HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջալալ Հարությունյանի պաշտպանը Ցորի Դ-20 հրետանային դիվիզիոնի կորուստների համար դիվիզիոնի հրամանատարությանն է մեղադրում

«Թողնել՝ մերոնք են»,- Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին արձակած այս հրամանը ճակատագրական եղավ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի համար։ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի վրա ադրբեջանցիների հարձակման հետևանքով զոհվեց 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացավ 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։ 

Դիրքերում մնացել է 8 հատ Դ-20 հրանոթ, 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ հրանոթի արկեր, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր և այլն։

Այս դեպքի հետ կապված ներկայումս երկու քրեական գործ է քննվում, մեկը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ։ Նա մեղադրվում է զինվորների ինքնապաշտպանությունը, վերջիններիս տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:

Մյուսը դեռևս նախաքննության փուլում է, մեղադրյալի կարգավիճակում Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն է։ Նրա փաստաբան Արսեն Սարդարյանը հայտարարություն տարածեց, որում խիստ մտահոգիչ է համարել այս մեղադրանքով Ջալալ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը չդադարեցնելը։ 

Իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ անհամաձայություն հայտնելու համար նա երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Պաշտպանը հայտարարեց, որ «թողնել՝ մերոնք են» հրամանին 10 րոպե անց հետևել է Ջալալ Հարությունյանի երկրորդ հրամանը՝ «թշնամին է, անցնել  շրջանաձև պաշտպանության, կրակ բացել, վերացնել հակառակորդին»։ 

Ինչպես նշեցինք, նույն դեպքի հետ կապված դատաքննություն է ընթանում, որտեղ վկայություններ են տալիս Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զինծառայողները։ Հարցաքննված մոտ մեկ տասնյակ վկաները դատարանին հայտնել են, որ «թողնել՝ մերոնք են» հրամանից մոտ 10 րոպե հետո եղել է երկրորդ հրամանը՝  «ոնց կարողանում եք՝ դուրս եկեք»։ 

Արսեն Սարդարյանի ուշադրությունը հրավիրեցինք այս երկու՝ իրար հակասող հրամանների վրա, ընդ որում՝ իր նշած հրամանի մասին առաջին անգամ իրենից ենք լսում։ Արսեն Սարդարյանը հայտնեց, որ ՊԲ շտաբի մատյաններում այս հրամանն է արձանագրված։ 

Փաստաբանի կարծիքով՝ տարածքից հեռանալու վերաբերյալ զորամասին տրված հրամանն անօրինական է եղել։ «Հեռացել են, որովհետև տեսել են հակառակորդի՞ն։ Ի՞նչ իրավունք ունեին հեռանալու, այդ տրամաբանությամբ 2020թ սեպտեմբերի 27-ին զորքը պետք է հավաքվեր հեռանա՞ր, կարող է զոհ չունենայինք։ Հարցադրումն այլ կերպ պետք է դրվի՝ ինչո՞ւ է հեռանալու հրաման տրվել կամ, եթե տրվել է, դրանից հետո ինչո՞ւ են ՊԲ շտաբից ճշտում՝ մնա՞ն, թե՞ գնան․․․»,- ասաց Ջ Հարությունյանի պաշտպանը։ 

Նա պնդեց, որ երբ հետախուզական խմբեր են ներթափանցել Հադրութ, Ջալալ Հարությունյանը բոլոր ստորաբաժանումներին հրամայել է, որ հետախուզական խմբերի մասով բոլոր տեղերում անցնեն շրջանաձև պաշտպանության, որպեսզի որևէ տեղից չկարողանան խոցել։ Նրա ասելով՝ հրամանը տրվել է դեպքից մեկ օր առաջ՝ 2020թհոկտեմբերի 10-ին կամ 11-ին։ Այդ հրամանին ծանոթ է եղել նաև Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը։ «Շրջանաձև պաշտպանություն չի նշանակում՝ հավաքենք զենքերն ու փախչենք։ Նշանակում է՝ շրջան կազմենք, դիրքավորվենք, զենքերն ու տեխնիկան բերենք պատրաստի վիճակի և պատրաստ լինենք հակառակորդին դիմագրավելու», - հավելեց պաշտպանը։

Արսեն Սարդարյանի կարծիքին, որ տարածքից հեռանալն անօրինական որոշում է եղել, պատասխանել է նաև Ջ Հարությունյանի գործը քննող նախաքննական մարմինը։ Մեղադրանքում նկարագրվում է նրա երկրորդ հրամանից հետո ստեղծված իրավիճակը, որի դեպքում անհար է եղել պաշտպանվել։ Բայց անգամ այդ իրավիճակում, հրամանատարի փախուստից հետո զինվորները պաշտպանություն են իրականացրել։ Դատարանում վկայություն տվողները հայտնում են, որ 40 րոպեից մինչև մեկ ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել, կռվել են մինչև վերջին փամփուշտը։ Պատահականության արդյունքում ողջ է մնացել 6 հոգի, որից երեքը վիրավորվել է։  

«Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ: 

2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցներ, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է ․․․»,– նախաքննական մարմինն այսպես է նկարագրում դեպքի մանրամասները։

Ահա այս իրավիճակում Ջալալ Հարությունյանի պաշտպանը շարունակում է պնդել, որ հրամանատարները տարածքը լքելու հրաման տալու իրավունք չեն ունեցել։ «Հրամանատարները (անունները չեմ ուզում տալ), երբ տեսել են հակառակորդի խմբավորումները, ասել են՝ հավաքվեք, լքում ենք տարածքը, որի իրավունքը չեն ունեցել։ Հակառակը՝ պետք է անցնեին շրջանաձև պաշտպանության, ոչ թե «լքում ենք՝ անցնել շրջանաձև պաշտպանության», այլ՝ պետք չէ լքել, պետք է անցնել շրջանաձև պաշտպանության։ Այստեղ է կազուսը»,- ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։ 

Ընդգծենք, փաստաբանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանի երկրորդ հրամանը եղել է՝ «անցնել  շրջանաձև պաշտպանության, կրակ բացել, վերացնել հակառակորդին»։ 

Գևորգ Գևորգյանի գործով դատավարության մասնակից կողմերը բոլոր վկաներին հարցնում են՝ առաջին հրամանից հետո կարո՞ղ էիք բոլորդ անվտանգ դուրս գալ տարածքից, եթե  չասվեր՝ «թողնել, մերոնք են»։ Պատասխանում են՝ այո, մենք արդեն հրետանին կցել էինք մեքենաներին և դուրս էինք գալիս տեղանքից, իսկ շրջանաձև պաշտպանության անցնելու երկրորդ հրամանից հետո մեքենաները չկարողացան մոտենալ։ Մենք արդեն կրակահերթի տակ էինք, մեքենաները խոցել էին։ 

Արսեն Սարդարյանին հարցրինք՝ պարզվե՞լ է, թե առաջին՝ «թողնել, մերոնք են» հրամանը ինչի՞ հիման վրա է արձակել Ջ Հարությունյանը։ Պաշտպանն ասաց, որ ըստ Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի՝ երկրորդ անգամ իբրև թե Ջ Հարությունյանը մոտենում է քարտեզին, հետախույզների հետ քննարկում է, վերադառնում և ասում է՝ մերոնք են։ «Երեք անձ է խոսում այդ մասին, և նրանցից երկուսն ասում են, որ Ջ Հարությունյանը ոչ հաստատուն կերպով է ասել՝ «մերոնք են»։ Գենադի Բաղդասարյանը այս պատասխանը փոխանցել է Դ–20 հրետանային դիվիզիոնի հրամանատարությանը, մատյանում դրանք արձանագրվել են»,– հայտնեց Արսեն Սարդարյանը։

Մեր հաջորդ հարցին՝ նախաքննությունը պարզե՞լ է, թե 10 րոպեում ՊԲ հրամանատարն ումից և ինչպես է պարզել, որ մերոնք չեն, թշնամին է։ Ասաց, որ առաջին հրամանի ժամանակ հայկական համազգեստով զորախումբ են տեսել, իսկ երկրորդի ժամանակ թևերին կարմիր ժապավեն են տեսել։ Կարմիր ժապավենը, այդ պահին եղած տվյալներով, հիմք է տվել միանշանակ ասելու, որ թշնամին է։ 

Մեր մյուս հարցին՝ ո՞վ է պարզել, որ նրանք թևերին կարմիր ժապավեն ունեն։ Արսեն Սարդարյանը հայտնեց, որ Դ–20 դիվիզիոնի հրամանատարությունից են այդ տվյալները հաղորդվել շտաբին։ Հենց զեկուցվել է կարմիր ժապավենի մասին, շտաբից խոցելու հրաման է տրվել։  

«Այդ մասին մատյանում արձանագրողը պնդել է, որ երկրորդ անգամ Ջ Հարությունյանն ասել է՝ խոցել։ Կապավորների սենյակում գտնվող այլ սպաներ էլ են վկայություն տալիս, որ Ջ Հարությունյանը հրաման է տվել՝ խոցել բոլոր տեսակի զինատեսակներով»,– հայտնեց Ա Սարդարյանը։ 

Ա Սարդարյանին ասացինք, որ «Ջուվառլու» կոչվող տեղամասում Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի հետ երկու սպա է եղել՝ ներկայումս ամբաստանյալի կարգավիճակ ունեցող, հիշյալ դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանը և կրտսեր սպա Արիկ Գոքորյանը։ Ա Գոքորյանը դեպքի մասին դատարանում հայտնել է, որ երեկոյան ժամը 5-ի մոտ դիվիզիոնի հրամանատարից հրաման են ստացել՝ ինչը որ հնարավոր է բարձել մեքենաներն ու դուրս գալ կրակակետից։ Մի քանի րոպե հետո հրամանը փոխվել է, ասել են՝ «թողնել» և նոր նշանակետ են տվել, որպեսզի նախապատրաստվեն հրաձգության։

Մեքենաները նորից ուղարկել է իրենց տեղը, իսկ անձնակազմին հրամայել է նշանակետերը նախապատրաստել։ Չանցած 5-10 րոպե՝ դիվիզիոնի հրամանատարը կրկին շնչակտուր հրաման է տվել՝ «ոնց կարողանում եք՝ դուրս եկեք»։ Անձնակազմին հրամայել է անցնել շրջանաձև պաշտպանության, որպեսզի մեքենաները մոտենան, անձնակազմը նստի և շարասյունով դուրս գան, բայց արդեն՝ առանց հրանոթները կցելու։ Մոտ մեկ ժամ մարտ են վարել, որից հետո հինգ հոգու է հաջողվել դուրս գալ շրջափակումից, զինվորներից 20–ը զոհվել են։

«Առաջին «թողնել» հրամանից հետո կհասցնեի՞ք հրանոթների փողերն ուղղել թշնամու ուղղությամբ և կրակել» հարցին նա պատասխանեց, որ 10 րոպեն բավականին ժամանակ էր դա անելու համար։ Արիկ Գոքորյանը հայտնեց, որ առաջին՝ «թողնել» հրամանից հետո հակառակորդը դեռևս տեսանելի չէր։ 

Արիկ Գոքորյանին առհասարակ անհասկանալի էր, թե ինչու էին հրետանին տարել Ջուվառլուի տարածք՝ առանց հետևակի։ Հաջորդը՝ անհասկանալի էր, թե հրետանին ինչու պետք է այդքան մոտ տարածքից կրակեր, ինչո՞ւ չէր ավելի հեռվում տեղակայվել։ Հատկապես, որ, ինչպես Ա Սարդարյանն է ասում, մեկ օր առաջ ՊԲ հրամանատարը նահանջի հրաման էր տվել։

«Պատճառահետևանքային կապը գուցե այստեղից է գալիս, բայց Ջալալ Հարությունյանը դրա հետ կապ չունի։ Դրա հետ առնչություն ունի Ցորի հրամանատարությունը, Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարը, գուցե նաև հրետանու պետ Գենադի Բադասարյանը։ Նա է ասել՝ գնացեք այդտեղ, զորամասի հրամանատարն էլ թող ասեր՝ ո՞ւր ես ուղարկում։ Եթե Գ Բաղդասարյանի ասածն այդ կարգի արկածախնդրություն էր, թող հարցը բարձրացներ ՊԲ հրամանատարի մոտ։ Ինչո՞ւ էին խելոք կատարում, չուզենալով, չտրամադրվելով»,– ասաց Ա Սարդարյանը։

Ապա հավելեց, որ Դ-20 դիվիզիոնը զորամասի մի մասն է, և զորամասի հրամանատարի հետ այդ հարցերը պետք է անընդհատ քննարկեին։ Ոչ թե ասեն՝ քանի որ Գենադի Բաղդասարյանը լավ չի տեղակայել իր զորամասերը, եկեք Ջ Հարությունյանին դատենք։  

Փաստաբանի տեղեկություններով՝ Գենադի Բաղդասարյանին մեղադրանք չի առաջադրվել։ «Իսկ գուցե նրան մեղադրանք չի առաջադրվում, որովհետև նա Ջալալի դեմ այնպիսի բաներ է գրում, որ իրականությանը չեն համապատասխանում։ Այս պահին նրա ցուցմունքը ո՛չ իր տեղակալի, ո՛չ կապավորների ցուցմունքներին չի համապատասխանում»,– հայտնեց Ա Սարդարյանը։ 

Պաշտպանի դիրքորոշումն այն է, որ զորամասը կրակահերթի տակ չէր ընկնի, եթե Դ-20 դիվիզիոնի հրամանատարության մոտ ծագած առաջին միտքը հավաքվել–գնալը չլիներ։ «Ես դա փախուստ եմ անվանում։ Հրետանու կանոնների համաձայն՝ պետք է այդտեղ դիտորդներ ունենային և հայտնաբերեին հակառակորդին, ոչ թե ՊԲ-ից տեղեկություն ուզեին։ Եթե լիներ, դիտորդը տվյալը կտար, շտաբ չէին զանգի տեղեկությունը ստուգելու համար»,– հայտնեց պաշտպանը։

Վերջինիս կարծիքով՝ դիվիզիոնի հրամանատարությունը պետք է պատասխանի՝ ինպե՞ս է դիտորդներին տեղակայել, որ հակառակորդը եկել հասել է իրենց մոտ ու հայտնվել են այդ վիճակում։ «Հենց սկզբից երևում է, որ նրանք փախչելու տրամադրություն են ունեցել»,– այսպիսի համոզմունք ունի պաշտպանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter