HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Փակ, գաղնի քվեարկությամբ Ազգային ժողովը որոշեց համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն: Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից:

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը, որոնք էլ քվեարկել են հանրային քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու օգտին:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Այն խորհրդարանի ամբիոնից ներկայացնում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ըստ գլխավոր դատախազի՝ 2023թ. մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Մհեր Սահակյանը Ազգային ժողովում նույն օրը կազմակերպված փակ քննարկման ժամանակ հակադրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել ագրեսիվ վարքագիծ:

Դատախազի միջնորդագրի համաձայն՝ ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել և բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին: Շրջանցելով պատգամավոր Ալխաս Ղազարյանին, մոտեցել է Վ. Վարդանյանին: Աջ ձեռքով դիտավորյալ հարվածել է Վարդանյանի դեմքի ձախ քունքային հատվածին՝ պատճառելով առողջության թեթև վնաս: Վնասվել է նաև Վլադիմիր Վարդանյանի ձախ վերհոնքային շրջանը, քերծվել է քիթը, մեջքը, արյունազեղումներ են առաջացել ձախ կոպի վերին և ստորին հատվածներում:

Պատճառը եղել է այն, որ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փակ նիստում Արծվիկ Մինասյանին դիտողություն է արել՝ քննարկվող հարցից շեղվելու համար, ինչը դուր չի եկել Մհեր Սահակյանին: 

Պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը ցուցմունքներում նշել են, որ Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ ձևով քայլել է դեպի Մհեր Սահակյանը: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Մհեր Սահակյանի պահվածքը որակում են որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն:

Աննա Վարդապետյանը նշեց, որ անհրաժեշտ պաշտպանությունը բացակայել է:

Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ փաստական տվյալները բավարար են Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար՝ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով Վլադիմիր Վարդանյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար: 

Իր ելույթում Մհեր Սահակյանն, անդրադառնալով միջնորդագրին, նշեց, որ բացարձակ համաձայն չէ այն մեղադրանքին, որ իր արարքում առկա է խուլիգանության որևէ հանցակազմ: Պատգամավորի մոտ տպավորությունն այնպիսին էր, որ մեղադրանքը կառուցված է բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքի հիման վրա:

Պատգամավորի խոսքով՝ մեկ հարված հասցրել է Վ. Վարդանյանին զուտ ինքնապաշտպանական նկատառումներով, և նպատակ չունենալով վեճը շարունակել՝ անմիջապես հեռացել է սենյակից:

Պատգմավորը նաև հայտարարել էր, որ տպավորություն չստեղծելու համար, թե թաքնվում է անձեռնմխելիության հետևում, ինքն անձամբ կողմ է քվեարկելու իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter