HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փախուստի դիմած հրամանատարը հարցեր չուներ իր զինվորին, որին միայնակ թողել էր թշնամու գրաված դիրքերում

«Երբ պատերազմն սկսվեց, մեզ զորամասից հանեցին ու տարան Ասկերանի կենտրոնացման շրջան, այնտեղից՝ Վազգենաշեն, հետո Հադրութ, հետո տեղափոխվել ենք Ջաբրայիլ, հետո հետ եկանք Ջուվառլու, որտեղ էլ դեպքը տեղի ունեցավ»,- Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի տեղաշարժի պատմությունն էր դատարանին ներկայացնում նույն զորամասի զինվոր Արգիշտի Բիչախչյանը։ 

Դեպքը, որի մասին վկայություն տալու համար նա մայիսի 8-ին հրավիրվել էր դատարան, վերաբերում էր 2020թ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում հոկտեմբերի 12-ին դիվիզոնի շրջափակման մեջ հայտնվելուն։

Դեպքի օրը վկան հստակ չէր հիշում, բայց հիշում էր, որ ժամը 5-6-ն էր, արդեն մթնում էր, երբ շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման տվեցին։ Հայտնեց, որ կառավարման դասակը, որի կազմում էր նաև ինքը, հիմնականում Դ-20 հրանոթների մոտ է եղել առաջին մարտկոցի հետ։ Երբ շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման է հնչել, զինվորներին կանչել են քանդված շենքերի մոտ, որպեսզի նստեն «Սատկո» մեքենան ու հեռանան։ Ինքը` Դավիթ Ազատյանը, Խաչիկ Քոչարյանը գնացել են շենքերի մոտ, հետո հրամայել են՝ «թողնել»։ Մինչև թշնամու հարձակվելը, Դավիթ Ազատյանն ասել է, որ գնում է շապիկը վերցնի, որը թաքստոցի մոտ էր թողել։ Մոտ հինգ րոպե հետո նորից են շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման տվել։ Հրամանատար Գևորգ Գևորգյանն առաջինն է նստել մեքենան ու արագ հեռացել։

«Այդ ժամանակ թշնամին հարձակվեց, Խաչիկ Քոչարյանն ու ես վազեցինք դեպի «Սատկո» մեքենան, Խաչիկը հասցրեց նստել, ես չհասցրի։ Գիշերը մնացի քանդված շենքի հետևի մասում, առավոտ ժամը 6-ի կողմերը, երբ արդեն լուսացել էր, դուրս եկա այնտեղից, ճանապարհին մեր զորամասի ավագ սպա Ալիկ Գոքորյանին տեսա։ Նրա  հետ պահեստազորայինից (ՄՈԲ) 3 հոգի էին և մեր զինվորներից մեկը։ Միասին դուրս եկանք կրակային տարածքից»,- շրջափակումից դուրս գալու պատմությունը համառոտ նկարագրեց վկա Արգիշտի Բիչախչյանը։ 

Ավելացրեց, որ ճանապարհին ԱԳոքորյանը կապ է հաստատել Ցորի դիվիզիոնի հրամանատարի հետ, մեքենա են ուղարկել, դրանով դուրս են եկել «Ջուվառլու» կոչվող տարածքից։ Սկզբում Կարմիր շուկա են գնացել, հետո Ստեփանակերտ՝ Ցորի զորամաս, որտեղ մնացել են մի քանի օր։ Հոկտեմբերի 18-ին կրկին Ասկերանի կենտրոնացման շրջան են գնացել, հետո՝ Բալուջա, որտեղ մնացել են մինչ պատերազմի ավարտը։

Արգիշտի Բիչախչյանն այս քրեական գործով անցնող առանցքային վկան է, և հրամանատար Գևորգ Գևորգյանի գործողությունների հետևանքով տուժած հիմնական անձանցից մեկը։  Ինքը՝ Ա Բիչախչյանը, չափազանց զուսպ և հակիրճ ներկայացրեց իր հետ կատարվածը։ Նախորդ դատական նիստերի ժամանակ վկայություն տված նրա ծառայակից ընկերներն առավել մանրամասնորեն էին նկարագրել դեպքը։ Հայտնել էին, որ տարածքից փախուստի դիմած հրամանատար Գևորգ Գևորգյանը մեքենան չի կանգնեցրել, որպեսզի հետևից վազող Ա Բիչախչյանը նստի։ 

Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:

Գործով մեղադրող զիվորական դատախազների և տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցերին պատասխանելով՝ Ա․ Բիչախչյանը որոշ մանրամասներ ավելացրեց պատմածին։ ««Սատկո» մեքենան տեսել եմ այն ժամանակ, երբ շարժվելու ընթացքում էր։ Շենքի մոտ եղել ենք՝ ես, Խաչիկ Քոչարյանը և Դավիթ Ազատյանը։ Դավիթը գնաց վերնաշապիկի հետևից (խմբ․- նա զոհվում է այդտեղ)։ Ավտոմեքենան դանդաղ գնում էր, մենք վազեցինք դեպի ավտոմեքենան, Խաչիկը մի քիչ արագ էր վազում, ինքը հասցրեց նստել, ես չհասցրի։ Գոռացի, բայց չկանգնեցին։ «Սատկո»-ի թափքում գտնվողները նկատել են ինձ վազելուց, հարվածել են խցիկին, որ կանգնեն, բայց չկանգնեցին»,- պատմեց վկան։ 

Հայտնեց, որ վերադարձել է քանդած շինության մոտ, նստել է պատի հետևը, մինչև հարձակման ավարտը։ Գիշերը միայնակ մնացել է այնտեղ։ «Իրիկունը, երբ ես շենքի մոտ էի՝ թնամու զինվորներից 10-15 հոգի առջևիցս անցան, բայց ինձ չնկատեցին։ Առավոտյան ժամը 6-ին, երբ արդեն լուսանում էր, դուրս եկա, մի քիչ գնացի, ճանապարհին հանդիպեցի Ալիկ Գոքորյանին ու մյուսներին։ Առաջինը ես նկատեցի նրանց, մտածեցի, որ թշնամու զինվորներն են ու թաքնվեցի խոտերի մեջ։ Իրենք մոտեցան ինձ, տեսան, որ ճանապարհի կողքին խոտերի մեջ պառկած եմ, ճանաչեցին, միասին գնացինք»,- ասաց Ա․ Բիչախչյանը։

Նույն զորամասի զինծառայող, վկա Սերգեյ Դարագուլյանը դատարանին արդեն պատմել էր իրենց շրջափակման մեջ հայտնվելու և այնտեղից դուրս գալու մանրամասները։ «Արդեն մթնում էր, և ուզում էինք տարածքից հեռանալ։ Հրամանատար Ալիկ Գոքորյանն ասաց, որ թեքվենք ձախ, տղաների կողքով գնանք, տեսնենք՝ ով կա ողջ կամ վիրավոր, մեզ հետ տանենք․․․ Առավոտյան ասացինք՝ գնանք տեսնենք տղաներն, այնտե՞ղ են, թե՝ չէ, մի մեքենա վերցնենք ու դուրս գանք տարածքից։ Երբ հետ էինք գնում, ճանապարհին մեր դիվիզիոնից Արգիշտի Բիչախչյանին հանդիպեցինք։ Նա ասաց, որ մի կերպ է այնտեղից դուրս եկել, թուրքերն այնտեղ են, մեքենաներին էլ խփել են, ոչ մեկը չի աշխատում։ Մենք վեցով իրար օգնելով գնացինք ճանապարհով, մի գյուղ մտանք ու թաքնվեցինք տներից մեկում։ Օգնություն կանչեցինք, շտապօգնության մեքենան եկավ և մեզ հոսպիտալ տեղափոխեց»,- պատմեց վկան։ 

Վկան դատարանին փոխանցեց որ Արգիշտի Բիչախչյանը իրենց տեսնելով թաքնվել է խոտերի մեջ, իրենք մոտեցել են, զենքը պահել վրան։ «Ասաց՝ մի՛ կրակեք, Ցորի դիվիզիոնից եմ։ Գլուխը բարձրացրեց, տեսանք, որ Արգիշտին է»,- հայտնեց Սերգեյը։ 

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի հարցերին պատասխանելով՝ վկան հավելեց, որ այդ պահին չի տեսել, թե ովքեր են եղել մեքենայում։ Հետո իմացել է, որ տղաներից Յուրա Դավթյանը, Գրիգոր Վարդանյանը, Սամվել Ամիրյանն են եղել թափքում, ընթացքում Խաչիկ Քոչարյանին է հաջողվել բարձրանալ մեքենան։ Ինքն ու Դավիթ Ազատյանը չեն հասցրել նստել։ «Ես մեքենայի հետևից գոռում էի՝ կանգնեք։ Տղաներն ասել են, որ ինձ տեսել են վազելուց, կաբինկին (խցիկ) հարվածել են, բայց մեքենան չի կանգնել»,- կրկնեց վկան։ 

Ա Բիչախյանը պատմեց, որ հրամանատար Գ Գևորգյանի՝ մեքենայով հեռանալուց հետո փոխհրաձգությունը շարունակվում էր, մերոնք պաշտպանություն էին իրականացնում։ «Ես շենքի հետևում էի, ձայներ չեմ լսել, չեմ կարող ասել՝ հրամանատար կա՞ր մոտները, թե՞ ոչ, բայց երկկողմանի կրակոցը կար։ Ալիկ Գոքորյանը և պահեստազորից երկուսը վիրավոր էին, բայց մերոնց իրականացրած պաշտպանության արդյունքում կարողացել էին դուրս գալ տարածքից։ Երկրորդ մարտկոցին նույնպես հաջողվել էր առանց զոհերի դուրս գալ տարածքից»,- ասաց նա։ Վկայի կարծիքով՝ երևի ինքնապաշտպություն կազմակերպելու հնարավորություն կլիներ, բայց պաշտպանությունը հրամանատարությունը պետք է կազմակերպեր։

Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանը հարցեր չտվեց իր նախկին զինվորին, որին  միայնակ էր թողել թշնամու գրաված տարածքում։ Նրա պաշտպանը մեկ-երկու հարց ձևակերպելու անհաջող փորձ արեց, ի վերջո հրաժարվեց հստակեցնելուց և դրանք մնացին անպատասխան։ 

Այսօրվա դատական նիստում դատարանն ավարտեց նաև Գևորգ Գևորգյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին նրա պաշտպանի միջնորդության քննարկումը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազներ Հայկ Ռափյանը և Դավիթ Նահապետյանը, զոհված զինվորների ծնողները և նրանց ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը առարկություն էին ներկայացրել միջնորդության դեմ։ Դատարանը նույնպես մերժեց պաշտպանի միջնորդությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter