HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն

Հայաստանում հանքարդյունաբերության ծավալները արդեն երրորդ տարին է՝ անկման միտում են գրանցում։ Կրճատվում է մասնավորապես պղնձի խտանյութի արտադրությունը, որը էական դեր ունի հանքարդյունաբերության մեջ։ Ոլորտում ձեռնարկությունների խնդիրները, ինչպես Թեղուտի պարագայում, անմիջապես և ուղիղ ազդեցություն են թողել արտադրանքի ծավալների վրա։ Պարբերաբար խնդիրների առաջ է կանգնում նաև Սոթքի ոսկու հանքավայրը։ 

Զուգահեռ նվազում է պղնձի խտանյութի արտահանումը Հայաստանից։

Անկումը սկսվել է 2021-ի կեսերից

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին (2023 հունվար-սեպտեմբեր)  հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում կազմել են 357 միլիարդ դրամ։ Այստեղ պետք է հասկանալ հիմնականում մետաղական հանքարդյունաբերությունը (339 միլիարդ դրամ), ինչպես՝ պղնձի, մոլիդբենի, ոսկու արդյունահանումը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ամբողջ հանքարդյունաբերության ծավալները կրճատվել են 4.5%-ով։ 

Այս ցուցանիշը գուցե ուշադրության չարժանանար, եթե հանքարդյունաբերության անկում գրանցված չլիներ նաև 2022 թվականին՝ տարեկան 3.2%-ով, ինչպես նաև 2021-ին՝ 0.8%-ով։ Մինչդեռ դրան նախորդող առնվազն հինգ տարիներին հանքարդյունաբերության ծավալները աճել են՝ հիմնականում երկնիշ տեմպով։ Վերջին երկու տարիներին նվազում է նաև Հայաստանից պղնձի արտահանումը, որը Հայաստանի արտահանման առաջատար հորիզոնակններում է։ 

2021 թվականի օգոստոսից հանքարդյունաբերության ոլորտում սկսվել է անկումը և բացառությամբ մի քանի ամիսների՝ անկման միտումը շարունակվել է մինչև 2023-ի հունիս։ 

Այս ինֆոգրաֆիկայում հանքարդյունաբերության ծավալների ամսական փոփոխություններն են՝ յուրաքանչյուր ամիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ 

Վերջին մոտ երեք տարիներին ոլորտում ամենամեծ անկումը գրանցվել է 2022 թվականի մարտին։ Դրական դինամիկա է նկատվում 2023 թվականի հուլիսից։ 

2023 թվականի հունվար-սեպտեմբերին պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 13.4%-ով. Թեղուտը՝ գլխավոր «մեղավորների» շարքում

Հանքարդյունաբերության ոլորտի անկման վրա էապես ազդում է պղնձի խտանյութի ծավալների կրճատումը։ Պղնձի խտանյութի ծավալները անգամներով գերազանցում են մյուս մետաղական հանածոներին, հետևաբար՝ այս ոլորտում տատանումները էական ազդեցություն են թողնում ընդհանուր հանքարդյունաբերության վրա։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 208 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 13.4%-ով կրճատվել է։ Համեմատության համար, նույն ընթացքում արտադրվել է 18 հազար տոննա մոլիբդենի խտանյութ՝ աճելով 6.4%-ով։ 

Ավելացել է նաև ավազի, ցինկի խտանյութի և հանքարդյունաբերության այլ ճյուղերի թողարկումը, սակայն դրանք «չեն փրկել» ոլորտի ընդհանուր պատկերը։

Ինչ վերաբերում է ոսկու արդյունահանման տվյալներին, ցավոք, Վիճակագրական կոմիտեն չի հրապարակում այս մասին առանձին տվյալներ, սակայն 2020 թվականից` 44-օրյա պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները պարբերաբար խաթարվում են, ինչն էլ ազդում է արդյունահանման և արտահանման ծավալների վրա։ 

«Աքսես» վերլուծական կենտրոնի  ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը հանքարդյունաբերության անկումը պայմանավորում է մի քանի հանգամանքով, որոնք կապված չեն միամյանց հետ։ Կան իրավիճակային պատճառներ, որոնք ընդհանուր չեն ամբողջ ոլորտի համար։

Դրանցից առաջինը Թեղուտի հանքավայրի աշխատանքների ժամանակավոր դադարեցումն է։ «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փոխկապակցված է ՎՏԲ բանկի հետ, որը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով նախորդ տարվա կեսերից փաստի առաջ կանգնեց։ Պատժամիջոցների պատճառով Թեղուտից արտահանումը, հետևաբար՝ նաև արդյունահանումը խիստ սահմանափակվեց։ Որոշակի ամիսների հանքը չի աշխատել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է տնտեսագետը։ 

Մեր տեղեկություններով՝ Թեղուտի հանքավայրը այժմ շահագործվում է փոքր ծավալներով։ 

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակվող  իրական շահառուների հայտարարագրի, որը հրապարակվել է 10/03/2023-ին, «Թեղուտ» ՓԲԸ-ի 49.95 %-ի բաժնետերը ռուսաստանյան «ՎՏԲ Բանկ» ՓԲԸ-ն է։ 

«Հանքարդյունաբերության ծավալների վրա ազդեցություն են թողել նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքների պարբերաբար դադարեցումները՝ սկսած 2020 թվականից։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նկրտումների պատճառով խափանվել է Սոթքի հանքավայրում ոսկու հանքաքարի արդյունահանումը, որը շղթայաբար բացասաբար է ազդել նաև Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեության վրա»,- նշում է Հայկազ Ֆանյանը։

Թեև 2022 թվականի տվյալներով՝ Հայաստանը կտրուկ մեծացրել է ոսկու արտահանումը, սակայն «Հետք»-ը պարզել էր, որ դա ոչ թե ի հաշիվ Հայաստանից արդյունահանված ոսկու է, այլ՝ Ռուսաստանից բերված և վերաարտահանված ոսկու։ 

Հայկազ Ֆանյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ձեռնարկություններում պարբերաբար արտադրական խնդիրներ են առաջ գալիս՝ վթարներ, աշխատանքների դադարեցումներ, իրավական գործընթացներ և այլն։ Դա ևս ազդել է արդյունաբերության ծավալների վրա։  Երբեմն նման խնդիրների առաջ է կանգնում նաև խոշոր հանքարդյունաբերող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 

Նախորդ տարվա մարտին պարզ դարձավ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում հարկերից խուսափելու դեպքեր են գրանցվել և իրավական գործընթացի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ 15 միլիարդ դրամ վճարել պետական բյուջե։  

ԶՊՄԿ-ն վերջերս էլ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ պարզվեց, որ ընկերության գլխավոր սեփականատրերից մեկը՝ ռուս հայտնի գործարար Գլեբ Տրոցենկոն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Գլեբ Տրոցենկոյի՝ ԱՄՆ սև ցուցակում հայտնվելը նշանակում է, որ նրան փոխկապակցված ընկերությունների համար ևս ամերիկյան կողմը «փակում է դռները»։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ այն ընկերությունները կամ երկրները, որոնք հանքանյութ կգնեին ԶՊՄԿ-ից, ևս կարող էին հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ 

Սակայն ընկերությունից հայտարարեցին, որ Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում ԶՊՄԿ-ի իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարումից հետո։  

Թե այս գործընթացները ինչպես են ազդել ընկերության աշխատանքների և թողարկման ծավալների վրա, դեռևս հայտնի չէ, քանի որ հունվար-նոյեմբերի վիճակագրական տվյալները հրապարակված չեն։

Հայաստանի հանքարդյունաբերության վրա անվտանգային խնդիրների բացասական հետևանքների մասին է նշում նաև ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն Սոթքի ոսկու հանքավայրին և այն շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն է վերաբերում, այլև՝ այն ընկերություններին, որոնց համար հանքահումքը սահմանային գոտիներով տեղափոխելու խնդիրներ են առաջացել։ 

«Հանքարդյունաբերության ոլորտում նաև նոր էական ներդրումներ չեն կատարվում։ Ընկերությունները նոր «երակներ» չեն բացում, նոր տեխնոլոգիաներ չեն ներդրվում, որոնք պետք է նպաստեին արտադրողականության աճին։ Դա վերաբերում է ոչ միայն ԶՊՄԿ-ին, այլև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին, «Ախթալայի ԼՀԿ»-ին։ Չեն վերազինվում»,- նկատում է տնտեսագետը։

Նա հիշեցնում է, որ հանքարդյունաբերական ընկերությունները նաև հարկերի նվազում են գրանցում։ Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ ԶՊՄԿ-ն, այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ (2023թ. հունվար-սեպտեմբեր) պետական բյուջե է վճարել 52.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Չնայած առաջատարի դիրքին՝ հանքարդյունաբերողի հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 2.5 անգամ։

Ինչ վերաբերում է Թեղուտին, ըստ Պարսյանի՝ ի սկզբանե հանքավայրի պղնձի պարունակությունը գերագնահատվել է։ Ըստ նրա՝ նաև դա է պատճառը, որ հանքը մեծ թափով չի աշխատում։

2023-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի քանակը 28%-ով կրճատվել է

Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 147 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է մոտ 58 հազար տոննայով կամ 28%-ով։

Այս տարվա առաջին կիսամյակում արտահանված պղնձի խտանյութի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 228 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է 138 մլն դոլարով կամ մոտ 38%-ով։ 

Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արտահանված մեկ տոննա պղնձի խնատնյութի միջին արժեքը կազմել է 1790 ԱՄՆ դոլար, ապա այս տարվա առաջին կիսամյակում՝ 1554 դոլար։ Այսինքն՝ ոչ միայն արտահանման ֆիզիկական ծավալներն են կրճատվել, այլև՝ գինն է նվազել։ 

Էապես կրճատվել է դեպի Շվեյցարիա և Բուլղարիա արտահանումը: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Բուլղարիա արտահանվել է 79 հազար տոննա պղնձի խտանյութ, ապա այս տարվա նույն կիսամյակում այն կազմել է ընդամենը 20 հազար տոննա։ 

Հանքարդյունաբերողների արտահանումների վերաբերյալ Մաքսային ծառայության տարեկան տվյալները ցույց են տալիս, որ Բուլղարիա պղինձ է արտահանում հիմնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և քիչ քանակով՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն։ 

Ինչ վերաբերում է Շվեյցարիային, ապա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է ընդամենը 4 հազար տոննա պղնձի խտանյութ՝ նախորդ տարվա 50 հազար տոննայի դիմաց։ Հայաստանից Շվեյցարիա պղինձ է արտահանում «Թեղուտ» ընկերությունը։ Այստեղ նաև հարկ  է նշել, որ եթե 2021 թվականի ընթացքում «Թեղուտ»-ը Հայաստանից մոտ 90 հազար տոննա պղնձի խտանյութ է արտահանել, ապա 2022-ին՝ ընդամենը 13 հազար տոննա։ Սա ևս խոսում է այն մասին, որ Թեղուտի հանքից արտահանվող պղնձի խտանյութի քանակը կտրուկ կրճատվել է։ 

Հայաստանից պղնձի խտանյութ են արտահանում ոչ միայն ԶՊՄԿ-ն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն, այլև՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։  

Հանքարդյունաբերության կշիռը Հայաստանի տնտեսության մեջ նվազել է

Վերջին երկու տարիներին հանքարդյունաբերության կշիռը Հայաստանի տնտեսության մեջ նվազում է։ Եթե 2021 թվականին, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանի համախառն ներքին արդյունքի 5.5%-ն է ապահովել հանքարդյունաբերությունը, ապա 2022-ին՝ 3.8%-ը։ Այս տարվա առաջին երեք եռամսյակներին՝ 3-4%-ը։

Հանքահումքային արտադրանքի կշիռը նվազել է նաև Հայաստանի արտահանման կազմում։ Դա տեղի է ունեցել ինչպես հանքահումքի արտահանման ծավալների կրճատման, այնպես էլ՝ մյուս ապրանքների և գլխավորապես՝ վերաարտահանվող ապրանքների առաջանցիկ աճի արդյունքում։  

Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 685 մլն դոլարի հանքահումք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 12.7%-ով նվազել է։ 

Արդյունքում, եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտահանման կազմում հանքահումքը 22.2% տեսակարար կշիռ է ունեցել, ապա այս տարվա նույն ժամանակաշրջանում՝ 13.4%:

Ինչպես նշվեց վերևում, արդեն այս տարվա հուլիսից հանքարդյունաբերության ծավալների դրական դինամիկա է նկատվում։ Թե որքանով այն կպահպանվի և ինչպես կազդի արտահանման ու ընկերությունների վճարած հարկերի վրա, կերևա առաջիկա ամիսներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter