HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ցորի հրետանավորների գործով վկայություն են տալիս Արցախից բռնի տեղահանվածները

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ավելի քան երեք ամիս տևած ընդմիջումից հետո, այսօր շարունակվեց   Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ 

Դատաքննությունը երկար ժամանակ հետաձգվում էր վկաների չներկայանալու պատճառով։ Նրանց մի մասը Արցախի բնակիչներ էին, որոնք ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվելու պատճառով չէին կարողանում ներկայանալ դատարան։ Սեպտեմբերի վերջին Արցախից բռնի տեղահանվելուց հետո նրանք բնակություն են հաստատել Հայաստանում։ Նոյեմբերի 6-ին դատարանում վկայություն տվեց Ստեփանակերտի բնակիչ, պահեստազորային (ՄՈԲ) զինծառայող Տիգրան Դավթյանը։

Հիշեցնենք, որ այս գործով միակ ամբաստանյալը հիշյալ դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանն է։ Մայոր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին, ռազմական դրության ժամանակ սեփական կյանքը փրկելու նպատակով անգործություն դրսևորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ` զոհվել է 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։

Վկա Տիգրան Դավթյանը դատարանին հայտնեց, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է պատերազմը, կամավորագրվել է և իրեն գրանցել են Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնում։ Իրենց առաջին դիրքը եղել է Վազգենաշենում, որտեղ, իր հիշելով, մնացել են մինչև հոկտեմբերի 6-7-ը, հետո տեղափոխվել են Արա լեռան տեղամաս՝ Ջաբրայիլի ուղղությամբ։ Դրանից հետո դիվիզիոնի 1-ին, 2-րդ, 3-րդ մարտկոցները տեղափոխել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» տեղամաս։

Դեպքը տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 12-ին, օրը դեռ չէր մթնել, երբ շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման են տվել, ասել են՝ դուրս ենք գալիս։ Նա չգիտեր, թե կոնկրետ ով էր հրաման տվողը, բայց երբ հրաման էին տալիս, փոխանցում էին իրար։ «Ուրալ» մեքենաները մոտեցել են, մեկը բարձրացել է թափքին, իրենց ուսապարկերն ու զենքը դրել են «Ուրալի» մեջ, որ իրենք էլ բարձրանան։ Տիգրանի ասելով՝ հրետանին չէին կարող հանել, միայն անձնակազմը պետք է դուրս գար։ Այդ ժամանակ հրամայեցին՝ «թողնել», և իրենք իրերը վերցրին ու վերադարձան դիրքեր, մեքենաներն էլ տարան կանգնեցրին իրենց կայանման տեղերը։   

Մոտ 10-15 րոպե հետո կրկին շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման են տվել՝ նստել մեքենաները և դուրս գալ տարածքից։ «Մինչ մենք կանցնեինք շրջանաձև պաշտպանության, թուրքերի շարասյունն արդեն երևում էր, թուրքական զորքը 100-ից ավելի կլիներ։ Արդեն փոխհրաձգություն սկսվեց, որը տևեց 40 րոպեից մինչև մեկ ժամ»,– հայտնեց վկան։ 

Պատմեց, որ արդեն մթնել էր, իրար ձայն են տվել, որպեսզի պարզեն, թե ով է ողջ, ձայներով կողմնորոշվեն՝ ով որտեղ է մնացել, որպեսզի ճշտեն իրենց հետագա գործողությունները, հասկանան, թե ինչպես դուրս գան տարածքից։ Ոչ ոք չի արձագանքել, շրջափակումից դուրս են եկել 5 հոգով։ Իրենց հետևում գտնվող բլուրով դուրս  են եկել, մի քանի ժամ սողեսող գնացել են ու գիշերել բլրի վրա։ 

Ասաց, որ իրենց հետևի մասում «Գրադ» կայաններ են եղել, կարծել են, թե հայերն են։ Գնացել հասել են այնտեղ, բայց ուրախության ձայներից հասկացել են, որ իրենց հետևում էլ են ադրբեջանցիները։ Լուսանալուն պես շարունակել են քայլել, որպեսզի դուրս գան տարածքից։ «Ուզում էինք հետ գնալ մեր տեղակայման վայրը, մեքենա վերցնենք ու դուրս գանք տարածքից։ Ճանապարհի կողքին տեսանք մեկը փորի վրա կուչ եկած պառկած էր։ Իմացանք, թե դիակ է, մոտեցանք ու տեսանք, որ կառավարման դասակից Արգիշտի Բիչախչյանն է։ Նա ողջ–առողջ էր, թաքնվել էր այդտեղ։ Ասաց՝ մի գնացեք, թուրքերն արդեն տեղակայված են այնտեղ»,– պատմեց Տիգրան Դավթյանը։ 

Միասին, արդեն 6 հոգով հետ են գնացել։ Երեքը վիրավոր էին՝ ոտքից ու ձեռքից։ Ադրբեջացիները նկատել են ու աջ բլրից կրակահերթ են բացել։ Շարունակել են քայլել և ճանապարհին տեսել են իրենց մարտկոցի վարորդ Սամվել Ղազարյանի դին։ Նա ներքնաշապիկով կապել էր վիրավոր ոտքը, գլխից ու ականջներից արյուն էր հոսում, հասկացել է, որ ադրբեջացիները ստուգողական կրակել են։ Իրենք զինվորական բաճկոնով ծածկել են Սամվելի մարմինը ու գնացել։ 

Ըստ Տիգրանի, ճանապարհին խփած «Գրադ» կայանք կար, «Գրադ»–ից փամփուշտ ու սիգարետ են վերցրել ու շարունակել ճանապարհը։ Այդտեղից հրամանատար Արիկ Գոքորյանը կարողացել է զանգել ինչ-որ մեկին, շտապօգնության մեքենա են ուղարկել ու իրենց տեղափոխել են։ «Այդ ժամանակ էլ թուրքերի կողմից մի կրակահերթ եղավ մեր ուղղությամբ։ Մեզ տարան Կարմիր շուկա գյուղ, վիրավորներին տեղափոխեցին այնտեղի հոսպիտալ, իսկ մեզ տեղափոխեցին Ստեփանակերտ՝ զորամաս»,– հայտնեց վկան։

Գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազ Հայկ Ռափյանի հարցերին պատասխանելով՝ վկան հայտնեց, որ նույն դիրքում են գտնվել ժամկետային զինծառայողներից՝ Հայկ Մելիքյանը, Սերգեյ Դարագուլյանը, Արտյոմը՝ Շուշիից, Հայկ Պապիկյանը, հրամանատար Արիկ Գոքորյանն ու Մհերը։ 

Դատախազին հետաքրքրում էր՝ վկան տեսե՞լ է, թե ում մեքենան է անցել ժամկետային զինծառայող Հայկ Մելիքյանի վրայով։ Տիգրան Դավթյանը հայտնեց, որ երբ երկրորդ անգամ մարտական դիրքերը լքելու հրաման են տվել, արդեն հակառակորդին նկատել են, չեն էլ հասցրել պառկել։ Կրակահերթի տակ  են գտնվել, այդ ժամանակ «Ուրալ»–ն անցել է իրենց կողքով ու պայթել։ Սամվելը գոռալով ասել է, որ ոտքից վիրավորվել է, իր մեքենան էլ խփել են։ Հայկ Մելիքյանն արդեն ծանր վիրավոր էր, նրան մի կողմ են քաշել, նա գոռում էր, չէր կարողանում շարժվել։ 

Հայկ Մելիքյանի վիրավորվելու հանգամանքը դեռևս լիովին պարզ չէ դատավարության կողմերի համար։ Տուժողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը նույնպես ողբերգական դեպքի մանրամասները ճշգրտող հարցեր էր ուղղում վկային։ 

««Ուրալը եկավ և մի կողմով անցավ Հայկի վրայով։ Այդ «Ուրալ»–ը, եթե չեմ սխալվում, կողքի հաշվարկի «Ուրալն» էր, այդ մեքենան պայթեցրել էին։ Մեջը արկեր էին, պայթեց և բեկորները լցվեցին ճանապարհին ու մեզ վրա։ Չեմ կարող հարյուր տոկոսով ասել, թե ով էր վարորդը, բայց Սամոն, որ գոռաց՝ մեքենաս պայթացրին, ոտքից վիրավոր եմ, ենթադրում եմ, որ վարորդը Սամվելն էր։ Մեր «Ուրալը» 50-60 մետր մեզնից առաջ է եղել կայանված, տղաներից մեկը մոտեցավ, որ մեքենան քշի մոտեցնի մեզ ու դուրս գանք այդտեղից, բայց ինքն էլ վիրավորվեց»,– հայտնեց Տ․ Դավթյանը։

Դատախազ Ռափյանը հաջորդ հարցով ցանկանում էր մանրամասներ իմանալ կառավարման դասակի զինվոր Արգիշտի Բիչախչյանի մասին։ Գ․ Գևորգյանին առաջադրված մեղադրանքում ասվում է, որ նա չի կանգնեցրել մեքենան, որպեսզի հետևից վազող Ա․ Բիչախչյանը նստի։ Վկան դատարանին փոխանցեց Ա․ Բիչախչյանի ասածը՝ իրենց մարտկոցը շուտ նստել է մեքենան ու փախել, ինքը չի հասցրել նստի։ «Ես չեմ էլ իմացել, որ Գևորգ Գևորգյանն այնտեղից ողջ-առողջ դուրս է եկել։ Ես հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին  նրան տեսել եմ զորմասում»,– ասաց վկան։ 

Մյուս հարցին՝ ի՞նչ էր անում ավագ սպա Արիկ Գոքորյանը թշնամու հարձակման ժամանակ, պատասխանեց՝ նա զորքն էր կառավարում, կրակում էր թուրքերի ուղղությամբ, մի պահ գոռգոռաց և տեսել են, որ ոտքից վիրավորվել է։ 

Վկան 4-րդ հաշվարկում է գտնվել, նրա ասելով՝ հաշվարկներն իրարից 20-30 մ հեռավարության վրա էին։ Իրենք կրակել են մինչև փամփուշտների սպառվելը։ Թուրքերը սարի վրա էին, իրենք՝ ներքևում, եթե կողքի բլրի վրա լինեին՝ շանսեր կային դիմադրելու։ Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին՝ եթե 5 հոգի ավել լինեիք՝ կարո՞ղ էիք մի 30 րոպե ավել դիմադրել։ «Այո»,– պատասխանեց պահեստային Տիգրան Դավթյանը։

Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը դիմեց վկային․ «Ձեր պատկերացումով Գևորգ Գևորգյանը, եթե այնտեղ լիներ, ի՞նչ կարող էր անել, որպեսզի տղաները չզոհվեին, որ չապրեիք այն, ինչը ապրել եք»։ «Իմ իմանալով՝ այդ տեղամասում ով մինչև վերջ մնար՝ կարող է զոհվեր»,– հայտնեց Տ․ Դավթյանը։ 

Պատասխանին հետևեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցը՝ «Ձեր կարծիքով, շտաբի պետը, հրամանատարը ինչի՞ համար են»։ «Զորքը կառավարելու»,– հայտնեց վկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter