HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հրազդանի սանիտարական աղբավայրը կառուցվեց 10 տարում

Հրազդանում կառուցված սանիտարական աղբավայրը Կառավարությունը խոստանում է շահագործել 2024թ օգոստոս ամսից։ Սա այն ժամկետն է, երբ աղբահանության համար նախատեսված մեքենասարքավորումներն արդեն Հայաստանում պետք է լինեն։ «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրով» միջազգային մրցույթը շահած վրացական ընկերությունը խոստացել է «Ռենո» մակնիշի աղբատար մեքենաների ներկրումը սկսել փետրվարին, պայմանագրի վերջնաժամկետը օգոստոս ամիսն է։

«Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» (ԿԿԹԿ) շինարարական աշխատանքները՝ սանիտարական աղբավայրի և փոխաբեռնման կայանների կառուցումը, նախատեսվում էր ավարտել 2022թ․-ի տարեվերջին։ Հետո շինարարական աշխատանքների ավարտը պլանավորեցին 2023թ․-ի առաջին կիսամյակ, ավարտի մասին հայտարարվեց 2024թ․-ին։ Աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող անհրաժեշտ մեքենասարքավորումները, աղբատար մեքենաներն ու աղբամանները նույնպես 2023թ․-ին պետք է ձեռք բերեին։

Ծրագրի պատասխանատուներն աղբավայրը կառուցելու ժամանակացույցը շարունակաբար խախտելը պայմանավորում են ՎԶԵԲ-ի իրականացրած միջազգային մրցույթների դանդաղկոտությամբ։ Հրազդանի աղբավայրը կառուցել է իրանական «Արիաննա» ընկերությունը, երկու մարզերի բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները, աղբավայրի և փոխաբեռնման կայանների շահագործման համար անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը մշակել է շվեդական «ՍՎԵԿՈ» ընկերությունը, աղբահանության համար նախատեսված մեքենասարքավորումները ներկրելու է վրացական ընկերությունը։ Վերջին մրցույթով, որը դեռևս չի ավարտվել, խորհրդատու են փնտրում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի կարողությունները զարգացնելու համար։

«Աղբարկղերն ու աղբատար մեքենաները երբ տեղում լինեն, անձնակազմը համալրված լինի, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կսկսենք աշխատանքը»,– ձայնի ոչ ինքնավստահ տոնով ասում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը։

Ծրագրի իրականացման ընթացքից դատելով՝ քիչ հավանական է, որ աղբավայրը շահագործվի 2024թ․-ին, բայց գուցե պատրաստ կլինեն 2025-ին լիարժեք շահագործելու համար։

Կառավարությունը «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագիրը սկսել է 2014թ. դեկտեմբերի 19-ին։ Այդ օրը Կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 8.07 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կնքեց՝ Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարումը բարելավելու նպատակով։ Ծրագրի շահառուն Կոտայքի մարզի 7 քաղաքային համայնքներն էին և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը։

Որոշ ժամանակ անց ՎԶԵԲ-ի հետ քննարկեցին ողջ Գեղարքունիքի մարզը ծրագրում ներառելու հարցը, որպեսզի մարզի մյուս համայնքների համար առանձին աղբավայր չկառուցեն։ 2016թ․-ի ապրիլին ՎԶԵԲ-ի հետ նոր վարկային գումարի համաձայնագիր կնքվեց։ «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի ԿԿԹԿ ծրագրին» 11 մլն եվրո հատկացվեց, որից 5,5 մլն եվրոն վարկ է՝ լողացող տոկոսադրույքով, իսկ 5,5 մլն եվրոն`դրամաշնորհ:

Այս համաձայնագրով «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շահառու դարձան երկու մարզերի բոլոր քաղաքային համայնքները, իսկ գյուղական համայնքները ծրագրին պետք է միանային միջհամայնքային միավորումների միջոցով։

Վարկային համաձայնագրով՝ ՎԶԵԲ-ին վարկի մարումը պետք է սկսվեր 2019թ ապրիլից մինչև 2030թ ապրիլը։ Կառավարությունը 2018թ մարտի 22-ի որոշումով (297-Ա, վարչապետ Կարեն Կարապետյան) վարկի մարման պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգեց 2 տարի ժամկետով՝ մինչև 2020թ․-ի ապրիլ։

Համաձայնագիրը ստորագրելուց երկու ամիս հետո երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ, և աղբավայրը չկառուցվեց։

Կառավարությունը 2021թ ապրիլի 29-ին (փոխվարչապետ Տիգրան Ավինյան, N 664-Ա որոշում) ևս մեկ անգամ, արդեն 3 տարի ժամկետով երկարաձգեց ենթավարկային պայմանագրի ՎԶԵԲ-ին ունեցած պարտավորությունների կատարման ժամկետը՝ մինչև 2023թ ապրիլ։

2023թ հունիսի 1-ին ՎԶԵԲ-ի հետ ունեցած վարկային պայմանագրի կատարման ժամկետը երկարաձգվեց 7 տարով (փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, N 855-Ա որոշում), իսկ ենթավարկային պայմանագրի ՎԶԵԲ-ին ունեցած պարտավորությունների կատարման ժամկետը ևս 2 տարով՝ մինչև 2025թ ապրիլ։

2024թ․-ի դրությամբ Հրազդանի աղբավայրի տարածքում կառուցվել են վարչական շենք, աղբահանության մեքենաների կայանատեղի և սպասարկման ենթակառուցվածք, ջրի ռեզերվուարներ, պահեստ՝ վտանգավոր թափոնների համար, կեղտաջրերի հավաքման համակարգ, աղբավայրի տարածքն ամբողջովին ցանկապատվել է, մուտքին դարպասներ են տեղադրվել, ասֆալտապատվել են դեպի աղբավայր և աղբավայրի տարածքում առկա ճանապարհները, կառուցվել է նոր ճանապարհային հանգույց, տեղակայվել է կշեռք։

Ակունք և Մարտունի բնակավայրերում կառուցվել են փոխաբեռնման կայանների վարչական շենքերը, աղբի վերաբեռնման երկաստիճան հանգույցները, ասֆալտապատվել են ճանապարհները, պարսպապատվել՝ տարածքները, տեղադրվել՝ կշեռքներ։

Նոր աղբավայրը շահագործելուց հետո երկու մարզերի բոլոր աղբավայրերը պետք է փակվեն, ծածկվեն հողով ու բուսականությամբ։ Աղբավայրերի փակումն ու վերականգնումը համայնքապետարաններն իրականացնելու են իրենց միջոցներով։ Միաժամանակ համայնքների կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ներից կառանձնացվի աղբահավաքման գործառույթը ու կփոխանցվի ԿԿԹԿ ՍՊԸ-ին։

Աղբավայրում թափոնների տարանջատում և վերամշակում չի նախատեսվում, բայց այն կպարտադրվի օրենքով

Հրազդանի աղբավայրը 25-26 տարվա շահագործման համար է նախատեսված, տարեկան 130 հազար տոննա աղբի հաշվարկով։ Հաշվարկներն արվել են կոշտ կենցաղային թափոններն ամբարելու համար, վերամշակելու դեպքում՝ ավելի երկար կծառայի։ ՇՄԱԳ փորձաքննությունը, որն իրականացվել է 2020թ հոկտեմբեր ամսին, պահանջել է աղբավայրում նախատեսել աղբի տեսակավորման միջոցառումներ վերամշակման ենթակա նյութերը՝ թուղթ, ապակի, պլաստիկ և այլն, ինչպես նաև վտանգավոր թափոնները տարանջատելու համար։

«Աղբավայրում աղբը չի տեսակավորվելու։ Մեր հիմնական խնդիրը աղբը հավաքելն է, վերամշակողները հերթ են կանգնել՝ տեսակավորելու ու տանելու համար»,- ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։ Մարտունի և Ակունք համայնքներին մոտ գտնվող բնակավայրերից բերված աղբը խտացվելու է աղբի փոխաբեռնման կայաններում, մամլված աղբը մեքենաներով տեղափոխվելու է Հրազդանի աղբավայր։ Աղբավայրում ամեն օր աղբը փռվելու է 0,3 մ-ը չգերազանցող շերտով և ծածկվելու է նույն հաստության ավազի ու հողի շերտով։

Թեպետ ՏԿԵ նախարարությունը աղբի տեսակավորումը սանիտարական աղբավայրի խնդիրը չի համարում, բայց Հայաստանը արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը մինչև 2024թ․-ը ներդնելու պարտավորություն է ստանձնել։ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) ֆինանսավորումով 2022թ․-ից «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» չորսամյա ծրագիրն է իրականացնում։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրը համագործակցում է նաև ՏԿԵՆ-ի և Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱՊԸ) համակարգը ներդնելու ուղղությամբ։

Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը տեղեկացրեց, որ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին օրենք են մշակել, և նախագիծը փետրվարին կտեղադրվի e-draft կայքում։ Օրենքը կկարգավորի հետսպառողական թափոնների՝ անվադողեր, էլեկտրոնային թափոններ, մարտկոցներ, կուտակիչներ, գուցեև՝ արևային վահանակները, տեքստիլի թափոնները տարանջատելու հարցը։ 

«Թվարկված թափոնների տարանջատումը փաստացի դառնալու է օրենսդրական պահանջ։ Համակարգը ներդնելուց հետո արտադրողի ընդլայնված պատասխանատվության ընկերություններ (ԱՊԸ) կստեղծվեն, որոնք տեսակավորված թափոնների գնորդը կլինեն։ Այսինքն՝ նրանք են խնդրելու, որ գնեն թափոնները։ ԱՊԸ-ն կարող է պայմանավորվել և կատարած ներդրման դիմաց թափոններն անվճար հանձնել նրանց։ Օրենքի ընդունումից հետո և՛ համայնքապետարաններն են ունենալու աղբը տեսակավորելու պարտավորություն, և՛ ավելի շատ ԱՊԸ կազմակերպությունները, բայց շատ կարևոր է, որ նրանք դրա համար գումար են ունենալու»,– ասաց Հ Ալպետյանը։

Ծրագրի նպատակներից մեկն էլ սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգը ներդնելն է, որը պատրաստվում են իրականացնել Սևան քաղաքում։ Թափոնամաններ և հատուկ ստանդարտներով աղբատար մեքենա են գնելու Սևան քաղաքի համար։ «Սևանի համայնքապետարանի համար կարողությունները զարգացնելու միջոցառումներ կիրականացնենք, իսկ քաղաքի բնակչության համար՝ իրազեկման արշավներ։ Նաև բանակցում ենք վերամշակողների հետ, որպեսզի բացառվի տեսակավորված թափոնները աղբավայր լցնելը»,– հայտնեց ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։ 

Սևանում և՛ սեփական տներ կան, և՛ բազմաբնակարան շենքեր։ Բնակարաններին բրեզենտե պայուսակներ կտրամադրեն, որը կհեշտացնի աղբի տարանջատումը։ Սկբնաղբյուրում տարանջատված աղբը՝ թուղթ, պլաստիկ և ապակի, վերամշակողները կտանեն, իսկ մնացած կենցաղային աղբը կտեղափոխվի Հրազդանի աղբավայր։

Մինչև Յակոբեան բնապահպանական կենտրոնի նախաձեռնությունը, Սևան համայնքի Ծաղկունք գյուղում աղբի տարանջատման մշակույթը բնակիչների շրջանում արմատավորելու աշխատանքներ է իրականացրել «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն։ Թափոնների տեսակավորման տարաներ են բաժանել բնակիչներին։ Հանրային իրազեկման աշխատանքներից հետո բնակիչների հետ աղբը տեսակավորելու պարտավորության վերաբերյալ համաձայնագիր են կնքել: Յուրաքանչյուր տնտեսություն ունի տեսակավորման համար նախատեսված իր տարաները, տեսակավորումը տեղի է ունենում յուրաքանչյուրի տանը։ Վերամշակողները թափոնն անմիջապես հավաքում են տնտեսություններում տեղադրված թափոնամաններից։

Հ Ալպետյանն ասում է, որ Ծաղկունք գյուղում ավելի փոքր մասշտաբի՝ 200 տնային տնտեսության հետ է ծրագիրն արվել, և արդյունքները գոհացնող են։ Ծաղկունքի փորձը հուսադրում է, որ բազմաբնակարան շենքերի բնակչության հետ իրենց սպասվող դժվարությունները նույնպես հաղթահարելի են։

Համայնքներն առաջին անգամ միջազգային բանկի վարկառու ճանաչվեցին

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի երաշխավորը Հայաստանի կառավարությունն է, բայց վարկառուն երկու մարզերի 12 քաղաքային համայնքներն էին՝ Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Չարենցավան եւ Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ճամբարակ: Համայնքներն առաջին անգամ միջազգային բանկային համակարգից վերցված վարկի պատասխանատու ճանաչվեցին։

Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքային համայնքների ավագանիների որոշումներով ստեղծվեց առևտրային ընկերություն՝ «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ–ն («ԿԿԹԿ» ՍՊԸ): Համայնքները ԿԿԹԿ ՍՊԸ–ին փոխանցեցին վարկին առնչվող պարտավորությունները և նոր կառուցվող աղբավայրի շահագործումը։ ԿԿԹԿ ՍՊԸ–ն պետական ռեգիստրում գրանցվել է 2016թ սեպտեմբերի 24–ին։ Ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր բաժնեմասում համայնքներից յուրաքանչյուրը մասնակցության իր չափն ունի, որը սահմանվել է նրանց բնակչության թվաքանակի համամասնությամբ։ 

ՎԶԵԲ–ի հետ վարկային համաձայնագիրը կնքելուց երկու տարի հետո, 2018թ փետրվարի 15–ին կառավարությունը ենթավարկային պայմանագիր ստորագրեց «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ–ի հետ։ ՎԶԵԲ–ից ստացած 5,5 մլն եվրո ենթավարկի հիմնական գումարի, հաշվարկված տոկոսագումարների, միջնորդավճարի, հանձնավճարի և վերաձևակերպման վճարումների նկատմամբ պարտավորությունը փոխանցվեց այս ընկերությանը։ 

Սակայն, ծրագրի իրականացման ժամկետները երկարաձգելու ընթացքում վարչատարածքային փոփոխություններ տեղի ունեցան։ Հիշյալ քաղաքային համայնքների հետ միավորվեցին նաև գյուղերը։ Խոշորացման արդյունքում ավելացավ նաև համայնքների թիվը՝ 16 համայնք։ Կոտայքի մարզում ձևավորվեցին չորս նոր գյուղական համայնքներ՝ Գառնի, Ջրվեժ, Ակունք, Արզնի։ Նրանք իրենց բնակչության թվի համամասնությամբ նույնպես պետք է դառնան համավարկառու և ԿԿԹԿ ՍՊԸ–ում բաժնեմաս ունենան։

ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը հայտնեց, որ ընկերության կանոնադրական կապիտալում համայնքների ունեցած բաժնեմասերի չափը պայմանավորված էր բնակչության, բնակավայրի մեծության քանակով։ Այժմ այդ ցուցանիշները կփոխվեն, որովհետև բնակավայրերը մեծացել են, վարկի մարումն էլ նույն հարաբերակցությամբ է կատարվելու։

ՎԶԵԲ–ը «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ–ի խորհրդատուի համար նոր մրցույթ է հայտարարել, որի գործառույթը պետք է լինի ընկերության գործունեությանն աջակցելը։ «Երբ ընտրվի խորհրդատու ընկերությունը՝ նրա առաջին գործը լինելու է ընկերության վերակազմակերպումը։ Խորհրդատուն պետք է ընկերության նոր կանոնադրությունը մշակի, հիմնադիրների մասնակցության չափը որոշի կանոնադրական կապիտալում»,– ասում է ԿԿԹԿ ՍՊԸ–ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը։ 

Վարկային համաձայնագրի համար 3 տարի արտոնյալ ժամկետ է սահմանվել՝ մինչև 2019թ–ը, երբ ընկերությունն իր գործունեությունը կսկսեր ծավալեր և վարկը սպասարկեր։ Բայց, քանի որ այդ ժամանակ ծրագիրը դեռ չէր մեկնարկել, վարկի սպասարկման վճարը ֆինանսների նախարարությունն է փոխանցում պետական բյուջեից։ Ընկերությունը 2016թ.-ի սեպտեմբերին ֆինանսների նախարարության հետ կնքել է ենթավարկային պայմանագիր՝ ստանձնելով վարկը մարելու եւ սպասարկման ծախսերը հոգալու պարտականությունները: Այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից 2018-2019 թվականների ընթացքում ՎԶԵԲ–ին վճարված գումարները:

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի առաջարկով 12 համայնքները 2021թ–ից պարտավորվել են հոգալ ընկերության գործունեության և պահպանման ծախսերը՝ մինչև ծրագրի լիարժեք գործելը։ Նրանք ամեն տարի ընկերությունում իրենց ունեցած բաժնեմասերի համամասնությամբ գումար են փոխանցում։ Օրինակ, Սևան համայնքը, որը ԿԿԹԿ ՍՊԸ–ի կանոնադրական կապիտալում 10% բաժնեմաս ունի, ընկերությանը տարեկան փոխանցում է 720 000 դրամ:

Հրազդան, Մարտունի և Ակունք համայնքները ամենամյա ֆինանսական ներդրումից բացի, նաև գույքային ներդրումներ են կատարել ծրագրում։ Աղբավայր կառուցելու համար Հրազդան համայնքի ավագանու 2018թ մարտի 21–ի որոշումով ԿԿԹԿ ՍՊԸ–ին 24 հա հողամաս են նվիրաբերել։

Կոշտ կենցաղային թափոնների ներբեռնման կայան կառուցելու համար Մարտունի և Ակունք համայնքները անհատույց օգտագործման իրավունքով 0,5 հա հողատարածք են հատկացրել:

ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի ասելով՝ բնակչության շրջանում վճարունակության կարողության և պատրաստակամության անանուն հարցման արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, հիմնականում, պատրաստակամ են ավել վճարել, եթե աղբահանությունը լավ կատարվի։ Նախնական հաշվարկներով՝ մեկ շնչի համար աղբի վճարը ամսական 330 դրամ է սահմանվել։

Գլխավոր լուսանկարում՝ Հրազդանի սանիտարական աղբավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter