HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվության տեմպը թուլանում է. արդյունաբերությունը անկում է ապրում

2023 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է  10.4%-ով։ 

Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի սոցիալ-տնտեսական տվյալները, տնտեսության ակտիվությանը շարունակում են մեծապես նպաստել առևտուրն ու ծառայությունները։ Շինարարությունը ևս աճում է։ Բացասական դինամիկա է գրանցում արդյունաբերությունը։

Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության աճի տեմպը գնալով թուլանում է։ Եթե տարվա սկզբում, ամսական կտրվածքով, ՏԱՑ-ն աճում էր երկնիշ տեմպով, ապա հուլիսին, 2022-ի հուլիսի համեմատ, այն աճել է 6%-ով։  

Առավել «տխուր են» արդյունաբերության ցուցանիշները։ Արդեն երկու ամիս է՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազում են։ Ընդ որում՝ նվազում է ինչպես մշակող արդյունաբերությունը, այնպես էլ՝ հանքարդյունաբերությունը։ Հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ամբողջ արդյունաբերության ծավալները նվազել են 7.4%-ով, հուլիսին՝ 2.4%-ով։ 

Հատկանշական է, որ արդյունաբերության անկման ֆոնին աճում է արտահանումը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտահանման աճը Հայաստանում ոչ թե տեղական ապրանքների հաշվին է, այլ՝ վերաարտահանման։ Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 62.1%-ով։

Երկնիշ տեմպով աճում են շինարարության ծավալները, սակայն բացարձակ թվով շինարարությունը մեծ ցուցանիշներ չի գրանցում (222 մլրդ դրամ հունվար-հուլիսին), որի պատճառով այն տնտեսական աճի վրա այնքան մեծ ազդեցություն չի թողնում, որքան, օրինակ, ծառայությունները։ 

Այս տարվա առաջին յոթ ամսում ծառայությունների ծավալը Հայաստանում աճել է 14.9%-ով և կազմել 1 տրլն 689 մլրդ դրամ։  

Ակնհայտ է, որ ծառայությունների ոլորտում ևս աճի տեմպը թուլացել է։ 2022 թվականի մեծ թվով ռուսաստանցիների ներհոսքը նպաստեց ծառայությունների ոլորտում գրանցված 28.2%  աճին։ Սակայն, այս տարվա մայիսից աճի տեմպը թուլանում է, որի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարվա համեմատական բարձր բազան է։ Այսինքն ՝ այս տարին համեմատվում է նախորդ տարվա արդեն իսկ բարձր ցուցանիշների հետ։ Թեև աճ է գրանցվում, սակայն այն շատ ավելի թույլ է, քան նախորդ տարի։ 

Առավել բարձր աճ է գրանցվում առևտրի ոլորտում։ Յոթ ամսում առևտրի ծավալներն աճել են 23%-ով՝ կազմելով 2 տրիլիոն 759 մլրդ դրամ։ Առևտրի ոլորտում ևս աճի տեմպը վերջին  երկու ամիսներին թուլացել է, սակայն դեռևս մնում է բարձր մակարդակում։ 

Գյուղատնտեսության տվյալները դեռևս չեն հրապարակվել: Դրանք հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter