HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե-2024. պետական պարտքը կշարունակի աճել, սակայն չի հատի «կարմիր գծի» շեմը

Այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի մոտ 4.7 տրլն դրամի՝ սեպտեմբերի վերջին գրանցված 4.45 տրլն դրամի դիմաց, իսկ 2024-ի վերջում կկազմի 5.3 տրլն դրամ։ Նման կանխատեսում է դրված 2024 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում։

Կառավարությունը պետական պարտք է ներգրավում բյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Կանխատեսվում է, որ ինչպես այս տարի, այնպես էլ եկող տարի պետական պարտքը չի հատի «կարմիր գծի» շեմը։ Այդ շեմը վերաբերում է մասնավորապես Կառավարության պարտքին, որը ամբողջ պետական պարտքի առյուծի բաժինն է զբաղեցնում, փոքր մասնաբաժին (5-6%) ունի Կենտրոնական բանկը։

Ըստ հարկաբյուջետային կանոնների՝ եթե տարվա վերջի դրությամբ Կառավարության պետական պարտքը ՀՆԱ-ի 60%-ից ցածր է լինում, համարվում է, որ պարտքը կառավարելի և ոչ վտանգավոր շեմում է։

Իսկ 60%-ից բարձր ցուցանիշի դեպքում գործադիրը պարտավորվում է բյուջեի ծախսերը սահմանափակել, ինչպես նաև ներկայացնել ծրագիր՝ ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու վերաբերյալ:

Կառավարությունը նման իրավիճակում է հայտնվել 2020-2021 թվականներին։ Հաջորդող երկու տարիներին Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է։

Սպասվում է, որ այս տարվա վերջում Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 47%, իսկ 2024-ի վերջի դրությամբ այն կհասնի 48.4%-ի։ Բոլոր դեպքերում այն չի հատի «կարմիր գծի» շեմը։ 

Դոլարային արտահայտությամբ Կառավարության պարտքը 2024 թվականի վերջում, ըստ կանխատեսումների, կկազմի 11.9 մլրդ դոլար, իսկ դրամային արտահայտությամբ՝ մոտ 5.1 տրլն դրամ։ 

Նախատեսվում է 2023-2024 թվականներին Կառավարության պարտքի կառուցվածքում ավելացնել ներքին պարտքի՝ ՀՀ դրամով տեղաբաշխված պետական գանձապետական պարտատոմսերի կշիռը՝ հասցնելով 44.4%-ի։ 2022-ի վերջի դրությամբ այն 37.9% է։

Այս ռազամավարությունը պետական պարտքի կառավարման գործում նոր չէ։ Ըստ հիմնավորման՝ պետական պարտքի կազմում ՀՀ դրամով պարտքի կշիռը ավելացնելով և արտարժույթի կշիռը փոքրացնելով՝ նվազեցվում են վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը։

Գալիք տարում կավելանան նաև Կառավարության պարտքի սպասարկման ծախսերը։ Միայն տոկոսավճարները կկազմեն Հայաստանի պետական բյուջեի ամբողջ ծախսերի 10.7%-ը՝ 322.2 մլրդ դրամ։ Դա ավելին է, քան առողջապահությանը, կրթությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը և բազմաթիվ այլ ոլորտների հատկացվող գումարը։ 2023-ի բյուջեով հատկացված ցուցանիշի համեմատ պարտքի տոկոսավճարները կաճեն 49.4 միլիարդ դրամով կամ 18.1%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter