HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է Կառավարությունը նախկին նախագահական ինքնաթիռը նվիրել Ավիաուսումնական կենտրոնին

Նախկին թիվ 1 բորտը կամ նախագահական ինքնաթիռը, որը մինչեւ 2007 թ. սպասարկում էր ՀՀ նախագահին, հունվարի 11-ին Կառավարությունը որոշել է նվիրել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին:

Նկատենք, որ 2019-ի հունիսի 6-ին գործադիրն օդանավը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր Ավիաուսումնական կենտրոնին (ԱՈւԿ): Փաստորեն, դրանից 4,5 տարի անց Կառավարությունը որոշեց գույքն ուղղակի նվիրել ուսումնական հաստատությանը:

«Տու-134Ա-3» տիպի օդանավը (նախկին հայկական գրանցումը՝ EK-65072) 2000-ականներին սպասարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ շահագործումից դուրս բերվել 2010 թ. (2007-ին ձեռք է բերվել նոր նախագահական ինքնաթիռ՝ «Airbus A319-100 ACJ», իսկ EK-65072-ը 2007-2010 թթ. շարունակել է պետական կարիքների համար թռիչքները):

Ռոբերտ Քոչարյանը EK-65072-ով ժամանել է Գդանսկ, 05.09.2004, հեղ.՝ Քշիշտոֆ Գոդլեւսկի

1977-ին թողարկված ինքնաթիռը նախկինում շահագործել են խորհրդային «Աէրոֆլոտն» ու Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները», իսկ 1990-ականներին ձեւափոխվել է VIP բորտի:

EK-65072-ը՝ Դուբայում, 20.03.2009, հեղ.՝ Փոլ Դենթոն

2010-ի օգոստոսի 12-ին Կառավարությունը որոշել էր օդանավն աճուրդի հանել 600.168.000 դրամ մեկնարկային գնով (այդ պահի փոխարժեքով՝ մոտ 1.635.000 դոլար):

Երկար ժամանակ «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը 2018-ի մարտի 22-ին գործադիրի որոշմամբ ամրացվեց Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտե): Որոշման հիմք էր դարձել այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը, որով շուրջ 483 մլն դրամ գնահատված օդանավը հանվել էր նախագահի աշխատակազմի հաշվեկշռից:

EK-65072-ը՝ «Զվարթնոցում», 02.01.2012, հեղ.՝ Պեպա Չեխ

Դրանից շուրջ մեկ տարի անց «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն դիմել էր իր վերադաս Քաղավիացիայի կոմիտեին, որն էլ իր հերթին դիմել էր Պետգույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով ուսումնական հաստատությանն ամրացնել կամ անհատույց օգտագործման տրամադրել այս ինքնաթիռը: Կառավարությունն էլ, ինչպես ասվեց, որոշել էր օդանավը ԱՈւԿ-ին տալ անհատույց օգտագործման իրավունքով: Այսինքն՝ այն շարունակում էր Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված մնալ:

Ինքնաթիռն ԱՈւԿ-ին հանձնելու հիմնավորումն այն էր, որ վերջինիս ուսանողներն ուսուցման ընթացքում պարբերաբար իրականացնում են պրակտիկ պարապմունքներ, ինչը նպաստում է նյութի յուրացմանը եւ պրակտիկ գիտելիքների զարգացմանը: Հաշվի առնելով այն, որ «Տու-134» օդանավը լրակազմված է, բայց չի շահագործվում, նպատակահարմար է համարվել այն օգտագործել՝ ուսումնավարժանքներ իրականացնելու համար, որոնք չեն հանգեցնի օդանավի վիճակի վատթարացմանը:

Կառավարությունը գտել էր, որ օդանավի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը ԱՈւԿ-ին կնպաստի ավիացիոն կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացին, ինչպես նաեւ ապագայում նոր ուսանողների քանակի եւ նոր մասնագիտությունների ավելացմանը: Ըստ այդմ՝ կենտրոնում դասավանդող դասախոսներից շատերն ունեն այդ տիպի օդանավում աշխատելու մեծ փորձ եւ կարող են ապահովել ուսանողների պրակտիկ աշխատանքների անցկացումը՝ առանց նյութական լրացուցիչ միջոցների օգտագործման:

«Հետքը» գրել էր, որ 2023 թ. աշնանը նախկին նախագահական օդանավը դուրս է բերվել «Զվարթնոցի» աերոդրոմի տարածքից եւ տեղափոխվել ԱՈւԿ-ի մոտ:

«Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից մեզ հայտնել էին, որ դա արվել է՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Գրել էինք, որ հավանաբար խնդիրն այն է, որ օդանավին մոտենալու նպատակով ԱՈւԿ-ի ուսանողներն ու դասախոսներն ամեն անգամ աերոդրոմ մտնելու համար, որը հատուկ պահպանության գոտի է, պետք է անցնեին օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցակետով՝ պահպանելով ընթացակարգը, իսկ այժմ, երբ ինքնաթիռն աերոդրոմից դուրս է, դրա կարիքը չկա:

Նախկին EK-65072-ը՝ ԱՈւԿ-ի դիմաց, 2023 թ. նոյեմբեր, հեղ.՝ Տիգրան Չախմախչյան

Կառավարության հունվարի 11-ի որոշման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որին ենթարկվում են Քաղավիացիայի կոմիտեն եւ Պետգույքի կառավարման կոմիտեն:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՏԿԵՆ-ն ու «Զվարթնոցի» կոնցեսիոները պայմանավորվել էին «Տու-134» օդանավը տեղափոխել ԱՈւԿ-ին հարակից տարածք՝ մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով, եւ կոնցեսիոներն արդեն իսկ կազմակերպել է օդանավի տեղափոխման ծառայությունների գնման գործընթաց։

Ըստ հիմնավորման՝ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված օդանավը ներառված է չօգտագործվող օդանավերի ցանկում եւ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: «Հաշվի առնելով, որ վերոնշյալ տեսակի օդանավի տեղափոխումը կատարվելու է օդանավի որոշ մասերի մասնատման եղանակով՝ օդանավի տարածքից դուրս հանելու հնարավորությունն ապահովելու նպատակով, որից հետո հնարավոր չի լինի այն շահագործել որպես օդանավ՝ ներկայացված նախագծով առաջարկվում է այն նվիրաբերել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին՝ մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով»,- ասվում է հիմնավորման մեջ։

Ինչպես վերեւում նշեցինք, նախորդ աշնանից ինքնաթիռն արդեն ԱՈւԿ-ի մոտ է: Այսինքն՝ աերոդրոմից դուրս բերելու համար այն նախ մասնատել են, հետո նորից հավաքել, ինչը թռիչքների համար այլեւս անպիտան է դարձրել օդանավը, չնայած հարկ է ընդգծել, որ առանց դրա էլ այս «Տու-134»-ը 47 տարեկան է, ինչը շատ մեծ տարիք է օդանավերի համար: Հավելենք, որ Կառավարությունն ինքնաթիռը գնահատել է 350 մլն դրամ: 

Առաջին լուսանկարում՝ նախկին EK-65072-ը՝ Ավիաուսումնական կենտրոնի դիմաց, 2023 թ. նոյեմբեր, հեղ.՝ Տիգրան Չախմախչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter