HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թշնամու կողմից վիրավորված զինծառայողի մահվան քրգործում ոչ պատշաճ բուժօգնության դրվագ կա՞․ քննչական կոմիտեն լռում է

Մայիսի 28-ին Կապանի տարածաշրջանում թշնամու կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չհաջողվեց փրկել Կապանի բժշկական կենտրոնում։ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր։ «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե երբ է տեղ հասել Երեւանից ուղղաթիռով օգնության մեկնած մասնագետը։ Բանն այն է, որ Կապանի բժշկական կենտրոնում անոթային վիրաբույժ չկա, իսկ զինծառայողը աճուկային վիրավորում էր ստացել։

Կապանի ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանին հարցրել էինք, թե ինչ կարող է հայտնել այս դեպքի մասին։ Նա պատասխանել է, թե քանի որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, հարցերի պատասխանները կտրվեն միայն դատական վարույթի ավարտից եւ դատարանի կողմից տրված օրինական եզրակացությունից հետո։

Մայիսի 30-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ ամսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների հետեւանքով ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում եւ տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ մայիսի 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Հաղորդագրության համաձայն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանությունը պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ) եւ 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ) կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Այսինքն՝ բժշկական օգնության դրվագի մասին սկզբնապես խոսք չի եղել։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին հարցրել էինք, թե արդյոք քրգործում այժմ առկա է կամ մինչ այս եղել է բուժօգնության մասով դրվագ, դրական պատասխանի դեպքում խնդրել էինք նշել, թե Քրեական օրենսգրքի որ դրույթն է ավելացվել գործում։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե արդյոք կան կասկածյալներ եւ/կամ մեղադրյալներ, այդ թվում՝ բժշկական անձնակազմից։

Հարցմանը պատասխանել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ժիրայր Զեյնալյանը, որի տեղեկացմամբ՝ քրգործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան։ «Քրեական գործով ձեռնարկվում են հնարավոր բոլոր դատավարական գործողությունները՝ դեպքի հանգամանքները լրիվ եւ բազմակողմանի պարզելու համար»,- նշվում է պատասխանի մեջ։ Գլխավոր հարցին՝ արդյոք գործում ներառված է բուժօգնության դրվագը, Զեյնալյանը չի պատասխանել։ Փաստորեն, կոմիտեն խուսափել է բովանդակային պատասխանից։  

Ի՞նչ մասնագետների կարիք կա Կապանում

Կապանի ԲԿ-ի տնօրենին հարցրել էինք, թե ներկայում բուժհաստատությունն ինչ հաստիքների/մասնագետների պակաս ունի, եւ ինչպես են փորձում լուծել այդ խնդիրը։ Կարեն Մելքոնյանը հայտնել է, որ յուրաքանչյուր ամիս ԲԿ-ն Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչություն է ներկայացնում թափուր հաստիքների մասին տեղեկատվություն։ Այդպիսով տնօրենը խուսափել է պատասխանել մեր հարցին՝ սլաքներն ուղղելով դեպի մարզպետարան։ Փոխարենը Մելքոնյանը նշել է, որ Կապանի ԲԿ-ն երկրորդ մակարդակի բժշկական կենտրոն է, եւ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 20․01․2022 թ․ թիվ 240-Լ հրամանի («Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային, հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների նորմատիվները եւ միջինացված գները, փոխհատուցման առանձնահատկությունները եւ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների եւ ծածկույթների ցանկերը հաստատելու մասին»)՝ մասնագիտացված պրոֆիլների բաժանմունքների ցանկում անոթային վիրաբուժության բաժանմունք նախատեսված չէ, ուստի անոթային վիրաբույժի կարիք չկա։

ԲԿ-ի տնօրենի պատասխանից հետո հարցում էինք ուղարկել նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Ուշագրավն այն է, որ մարզպետարանը մեր հարցումը վերահասցեագրել է ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանին, որն էլ, բնականաբար, պատասխանել էր վերադասին։ Ըստ այդմ՝ բժշկական կենտրոնը հրավիրել է 2 մասնագիտությամբ բժիշկների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատալոգների (վերակենդանացման եւ ռեանիմատոլոգիայի բաժնի վարիչ, հեմոդիալիզի բաժնի վարիչ, քովիդ բաժանմունքի բժիշկ) եւ գինեկոլոգի (մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ)։ ԲԿ-ն ունի երկու թափուր հաստիք՝ ուռուցքաբանի եւ ընտանեկան բժշկի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter