HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արմավիրի համայնքներում ավագանու արտահերթ նիստեր են հրավիրում՝ օրակարգում հրատապ հարցեր չունենալով 

Արմավիրի մարզի խոշորացված 7 համայնքները ավագանու արտահերթ նիստեր են հրավիրում՝ օրակարգում անհետաձգելի ոչ մի հարց չունենալով։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով արտահերթ նիստ կարող է հրավիրել համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Մարզի ոչ մի համայնքում ավագանին այդպիսի նախաձեռնություն չի ունեցել։ Իսկ համայնքների ղեկավարների հրավիրած արտահերթ նիստերի օրակարգերի համար մեկ օրինաչափություն է գործել՝ հանրային քննարկում պահանջող բոլոր փաստաթղթերն ընդունել են արտահերթ նիստերում, որպեսզի որոշման նախագծերը նախապես չհրապարակեն  ու բնակչության հետ քննարկումներ չկազմակերպեն։ 

Վաղարշապատ համայնքում այս տարի ավագանու 13 նիստ է տեղի ունեցել, որից 6–ը՝ արտահերթ։ Արտահերթ նիստերի օրակարգում անհետաձգելի հարցեր չկան, հետևաբար պատեհ–անպատեհ առիթներով նիստերն արտահերթ վերնագրելը ինչ-որ նպատակ ունի։ Բացի ավագանու երկու գումարումների նստաշրջանների միջակայքում ընկած ամռան արձակուրդային ամիսներից՝ հուլիս և օգոստոս, երբ կարող էր նիստ հրավիրելու անհրաժեշտություն առաջանալ, մնացած դեպքերում արտահերթ նիստի անհրաժշտություն չի եղել։

2023թ․-ը Վաղարշապատի ավագանին սկսել է արտահերթ նիստով (մարզի մյուս համայնքները՝ նույնպես)։ Հաստատել են համայնքի 2022թ բյուջեի հաշվետվությունը՝ առանց քննարկելու, հանրային լսումներ հրավիրելու և բնակչությանը հաշվետու լինելու, առանց ավագանու համապատասխան հանձնաժողովում քննարկելու։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել ենք, որ Վաղարշապատն այն համայնքներից է, որտեղ անգամ ձևականորեն ավագանու մշտական գործող հանձնաժողովներ չեն կազմավորել։ 

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2023թ մայիսի 5–ին կրկին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում նաև Վաղարշապատ համանքի 2022թ–26թթ զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու հարցն է եղել։ Ընդգծենք՝ Վաղարշապատ համայնքում համամասնական կարգով ավագանու ընտրություններ են տեղի ունեցել 2021թ դեկտեմբերի 5–ին, և նույն ամսում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ընտրացուցակը գլխավորող Դիանա Գասպարյանն ընտրվել է համայնքի ղեկավար։  ՏԻՄ օրենքի պահանջն է, որ համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո հինգ ամսվա ընթացքում զարգացման հնգամյա ծրագիրը ներկայացներ ավագանու հաստատմանը։ Սակայն, ինչպես «Հետք»–ի հրապարակման մեջ նշել ենք, ընտրվելուց անցել է 1,5 տարի, իսկ համայնքը դեռևս զարգացման ծրագիր չունի։ 

Այս հրապարակումից 10 օր անց Դիանա Գասպարյանն ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որը հաստատել է համայնքի 2022թ–26թթ զարգացման հնգամյա ծրագիրը։ Ծրագրի իրագործման 1,5 տարին արդեն անցել էր և ազնիվ կլիներ, եթե զարգացման ծրագիրը վերնագրվեր 2023–26թթ․–ի։ Ծրագիրն ընդունելու հիմնական պահանջն այն է, որ համայնքի կառավարումն ուրվագծող այս կարևոր փաստաթուղթը հանգամանալից քննարկվի բնակչության բոլոր շերտերի հետ, կարծիքներն ու առաջարկությունները հաշվի առնվեն, ավագանու մշտական հանձնաժողովներում քննարկվի, դիտողություններով լրացվելուց հետո փաստաթուղթը ներկայացվի ավագանու քննարկմանը։ 

Համայնքի ղեկավարին վերապահված այս պարտավորություններն ամրագրված են օրենքներով։ Դրանք իրականացնելու համար նոր ընտրված տեղական իշխանությունը առաջին իսկ նիստերում երկու կարևոր փաստաթուղթ է ընդունում՝  «Հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը» և  «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը»։ Վաղարշապատ համայնքի ավագանին երկու փաստաթղթերն էլ ընդունել է, բայց՝ ոչ կիրառելու նպատակով։

Համայնքի տարեկան բյուջեի հաշվետվությունը, տարեկան բյուջեի հաստատումը, զարգացման հնգամյա ծրագիրը, սուբվենցիոն ծրագրեր և այլ փաստաթղթեր ընդունելուն ներկայացվող պահանջները պարտավորեցնում են հանրային լսումներ իրականացնել։ Դա բնակիչներին համայնքի կառավարմանը մասնակից դարձնելու հնարավորություն է:  Այս փաստաթղթերն ավագանու արտահերթ նիստով ընդունելը նշանակում է, որ անտեսվել է տեղական ինքնակառավարման կարևոր սկզբունքներից մեկը՝ բնակիչների մասնակցությունը համայնքի կառավարմանը: 

Արտահերթ նիստի օրակարգը երեք օր առաջ է կազմվում, առնվազն մեկ օր առաջ է այն հրապարակվում ու տրամադրվում ավագանու անդամներին։ Սեղմ ժամկետով պայմանավորված՝ արտահերթ նիստը հանրային քննարկում չի նախատեսում։ Վաղարշապատ համայնքի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում տեղեկատվություն չկա երբևէ որևէ հարցով հանրային քննարկում կազմակերպելու մասին։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարը կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների, Կառավարության կողմից վարչատարածքային բաժանման ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը .․․

Այսինքն, թվարկված բոլոր փաստաթղթերը հերթական նիստերի օրակարգում պետք է ընդգրկվեին և տևական քննարկում անցնեին։ 

Համայնքի ղեկավարի անգործությունը կանխելու հնարավորություն ունեին համայնքի ավագանու կազմում ներկայացված մյուս կուսակցությունները, սակայն ոչինչ չեն արել։ Ավելին, անգամ ավագանու նիստերի ժամանակ չեն քննարկել նշված փաստաթղթերը։ Բոլոր նիստերի արձանագրություններում նշվում է, որ հարցեր տալու համար ոչ ոք չհերթագրվեց։

Վաղարշապատ համայնքի ավագանին բազմակուսակցական է՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն ունի 15 մանդատ, «Էջմիածին կուսակցությունների դաշինք»–ը՝ 10 մանդատ («Համերաշխություն», ՀՅԴ), ևս  2 մանդատ ունի «Հայրենատեր» կուսակցությունը։ Վերջին երկուսի ակտիվ գործունեության պայմաններում շատ բան կարող էր փոխվել։ Եթե ոչ քվերարկությամբ, գոնե քննարկելով կարող էին առարկել նշված փաստաթղթերն արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելուն և համայնքի ղեկավարին պարտավորեցնել զերծ մնալ լիազորությունները չարաշահելուց, ավագանու նիստերի հեռարձակումը կարող են օգտագործել հանրային կարծիք ձևավորելու համար և այլն։ 

Վերջին սյունակում՝ Վաղարշապատ համայնքի ավագանու անդամների բացակայությունների թիվը

Մինչդեռ, «Էջմիածին կուսակցությունների դաշինք»–ի և «Հայրենատեր» կուսակցության ավագանու անդամները կա՛մ չեն մասնակցում ավագանու նիստերին, կա՛մ հազվադեպ են մասնակցում ու ․․․ լռում են։ Մինչդեռ,  կուսակցությունները, նաև՝ ավագանին կայացնելու ճանապարհն այստեղից է սկսվում։

Ի դեպ, այս հնարավորությունն ունեն Արմավիրի մարզի գրեթե բոլոր համայնքները, բացառությամբ Արմավիրի։ Արմավիրը միակ համայնքն է, որտեղ ավագանին միակուսակցական է, բոլոր 27 մանդատները ՔՊ–ինն են, և նիստերն էլ չեն հեռարձակվում։ Այստեղ նույնպես արտահերթ նիստում են հաստատել 2022թ տարեկան բյուջեի կատարման մասին հաղորդումը, համայնքի տարեկան աշխատանքային պլանի մասին հաշվետվությունը, 2023թ տարեկան աշխատանքային պլանը, համայնքի 2024թ–ի սուբվենցիոն ծրագրերը և այլն։ Հայտարարել են, որ 2023թ բյուջեի նախագծի հանրային քննարկում են հրավիրել, սակայն քննարկում իրականացնելու մասին արձանագրությունը չկա։ 

Արմավիրի մարզի մնացած բոլոր համայնքներում ավագանու կազմը բազմակուսակցական է, սակայն ոչ մի տեղ այդ մանդատը չի օգտագործվում ավագանին կայացնելու համար։ 

Արաքս համայնքի ավագանու կազմում ՔՊ–ն 9 մանդատ ունի, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»–ը՝ 6 մանդատ, ևս 6 մանդատ ունի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը։ Վերջին երկուսի մանդատների թիվը միասին ավելին է, քան ՔՊ–ինը, սակայն ավագանու նիստերին այս կուսակցությունների ներկայացուցիչները չեն մասնակցում։

Վերջին սյունակում՝ Արաքս համայնքի ավագանու անդամների բացակայությունների թիվը

Մեծամոր համայնքում ՔՊ-ն ունի 21, ՀՅԴ–ն՝ 6 մանդատ։ Այս 6 հոգին բավարար են նախագծերի շուրջ քննարկում ծավալելու, իսկ լավ աշխատելու դեպքում հնարավոր է անգամ ուժերի հարաբերակցությունը փոխել, որովհետև ՔՊ–ականներից շատերը չեն մասնակցում նիստերին։

Բաղրամյան համայնքում ՔՊ-ն 11 մանդատ ունի, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր Բաղրամյան» դաշինքը՝ («Համերաշխություն» և ՀՅԴ կուսակցություններ)՝ 2 մանդատ։ Կարող էին լավ ընդդիմություն ձևավորել, բայց  հաճախակի են բացակայում նիստերից։

Խոյ համայնքում ՔՊ-ն ունի 14 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝  3 մանդատ։ Վերջին երկուսը նիստերին գրեթե չեն մասնակցում։

Վերջին սյունակում՝ Խոյ համայնքի ավագանու անդամների բացակայությունների թիվը

Փարաքար համայնքի ավագանու գործունեության մասին օրերս ենք գրել։

Աղյուսակները՝ համայնքապետարանների կայքէջերից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter