HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան է ծախսել Կառավարությունը լաստանավի ձախողված ծրագրի համար

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում առաջիկայում լաստանավ կամ կոնտեյներային նավ գործարկելու ծրագիրը վերագործարկել։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Փորձելով մեղմել Լարսի ճանապարհին առաջացող խնդիրները, որոնք հայ արտահանողներին պարբերաբար փաստի առաջ են կանգնեցնում, Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ երկար ժամանակ քննարկվում ու հայտարարվում էր բեռները ծովային ճանապարհով՝ լաստանավով Ռուսաստան հասցնելու ծրագրի մասին։

Ծրագիրը գործարկվեց նախորդ տարվա կեսերին, սակայնկարճ կյանք ունեցավ։

2023 թվականի հունիս-օգոստոսին իրականացվել են Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ կոնտեյներով բեռնվող նավով փոխադրման ծառայություններ։  

Փոխադրումներն իրականացրել է «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը (C&M International)։ Ընկերությունն այս ծրագրի շրջանակներում ճանաչվել է օպերատոր։ Փոխադրումներն իրականացնելու համար օպերատորը պարտավորվել է վարձակալել լաստանավ։

Պետությունը փոխադրումների համար գումար է հատկացրել ընկերությանը՝ որպես փոխհատուցում արտահանողներին, քանի որ ծովային ճանապարհով բեռնափոխադրումները լրացուցիչ ծախսեր են ենթադրել արտահանողների համար։

«Շահառուների փոխադրման ծառայության մատուցման դիմաց տրվել է փոխհատուցում 4 չվերթի կատարման համար»,- մեր հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից։ Ընդ որում՝ փոխադրումները կատարվել են ոչ թե լաստանավով, այլ՝ կոնտեյներային նավով։

Լաստանավային հաղորդակցությունը մի քանի ամիս է աշխատել, քանի որ արտահանողների և ներմուծողների շրջանում բավարար հետաքրքրություն չի առաջացրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այս տարվա հունվարի 8-ին հայտարարեց Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Լաստանավային հաղորդակցությունը պետք է այլընտրանք դառնար Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին, որն անցնում է վրաց-ռուսական սահմանով՝ Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով։ 

Լաստանավի ձախողված ծրագրի համար պետական բյուջեից 1.2 մլն դոլար է ծախսվել

Ծովային ճանապարհով բեռնափոխադրման չորս չվերթների փոխհատուցման համար պետությունը «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությանն ընդհանուր առմամբ մոտ 474 մլն դրամի գումար է վճարել։ 2023-ի հունիս-օգոստոսի միջին փոխարժեքով այն կազմում է 1.224 մլն դոլար։

Ծովային երթուղին սուբսիդավորվում էր պետության կողմից։ Չվերթերի և տրամադրված փոխհատուցման մասին տեղեկությունները հրապարակվել են Էկոնոմիկայի նախարարության կայքում։ 

«Մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերություններն օգտագործում են այդ լաստանավը այնպես, որ մենք ինքներս մեզ և մեր գործընկերներին համոզենք շարունակել այդ ծրագիրը»,- հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Վահան Քերոբյանը։

«Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին։ Ներկայում ընկերության սեփականատերը «Արմ շիփփինգ քամփնի» ՓԲԸ-ն է (Arm Shipping Company), որն էլ պատկանում է Ռուսաստանի քաղաքացի, հայազգի գործարար Դավիթ Իլոյանին։ Նա ղեկավարում է նաև բեռնափոխադրող «Black Sea Forwarding» ընկերությունը, որը գրանցված է Ռուսաստանում։ Ռուսական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Իլոյանը բաժնետեր է նաև ռուսական այլ ընկերություններում։

Լուսանկարը՝ Դավիթ Իլոյանի ֆեյսբուքյան էջից

Հիմնադրման սկզբում «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ի սեփականատեր է հանդիսացել Հենրիկ Մալերյանը։ Նրա դուստրը՝ Քրիստինա Մալերյանը, ժամանակին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում աշխատել է որպես երկաթուղու պետի տեղակալ (Октябрьская железная дорога): Հիմնադրման սկզբում «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ը գրանցված էր նույն հասցեում, ինչ Քրիստինա Մալերյանը։ Հետագայում փոխվել է ինչպես ընկերության սեփականատերը, այնպես էլ՝ գրանցման հասցեն։ 

Տես նաև՝

Ո՞ւր է անհետացել Վահան Քերոբյանի խոստացած լաստանավը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter