HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը չի կատարում դատարանի վճիռը

Վճռաբեկ դատարանի որոշումից 5 ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանին չի վերականգնել իր պաշտոնում։  

Վճռաբեկ դատարանի վարչական պալատը, նախագահությամբ Ռ․ Հակոբյանի, մայիսի 3-ին գրավոր ընթացակարգով քննել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռաբեկ բողոքը և որոշել է մերժել այն։ Այդպիսով, նույնն է թողել Վերաքննիչ և վարչական դատարանների որոշումները, որով պարտավորեցվել էր վարչապետ Փաշինյանին վերականգնել Իգոր Սարգսյանին նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով։

Հիշեցնենք, որ Իգոր Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ վարչապետի՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը:

Տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության հիման վրա վարչական վարույթ էր ընթացել։ Վերջինս, ինչպես պնդում էր հայցվոր Սարգսյանը, կեղծ տեղեկություններ էր ներկայացրել վարչապետի գրասենյակին՝ իր աշխատանքային ունակությունների ենթադրյալ անբավարարության վերաբերյալ, ինչի պայմաններում իրեն աշխատանքից ազատելու հարցն էր քննարկման դրվել, այնուհետև` հեռացվել: Դատարան ուղարկված պատասխանում էլ վարչապետի ներկայացուցիչը նշել էր, որ Փաշինյանի որոշումը հայեցողական է եղել:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչապետի որոշման ընդունման իրավական հիմք նշվել է «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը։ Այսինքն՝ որպես վիճարկվող իրավական ակտի ընդունման իրավական հիմք վկայակոչվել է բացառապես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին ազատելու լիազորությունն ամրագրող իրավական նորմը։ 

 «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների դադարումը և՛ սահմանադիրը, և՛ օրենսդիրը պայմանավորել են օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ։ Այսինքն՝ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելիս գործատուն պետք է առաջնորդվի բացառապես օրենքի պահանջներով՝ գործելով ոչ թե կամայականորեն, այլ առաջնորդվելով աշխատանքից ազատման համար օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով։ Հետևաբար, նկատի ունենալով նաև, որ աշխատողին աշխատանքից ազատումը գործատուն պարտավոր է ձևակերպել իր ընդունած անհատական իրավական ակտով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ իրավական ակտը պետք է անպայմանորեն պարունակի օրենքով նախատեսված այն կոնկրետ հիմքը, որով գործատուն ղեկավարվել է աշխատողի հետ իր հարաբերությունները դադարեցնելիս, որպիսի պահանջը, ըստ էության, բխում է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից և հանդիսանում է աշխատողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի ապահովման լրացուցիչ երաշխիք։ Մինչդեռ, այս դեպքում վիճարկվող որոշման մեջ հայցվորին իր պաշտոնից ազատելու օրենքով նախատեսված որևէ հիմք վկայակոչված չէ։ Ավելին, նման հիմքի գոյությունը փաստացիորեն բացակայել է, և պատասխանողն այդ հիմքի փաստացի բացակայությունը հիմնավորել է իր այն դիրքորոշմամբ, որ ՀՀ վարչապետն իրավասու է իրացնել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին ազատելու իր լիազորությունն օրենքով նախատեսված որևէ հիմքի բացակայության պայմաններում»: 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը շեշտել է, որ ի սկզբանե հայցվորին ազատելու գործընթացը մեկնարկել է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հիմքով։ Դրա վերաբերյալ գործում առկա է Տեսչական մարմնի ղեկավար Վ․ Ավետիսյանին ուղղված՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրությունը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ 2019 թվականի նոյեմբերի 13-ից տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի՝ «մասնագիտական ունակությունների անբավարարության պատճառով աշխատողը չի կարողանում կատարել աշխատանքային պարտականությունները» հիմքով»։ Սակայն, Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանում պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ վերը նշված գրությունը «աշխատանքային գրագրության և քննարկումների մի մաս է կազմում և ազատման հիմք չի հանդիսանում»։ Հետագայում ևս պատասխանողը ինչպես Վերաքննիչ դատարանում, այնպես էլ Վճռաբեկ դատարանում իր շահերի իրավական պաշտպանությունը կառուցել է միայն այն հենքի վրա, որ տվյալ դեպքում հայցվորին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու որևէ հիմք չէր պահանջվում։

Այսպիսով հաստատված համարելով, որ հայցվորը պաշտոնից ազատվել է առանց օրենքով նախատեսված որևէ հիմքի՝ Վճռաբեկ դատարանն իր վերը նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան գնահատելով վիճարկվող դատական ակտի իրավաչափությունը՝ հիմնավոր է համարել Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Իգոր Սարգսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվել է առանց օրենքով նախատեսված որևէ օբյեկտիվ հիմքի առկայության, որպիսի պարագայում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ և Խարտիայով երաշխավորված՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը, հետևաբար ՀՀ վարչապետի 23.10.2019 թվականի «Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» որոշումը ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի՝ որոշումը բեկանելու համար, քանի որ դատարանը, 2020թ․ հոկեմբերի 29-ին վճռով հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանն այդ վճիռն անփոփոխ թողնելով, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:

Լուսանկարը՝ վարչական դատարանի նիստից

Իգոր Սարգսյանը տեղեկացրեց, որ դեռևս չի վերականգնվել իր պաշտոնում և չի ստացել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իր հասանելիք միջին չափով աշխատավարձը։ 

Արդեն ներգրավվել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որպեսզի կատարվի դատարանի վճիռը։  Իսկ մինչ Հարկադիրի ներգրավվելը, մի քանի անգամ զանգահարել է կառավարություն՝ ճշտելու համար, թե երբ կարող է սկսել իր աշխատանքը, սակայն այնտեղից մշտապես պատասխանել են, որ իր գործն «ընթացքի մեջ է»։ 

Հոկտեմբերի 2-ին հարցմամբ Հարկադիրից հետաքրքրվեցինք, թե ինչու մինչ օրս չի ապահովվել դատարանի որոշման կատարումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀԿԱԾ Երևան քաղաքի Կենտրոն,  Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Տեր-Ղազարյանը հայտնել է, որ Վարչական դատարանի կողմից օգոստոսի 24-ին տրված կատարողական թերթի հիման վրա ՀԿԱԾ-ի Երևան քաղաքի Կենտրոն,  Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում օգոստոսի 28-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Հոկտեմբերի 3-ին կատարողական վարույթով նախատեսված կատարողական գործողությունները «Դատական ակտերի կատարման մասին օրենքի» 36-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի համաձայն հետաձգվել է երկշաբաթյա ժամկետով։ 

Վկայակոչված 36-րդ հոդվածի համապատասխան կետերով՝ կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգամանքների վերանալը` հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչև երկու շաբաթ ժամկետով։ 

Այլ մանրամասներ Հարկադիրը չի տրամադրել, թե ինչ հանգամանքներ են կամ ինչու է հետաձգվել վճռի իրականացումը։ 

Իգոր Սարգսյանն ասաց, որ օրերս ստացել է նույնաբովանդակ ծանուցում, որտեղ նշվել է հետաձգման պատճառը․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների 3 տեղերն էլ այս պահին զբաղված են։ 

«Բայց իրենք գիտեին, և օրենքով էլ սահմանվում է, որ եթե դատարանում քննվող գործ կա կամ առավել ևս արդեն աշխատողի օգտին կայացված դատական ակտ, այդ պաշտոնը չպետք է զբաղեցվեր։ Հիմա սպասում ենք հոկտեմբերի 17-ին, այդ օրը լրանում է իրենց ասած երկշաբաթյա ժամկետը, տեսնենք ինչ են ասելու»,- մեզ հետ զրույցում ասաց Իգոր Սարգսյանը։ 

Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝  primeminister.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter