HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Սալմոնելա չի եղել ընդհանրապես». «Գետամեջը» համաձայն չէ ՍԱՏՄ փորձաքննությանը

Հունիսի 2-ին «Հետք»-ը ներկայացրել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ զուգահեռ արված տեղական հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ «Գետամեջ» և «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի պաղեցված հավերի մեջ հայտնաբերվել էր սալմոնելա։

Հունիսի 8-ին ՍԱՏՄ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Գետամեջ» ընկերության արտադրությունը կասեցվել է։

Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն, հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
  • առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը
  •  սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել դրանց լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ, պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից և չեն եղել բարվոք վիճակում։ 

ՍԱՏՄ-ն ընկերությանը ժամանակ էր տվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Հունիսի 13-ն մենք կապ հաստատեցինք ընկերության ներկայացուցչի հետ, ով այդպես էլ չցանկացավ ներկայանալ, և խնդրեցինք պարզաբանել՝ արդյոք իրենց գործարանում թռչունների անկում եղե՞լ է, և ո՞րն է սալմոնելայի պատճառը։

«Երկրորդ անգամ փորձաքննության է տարվել հենց Սննդի տեսչությունից, որը որ հերքվել է, այսինքն՝ սխալ ինֆորմացիա է տարածվել,-ասաց «Գետամեջ» ընկերության ներկայացուցիչը.- Սալմոնելան սխալ է եղել, առաջին լաբորատորիայի եզրակացության արդյունքնում սխալմունք է եղել, ամեն դեպքում, երկրորդ անգամ են փորձարկել, ու հերքվել է»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց մոտ թռչունների անկում չի եղել։

Այն հարցին՝ արդյոք փորձաքննությո՞ւնն է սխալ եղել, թե՞ խոսքն այնուամենայնիվ այլ խմբաքանակի մասին է, աշխատակիցն ասաց, որ հաստատվել է, որ սխալ է. «Բացարձակ ինչ-որ տեսակի վիրուս, հիվանդություն, սալմոնելա և այլն չկա»,-ասաց նա։ Ապա ավելացրեց, որ առավել մանրամասն տնօրենությունը կարող է խոսել։

ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ սխալ փորձաքննություն չի եղել. «Սանիտարահիգիենիկ լուրջ խախտումներ են հայտնաբերվել, որի արդյունքում փակվել է գործարանը։ Բնականաբար, երբ որ փակվել է, նաև լրացուցիչ նմուշառում է արվել, թե այդ նմուշառման պատասխանն ինչ կգա, չգիտենք»,-«Հետքի» հետ զրույցում հայտնեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նա նշեց, որ արդյունքների հիման վրա ոչ թե կհերքվի, այլ կհայտարարվի, թե լրացուցիչ փորձաքննության ժամանակ ինչ է հայտնաբերվել։

Կասեցման ընթացքում ապրանքների թռչնամսի թողարկաումն արգելվում է։
ՍԱՏՄ պարզաբանումից հետո նորից փորձեցինք կապ հաստատել «Գետամեջ» ընկերության տնօրենի հետ, սակայն մեզ պատասխանեց նորից նույն աշխատակիցը՝ նշելով, որ տնօրենի հետ «չենք կարող խոսել»։

Նրան հայտնեցինք, որ  ՍԱՏՄ-ից մեզ ասել են, որ «ճիշտ են» կասեցրել, քանի որ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են եղել, պատերին բորբոսներ են եղել, փորձաքննությունը նույնպես ճիշտ է.

«Սալմոնելա չի եղել ընդհանրապես,- նորից կրկնեց աշխատակիցը. կապ հաստատեք իրենց (ՍԱՏՄ հեղ.) հետ, իրենք ձեզ ամեն ինչ կասեն»։

Հետաքրքրվեցինք՝ համաձայն չե՞ն կասեցման որոշման հետ, աշխատակիցը նորից մեզ հորդորեց դիմել ՍԱՏՄ։ Կրկնեցինք, որ ՍԱՏՄ-ն հաստատել է, որ խախտում եղել է, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ «ճիշտ աշխատակցի հետ չենք կապնվել».

«Կապնվեք այն բաժնի հետ, ովքեր, որ այդ հետաքննությունն արել են»,-ասաց աշխատակիցը։

Այս զրույցից 3 օր հետո՝ հունիսի 16-ին, ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնել է, որ «Գետամեջ» թռչնաֆաբրիկայում խախտումները վերացվել են, արտադրական գործունեության կասեցումն էլ դադարեցվել է։

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter