HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աբովյանի նախկին քաղաքապետերի՝ հողերի վաճառքներն անվավեր ճանաչելու դատախազության հայցերը վարույթ չեն ընդունում

Գլխավոր դատախազությունը 35 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ Աբովյանի նախկին երեք քաղաքապետերի պաշտոնավարման շրջանում համայնքային հողերն օտարելու մասին ավագանիների կայացրած որոշումները և իրավական այլ ակտեր անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցերը վերաբերում են 2004-2020 թվականներին Աբովյան քաղաքի նախկին ղեկավարներ Կարո Իսրաելյանի, Կարապետ Գուլոյանի և Վահագն Գևորգյանի պաշտոնավարման շրջանում իրականացված հողերի վաճառքներին։

Այս տարվա ապրիլի 6-ին «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածում լրացում կատարվեց, որով դատախազությանը նաև համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավունք տրվեց։ Վարչական դատարանը 35 հայցադիմումներից 24-ը մերժել է վարույթ ընդունել։ Դատավորների մեծ մասը հայցերը վարույթ չընդունելը հիմնավորել է նրանով, որ օրենքում կատարված լրացումը չի կարող տարածվել մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված գործարքների վրա, հետևաբար ներկայացված հայցը ենթակա չէ դատարանում քննության: Բացի այդ, Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Հայցադիմումներից երկուսը դատավոր Արթուր Ծատուրյանը վերահասցեագրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանին՝ այն հիմնավորումով, որ Աբովյան համայնքի և աճուրդի հաղթող ճանաչված քաղաքացիների միջև ծագած իրավահարաբերությունը հանրային բնույթ չունի, հետևաբար հայցադիմումն ընդդատյա չէ վարչական դատարանին։ Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին վերադարձրել է հայցադիմումը՝ ասելով, որ գործը ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում։

Հետաքրքիր է, որ 11 հայցադիմում վարույթ ընդունած դատավորներն այն կարծիքին են, որ դատախազությանն այդպիսի հայց ներկայացնելու իրավունք է վերապահվել օրենքով։

«Նկատի ունենալով, որ հայցվոր Գլխավոր դատախազության պնդմամբ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն դատախազին վերապահվել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 06.04.2023թ. ուժի մեջ մտած օրենքով, դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը չի անդրադառնում»,- ասվում է որոշումների մեջ:

Այս տեսակետը կիսել են վարչական դատարանի 4 դատավորներ՝ Դանիել Դանիելյանը, որին մակագրվել է 5 գործ, Անի Հարությունյանը, որին մակագրվել է 3 գործ, Կարեն Զարիկյանը, որին մակագրվել է 2 գործ և Արմեն Ներսիսյանը, որին մակագրվել է մեկ գործ։ Նրանց՝ հայցերը վարույթ ընդունելու մասին որոշումները չեն բողոքարկվել, հետևաբար պետք է սպասել, թե դատաքննությունն ինչպես կգնահատի հայցերի հիմնավորվածությունը։

Նշված դատավորներից առնվազն երկուսի դեպքում դժվար է ասել, որ դա նրանց համոզմունքն է եղել, և հայցերը վարույթ ընդունելու հարցում դեր չի խաղացել դատախազությանը չընդդիմանալու ցանկությունը։

Մեկ տարի առաջ ԲԴԽ–ն քննում էր դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը։ Վարույթը հարուցվել էր այն բանի համար, որ դատարանի կոլեգիալ կազմում լինելով նախագահող դատավոր վճիռն ինքը չէր ընթերցել։ Դ․ Դանիելյանը պարզաբանում էր ներկայացրել, որ հիվանդ է եղել և հեռավար է մասնակցել դատական նիստին։ Նրա պատճաբանությունը չէր ընդունվել, որովհետև նրան պատասխանատվության ենթարկելու իրական պատճառը քաղաքական էր։ Նա մերժել էր իշխանամետ «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Վանաձորում տեղի ունեցած 2021թ․ ավագանու ընտրությունների հետ կապված հայցադիմումը։ ԲԴԽ–ն քննությամբ մերժեց նրան պատասխանատվության ենթարկել, որովհետև մեծ թվով դատավորներ հայտարարություն տարածեցին վարույթի շինծու լինելու վերաբերյալ։

Դատավոր Անի Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քրեական գործով, որով մեղադրյալներ են երկու այլ դատավորներ։

Դատախազությունը հայցադիմումների ընդունումը մերժելու որոշումները բողոքարկել է վերաքննիչ, այնուհետև վճռաբեկ դատարան։ Վերաքննիչ վարչական դատարանը միայն մեկ բողոք է բավարարել։ Վճռաբեկ դատարանը բողոքների մի մասը վերադարձրել է, մյուսները դեռևս չի քննել։

Վարչական դատարանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքներ օտարելու վերաբերյալ ավագանու որոշումներն անվավեր ճանաչելու հայցադիմումները վարույթ ընդունելու հարցը քննում է 2022թ․ հոկտեմբեր ամսից։ Նույն հայցադիմումներն սկզբում ներկայացրել է Աբովյան համայնքի ղեկավարը՝ Աբովյան համայնքն ընդդեմ Աբովյան համայնքի ղեկավարի և Աբովյան համայնքի ավագանու։ Հայցադիմումների ընդունելության հարցը եռաստիճան դատական համակարգում քննվեց մեկ տարի և մերժվեց։ Վարչական դատարանը 45 հայցերը վարույթ չընդունելը հիմնավորեց նրանով, որ Վարչական դատավարության օրենսգիրքը չի թույլատրում նույն անձի կողմից ինքն իր դեմ հայցի հարուցումը։

Դրա վերաբերյալ մեր հրապարակման մեջ նշել էինք, որ Աբովյանի համայնքապետարանին Քննչական կոմիտեն էր պարտավորեցրել հայցեր ներկայացնել դատարան։ Քննչական կոմիտեն քննում է Աբովյանի նախկին քաղաքապետերի՝ Կարո Իսրաելյանի, Կարապետ Գուլոյանի և Վահագն Գևորգյանի պաշտոնավարման շրջանում տեղի ունեցած հողերի աճուրդ-վաճառքով օտարումների ժամանակ կատարված օրինախախտումները։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Շառոյանը 20.09.2022թ․-ին գրությամբ իրազեկել էր Աբովյան համայնքի ղեկավար էդուարդ Բաբայանին, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով հիմնավորվել է հողատարածքների ապօրինի օտարման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմնին վնաս պատճառված լինելու հանգամանքը ․․․։

Աբովյան համայնքի ներկայիս ղեկավարին առաջարկվել էր հայցադիմումներ ներկայացնել վարչական դատարան՝ 73 կադաստրային ծածկագրերով հողերի օտարումն անվավեր ճանաչելու պահանջով՝ սկսած 2004թ․-ից։ Այդ ժամանակ Աբովյանի քաղաքապետը Կարո Իսրաելյանն էր, այնուհետև՝ 2008-2015թթ.-ին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է Կարապետ Գուլոյանը, նրանից հետո՝ 2015-2021թթ․-ին պաշտոնավարել է Վահագն Գևորգյանը։

Քննչական կոմիտեն օրեր առաջ հայտարարեց Կարապետ Գուլոյանի դեմ պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով քրեական գործի քննության ավարտի մասին։ Մինչ այդ, Գլխավոր դատախազությունը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքներ օտարելու վերաբերյալ ավագանու որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմուները ներկայացրել էր վարչական դատարան։

Ընդգծենք, որ վարույթ ընդունված փոքրաթիվ հայցերի քննությունը նշանակվել է 2024թ․-ի գարնանը, քանի որ դատարանները ծանրաբեռնված են։ Ի՞նչ հեռանկար են տեսնում Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը այս գործերով, երբ մեկ տարուց ավելի վարչական դատարանը երեք ատյաններով զբաղեցրել են հայցերը վարույթ ընդունելու քննությամբ և հաջողություն չեն ունեցել։ Նպատակը, արդյոք, այս գործերին տրված հնչեղությունը երկարաձգելը չէ, բայց ինչո՞ւ դատարաններն անհարկի ծանրաբեռնելու միջոցով։

Համայնքի ղեկավարի և ավագանու ապօրինությունները կանխելու իրավասությունը տարածքային կառավարման նախարարությանն է վերապահված

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը հայցերը վարույթ չընդունելու իր որոշումներում ընդգծել է, որ այս դեպքում դատական պաշտպանության դիմելու իրավական նախադրյալները բացակայում են։ Դատավորը ներկայացրել է համայնքի ղեկավարի և ավագանու անօրինականությունները կանխելու իրավական ճանապարհը։ Դատախազության հայցերը մերժելու որոշումների մեջ նա մանրամասն անդրադարձել է, թե ժամանակին որ կառույցը և ինչպես պետք է կանխեր ապօրինությունները, որպեսզի հարցը չհասներ իրավապահներին, և հողատարածքները համայնքին վերադարձնելը իրավական առումով չդառնար անլուծելի։

«Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում դատական պաշտպանության դիմելու իրավական նախադրյալները բացակայում են։ Օրենսդիրը հստակ սահմանել է այն մարմինների ցանկը, որոնց կողմից, սահմանված կարգով, պետք է իրականացվեր հսկողություն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ»,– ասվում է որոշման մեջ։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընդունած որոշումների նկատմամբ իրավական հսկողություն է իրականացնում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։ ՏԿԵՆ-ը իրավական հսկողությունն իրականացնում է անմիջականորեն կամ մարզպետների միջոցով։ Նրանք իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին, որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Եթե դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում (հոդված 98), տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ օրենքի այս պահանջը երբևէ չի կիրառվել։ Իսկ Քննչական կոմիտեն ու դատախազությունը քննարկե՞լ են, թե նախարարությունն ինչու չի կատարում իր պարտավորությունները, քննե՞լ են անգործություն ցուցաբերածներին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter