
Սնանկացած ավիաընկերությունների գործերով դատավորներն ու կառավարիչները փոխվում են, իսկ վարույթները ձգվում են տարիներով
Սնանկացած հայկական ավիաընկերություններից «Արմավիայի», «Էյր Արմենիայի» ու «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» գործերը դատարաններում ձգվում են տարիներով: Այդ ընթացքում փոխվում են դատավորներն ու սնանկության գործերով կառավարիչները, սակայն ընկերությունների լուծարման վարույթները դեռեւս մնում են անավարտ:
Հիշեցնենք, որ 2020-ին ի վերջո ավարտվեց նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիուղիներ» պետական ընկերության սնանկության գործը (որեւէ կապ չունի նույն անունով ներկայում գործող մասնավոր ավիաընկերության հետ): Այդ գործը մեկնարկել էր դեռ 2003-ին, իսկ 2004-ի մարտին ավիաընկերությունը սնանկ էր ճանաչվել, նույն տարվա նոյեմբերին էլ սկսվել էր «ՀԱՈւ»-ի լուծարման վարույթը, ինչը նշանակում էր, որ նրա գույքը պետք է օտարվեր, իսկ գոյացած միջոցներով մարվեին կուտակված պարտքերը: Բայց սնանկության գործը դատարանում ձգվեց ոչ ավել, ոչ պակաս 17 տարի, եւ միայն 2020 թ. դեկտեմբերին հայտարարվեց դրա ավարտի ու «ՀԱՈւ»-ի լուծարման մասին:
«ՀԱՈւ»-ի դատական այս ոդիսականի ընթացքում 4 դատավոր է փոխվել, ինչպես նաեւ սնանկության գործով 2 կառավարիչ:
Հիմա նույն ընթացքում են նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիան», ինչպես նաեւ «Էյր Արմենիա» եւ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունները:
«Արմավիայի» սնանկության գործը դատարանում մեկնարկել է 2014-ի սեպտեմբերին, հոկտեմբերին ընկերությունը սնանկ է հայտարարվել, իսկ 2015-ի ապրիլից նախկին ավիափոխադրողը գտնվում է լուծարման վարույթում: Սա վերը նշվածներից միակ ավիաընկերությունն է, որի գործը սկզբից մինչ օրս քննում է նույն դատավորը՝ Լիլիթ Կատվալյանը: 2014-2021 թթ. «Արմավիայի» սնանկության գործի կառավարիչը եղել է Կարեն Ասատրյանը, որի որակավորումը դադարեցվել է 2021-ին: 2021 թ. դատարանը նոր կառավարիչ է նշանակել Արտաշես Փարսադանյանին: «Արմավիայի» գույքի աճուրդի մասին վերջին հայտարարությունը նախկին կառավարիչ Կ. Ասատրյանն արել էր 2018-ի հոկտեմբերին: Օտարվող լոտը օդանավ էր, որն իրացվել է այդ տարվա նոյեմբերին: Այսինքն՝ «Արմավիայի» գործով աճուրդի հանված բոլոր լոտերն իրացվել են դեռ 5 տարի առաջ, սակայն մինչ օրս դատական քննությունը չի ավարտվել:
«Էյր Արմենիայի» սնանկության գործն էլ սկսվել է 2015-ի հուլիսին, նույն տարվա նոյեմբերին այն սնանկ է ճանաչվել, իսկ 2016-ի հուլիսից ընկերությունը գտնվում է լուծարման վարույթում: 2015-2019 թթ. սնանկության գործով դատավորը եղել է Կարինե Պետրոսյանը, որին փոխարինել է Արսեն Բաբայանը (քանի որ գործը հանձնվել է նոր ձեւավորված ՀՀ սնանկության դատարան, իսկ Պետրոսյանը չի նշանակվել սնանկության գործերով դատավոր, գործը փոխանցվել է Ա. Բաբայանին): 2015-2021 թթ. կառավարիչը Կարեն Ասատրյանն էր, որի որակավորումը, ինչպես ասվեց, դադարեցվել է: 2021-ին սնանկության գործով նոր կառավարիչ է նշանակվել Արամայիս Իսպիրյանը: «Էյր Արմենիայի» գույքի աճուրդի մասին վերջին հայտարարությունը Կ. Ասատրյանն արել է 2020-ի օգոստոսին: Ըստ այդմ՝ նույն տարվա սեպտեմբերին աճուրդի էին հանվել գրանիտե սալիկներ (մեկնարկային գինը՝ 155 հազ. դրամ): Մինչ օրս «Էյր Արմենիայի» սնանկության գործը եւս չի ավարտվել:
«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» սնանկության գործն էլ դատարան է մտել 2020-ի օգոստոսին: Նույն տարվա սեպտեմբերին ընկերությունը սնանկ է հայտարարվել: 2021-ի մարտից «Ատլանտիսը» գտնվում է լուծարման վարույթում: 2020-2023 թթ. այս գործով դատավորը եղել է Սամվել Թադեւոսյանը, որին տակավին վերջերս՝ սեպտեմբերին, փոխարինել է Լիանա Հարությունյանը, քանի որ Թադեւոսյանի՝ որպես դատավորի լիազորությունները դադարեցվել են հրաժարական տալու պատճառով: «Ատլանտիսի» սնանկության գործով կառավարիչը 2020-ից մինչ օրս Հովհաննես Եղյանն է: Սնանկության աճուրդով օտարվող գույքի մասին վերջին հայտարարությունը Եղյանն արել է 2022-ի փետրվարին: Վերջին լոտերը երկուսն էին՝ անշարժ գույք (մեկնարկային գինը՝ 90 մլն դրամ) եւ հաշվապահական ծրագիր (մեկնարկային գինը՝ 36 հազ. դրամ), որոնք, ըստ էության, իրացվել են նույն տարվա մարտին: Այսպիսով՝ վերջին աճուրդից անցել է մեկուկես տարի, սակայն «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» սնանկության գործը եւս դեռ քննության փուլում է:
Տես նաեւ՝
- Սնանկ ճանաչված ավիաընկերության գույքն աճուրդի կհանվի, բայց դրա վրա մեկ այլ գործով արգելանք կա
- Սնանկացած հայկական ավիաընկերությունը կլուծարվի. ի՞նչ կստանան պարտատերերը
- Օդաչուներն ու ուղեկցորդները ավիաընկերությունից պահանջում են իրենց վարձատրությունը, իսկ փոխադրողը սնանկության ճանապարհին է
- «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» սնանկության գործերով մնացել է վաճառել մեկական լոտ
- Սնանկացած ավիաընկերությունները տարիներով չեն լուծարվում
- Սնանկացած «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» չիրացված գույքի աճուրդները շարունակվում են
- «Էյր Արմենիայի» ու «Արմավիայի» գործերով թանկ լոտերը չեն իրացվում
- Սնանկացած ավիաընկերությունների գույքի վաճառքը դանդաղ է առաջ գնում
- «Էյր Արմենիայի» գույքը հանվել է աճուրդի
- «Արմենիան» սկսում է, «Էյր Արմենիան»՝ փակվում
- Սնանկության հայկական բանաձեւը- 2
- Սնանկության հայկական բանաձեւը
Մեկնաբանել