HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ախուրյանում ՔՊ-ն փորձարկված սցենարով միավորել է երեք հաստատություն եւ ազատվել անցանկալի անձանցից

Ախուրյան համայնքի ավագանին համայնքային երեք մարզամշակութային ՀՈԱԿ-ները՝ «Ախուրյան համալիր մարզադպրոց», «Ախուրյանի համայնքային գրադարան» և «Ֆերմատա» արվեստի դպրոց, լուծարելու որոշում է ընդունել։ Ավագանին լուծարված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (ՀՈԱԿ) միավորելու է մեկ կառույցում, որը կոչվելու է «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ։ 

Համայնքային մարզամշակութային ՀՈԱԿ-ները լուծարելու հարցն ընդգրկված չէր 2023թ օգոստոսի 29-ի ավագանու արտահերթ նիստի նախապես հրապարակված օրակարգում։ Նիստի ժամանակ այն ընդգրկվեց օրակարգում՝ առանց կից փաստաթղթերի, առանց ավագանու համապատասխան հանձնաժողովի եզրակացության։ Սակայն դա չխանգարեց, որ ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատի օրակարգը։ 

«Ո՞րն է նպատակը»,- այնուամենայնիվ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին հարցրեց ավագանու անդամներից մեկը։ «Նպատակը՝ ֆինանսական ծախսերը կրճատելը և համայնքի այն բոլոր գյուղերում, որտեղ կան գրադարաններ, բայց փաստացի չեն օգտագործվում՝ տվյալ գյուղի գրքային ֆոնդը հանձնել դպրոցներին, եթե այնտեղ կան մշակույթի տներ՝ հանձնել մշակույթի տներին»,- բացատրեց Ախուրյան համայնքի նորանշանակ ղեկավարը։

«Պրն Մանուկյան, ինչ-որ ուսումնասիրություն կա՞»,– հարցրեց դեմ քվեարկողներից մեկը։ «Այո»,– պատասխանեց համայնքի ղեկավարը, բայց ոչ նա ներկայացրեց ուսումնասիրությունը, ոչ էլ այդպիսի պահանջ հնչեց դահլիճից։ «Քննարկումն» այդքանով ավարտվեց, և ավագանին 17 կողմ, 2 դեմ և 4 ձեռնպահ ձայներով լուծարեց համայնքային մարզամշակութային հիմնարկները։

Նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող համայնքի ղեկավարը իր նախագիծը «հիմնավորեց» միայն գրադարանների մասով։ Մինչդեռ, ավագանու որոշումով լուծարվում է նաև համայնքի միակ մարզադպրոցը և երկու արվեստի դպրոցներից միայն Ախուրյան համայնքային կենտրոնում գործող «Ֆերմատա» արվեստի դպրոցը։ Դրանք լուծարելու և երեքը մեկ ՀՈԱԿ–ում միավորելու նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումներ չներկայացրեց։ 

2021թ․–ին 35 բնակավայրով միավորված (նախկին շրջանով) Ախուրյան համայնքի ավագանին 4 մշտական գործող հանձնաժողով է ստեղծել, որից մեկը՝ «Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի»։ Համայնքի ղեկավարի ներկայացրած նախագիծը նախ՝ ավագանու համապատասխան հանձնաժողովում պետք է քննարկվեր, և միայն դրական եզրակացություն ստանալու դեպքում ներառվեր նիստի օրակարգում։ Հանձնաժողովը եզրակացություն տալու համար պարտավոր էր դիմել լիազոր մարմնին՝ տվյալ դեպքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություն, և կարծիք ստանալ բոլորը մի կառույցում մեկտեղելու նպատակահարմարության վերաբերյալ։ 

Ավագանու նիստի տեսագրությունը հաստատեց, որ Ախուրյանում, ինչպես և մյուս համայնքներում, ավագանու մշտական հանձնաժողովները չեն գործում,  և ավագանին որոշումն ընդունել է օրենքի խախտումով։ 

Հանձնաժողովի փոխարեն «Ախուրյան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գեղամյանն է դիմել ԿԳՄՍ նախարարություն։ Փոխնախարար Կարեն Գիլոյանը պատասխանել է, որ նախարարությունը Ախուրյանի համալիր մարզադպրոցի, «Ֆերմատա» արվեստի դպրոցի և գրադարանի լուծարման և դրանց միավորման վերաբերյալ Ախուրյան համայնքի ավագանու որոշումը համարում է ոչ նպատակահարմար և համապատասխան հիմնավորումով դիրքորոշումը ներկայացրել է վարչապետի աշխատակազմ:

Որակյալ կրթությունը ֆինանսական և մտավոր ներդրումներ է պահանջում, կրթության հաշվին գումար չեն տնտեսում 

Համայնքի ղեկավարի պարտավորությունը մշակույթի և սպորտի կառույցների բնականոն գործունեությունն ապահովելն է։ Արտադպրոցական կրթությունը դպրոցահասակ երեխաների համար դաստիարակչական նշանակությունից բացի ճաշակ և աշխարհայացք ձևավորելու հնարավորություն է։ Երեխաների մտահորիզոնն է ընդլայնում, ստեղծագործելու ունակություններն է բացահայտում, տաղանդը, մարզական կարողությունները և այլն։ Ի վերջո, կողմնորոշիչ է դառնում ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում։

Ախուրյան համայնքում 2021թ․-ին միավորված 35 գյուղերից 9–ը գրադարան ունեն։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած Զավեն Մանուկյանը իր գործունեությունը սկսում է ոչ թե չգործող գրադարանները կենդանացնելուց, այլ նախընտրում է դրանք լուծարել կամ տարրալուծել։ Շատ գյուղերում գրադարանները միակ կրթամշակութային կենտրոններն են, և համայնքապետարանը պարտավոր է դրանց կենդանություն տալու ռազմավարություն մշակել՝ բնակչության կրթական, ճանաչողական բացը լրացնելու նպատակով։ Ախուրյանի 9 գրադարանների համար, կառավարման ձևի իմաստով, լավագույն լուծումը կլինի դրանք մեկ ՀՈԱԿ–ում միավորելը։ Սակայն, նկատենք, որ Զավեն Մանուկյանը ՀՈԱԿ–ների կառավարումը բարեփոխելու նպատակ չունի։ Ուզում է ազատվել գրադարաններից՝ ավելորդ համարելով դրանց գոյությունը։ Լուծարելը ստանձնած պարտավորություններից խուսափելու ձև է։

Ախուրյան համայնքի արտադպրոցական և կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունները ծառայություններ են մատուցում 35 գյուղերով միավորված համայնքի մոտ 44 500 բնակչի։ Միակ մարզադպրոցը, որտեղ 6 մարզաձև են ուսանում, համայնքային կենտրոն Ախուրյանում է։ Մարզիչներ ունեն Բասեն, Կամո և Հացիկ գյուղերում։ Համայնքը երկու արվեստի դպրոց ունի՝ Ախուրյան և Մարմաշեն գյուղերում։ Արվեստի դպրոցում արդեն միավորված են նկարչությունը և երաժշտական դպրոցը։ Լավագույն դեպքում կարող են երկուսը միավորել մեկ ՀՈԱԿ–ում, բայց, ինչպես արդեն նշեցինք, համայնքի ղեկավարի  նպատակը կառավարման ձևը փոխելը չէ։ Համայնքի ղեկավարը գումար խնայելու նպատակով չէ, որ լուծարում է ՀՈԱԿ–ները։ 

Ախուրյան համայնքային կենտրոնում գործող երեք ՀՈԱԿ–ները միավորելով՝ համայնքի ղեկավարը միայն մեկ հարց է լուծում՝ ազատվում է երեք հիմնարկների տնօրեններից՝ ավագանու անդամներից մեկին պաշտոնի նշանակելու համար։ Ոչինչ, որ դրա հետևանքով դպրոցների կարգավիճակը խմբակի մակարդակի է իջեցնում։

«Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակազմը գրություն է ուղարկել Ախուրյանի համայնքապետին՝ խնդրելով վերանայելավագանու՝ հապշտապ կայացրած որոշումը։ «․․․աշխատակիցներս դեմ ենք մարզադպրոցի լուծարմանը կամ այլ գործընթացների իրականացմանը։ Ձեր պաշտոնը ստանձնելու հանգամանքներից բխող, որոշ անձանց իրականացրած անբարո ծառայությունների դիմաց վարձահատույց լինելու և տրված խոստումը կատարելու բացահայտ տեսանելի հանգամանքով ․․․»,– գրության մեջ ակնարկել են մարզադպրոցի աշխատակիցները։

2023թ հուլիսին Ախուրյան համայնքում իշխանափոխություն տեղի ունեցավ։ 2021թ–ին Ախուրյանում տեղի ունեցած ավագանու համամասնական ընտրությունների արդյունքում վերընտրվել էր համայնքի երկարամյա ղեկավար Արծրունի Իգիթյանը։ Մեկ տարի հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվեց իր կողմը գրավել ավագանու մյուս խմբակցությունների մի քանի անդամների և նրանց աջակցությամբ հասնել Ա Իգիթյանի հրաժարականին։ 2023թ հուլիսի 19-ին Ախուրյան համայնքի ավագանին համայնքի ղեկավար ընտրեց ՔՊ կուսակցությունից ավագանու անդամ Զավեն Մանուկյանին։ 

ՀՈԱԿ–ների լուծարումը կատարվել է օրենքի խախտումներով 

Համայնքի ղեկավարը խախտել է տեղական ինքնակառավարման երկու կարևոր սկզբունքները՝ 

  • տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը,
  • տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության իրավունքը։ 

Զավեն Մանուկյանի համար միանգամայն կանխատեսելի է եղել ՀՈԱԿ–ների աշխատակիցների և բնակչության դժգոհությունը։ Եվ որպեսզի համայնքային բնակչությունը իրազեկված չլինի, մասնակցություն չունենա հարցի քննարկմանը, հանրային կարծիք չձևավորվի, դիտողություններ և առաջարկություններ չներկայացվեն, ՀՈԱԿ-ները լուծարելու հարցը համայնքի ղեկավարը ավագանու նիստի ժամանակ ընդգրկեց օրակարգում և ոչ թե նիստից առնվազն 7 օր առաջ, ինչպես պահանջում է ՏԻՄ օրենքը։ 

Ավագանին այդ որոշումն ընդունելով՝ հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ հարց է կարգավորել, որը մինչ այդ օրենքով սահմանված ընթացակարգեր պետք է անցներ։ Ախուրյանի նորընտիր համայնքապետը որոշումն ընդունելուց առաջ այն պետք է դներ հանրային քննարկման, լսումներ նախաձեռներ այդ կազմակերպությունների տնօրենների, աշխատակիցների, դպրոցների, գրադարանների ծառայություններից օգտվող երեխաների ու նրանց ծնողների հետ: Ներկայացներ կանոնադրական տարբեր նպատակներ ունեցող երեք հիմնարկները մեկում միավորելու նպատակահարմարությունը։ Նաև՝ երաշխիքներ ներկայացներ երեք ՀՈԱԿ–ների արդյունավետ կառավարման վերաբերյալ, չափելի ցուցանիշներով ներկայացներ ակնկալվող արդյունքները։ 

Այդ պարտավորվածությունը նա ուներ «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի մի շարք հոդվածներով և միջազգային պայմանագրերով, որոնք Հայաստանը վավերացրել է դեռևս 2002թ-ին: Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի ընդունած «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը» և Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի դրույթները վավերացրած պետությունները, իրենց իրավազորության շրջանակներում, ապահովում են տեղական ինքնակառավարման մարմինների գործերին յուրաքանչյուրի մասնակցության իրավունքը:

Ախուրյանում կատարվողը Գառնիում փորձարկված վատ նախադեպի կրկնությունն է

Ախուրյանում կատարվողը մեկ տարի առաջ փորձարկվել է Գառնի համայնքում։ Ավագանին այստեղ լուծարեց «Գառնիի մարզամշակութային կենտրոն» և «Գառնիի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ–ները և դրանք միավորեց մեկ ՀՈԱԿ–ում։ Գառնիում նույնպես գաղտագողի լուծարեցին, նույն «հիմնավորումով»՝ նպատակը ֆինանսներ խնայելն է։ 

Ընդամենը մեկ տնօրենի և մեկ հաշվապահի հաստիք կրճատվեց, բայց միավորելուց հետո, ըստ էության, երկու հիմնարկները դադարել են գործել։ Զրոյացվել են այն բոլոր ձեռքբերումները, որ մինչ այդ ունեին։ Իրականում դրանք միավորելով՝ ոչ թե գումար են խնայել (այդպիսի նպատակ չի էլ դրվել), այլ անարդյունավետ վատնում են համայնքային բյուջեից մշակույթին և սպորտին հատկացվող գումարները՝ անիմաստ վարձատրելով մարդկանց մի խմբի, որոնք ոչինչ չեն ստեղծում։

Գառնիի օրինակը եթե ուսումնասիրեին, կհամոզվեին, որ իրենց արածը դասական կոռուպցիա է։ Ավագանին որոշումը կայացրեց՝ անտեսելով համայնքային շահը։ Չգիտակցեց, թե ինչ մեծ վնաս է հասցնում համայնքի բնակչությանը։ Որոշում կայացնողներն արդեն ավագանու կազմում չեն, մեծ մասը հրաժարվել է մանդատից, բայց նրանց արածի հետևանքները դեռ երկար ժամանակ կզգան հենց իրենց երեխաները։

Անցանկալի անձանցից անխոչընդոտ ազատվելու՝ ՔՊ–ի այս մեխանիզմը կիրառում են, որպեսզի ազատվեն աշխատանքային իրավունքի դատական վեճերից։ ՔՊ–ական պաշտոնյաներն իրենց խարդավանքների համար պատասխանատու են կարգել ավագանուն, նրա ձեռքով են իրականացնում բոլոր ապօրինությունները, որովհետև հավաքական մարմինը օրենսդրորեն պատասխանատվություն չի կրում իր ընդունած որոշումների համար։ 

Աշխատանքից անօրինական ազատված հարյուրավոր մարդիկ վարչական դատարան դիմելով վերականգնվել են աշխատանքում։ Կառավարությունը պետական բյուջեից մեծ գումարներ է վճարել նրանց։ 

Ֆինանսների նախարարությունը մեր հարցման պատասխանում գրել է, որ  դատարանների կայացրած վճիռների հիման վրա 2020–22թթ․–ին մոտ 115 մլն դրամ է փոխանցվել չվճարված աշխատավարձի և դատական ծախսերը փոխհատուցելու համար։ Մոտ 18 մլն դրամ էլ վճարվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի և աշխատողին աշխատանքում չվերակագնելու դիմաց վճարման ենթակա գումար։ 

Գառնիում նույնպես ՀՈԱԿ–ները լուծարելու որոշումն ընդունվել էր օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի խախտումով։ Գառնիի ավագանու որոշումը վիճարկվել է դատարանում, որպեսզի կանխվեր դրա կրկնությունը և զգոնացներ ավագանուն։ Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել երկու հայցերը, եռաստիճան դատական համակարգն էլ մերժել է ստուգել ավագանու որոշման օրինականությունը։ 

Դատարանի պատճառաբանությունն այն էր, որ ավագանին այն անհատական իրավական ակտ է համարել, իսկ դատարանը քննում է միայն նորմատիվ իրավական ակտերը։ Մեր ներկայացրած հիմնավորումները, որ ցանկանում ենք սույն  ակտի վիճարկման շրջանակներում վարչական դատարանը նաև պարզի՝ ձևականորեն անհատական (Ա) ակտով ընդունված որոշման, բայց բովանդակությամբ նորմատիվ (Ն) իրավական ակտի տեսակին պատկանելու հանգամանքները, համոզիչ չեղավ դատարանի համար։ 

Կարծում ենք, որ էական չէ, թե ինչ վերնագրով է ակտը ընդունվում, էականը ակտի բովանդակությունն է և դրա հետևանքները հասարակության համար։ Դատական գործերի վիճակագրության ուսումնասիրությունը պարզեց, որ դատարանները ավագանու որոշումները քննության չեն առնում։ Այդ դեպքում, որտեղ և ինչպես պետք է կանխվեն տեղական իշխանության ապօրինությունները և հակաիրավական գործողությունները։ 

«Անհատական իրավական ակտ» վերնագրի տակ  քողարկված, սակայն  բովանդակային առումով նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հնարավորությունից անձանց զրկելը փաստացի հանգեցնում է նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթների նկատմամբ հանրային և դատական վերահսկողության բացակայության, պաշտպանության միջոցի բացակայության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլ տրված անվերահսկելի չարաշումների, ովքեր որոշում են համայնքային շահերին առնչվող հարցեր, կայացնում որոշումներ՝ քողարկելով անհատական իրավական ակտի ներքո»,– վերադաս դատական ատյան ներկայացված բողոքում նշել է փաստաբան Աշխեն Դաշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter