HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապան համայնքին պատկանող 2700 հեկտար օկուպացված է ադրբեջանցիների կողմից

Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ ադրբեջանցիների կողմից համայնքի տարածքից երկու հայ զինվորականների առեւանգումը խուճապ չի առաջացրել Կապան քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչների շրջանում: Այդուհանդերձ, 2020 թ. պատերազմից հետո համայնքի թիվ մեկ խնդիրը եղել ու մնում է անվտանգությունը:

«Կապված զինվորականների առեւանգման վերջին դեպքի հետ, ինչպես նաեւ նրա, որ ադրբեջանցիները կարողանում են սահմաններից մուտք գործել՝ Սիսիանի կողմից հասնել մինչեւ Կապան, քաղաքացու սպանել, բնականաբար, մտահոգիչ է, եւ խնդիրը շարունակում է մնալ քաղաքացիների ու տարածաշրջանի անվտանգության հարցը»,- ասում է 2020 թվականից հետո սահմանապահ դարձած Կապանի համայնքապետը:

2022 թ. սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո Կապան խոշորացված համայնքի 2700 հա կամ 27 քկմ հողատարածք օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շարունակում է մնալ շրջափակման մեջ: Համայնքապետի փոխանցմամբ՝ կարելի է ասել, որ Ներքին Հանդից մնացել է միայն բնակելի հատվածը, կենսունակություն ներկայացնող բոլոր ռեսուրսները ադրբեջանցիների վերահսկողության տակ են, նույնը վերաբերում է գյուղի գերեզմանոցին: Ներքին Հանդն այսօր զրկված է խմելու ջրից, բոլոր խոտհարքներից, արոտավայրերից ու վարելահողերից: Գյուղում անասնապահության լուրջ անկում է գրանցվել: Ու չնայած այս ծանր վիճակին, ըստ համայնքապետի, մարդիկ շարունակում են այդտեղ բնակվել:

«Նմանատիպ իրավիճակ է Սրաշենում, որովհետեւ շատ վարելահողեր գտնվում են ադրբեջանցիների դիտարկման ու վերահսկողության ներքո: Դա նույնպես սեպտեմբերյան մարտական գործողությունների հետեւանքով է»,- ավելացնում է Գեւորգ Փարսյանը:

Մայիսի 26-ին երկու հայ զինվորականների առեւանգումից հետո Կապանի շտապօգնության ծառայության բուժաշխատողների շրջանում, կարծես, անհանգստությունը մեծացել է, քանի որ նրանք պարբերաբար կանչեր են ունենում նաեւ առաջնագծի անմիջական հարեւանությամբ հայտնված Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղերից:

Հարցին, թե անվտանգության ինչ երաշխիքներ ունի բուժանձնակազմն այդ գյուղերով երթեւեկելիս, Գեւորգ Փարսյանը պատասխանում է. «Վերջին իրադարձությունները, բնականաբար, հուշում են, որ անվտանգությունը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարեւորագույն խնդիրը: Ծավի ուղղությամբ եւ ցանկացած այլ գյուղի ուղղությամբ երթեւեկությունը շարունակվում է, խաղաղ բնակիչները երթեւեկում են, այդ գյուղերում մարդիկ շարունակում են ապրել: Քանի դեռ նրանք ապրում են այդտեղ, կյանքը շարունակվում է, չեմ կարծում, թե ճանապարհով երթեւեկելիս շտապօգության համար խիստ վտանգավոր է»:

Իսկ հարցին, թե արդյոք որպես համայնքի ղեկավար բարձրացնում է բնակիչների անվտանգության երաշխիքների հարցը մարզային իշխանությունների, Կառավարության ու, մասնավորապես, Պաշտպանության նախարարության առաջ, Գ. Փարսյանն արձագանքում է. «Բոլոր հնարավոր ինստանցիաներում, գերատեսչություններում եւ պատասխանատու անձանց մոտ խնդիրները բարձաձայնվում են մեր կողմից: Եվ փորձում ենք պարբերաբար խոսել ու քննարկվել նմանատիպ հարցեր»:

Ինչ վերաբերում է անվտանգության պատասխանատու գերատեսչական մարմինների կատարած քայլերից գոհ կամ դժգոհ լինելուն, Կապանի ղեկավարն ասում է. «Հարցեր կան, որոնց վերաբերյալ քննարկումներ ենք ունենում, դրանք բարձրացնելիս տեսնում ենք կոնկրետ գործողություններ: Հարցեր էլ կան, որոնք շարունակում են մնալ չլուծված»:

Գլխավոր լուսանկարում՝ Ներքին Հանդ գյուղը՝ սարերի մեջ (արխիվ, հեղ.՝ Նարեկ Ալեքսանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter