HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առևտուրն ու ծառայությունները «ծաղկում են», գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը՝ լճանում

Հայաստանի տնտեսական աճը շարունակում են ապահովել հիմնականում առևտուրն ու ծառայությունները, ոչ մեծ չափով՝ շինարարությունը։ Միևնույն ժամանակ, տխուր պատկեր է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում։ 

2023 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 8.7%-ով։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ)։ 

Նախորդ տարվա համեմատ տնտեսական աճի տեմպը նվազել է։ 

Վերջին տասը տարիներին Հայաստանում ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է 2022-ին, որին հիմնականում զարկ են տվել արտաքին բարենպաստ տնտեսական պայմանները՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները, մեծ ծավալի վերաարատահանումներն ու տրանսֆերտները։ Դրան նախորդել է հետքովիդյան 2021-ը և անկումային 2020-ը։ 

2022 թվականին սկսված միտումները շարունակվել են նաև 2023-ին, սակայն պայմանավորված բարձր բազայով և արտաքին ազեցությունների որոշակի թուլացմամբ՝ աճի տեմպն ավելի դանդաղ է։ 

Հայաստանի տնտեսական աճը շարունակում են ապահովել մեծ մասամբ առևտուրն ու ծառայությունները։ 2023 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է մոտ 9 տրլն 503 մլրդ դրամ, որը, ինչպես նշվեց վերևում, 2022 թվականի համեմատ աճել է 8.7%-ով։ 

Առևտուրն ու ծառայությունները ապահովել են ՀՆԱ-ի 59%-ը, արդյունաբերությանը բաժին է ընկել 17%-ը, շինարարությանը՝ 6.9%-ը, գյուղատնտեսությանը՝ 8.4%։ Մնացածը արտադրանքի հարկերն են։ 

Վիճակագրական կոմիտեն նաև հաշվարկել է, թե տնտեսության որ ոլորտների հաշվին է գրանցվել 2023-ի տնտեսական աճը։ Սա, թերևս, ամենակարևոր ցուցանիշներից է։ 

8.7% տնտեսական աճից 6.7%-ային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները 

2023 թվականին Հայաստանում գրանցված 8.7% տնտեսական աճի առյուծի բաժինը առևտրի ու ծառայությունների հաշվին է գրանցվել՝ 6.7%-ային կետը։ Ոչ մեծ նպաստում է ունեցել նաև շինարարության ոլորտը (1.07%-ային կետ)։ 

Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը գրեթե զրոյական նպաստում են ունեցել։ Նշված երկու ոլորտներում տարվա ընթացքում բացասական միտումներ են գրանցվել։ Միայն տարեվերջին որոշակի աճի շնորհիվ արդյունաբերության ոլորտը տարեկան 1.7% աճ է գրանցել, իսկ գյուղատնտեսությունը՝ ընդամենը 0.2%: Համեմատության համար՝ առևտրի ու ծառայությունների ոլորտում աճը 12.1% է կազմել։ 

Արդյունաբերության մեջ ներառվող հանքարդյունաբերության ծավալները արդեն երրորդ տարին է՝ անկման միտում են գրանցում։ 2023-ին հանքարդյունաբերության ոլորտում 6.6% անկում է գրանցվել։ Կրճատվում է մասնավորապես պղնձի խտանյութի արտադրությունը, որը էական դեր ունի հանքարդյունաբերության մեջ։

Ոլորտում ձեռնարկությունների խնդիրները, ինչպես Թեղուտի պարագայում, անմիջապես և ուղիղ ազդեցություն են թողել արտադրանքի ծավալների վրա։ Պարբերաբար խնդիրների առաջ է կանգնում նաև Սոթքի ոսկու հանքավայրը։ 

Զուգահեռ նվազում է պղնձի խտանյութի արտահանումը Հայաստանից։

Մշակող արդյունաբերության ոլորտում տարեկան աճը կազմել է 3.9%: Այստեղ էական դեր է ունեցել ոսկերչության ոլորտը։ 

Հատկանշական է նաև շինարարության վիճակը։ Թեև այս ոլորտում տարեկան 15.7% աճ է գրանցվել, սակայն այս ոլորտի ծավալներն ու տեսակարար կշիռը ՀՆԱ-ում շարունակում է զիջել մյուս ոլորտներին։ Հետևաբար, շինարարության ոլորտը այնքան մեծ նպաստում չունի Հայաստանի տնտեսական աճին, որքան օրինակ՝ առևտուրը։ 

Առաջին ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ ըստ ոլորտների, որտեղ անզեն աչքով էլ երևում է առևտրի ու ծառայությունների «թափը»։ Երկրորդում՝ նշված ոլորտների նպաստումն է տնտեսական աճին։

(ՖՄԱՉԾ՝ ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայություններ)

Ֆինանսական ոլորտը չի պահպանել աճի տեմպը. ծառայությունների ոլորտում աճով առաջատարը տեղեկատվության և կապի ոլորտն է

Մեկ տարվա ընթացքում ներքին առևտրաշրջանառության ծավալները Հայաստանում աճել են 24.8%-ով։ 

Իսկ ծառայությունների ոլորտից աճով առաջատարներն են տեղեկատվության և կապի ոլորտը, մշակույթ, զվարճությունների և հանգիստը, որտեղ ներառվում են բուքմեյքերական խաղերն ու խաղատները, ինչպես նաև՝ կացության և հանրային սննդի կազմակերպումը, այլ կերպ ասած՝ հյուրանոցներն ու հանրային սննդի կետերը։ 

Հատկանշական է, որ ծառայությունների ոլորտում միայն ֆինանսական և ապահովագրական գործունեության ծավալներն են կրճատվել։ Այս ոլորտը 2022-ին Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների ներհոսքից ամենանից շատ շահած ոլորտներից էր։ Նրանց մատուցած ծառայությունների հաշվին բանկերը ռեկորդային շահույթ գրանցեցին։ 2023-ին ևս բանկերը բարձր շահույթ են գրանցել, սակայն այն շուրջ 9%-ով զիջել է նախորդ տարվան։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2022-ը ֆինանսական ոլորտի համար «գագաթնակետն էր»։ 

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Տես նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter