
Շահագործումից հանված օդանավերը հեռացվել են «Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմից
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հայկական, ինչպես նաեւ այստեղ ժամանող արտերկրյա օդանավերից բացի՝ աերոդրոմում եւ դրան կից տարածքում կարելի է տեսնել վաղուց չշահագործվող, թռիչքների համար այլեւս անպիտան, բայց, ամեն դեպքում, որոշակի արժեք ունեցող ինքնաթիռներ:
Մինչեւ վերջերս դրանք 7-ն էին: 6-ը նախկինում գրանցված էին ՀՀ օդանավերի ռեգիստրում, իսկ 1-ը՝ աֆրիկական Գվինեա պետության: «Հետքը» նախկինում տարբեր առիթներով գրել է հայկական գրանցում ունեցած բորտերի մասին:
Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից
Դրանցից մեկը նախկին նախագահական/կառավարական «Տու-134Ա-3»-ն է (նախկին հայկական գրանցումը՝ EK-65072), որը 2000-ականներին սպասարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ շահագործումից դուրս բերվել 2010 թ. (2007-ին ձեռք է բերվել նոր նախագահական ինքնաթիռ՝ «Airbus A319-100 ACJ», իսկ EK-65072-ը 2007-2010 թթ. շարունակել է պետական կարիքների համար թռիչքները): 1977-ին թողարկված ինքնաթիռը նախկինում շահագործել են խորհրդային «Աէրոֆլոտն» ու Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները», իսկ 1990-ականներին ձեւափոխվել է VIP բորտի:
EK-65072-ը՝ Դուբայում, 20.03.2009, հեղ.՝ Փոլ Դենթոն
2010-ի օգոստոսի 12-ին Կառավարությունը որոշել էր աճուրդի հանել օդանավը 600.168.000 դրամ մեկնարկային գնով (այդ պահի փոխարժեքով՝ մոտ 1.635.000 դոլար):
Երկար ժամանակ «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը 2018-ի մարտի 22-ին գործադիրի որոշմամբ ամրացվեց Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտե): Որոշման հիմք էր դարձել այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան կարգադրությունը, որով շուրջ 483 մլն դրամ գնահատված օդանավը հանվել էր նախագահի աշխատակազմի հաշվեկշռից:
EK-65072-ը՝ «Զվարթնոցում», 02.01.2012, հեղ.՝ Պեպա Չեխ
2019 թ. հունիսի 6-ին նախկին նախագահական ինքնաթիռը անհատույց օգտագործման իրավունքով Կառավարությունը հանձնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին: Գործադիրի որոշման հիմք էր դարձել ՓԲԸ-ի դիմումը իր վերադաս ՔԱԿ-ին, որն էլ իր հերթին դիմել էր Պետգույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով բաժնետիրական ընկերությանը ամրացնել կամ անհատույց օգտագործման տրամադրել այս ինքնաթիռը:
Ըստ այդմ՝ Ավիաուսումնական կենտրոնի (ԱՈւԿ) ուսանողներն ուսուցման ընթացքում պարբերաբար իրականացնում են պրակտիկ պարապմունքներ, ինչը նպաստում է նյութի յուրացմանը եւ պրակտիկ գիտելիքների զարգացմանը: Հաշվի առնելով այն, որ «Տու-134» օդանավը լրակազմված է, բայց չի շահագործվում, նպատակահարմար է համարվել այն օգտագործել՝ ուսումնավարժանքներ իրականացնելու համար, որոնք չեն հանգեցնի օդանավի վիճակի վատթարացմանը:
Կառավարությունը գտել էր, որ օդանավի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը ԱՈւԿ-ին կնպաստի ավիացիոն կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացին, ինչպես նաեւ ապագայում նոր ուսանողների քանակի եւ նոր մասնագիտությունների ավելացմանը: Ըստ այդմ՝ կենտրոնում դասավանդող դասախոսներից շատերն ունեն այդ տիպի օդանավում աշխատելու մեծ փորձ եւ կարող են ապահովել ուսանողների պրակտիկ աշխատանքների անցկացումը՝ առանց նյութական լրացուցիչ միջոցների օգտագործման:
Երկար ժամանակ «Զվարթնոցի» աերոդրոմի՝ կիրառությունից դուրս եկած օդանավերի հատվածում կանգնած «Տու-134Ա-3»-ն այս տարվա աշնանը դուրս է բերվել աերոդրոմի տարածքից եւ տեղափոխվել հարեւանությամբ գտնվող ԱՈւԿ-ի շենքի դիմաց:
Նախկին EK-65072-ը՝ ԱՈւԿ-ի դիմաց (հեռվում երեւում է նախկին EK-85403-ը), 2023 թ. նոյեմբեր, հեղ.՝ Տիգրան Չախմախչյան
Մեր հարցին, թե ինչու է օդանավը տեղափոխվել, «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնել են, որ դա արվել է՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Ըստ էության, խնդիրն այն է, որ օդանավին մոտենալու նպատակով ԱՈւԿ-ի ուսանողներն ու դասախոսներն ամեն անգամ աերոդրոմ մտնելու համար, որը հատուկ պահպանության գոտի է, պետք է անցնեին օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցակետով՝ պահպանելով ընթացակարգը, իսկ այժմ, երբ ինքնաթիռն աերոդրոմից դուրս է, դրա կարիքը չկա:
«ՀԱՈւ»-ի նախկին «Տու-154»-ն այլեւս կոնցեսիոների հաշվեկշռում չէ
«Զվարթնոցի» աերոդրոմում է գտնվում նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության «Տու-154Բ-2» ինքնաթիռը (նախկին գրանցումը՝ EK-85403), իսկ ավելի ճիշտ՝ դրա սավառնակը (պլաներ. սա օդանավի կմախքն է՝ առանց շարժիչի եւ սարքավորումների):
Նախկին EK-85403-ը՝ «Զվարթնոցում» (հետին պլանում՝ նախկին EK-65848-ը), 03.10.2018, հեղ.՝ Էրիկ Ռոմանենկո
1980 թ. արտադրված օդանավն աճուրդի էր հանվել 2004-ի գարնանը սնանկ ճանաչված «ՀԱՈւ»-ի սնանկության գործի շրջանակներում, սակայն գույքը չէր հաջողվում իրացնել աճուրդով: Ի վերջո, 2007-ի գարնանը դատարանը որոշել է թույլատրել այս ինքնաթիռն ու «ՀԱՈւ»-ի պահեստներում առկա գույքի մի մասը՝ ինքնաթիռների էվակուացիոն համալիրը, հատուկ տրանսպորտի սարքավորումների համալիրը, ուղղակի վաճառքով եւ շուրջ 17 մլն դրամով օտարել «Զվարթնոցի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին («ԱՄՕ»), որի հանդեպ «ՀԱՈւ»-ն պարտք էր կուտակել զբաղեցրած տարածքների մասով:
Նախկին EK-85403-ը՝ «Զվարթնոցում», 07.10.2023, հեղ.՝ Վահե Սարուխանյան
«ԱՄՕ»-ից, սակայն, տեղեկացել ենք, որ նախկին EK-85403-ի սավառնակը ներկայում հաշվառված չէ կոնցեսիոների հաշվեկշռում: Ընկերությունը չի մանրամասնել՝ սավառնակն օտարե՞լ է, թե՞ ուղղակի որպես անպիտան գույք դուրս է գրել իր հաշվեկշռից:
«ՀԱՈւ»-ի եւ «Էյր Արմենիայի» նախկին օդանավը հեռացվել է «Զվարթնոցից»
«Հայկական ավիաուղիների» մեկ այլ օդանավ՝ EK-65848 գրանցումով «Տու-134Ա»-ն, դատարանը նախկին ավիափոխադրողի սնանկության գործի շրջանակներում 2004-ի ամռանը թույլատրել է վաճառել ուղղակի գործարքի միջոցով: 1974-ին արտադրված օդանավը 80.000 դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Վերջինս 2006-ին էլ իրավունք է ստացել ձեռք բերել «ՀԱՈւ»-ի պահեստներում գտնվող գրեթե ութ տասնյակ ավիացիոն գույք:
EK-65848-ը՝ Ռուսաստանում, 2004 թ., հեղ.՝ Սերգեյ Գրիգորեւ
«Էյր Արմենիայի» EK-65848-ն, ըստ ՔԱԿ-ի, օդանավերի հայկական ռեգիստրից դուրս է բերվել 2008 թ. դեկտեմբերի 30-ին: Ապագրանցման ժամանակ հենց այս ավիաընկերությունն էր սեփականատերը: Այդուհանդերձ, տեւական ժամանակ այն կանգնած էր «Զվարթնոցի» աերոդրոմում՝ նախկին EK-85403-ի հարեւանությամբ:
Նախկին EK-65848-ը՝ «Զվարթնոցում» (հետին պլանում՝ նախկին EK-85403-ը), 2013 թ., հեղ.՝ Արմեն Գասպարյան
Հիշեցնենք, որ «Էյր Արմենիան» էլ սնանկ է ճանաչվել 2015-ի աշնանը, իսկ 2016-ի ամռանն սկսվել է ընկերության լուծարման վարույթ, ինչը նշանակում է, որ դրա գույքը պետք է վաճառվեր՝ պարտքերը հնարավորինս մարելու համար: «Էյր Արմենիայի» սնանկության աճուրդում այս «Տու-134»-ը չի եղել: Աճուրդով իրացվել են անշարժ գույք, մեքենաներ, գրասենյակային գույք, շրջանառու եւ հիմնական միջոցներ: Չնայած վերջին աճուրդը հայտարարվել էր 2020-ի օգոստոսին, մինչ օրս «Էյր Արմենիայի» սնանկության գործը չի ավարտվել:
3 օդանավերը՝ «Զվարթնոցի» տարածքում 16.04.2023 թ. դրությամբ
Կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Հետքին» հայտնել է, որ այս տարվա ամռանը «Տու-134Ա»-ն հանվել է «Զվարթնոցի» աերոդրոմից: «ԱՄՕ»-ն նշել է, որ դա կատարվել է ինքնաթիռի սեփականատիրոջ դիմումով: Թե ով է ներկա սեփականատերը, կոնցեսիոները չի հայտնել, իսկ թե ինչ նպատակով է օդանավը հանվել աերոդրոմի տարածքից, «ԱՄՕ»-ն տեղյակ չէ:
Առաջին լուսանկարում՝ նախկին EK-65072-ը՝ Ավիաուսումնական կենտրոնի դիմաց, 2023 թ. նոյեմբեր, հեղ.՝ Տիգրան Չախմախչյան
Մեկնաբանել