HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանն ու 18 գյուղերը դարձել են սահմանապահ․ ըստ համայնքապետ Փարսյանի՝ անվտանգությունն առաջնային հարց է

44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները հնարավորություն ստացան առաջանալ մինչեւ Կապանի սահմաններ, Սյունիքի մարզկենտրոնը դարձավ ոչ թե պարզապես սահմանամերձ, այլ հենց սահմանապահ համայնք։ 2017-ին Կապանը խոշորացվել է․ քաղաքի հետ միավորվել է նախկին 31 գյուղական համայնք, բայց բնակավայրերի թիվն ավելի շատ է (գյուղական որոշ համայնքներ ներառել են մեկից ավելի գյուղ, որոնք բոլորը հիմա Կապան համայնքի կազմում են)։

2018-ից Կապան խոշորացված համայնքը ղեկավարող Գեւորգ Փարսյանն ասում է, որ քաղաքն ու 18 գյուղական բնակավայր պատերազմից հետո դարձել են սահմանապահ․ հիմա ադրբեջանական դիրքերից հայկական բնակավայրերը գտնվում են 1-ից մինչեւ մի քանի կմ հեռավորության վրա, իսկ Կապանը, ավելի կոնկրետ՝ դրա արդյունաբերական թաղամասն ու օդանավակայանը, թշնամու հենակետերից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա են։ Սա նշանակում է, որ քաղաքի ու 18 գյուղերի բնակիչների համար կա ֆիզիկական անվտանգության խնդիր, ինչը փաստում է նաեւ համայնքապետ Փարսյանը։

«Իհարկե, այս ամենը շատ մտահոգիչ է, շատ ծանր էր հատկապես սկզբնական փուլում, երբ 1990-ականներից հետո իրավիճակային փոփոխություն ունեինք»,- ասում է Գեւորգ Փարսյանը՝ հավելելով, որ եթե առաջին պատերազմից հետո Կապանի հեռավորությունը առաջնագծից տասնյակ կիլոմետրերի էր հասնում (Կապանից մինչեւ մոտակա ադրբեջանական քաղաքը՝ Հորադիզ, 80 կմ էր), ապա հիմա այդ հեռավորությունն ընդամենը մի քանի հարյուր մետր է։  

«Կապանցիները բոլոր հնարավոր միջոցներով թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո լծված էին Կապանի պաշտպանությանը, այնուհետեւ՝ սահմանների պաշտպանությանը։ Հիմա, ճիշտ է, մեր սահմաններում կանգնած են մեր զինված ուժերը, իրենց ծառայությունն են կատարում, բայց մտահոգիչ հարցեր, խնդիրներ շարունակում են լինել,- նկատում է Կապանի ղեկավարը,- հիմա, համեմատած նախկին իրավիճակի, մեր բնակիչների շրջանում այդ անհանգիստ վիճակը փոքր-ինչ քչացել է, բայց միեւնույնն է՝ անվտանգային հարցը մնում է առաջնային։ Ադրբեջանական զինված ուժերի առկայությունը Կապան համայնքի հարեւանությամբ անհանգստացնող է»։

«Վաղարշակ Հարությունյանն, ասաց, որ տարբերակ չկա, պիտի հետ գանք, դա զայրացնող, հիասթափեցնող էր»

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո՝ 2020 թ․ նոյեմբերի 10-ի դրությամբ, Կապանը հեռու էր մարտագծից, հայկական ուժերը գտնվում էին քաղաքից ու շրջակա գյուղերից մի քանի կմ արեւելք։ Սակայն նույն տարվա դեկտեմբերին իրավիճակը փոխվեց։ Դեկտեմբերի 17-ին ՊՆ-ից հրաման էր իջեցվել մինչեւ ամսի 18-ի ժամը 17։00-ն թողնել Կապանի ու հարակից 18 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց, Ագարակ, Վարդավանք, Բարգուշատ, Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Գոմարան, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող բարձունքները, որոնք այդ պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։

«Մենք դրա մասին տեղեկացանք դեկտեմբերի 17-ին։ Հանդիպեցինք այն ժամանակվա պաշտպանության նախարարի՝ Վաղարշակ Հարությունյանի հետ, ասաց, որ տարբերակ չկա, պիտի հետ գանք։ Ի՞նչ ասեմ ձեզ՝ դա զայրացնող էր, հիասթափեցնող էր։ Մենք հավատում էինք, որ մնալու ենք այն բնագծերում, որտեղ կանգնած էինք, որտեղ արդեն իսկ ամրացել էինք, որովհետեւ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ ակտում նշված է, որ զորքերը մնում են այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահի դրությամբ, բացի դրանից՝ այդ օրվա դրությամբ մեզ ոչ ոք չէր ասել, որ նման սցենար հնարավոր է, նույնիսկ ավելին ասեմ՝ եղել է խոսակցություն, որ մնալու ենք նույն բնագծերում։ Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ին, ստիպված զիջեցինք այդ բնագծերը, որոնք մինչ այդ ամեն կերպ պահել էինք, ամեն կերպ ամրացել էինք այդ բնագծերում, լուրջ ինժեներական, ամրաշինական աշխատանքներ էինք կատարել, այսինքն՝ դրանք մեզ համար դարձել էին վերջնական բնագծեր։ 2020 թ․ դեկտեմբերի 18-ին ստիպված եղանք այդ ամեն ինչը թողնել, որովհետեւ պաշտպանության նախարարն ասաց, որ տարբերակ չկա»։

2020-ի դեկտեմբերի 25-ին Փարսյանը հանդիպել էր ԱԺ պատգամավորներին ու պատմել ամսի 17-ին Սյունիքի համայնքապետների եւ նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպման մասին. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք, ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել։ Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»:

Արդեն 2021 թ․ մարտին իշխանական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, թե Սյունիքում տեղի ունեցածը (հայկական զորքերը հրադադարից հետո հետ քաշելը) եղել է պատերազմի սպառնալիքի տակ: Այս հայտարարությունից շաբաթներ անց՝ մայիսի 12-ին, թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք՝ Սյունիք (Իշխանասարի եւ Սեւ լճի հատված) եւ Գեղարքունիք (Վարդենիսի հատված

2020-ի դեկտեմբերին հայկական զորքերի հետքաշումն ավելի ուշ՝ 2021-ի հոկտեմբերի 27-ին, մեկնաբանեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱԺ ամբիոնից ասաց. «Որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետեւ իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, եւ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ… Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»։

Պատմությունն այս անգամ էլ կրկնվեց։ Փաշինյանի հայտարարությունից հաշված օրեր անց՝ 2021 թ․ նոյեմբերի 16-ին, թշնամին նոր ագրեսիա սանձազերծեց Սյունիքի մարզի հյուսիսում՝ Ծիծեռնաքարի հատվածում, եւ Ջերմուկի մոտ, ինչի հետեւանքով հայկական կողմը մարդկային եւ դիրքային կորուստներ ունեցավ, այսինքն՝ պատերազմից խուսափելու նպատակով նահանջելու Փաշինյանի քաղաքականությունը գործնականում երկրորդ անգամ տապալվեց։

Կապան համայնքը եւս տարածքային կորուստներ է ունեցել հայկական ուժերի նահանջից հետո  

Հայկական կողմի նահանջից հետո 2020-ին ադրբեջանցիներն առաջացան այնքան, որքան նրանց թույլ էր տալիս, մասնավորապես, ամերիկյան «Google» ընկերության քարտեզում նշված հայ-ադրբեջանական սահմանագիծը։ Նման սիրողական ճշգրտումներից հետո Գորիսի կազմում ներառված Որոտան գյուղի տներից մեկը, որի վերաբերյալ սեփականատերն ուներ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության օրինական վկայական, անցավ ադրբեջանցիներին, թշնամու վերահսկողությանն անցավ նաեւ Շուռնուխ գյուղի ներքին թաղը, որի տներից մեկը միայն մասամբ մնաց հայկական կողմում։ Այսպիսի կամայական բաժանումներ եղել են նաեւ Կապան խոշորացված համայնքում։

«Դավիթ Բեկ բնակավայրում ունենք հողատարածքներ, որոնք կադաստրային քարտեզներով եւ պետական գրանցում ստացած վկայականներով պատկանում են մեր գյուղացիներին։ Հիմա Ադրբեջանի վերահսկողության ներքո են։ Ունենք խնդիրներ Կաղնուտի հատվածում, Ուժանիսի հատվածում»,- «Հետքի» հետ զրույցում նշում է Գեւորգ Փարսյանը։

Համայնքի ղեկավարը, սակայն, ընդգծում է, որ ամենացավոտ հարցը թշնամու ներթափանցումներն են ՀՀ սուվերեն տարածք մի քանի ուղղություններով։ Կապան համայնքի հատվածում ադրբեջանցիները ներխուժել են Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերի տարածքներ։

Կապանի ղեկավարը վստահ չէ, որ Տաթեւի այլընտրանքային ճանապարհը կդիմանա երթեւեկին

Հայկական կողմի դեկտեմբերյան նահանջից հետո թշնամին ոչ միայն առաջացավ ընդհուպ մեր բնակավայրերը, այլեւ 2021-ի նոյեմբերին փակեց Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհները։ Գորիս-Կապան հատվածը, որը միջպետական Մ-2 (Երեւան-Մեղրի) ճանապարհի մի մասն է, փոխարինվել է Շինուհայր-Տաթեւ-Աղվանի-Կապան ճանապարհով, որի Տաթեւ-Կապան հատվածն անցյալ տարի հիմնանորգվեց, բայց շատ արագ շարքից դուրս եկավ ու հիմա կրկին վերանորոգվում է։ Կապան-Ճակատեն հատվածում էլ նոր ճանապարհ է կառուցվում։  

«2020 թ․ դեկտեմբերի 18-ին ինձ մոտ պատկերացում կար, որ խնդիրներն ավելի են խորանալու թե՛ անվտանգության, թե՛ կոմունիկացիաների տեսանկյունից, մասնավորապես՝ ճանապարհների առումով խնդիրներ են առաջանալու»,- պատմում է համայնքապետ Փարսյանը՝ որպես հիմնավորում բերելով Կապան քաղաքը Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց գյուղերին կապող ճանապարհի փակվելը։ Ճանապարհն անցնում է Փայլասարի լեռներով (կապանցիների շրջանում հայտնի է որպես Փելասար), որի մի մասում հիմա թշնամու ստորաբաժանումներն են, մի մասում՝ հայկական ուժերը, նաեւ՝ ռուս սահմանապահները։  

Կապույտ սլաքները ցույց են տալիս թշնամու դիրքերը Կապանի արդյունաբերական թաղամասի եւ օդանավակայանի հարեւանությամբ, նարնջագույն սլաքը ցույց է տալիս Կապան-Ագարակ փակված ճանապարհը

Գեւորգ Փարսյանն ասում է, որ չնայած Կապան-Սյունիք-Ագարակ ճանապարհին կա այլընտրանքային ուղի՝ Կապան-Սյունիք-Վարդավանք-Խդրանց-Ագարակ, այն անմխիթար, անբարեկարգ վիճակում էր։ Այս տարվա հունիսին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնեց, որ հիմնանորոգվում է Մ-2 մայրուղուց Վարդավանքով եւ Խդրանցով Ագարակ տանող 13 կմ երկարությամբ ճանապարհը։

Ինչ վերաբերում է Կապան-Ճակատեն նոր կառուցվող ճանապարհին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այն անվտանգ չէ, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից։ Կապանի համայնքապետը հաստատում է Թաթոյանի խոսքերը․ «Իհարկե, անվտանգ չէ, չի էլ կարող լինել։ Եթե մենք հարցը դիտարկում ենք այն կողմից, որ գտնվում է թշնամու դիտարկման ներքո, ապա այդ առումով անվտանգ չեն ո՛չ Մ-2 (նկատի ունի միջպետական այդ մայրուղու՝ Կապանից Շուռնուխ եւ Որոտան գնացող հատվածը - հեղ․), ո՛չ Կապան-Ճակատեն ճանապարհները»։

Կարմիր սլաքները ցույց են տալիս Կապան-Ճակատեն նոր կառուցվող ճանապարհը, նարնջագույն սլաքները՝ գոյություն ունեցող, բայց փակված ճանապարհը, կապույտ սլաքները՝ թշնամու դիրքերը փակված ճանապարհին կից

«Հետքի» հարցին, թե Կապան-Ճակատեն հատվածում արդյոք հնարավոր էր այնպիսի ճանապարհ կառուցել, որը չէր լինի թշնամու դիտարկման տակ, այսինքն՝ անցներ ոչ թե շփման գծի երկայնքով, այլ ավելի խորքով, Փարսյանն ասում է, որ հնարավոր էր, բայց չի մանրամասնում․ «Պատասխանի մեջ սահմանափակ կլինեմ, որովհետեւ որոշակի բաներ կան, որոնք բացեիբաց չեմ կարող ասել»։

Գորիս-Կապան մայրուղուն այլընտրանք դարձած Տաթեւ-Կապան ճանապարհի մասին Գեւորգ Փարսյանն ասում է․ «Բազմիցս խոսել ենք այդ մասին, ասել ենք, որ Կապան-Տաթեւ այլընտրանքային ճանապարհն ի սկզբանե նախատեսված չէ մեծ, ծանրաքարշ մեքենաների համար ոչ միայն իր հիմքով, այլ նաեւ հարմարավետությամբ։ Կարող եք գնահատել, թե Տաթեւ գյուղից մինչեւ Սատանի կամուրջ տանող ոլորաններն ինչքան նեղ են եւ կտրուկ, երկու մեծ մեքենա իրար կողքով անցնելուց գրեթե անհնար է դառնում շարժը։ Բացի դրանից՝ այս ձմռանն էլ շատ լուրջ խնդիրներ ենք ունեցել, անընդհատ խցանումներ, ճանապարհը սկսեց քանդվել ու ձմեռվանից հետո ավելի խայտառակ վիճակում էր։ Հիմա նորից նորոգման աշխատանքներ են ընթանում, բայց ես վստահ չեմ, որ էս ինտեսիվությամբ շահագործվելու դեպքում ճանապարհը կդիմանա, որովհետեւ դա պարզապես նախատեսված չէ այդպիսի մեքենաների համար»։

Տաթեւ-Կապանի վերանորոգման ընթացքում ճանապարհի վրա գտնվող Վերին Խոտանան գյուղը շրջանցող նոր հատված է կառուցվում, քանի որ գյուղի ոլորաններում բեռնատարները շարունակաբար խնդիրներ են ունենում՝ առաջացնելով խցանումներ։ Բացի դրանից՝ նախատեսվում է Տաթեւից ճանապարհը դեպի Մ-2 շարունակել ոչ թե Շինուհայրով, այլ դեպի Սիսիանի Լծեն գյուղ, ինչը հնարավորություն կտա կրճատել ոչ միայն ամբողջ ճանապարհն ու ժամանակը, այլեւ բաց թողնել Տաթեւից Շինուհայր տանող (Սատանի կամուրջ իջնող) անհարմար ոլորանները Որոտանի կիրճում։

«Վերին Խոտանանը շրջանցելը որոշակի առումով լուծում է խնդիրը,- նկատում է Կապանի համայնքապետը,- Վերին Խոտանանից դեպի Տանձավեր ոլորանների ծանր հատված կա, դրա հարցը լուծում է, մի քանի անգամ ոլորանների թիվը կրճատում է։ Լծենի ճանապարհի հետ կապված գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ ծանոթ չեմ ռելիեֆին, թե կոնկրետ որ հատվածով է անցնում ճանապարհը։ Բայց միեւնույնն է՝ կարծում եմ, որ եթե նույնիսկ մի շերտ էլ ասֆալտ անեն (այսինքն՝ երկու շերտ – հեղ․), Տաթեւ-Կապան ճանապարհը հիմքի հետ կապված խնդիր ունի, դրա համար չի դիմանալու»։

Թե ինչպես է պատկերացնում լուծումը, համայնքապետ Փարսյանն ասում է․ «Հիմնական ճանապարհների հետ կապված իմ հույսը «Հյուսիս-հարավն» է, եւ մեծ ակնկալիքներ ունեմ օդանավակայանի գործարկման հետ»։ Մեր հարցին, թե արդյոք թշնամու առկայությունը չի խանգարի օդանավակայանի գործարկմանը, Կապանի ղեկավարը նշում է․ «Խնդիրն ադրբեջանական կողմից անվտանգության երաշխիքներն են, բազմաթիվ անգամ իշխանությունների, պատասխանատուների հետ խոսել ենք, քննարկել ենք այդ թեման։ Չշտապեմ, սահմանափակվեմ դրանով․ հույս ունեմ, որ կգործարկվի»։ «Հետքի» զրուցակիցը դրական է արձագանքում հարցին, թե արդյոք այդ հույսը հիմքեր ունի։

Ադրբեջանական կեղծ քարոզչությունը կարող է ունենալ հեռահար նպատակներ

Անդրադառնալով շփման գծում գրանցվող միջադեպերին եւ վերջին դեպքին, երբ մայիսի 28-ին Ներքին Հանդի հատվածում թշնամու կրակոցից վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը, որը գիշերը հիվանդանոցում մահացել էր, համայնքապետն ասում է, որ կրակոցներ լինում են, հիմնականում՝ Ներքին Հանդի, Ծավի ուղղությամբ, բայց թիրախային կրակոցները շատ չեն։ Կրակոցների թիրախային լինելը գնահատվում է հասցված վնասներով։ «Մայիսին զոհ ունեցանք ցավալիորեն, մեր հատվածում առաջին զոհն էր, դա թիրախավորված կրակոց էր, որովհետեւ վրանի վրա էին կրակել»,- նշում է Գեւորգ Փարսյանը։

Կապանի ղեկավարն ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա։

-Ինձ հիմա ֆիզիկական անվտանգությունը, ճիշտ է, անհանգստացնում է, բայց սկսել է նաեւ անհանգստացնել պատմական փաստերը խեղաթյուրելը, պատմական անվտանգությունը, պատմությունը խեղաթյուրելու քաղաքականությունը, որը հիմա վարում է ադրբեջանական կողմը։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի նախագահն առիթը բաց չի թողնում խոսելու Զանգեզուրի, Երեւանի, Սեւանա լճի ադրբեջանական պատմական հողեր լինելու մասին։ Սա պատմական փաստերն ակնհայտ խեղաթյուրելու քաղաքականություն է նրանց կողմից։ Դա ինձ անհանգստացնում է նրանով, որ չի բացառվում, որ նրանց մոտ հեռահար նպատակներ լինեն։

-Նոր պատերազմ սկսելո՞ւ։

-Չէի ուզենա էդպիսի տագնապ առաջացնել, բայց անհանգստություն կա։

-Արդյոք Ձեր անհանգստությունը կախված է նաեւ Հայաստանի իշխանությունների չարձագանքելուց։

-Այո, մեր իշխանություններն ընդհանրապես չեն արձագանքում նման հայտարարություններին, ինչն ինձ համար զարմանալի է։ Ի՞նչ է նշանակում, երբ ինչ-որ մեկը խոսում է Զանգեզուրի ադրբեջանական հողերի մասին։ Դա ակնհայտ կեղծիք է եւ ակնհայտ վարվող քաղաքականություն, որը կարող է ունենալ հեռահար նպատակներ։ Մի երկրի ղեկավար խոսում է այն բնակավայրերի, այն շրջանների մասին, որտեղ հայկական քաղաքակրթություն եղել է, երբ իրենք որպես ազգ գոյություն չեն ունեցել։ Մենք հունիսի 25-ին նշել ենք Վահանավանքի հիմնադրման 1111-ամյակը, ինչը խոսում է այն մասին, որ Կապանի տարածաշրջանում հայկական քաղաքակրթություն է եղել այն ժամանակ, երբ ադրբեջանցիները որպես ազգ գոյություն չեն ունեցել, ու Ադրբեջանի ղեկավարը դեռ փորձում է խոսել պատմական փաստերի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter