HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀԲ. տնտեսական աճը աշխարհում կդանդաղի, այդ թվում՝ Հայաստանում

Աշխարհաքաղաքական լարվածության բարձրացումը կարող է մոտ ապագայում նոր սպառնալիքներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար։ Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» նոր զեկույցը, որտեղ կանխատեսվում է, որ 2024 թվականին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 2.4%: Այդպիսով, երրորդ տարին անընդմեջ համաշխարհային տնտեսական աճի տեմպը դանդաղում է. 2021 թվականին գրանցվել է 6.2% աճ։ Դրան նախորդել էր անկումային 2020-ը։

Սպասվում է, որ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ կաճի, քան COVID-19-ին նախորդող տասնամյակում:

Համաշխարհային տնտեսական աճը (%)

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ

Ընդ որում, սպասվում է, որ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսություններն ավելի դանդաղ են աճելու։ Աճի դանդաղում է սպասվում համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող երկրներում, ինչպես ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում։

Զարգացող տնտեսություններ ունեցող շատ երկրների համար տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են՝ հաշվի առնելով արդեն իսկ գրանցվող ավելի թույլ տնտեսական աճը, համաշխարհային առևտրի լճացումը և վերջին տասնամյակների ընթացքում վարկավորման պայմանների խստացումը։

Տնտեսական աճի հետևանքներից է աղքատության մակարդակի բարձրացումը։ Ըստ Համաշխարհային բանկի վերլուծաբանների՝ մինչև 2024 թվականի տարեվերջ ցածր եկամուտ ունեցող երկրների մոտավորապես 40%-ը կշարունակեն ավելի աղքատ լինել, քան մինչև COVID-19 համավարակը։ Բացասական կանխատեսումներ կան նաև զարգացող երկրների համար։

Համաշխարհային բանկը տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում նաև Հայաստանում։ 2022-ին գրանցված երկնիշ տնտեսական աճի տեմպերը չեն պահպանվում։ Սպասվում է, որ 2023 թվականը կամփոփվի 7.1% տնտեսական աճով, 2024-ը՝ 4.7%, 2025-ը՝ 4.5%:

Չնայած, որ Հարավային Կովկասում Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի թուլացում է սպասվում, որը տնտեսական աճի դանդաղելու պատճառներից մեկը կլինի, միևնույն ժամանակ վերաարտահանումը և զբոսաշրջությունը կշարունակեն աճել և նպաստել տնտեսական աճին։ Որպես տնտեսական աճի խոչընդոտ դիտարկվում է նաև Հարավային Կովկասի երկրների ապրանքային կախվածությունը համաշխարհային շուկայից, լոգիստիկ խնդիրներն ու «Հայաստանի ու Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր շարունակումը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter