HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է տնտեսվարող սուբյեկտներին պարտադրել անկանխիկ վճարման տարբերակ ապահովել

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այն ներկայացրեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Փոխնախարարը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից հետո մի շարք գործարքների դիմաց, որոնց գումարը գերազանցում է 300 հազար դրամը, վճարումը պետք է անկանխիկ ձևով իրականացվի:

Թումանյանցի խոսքով՝ ավելի վաղ ընդունված օրենքի կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքներն իրականում անկանխիկ լինեն, և եթե չպահպանվեն նշված պահանջները, դա հանգեցնի գործարքի առնչության:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման տարբերակ՝ բացառությամբ կրպակների:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվեց, թե պետությունն ինչպես է վերահսկելու ստվերային՝ հատկապես անշարժ ու շարժական գույքի առուվաճառքի գործարքները: Պատգամավորն ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ դրանք կարող են փոխարինվել նվիրատվության պայմանագրերով: Ապա հարցրեց՝ հավանակա՞ն է, որ այս փոփոխությունները հանգեցնեն գնաճի:

Արդարադատության փոխնախարարն արձագանքեց՝ առուվաճառքի ստվերային գործարքներն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հնարավոր չէ վերահսկել, քանի որ այն տեղի է ունենում երկու ֆիզիկական անձի միջև, և նրանք կարող են որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել: Ապա հավելեց՝ վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ քաղաքացիները նվիրատվության ռիսկերը հասկացել են և ընտրել գույքը ճիշտ գրանցելու ճանապարհը:

Նա չհամաձայնեց, որ այս փոփոխությունները կարող են գնաճի հանգեցնել: Երանուհի Թումանյանցը հիշեցրեց, որ պետական մակարդակով ողջունվում է քեշբեքը (անկանխիկ գործարքի հետվճարը), հետևաբար քաղաքացին միայն կշահի անկանխիկ գործարքների դեպքում:

Սերգեյ Բագրատյանն էլ բարձրաձայնեց թոշակառու անձանց բողոքները, որ չեն կարող օգտվել քեշբեքից, քանի որ գյուղական բազմաթիվ վայրերում չկան նման հնարավորություններ:

Երանուհի Թումանյանցն արձագանքեց՝ առաջարկվող նախագիծը որոշ չափով լուծում է այդ խնդիրը, քանի որ 300 հազար և ավելի գումարը գերազանցող գործարքների դեպքում POS-տերմինալի առկայությունը պարտադիր պայման է, հակառակ դեպքում ՊԵԿ-ը կարող է տուգանել տնտեսվարողին: Նա հավելեց, որ չեն ցանկանում նեղ դրության մեջ դնել ՓՄՁ-ներին, դա է պատճառը, որ կրպակների վրա այս փոփոխությունները չեն տարածվելու:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ևս անդրադարձավ այդ հարցին՝ ասելով, որ ավելի վաղ ընդունված օրենքի համաձայն՝ ցանկացած վայրում, անկախ նրանից՝ գյուղ է, թե քաղաք, քարտ ունեցող քաղաքացուն առևտրի կետերում պարտավոր են անկախիկ տարբերակով սպասարկել:

«Բացի փոքրիկ կրպակներից, մնացած առևտրի կետերը պարտավոր են ունենալ նոր սերնդի ՀԴՄ-ներ կամ POS-տերմինալներ: Մի փոքր տեխնիկական խնդիր կա նոր սերնդի շատ հին ՀԴՄ-ների հետ, բայց գյուղական բնակավայրերում բանկերը վերցնում են իրենց վրա տեխնիկական թարմացումը»,- ասաց Գևորգ Պապոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter