HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայ Արնան» դադարեցրել է թռիչքները. ֆինանսական խնդիրներ, չեղարկված տոմսերի գումարների վերադարձ, սպասողական վիճակ

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» («Fly Arna») անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում:

2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1,5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել:

Հիշեցնենք, որ այս ավիափոխադրողը հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով հալեպցի, լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, աշխատում է ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

«Ֆլայ Արնան», ըստ հիմնադիրների, աշխատում էր հենց «Air Arabia» բիզնես մոդելով, իսկ վերջինս լոուքոսթեր/բյուջետային ավիաընկերություն է:

Մինչեւ թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան եւ Իրան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին կատարել է Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը:

Դեկտեմբերի սկզբին հայկական մամուլը գրեց, որ ավիաընկերության թռիչքներն առաջիկայում դադարեցվելու են, քանի որ այն կազմակերպչական ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Արձագանքելով լուրերին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ավիաընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, եւ կարծիք հայտնեց, որ լուծումներ կտրվեն: Իր հերթին «Ֆլայ Արնայի» հայկական բաժնետեր ԱՆԻՖ-ը հայտարարեց, թե ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։

«Հետքն» էլ գրեց, որ նոյեմբերի վերջին հայկական ռեգիստրից հանվել է ավիափոխադրողի երկու «Airbus A320» տիպի օդանավերից մեկը, որն այնուհետ անցել է «Air Arabia»-ին: Այսինքն՝ հայկական օպերատորին մնացել է միայն մեկ ինքնաթիռ (հայկական գրանցումը՝ EK-YRB, թռիչքները՝ այստեղ):

2021-2023 թթ. «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալը մոտ 4,8 մլրդ դրամ էր, 2023-ի հոկտեմբերին այն դարձել էր շուրջ 6,8 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ին ավիաընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել էր եւս 2 մլրդ դրամ ներդնել: Այսպիսով՝ դեկտեմբերից մինչ օրս հայկական ավիափոխադրողի կանոնադրական կապիտալը 8,8 մլրդ դրամ է:

Նկատենք, որ վերջերս ԱՆԻՖ-ի գործերը նույնպես լավ չէին: Նախորդ ամռանը «Հետքը» գրել էր, որ, մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ուսումնասիրելով ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. փաստաթղթերը, եկել էր հետեւյալ եզրակացության. «Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»:

Այնուհետ ԿԿՀ-ն նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե, եւ այստեղ քրեական վարույթ էր սկսվել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Դրանից հետո վերադաս դատախազի որոշման հիման վրա քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե, որտեղ կատարվում է նախաքննություն: 

Նկատենք, որ 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը զուգահեռաբար մինչեւ 2021 թ. ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ. Երեւանի փոխքաղաքապետը:

Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահն այժմ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն է: Նորակազմ խորհուրդը գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին:

«Ֆլայ Արնայի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին մի քանի հարց էինք ուղարկել Տ. Ղազարյանին, սակայն ԱՆԻՖ-ից ստացված պատասխանները բավական խուսափողական են:

Հարցին, թե ինչու են բաժնետերերը 2023-ի տարեվերջին եւս 2 մլրդ դրամ ավելացրել ավիաընկերության կանոնադրական կապիտալին, ԱՆԻՖ-ը հայտնել է, որ պատճառը եղել են «Ֆլայ Արնայում» առաջացած «որոշակի ֆինանսական խնդիրները»: Ֆոնդը չի պատասխանել մեր հարցերին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից այս կողմ թռիչքներ չի կատարում, իսկ նոյեմբերից էլ մնացել է մեկ օդանավով: Խնդրել էինք նաեւ մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջեւ խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ: Սակայն սրան արձագանք չենք ստացել:

Դեկտեմբերյան իր հայտարարության մեջ ԱՆԻՖ-ը նշել էր, որ «Ֆլայ Արնան» ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ: ԱՆԻՖ-ի նորանշանակ ղեկավարից հետաքրքրվել էինք, թե արդյոք վերջին 2-3 ամիսներին կրճատումներ եղել են ավիաընկերությունում, ինչին բացասական պատասխան է տրվել:

Թռիչքների դադարեցմանը զուգահեռ՝ ավիաընկերության պաշտոնական կայքից հանվել են առաջիկա չվերթերը, չնայած ուղեւորները հասցրել էին դրանց համար տոմսեր ձեռք բերել: Ընկերությունից նրանց ասել էին, թե տեխնիկական խնդիր կա կայքում, որը մի երկու օրից կլուծվի, բայց, ինչպես տեսնում ենք, սա ավելի լուրջ եւ ժամանակատար հարց է: ԱՆԻՖ-ը «Հետքին» փոխանցել է, որ տոմս ձեռք բերած, սակայն չեղարկված չվերթերի ուղեւորներին «Ֆլայ Արնան» վերադարձրել է տոմսերի գումարները, եւ գործընթացը շարունակվում է: Ավիաընկերության հայկական բաժնետերը վստահեցնում է, որ որեւէ ուղեւոր այս ընթացքում տոմսերի գումարի վերադարձի հետ կապված չի տուժել:

Հարցրել էինք նաեւ, թե արդյոք պետք է սպասել ավիաընկերության թռիչքների վերականգնման: Եթե այո, ապա ե՞րբ է դա նախատեսվում: Բացի դրանից՝ «Ֆլայ Արնան» պատրաստվու՞մ է ընդլայնել ավիապարկը, թե՞ դեռ շարունակելու է թռիչքները մեկ ինքնաթիռով: Նկատենք, որ 2021-ի դեկտեմբերին ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ նախապես 2 օդանավով շահագործելու են 4 ուղղություն, իսկ հետո մեծանալու է թե՛ ավիապարկը, թե՛ ուղղությունների քանակը: Ըստ Փափազյանի՝ 5 տարի հետո (2026-2027 թթ.) «Ֆլայ Արնան» պիտի ունենար 15 օդանավ: Ինչպես տեսնում ենք, ընկերության ավիապարկը մեծանալու փոխարեն փոքրանում է, չվերթերն էլ չեղարկված են:

Արձագանքելով նշված հարցերին՝ ԱՆԻՖ-ն ընդամենը նշել է, որ ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ընթանում: Հավելել է, որ առաջիկայում «Ֆլայ Արնայի» գործունեության մասին առավել մանրամասն լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:

Լուսանկարում՝ EK-YRB-ն Սանկտ Պետերբուրգից ուղղություն է վերցնում դեպի Երեւան, 07.01.2024, jetphotos.com 

Մեկնաբանություններ (1)

Նուբար Ասլանյան
«Բոշին էշ չեկավ,Հայաստանին էլ «ԱՐՄԱՎԻԱ»(ու հանկարծ կողքից մի ձայն)՝ «Միայն արմավիա՞»...Արա դե ճիշտ ա ասում էլի...ԻՆՉ ԷԿԱՎ......(հեչ էլ հրապարակեք):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter