 17-ին գործը մակագրվել է դատավոր  Զոյա Զաքինյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Որոշման մեջ Զաքինյանը նշել է, որ նոր դատական կազմ ձևավորելու անհնարինության պատճառով գործը ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով դատարանի նախագահի կողմից 13.01.2022թ. դարձյալ մակագրվել է իրեն: Նշենք, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը: Այսինքն՝ ստեղված իրավիճակը դատարանի նախագահը դիտարկել է որպես անհաղթահարելի ուժի առկայություն: Դատավոր Զաքինյանը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ ինքն  արդեն մեկ անգամ մասնակցել է գործի դատաքննությանը և 12.02.2016թ. կայացրել  արդարացման դատավճիռ, ինչը բացառում է իր մասնակցությունը տվյալ գործի նոր քննությանը: Դատավորը նշել է, որ նույն քրեական գործն իր կողմից նորից քննելն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել իր անաչառության վերաբերյալ:

Գործը մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին, վերջինս այն հունվարի 21-ին վարույթ է ընդունել՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում նա ևս քննել ու արդարացման դատավճիռ է կայացրել Ղուլյանի վերաբերյալ: Մարդանյանը, ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության, մարտի 29-ին մեկ դատական նիստ է նշանակել գործով, որը կայացել է, հաջորդ նիստն էլ նշանակել է հունիսի 8-ին: Դատավորը գործը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ, թեև արձանագրել է, որ նախկինում քննել է գործը, սակայն չի պատճառաբանել,  թե ինչո՞ւ է նախկինում  իր կողմից քննված և  ըստ էության լուծված գործը կրկին քննում:

Նշենք, որ «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 71-րդ հոդվածի համաձայն՝ Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ  դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում:  

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը նույնպես վերաբերում է դատավորի ինքնաբացարկին: Այս հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ դատավորը պարտավոր չէ կայացնել ինքնաբացարկն ընդունելու մասին որոշում, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Կարելի է ենթադրել, որ դատավորն այս նորմը հաշվի առնելով է գործը վարույթ ընդունել:

Շուրջ 3 տարի առաջ՝ 2019  թվականին արդարադատության մեկ այլ մարմին ստեղծելու անհնարինության խնդիր առաջացել էր նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Հեբոյանի գործով: Դատարանի բոլոր դատավորներն, ում մակագրվել էր Հեբոյանի գործը, ինքնաբացարկ էին հայտնել՝ նշելով, որ Հեբոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեն: Այդ ժամանակաշրջանում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը գործուղվեց Կոտայքի մարզ, և ի թիվս այլ գործերի՝ քննեց նաև Հեբոյանի վերաբերյալ գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter