HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջափնյակում նախատեսում են 44 հազ. մարդու համար թաղամաս կառուցել. «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը քննարկվել է Գիտկոմում

Դահլիճում վառում են լույսերը, ստուգում բարձրախոսներն ու սպասում մասնակիցների: Նախատեսում են քննարկել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Օգոստոսի 3-ին ՀՀ գիտության կոմիտեն այս հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման էր հրավիրել գիտական եւ կրթական համայնքի ներկայացուցիչներին: Բայց դահլիճում հավաքվածներն այնքան քիչ էին, որ որոշվեց քննարկումն անցկացնել Գիտկոմի շենքի սենյակներից մեկում:

Հուլիսի 21-ին Կառավարությունը հրապարակել է «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը: Մինչ այն կներկայացվեր հանրությանը, Գիտկոմի նախագահ Սարգիս Հայոցյանը «Հետքին» հայտնել էր, որ հայեցակարգը նախատեսում են հրապարակել սեպտեմբերի վերջին:

Աշտարակից՝ Աջափնյակ

Ս. Հայոցյանը նախ նշեց, որ «Ակադեմիական քաղաքը» մեծ ու երկարաժամկետ նախագիծ է, որի միջոցով Հայաստանը ցանկանում է ունենալ իր տեղը համաշխարհային քարտեզի վրա, դառնալ նշանակալի դերակատար: Նախագիծն իրականացվելու է բուհերի եւ գիտահետազոտական որոշ ինստիտուտների միավորման միջոցով: Դրա հիմքում նաեւ բուհերի խոշորացումն է:

Նախատեսվում է ձեւավորել 6 խոշորացված պետական բուհ, որոնցից 4-ի համար կարիք կա ստեղծել նոր ենթակառուցվածքներ գիտական ինստիտուտների հետ համատեղ:

Ըստ Ս. Հայոցյանի՝ տարածք փնտրելիս կարեւորվել է, որ հողերը մեծամասամբ պետական սեփականություն լինեն, ու հանրային գերակա շահի կիրառումը հնարավորինս նվազացվեր: Նախապես դիտարկվել են Աշտարակում գտնվող ֆիզիկայի երկու ինստիտուտների տարածքները (տես այստեղ եւ այստեղ), «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքից 35 հա, ինչպես նաեւ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան (17-րդ) թաղամասից մոտ 200 հա հողատարածք: Գիտկոմի նախագահի տեղեկացմամբ՝ մանրամասն աշխատանքի արդյունքում 600 հա-ից ավելի տարածք են գտել Նազարբեկյան թաղամասում: Արդյունքում ներկայում դիտարկվում է 2 տեղամաս. Նազարբեկյան թաղամասում գտնվողն առաջնահերթություն ունի, եւ փորձ է արվելու բոլոր ենթակառուցվածքներն այդտեղ տեղավորել, իսկ «Հայֆիլմի» տարածքը պահուստային տարբերակ է դիտարկվում: Հայոցյանն ասում է, որ թեեւ հրաժարվել են Աշտարակի տարբերակից, այնուամենայնիվ, այն շարունակում են աչքի տակ պահել:

Շուրջ 600 հա հողատարածքում նախատեսվում է ունենալ 4 կլաստեր: Գիտկոմի նախագահը բացատրում է, որ կլաստերը մեծ համակարգ է, որի մեջ մտնելու են հանգուցային բուհը, գիտական կազմակերպություններն ու մյուս ենթակառուցվածքները: Հայոցյանի տեղեկացմամբ՝ 6 ամիս ժամանակ է տրված բուհերին ու գիտական կազմակերպություններին, որպեսզի նրանք քննարկեն համագործակցության մոդելները, կազմակերպչական ձեւերը եւ այլ հարցեր, ապա ներկայացնեն իրենց առաջարկները: Սրան հաջորդելու են խորքային քննարկումները:

Վերը նշվածին զուգահեռ, ըստ Գիտկոմի ղեկավարի, իրենք փորձելու են գտնել միջազգային գործընկերներ յուրաքանչյուր կլաստերի համար: Օրինակ՝ արվեստի կլաստերի համար նախնական պայմանավորվածություն ունեն Լոնդոնի արվեստների համալսարանի (University of the Arts London) հետ: Հայոցյանն ասում է՝ բրիտանական կողմը հետաքրքրված է օգնել բովանդակության, վերապատրաստումների, ծրագրերի հարցերում:

4 կլաստերները

Հայեցակարգի համաձայն՝ «Ակադեմիական քաղաքը» բաղկացած է լինելու 4 կլաստերներից, որոնք կազմավորվելու են խոշորացված 4 բուհերի եւ դրանց միացած գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հիմքի վրա:

4 կլաստերներն են՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական եւ սպայական:

Տեխնոլոգիական կլաստերը նախատեսված է լինելու 14.500 ուսանողի ու 500 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու համար:

Այս կլաստերը միավորելու է նյութագիտության եւ քիմիայի հետազոտությունների, ֆիզիկական հետազոտությունների, առաջատար սարքաշինության նախատիպավորման եւ տեխնոլոգիաների, գյուղատնտեսական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ հաշվողական տեխնոլոգիաների կենտրոններ:

Արվեստների կլաստերը նախատեսված է լինելու մոտ 2000 ուսանողի ու 200 աշակերտի համար:

Այն կազմավորվելու է ներկայում մեր երկրում գործող արվեստի բուհերի հիմքի վրա: Այս կլաստերում նախատեսված է ունենալ ժամանակակից տրանսֆորմեր թատրոն-կինոթատրոն-համերգասրահ, որը ծառայելու է թե՛ որպես ուսումնական միջավայր, թե՛ թատերական ներկայացումների, կինոդիտումների, համերգների համար:

Կրթական կլաստերը նախատեսված է լինելու մոտ 15.000 ուսանողի համար: Դրա մեջ մտնելու է նաեւ կրթական հետազոտությունների կենտրոնը, որը, ըստ հայեցակարգի, նոր հետազոտական կառույց պետք է լինի՝ ոլորտում անհրաժեշտ գիտական հետազոտությունների իրականացման, ինչպես նաեւ միջազգային մակարդակի փորձագիտական ներուժի ձեւավորման համար:

Սպայական կլաստերի կառուցվածքն ու հզորությունը, ինչպես նշված է հայեցակարգում, հստակեցվելու են մասնագիտական քննարկումների արդյունքում:

Հայեցակարգի համաձայն՝ «Ակադեմիական քաղաքում» կառուցվելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների եւ այլ արտադրական ու փորձարարական կենտրոնների շարքային ենթակառուցվածքներ, հանրակացարանային կամ բնակելի թաղամաս՝ ուսանողների ու դասախոսների համար, բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ, տարբեր մարզաձեւերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, լողավազաններ եւ այլն:

«Ակադեմիական քաղաքում» նախնական հաշվարկով աշխատելու եւ բնակվելու է մոտ 44 հազար մարդ, որոնց մի մասին անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարային տարածքով (ուսանողներ, կրտսեր հետազոտողներ եւ դասախոսներ), կա՛մ ծառայողական բնակարաններով (հիմնական դասախոսներ եւ ավագ մակարդակի հետազոտողներ):

«Ակադեմիական քաղաքի» կառուցման ժամանակացույցը, ըստ հայեցակարգի, բաղկացած է 3 հիմնական փուլից՝ նախագծման, կառուցման եւ սպասարկման: Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թ. սեպտեմբերին եւ ավարտել 2025 թ., կառուցման փուլը պլանավորվելու է այնպես, որ ենթակառուցվածքները շահագործման հանձնվեն փուլերով, իսկ սպասարկման փուլը ողջ ծավալով սկսելու է 2030 թ. հունվարից: Այսինքն՝ 2030 թ. «Ակադեմիական քաղաքը» պետք է ամբողջապես պատրաստ լինի:  

ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աշխատակից Սերգեյ Աբրահամյանը Գիտկոմի նախագահին հարցրեց, թե որտեղից է ծագել «Ակադեմիական քաղաքի» գաղափարը:

Սարգիս Հայոցյանը նկատեց, որ վերջին 5 տարիներին Հայաստանի գիտական համայնքից ինչ-ինչ պատճառներով հեռացել է 50 տարեկանից բարձր 526 մարդ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 4-րդ օրը ՀՀ գիտական համակարգը կորցնում է մի մասնագետի: Դրան զուգահեռ, ըստ Գիտկոմի ղեկավարի, բուհական համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, կրթական համակարգում խնդիրներ կան: Ըստ նրա՝ այս ամենն «ախտորոշված» է ՀՀ կրթության մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագրում: Դրա վերլուծական մասում, Ս. Հայոցյանի փոխանցմամբ, նշված են պետական առաջնահերթությունները, օրինակ՝ կրթության զարգացումը, գիտության մեջ ներդրումները, եւ թե ինչ ենք ուզում ստանալ:

«Այսօր Հայաստանը գերագնահատում է իր պոտենցիալը: Մենք էսօր ունենք բազային ֆինանսավորում ստացող 3800 գիտնական, 78 հազար էլ ուսանող»,- ասում է Հայոցյանը՝ հավելելով, որ ուսանողների այս թիվը 2-3 «նորմալ» բուհում սովորողների թվաքանակն է, իսկ գիտահետազոտական առկա պոտենցիալը բավարար է մեկ ինստիտուտի համար:

Գիտաշխատողը հակադարձում է, որ իր մտավախությունն ուրիշ է՝ 2030 թ. հետո ունենալու ենք մի իրավիճակ, ինչպես հիմա է, այսինքն՝ բովանդակային փոփոխություն չի լինելու:

«Կոնսոլիդացնելով կկարողանանք ունենալ զարգացում: Եղածը պահպանելով՝ դա չի ստացվում,- ասում է Հայոցյանի տեղակալ Արթուր Մովսիսյանը,- 3 տարի բարձրացնում ենք ֆինանսավորումը, թվում է՝ լավ ծրագրեր են, բայց տեմպն էն չի: Պետությունն այլեւս որոշել է, որ գիտակրթական համակարգում է ներդրումներ անում: Գիտական կառուցվածքում շատ մեծ հանձնառություն է վերցված, որ ներդրում է անելու Կառավարությունը, օգտվենք, կարողանանք շտկել էս վիճակը: Հիմա դաշտն արդեն մերն է, ձերն է, մասնագետներինն է, որ օգտվեն այս առիթից մաքսիմալ ճիշտ՝ ռիսկերը նվազեցնելով»:

«Կարեւոր մի բան էլ կա՝ միջազգյանացումն էլ է կարեւոր,- ասում է Սարգիս Հայոցյանը,- միջազգային գործընկերոջ համար պետք է նաեւ հասկանալի ֆորմատ ունենաս: Աշխարհը խոշորացման է գնում: Էսօր Լիոնի երեք բուհերը միավորվում են՝ մեծ ունիվերսիտետ են ստեղծում: Այսինքն՝ եթե ամբողջ աշխարհը դա է հասկանում, դու քո պաթոսով, սովետական նոստալգիայով չես կարող իրենց հետ խոսես: Իրենք ուղղակի քեզ հետ չեն խոսի»:

«Հետք». Պարո՛ն Հայոցյան, կնշե՞ք էն ռիսկերը, որոնք տեսնում եք էս ծրագրի իրականացման առնչությամբ: Ի՞նչ մտահոգություններ ունեք,- հարցրինք Գիտկոմի նախագահին:

Ս. Հայոցյան. Տեսնում եմ բոլոր այն ռիսկերը, որոնք բարձրաձայնում է գիտական համայնքը եւ երեք անգամ դրանից շատ, բայց չեմ ուզում նշել: Փորձում եմ այդ ռիսկերը նվազեցնել, հավաքագրել եւ կառավարել: Ամեն ծրագրի մեջ էլ լիքը ռիսկեր կան:

«Հետք». Խուսափո՞ւմ եք նշել:

Ս. Հայոցյան. Այո, սուբյեկտիվ բաներ էլ կան: Վախենում եմ՝ հաջորդ շաբաթ մեռնեմ:

Դահլիճից. Անձից պիտի կախված չլինի:

«Հետք». Այսինքն՝ չեք նշում:

Ս. Հայոցյան. Հա, այսինքն՝ ռիսկերը պետք է գույքագրել, կառավարել: Էս ծրագրի նպատակն է շատ արագ էս քննարկումների փուլն անցնել, կտրվել շատ հանգամանքներից, դառնալ հանրապետական նշանակության ծրագիր, որն արդեն իր կյանքով, հունով կապրի: Ռիսկերի կառավարման մեծ բանը դրանում է: Շատ ռիսկեր կան: Ռիսկ, որ արտաքին քաղաքական մեծ տուրբուլենտ իրավիճակի մեջ ենք: Պարո՛ն Մովսիսյան, էլ ի՞նչ ռիսկ կա:

Ա. Մովսիսյան. Ռիսկ, որ չկարողանանք կտրվել անձնական ամբիցիաներից, մտածենք համակարգային: Տնօրենները, լաբի վարիչները շատ դեպքերում չեն կարողանում կտրվել իրենց աթոռի քաղցրությունից եւ մտածել ավելի բարձր:

Ռիսկ կա, որ կարող է չհասցնենք էն տեմպերը, որոնք նկարագրում ենք, նորմալ փոփոխություն անենք եւ բարձրակարգ կադրերով սպասարկենք համակարգը: Բայց դրանց նույնպես լուծումներ կան: Կարող ենք դրսից մասնագետներ հրավիրել, վերապատրաստումներով… Եթե 10 տարի առաջ անեինք այսպիսի նախագիծ, 10 տարի առաջ գիտության ֆինանսավորումը բարձրացված լիներ, 10 տարի առաջ գիտակրթական ռեֆորմները լինեին, էապես ավելի հեշտ կհաղթահարեինք էս փուլերը:

Ս. Հայոցյան. 1000 հոգի կոմպետենտ մարդ կունենայինք: Արդյունավետ աշխատող գիտնականներն էն ժամանակ իրենց ծաղկուն տարիքում էին, ՏՏ ոլորտն այդքան չէր խլում, տեխնոլոգիական հարակից ոլորտների եւ գիտության նկատմամբ ակնածանքն ու հոսքը մեծ էին: Նույնը կրթականին է վերաբերում:

Մովսիսյանը շարունակում է, թե ռիսկ է այն, որ շինարարության հետ գործ ունեն, օրինակ է նշում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարություն ենք տեսել, ավելացնում է, որ ռիսկերի շարքն իրականում մեծ է՝ անձնական, մարդկային գործոնից սկսած:

Ըստ Արթուր Մովսիսյանի՝ քննարկումների արդյունքում կարիք կա հասկանալու բուհերի ու գիտական կազմակերպությունների դիրքորոշումները, որը որի հետ է ուզում ճանապարհ անցնել, բայց այդ ամենը չի նշանակում, թե Գիտկոմում չունեն իրենց պատկերացումները:

Տարօրինակ էր գիտակրթական համայնքում մեծ աղմուկ հանած այս ծրագրի հանրային քննարկման ժամանակ մասնակիցների փոքր թիվը: Զարմանալի էր նաեւ ներկաների կողմից ցուցաբերված պասիվությունը:

Մեկնաբանություններ (1)

Նաիրի
Այդպիսի մեծ, ավելի շուտ այդպիսի մեծածավալ ծրագիր, հնարավոր չէ իրականացնել երկու երեք մարդու որոշումով։ Դա ահռելի ծրագիր է որն իր մեջ ներառում է հսկայական փոփոխություններ գիտության և կրթության բնագավառում, և քննարկել դա այդպես հապճեպ ու երկու երեք մարդով շատ է անլրջացնում և՛ ծրագիրը և՛ նրա կատարումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter