HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սնանկացած հայկական ավիաընկերությունը կլուծարվի. ի՞նչ կստանան պարտատերերը

Անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին սնանկ ճանաչված «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն մարտի 19-ից սնանկության դատարանի որոշմամբ գտնվում է լուծարման վարույթում: Սա նշանակում է, որ ավիաընկերության գույքը կամ վերջինիս պարտավորությունների համար գրավադրված եւ այլ անձանց պատկանող գույքը վաճառվելուց ու գոյացած գումարները ըստ հերթականության պարտատերերին բաժանելուց հետո ընկերությունը լուծարվելու է:

Այդպիսով՝ «Atlantis European Airways»-ը (AEA) բռնել է «Հայկական ավիաուղիների», «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» անցած ճանապարհը: Հիշեցնենք, որ վերջիններս, դեռ տարիներ առաջ հայտարարված լինելով սնանկ, մինչեւ հիմա գտնվում են լուծարման վարույթում:

Այն, որ «AEA»-ն չի առողջանա, այլ կմտնի լուծարման վարույթ, հասկանալի էր վաղուց այն պարզ պատճառով, որ նրա սնանկության նախաձեռնողը գլխավոր գործընկերն էր՝ «Յունիբանկը»: Բանն այն է, որ չնայած ավիաընկերության դե յուրե սեփականատերը երեւանցի Կարեն Բդոյանն է, ավիացիայի մարդիկ միաբերան պնդում են, որ ավիափոխադրողի թիկունքում հենց «Յունիբանկն» է, այսինքն՝ եթե հենց վերջինս է տարել «AEA»-ին սնանկության, պարզ է, որ ֆինանսական պարտավորություններ ունեցող ընկերության առողջացման մասին խոսելն ավելորդ էր:

Բայց մինչեւ բանկը կդիմեր սնանկության դատարան, ավիաընկերությունն արդեն ներքաշվել էր դատական գործերի մեջ: Արաբական «Meridien (FZE)» ընկերությունն, օրինակ, 2019-ին դատի է տվել «AEA»-ին եւ նրանից պահանջում է նախկինում իրենից վարձակալած «Boeing 737-500» ինքնաթիռի վարձակալության գումարը՝ 773 հազ. դոլար, գումարած՝ օրենքով հաշվարկվող տոկոսները: 2020-ի ամռանն էլ ավիաընկերության նախկին աշխատակիցներն են մտել դատարան՝ նրանից պահանջելով իրենց հասանելիք գումարները: Ու մինչ այս գործերը դոփում են տեղում (սրանցով դեռ նախնական նիստեր են, դատաքննություն չի սկսվել), սնանկության դատարանը շատ արագ բավարարել է այդ հայցերից ավելի ուշ ներկայացված «Յունիբանկի» դիմումը ու սնանկ ճանաչել «Atlantis European Airways»-ին՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով վերջինիս մյուս պարտատերերին, այդ թվում՝ նախկին աշխատողներին ու արաբական ընկերությանը:

«AEA»-ի սնանկության գործով դատարանը վերջնական ցուցակում հաստատել է 69 պահանջ: Դրանցից միայն երկուսն են ապահովված պահանջ, եւ երկուսն էլ ներկայացրել է «Յունիբանկը»՝ 264 մլն դրամի եւ 257 հազ. դոլարի չափով: Մեծ հարց է, թե արդյոք ավիաընկերության ունեցվածքը կբավարարի՝ չապահովված պահանջ ունեցող պարտատերերի պարտքերը մարելու համար:

Հատկանշական է, որ սնանկ ճանաչված «AEA»-ն հասել է նրան, որ պահանջների վերջնական ցուցակում իր նախկին 9 աշխատակիցների պահանջները գրանցվեն ավելի քիչ, քան նրանք պնդել են: Ընդ որում՝ սրանք այն աշխատողներն են, որոնք առանձին հայցերով դատի են տվել ավիաընկերությանը, բայց այդ գործերի քննությունը, ինչպես արդեն ասվեց, մինչեւ հիմա ձգձգվում է:

Սնանկության գործով պարտատերերի մեջ չկա արաբական «Meridien (FZE)»-ն, որի հայցով գործը քննում է Երեւանի դատարանը: Շեշտենք, որ հայցվորի միջնորդությամբ արգելանք է դրված «Atlantis European Airways»-ի երեւանյան անշարժ գույքի (2 միավոր), ինչպես նաեւ ավիաընկերության գործընկեր, դատարանում նույնպես որպես պատասխանող հանդես եկող կիպրական «Arolova Enterprises Limited»-ի օդանավի ու «Յունիբանկում» այս նույն ընկերության ունեցած բաժնետոմսերի (3,8 %) վրա:

Բայց այս դեպքում էլ ավիաընկերությունը, ավելի ճիշտ՝ նրա անունից հանդես եկող սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը, դիմել է հակաքայլի՝ ներկայացնելով հակընդդեմ հայց 900 հազ. դոլարի չափով, որը վարույթ է ընդունվել:

Ընդգծենք, որ չնայած «Meridien (FZE)»-ի հայցը վարույթ է ընդունվել 2019-ի սեպտեմբերին, դրա հակընդդեմ հայցն առաջին անգամ ներկայացվել է մեկ տարի անց՝ 2020 թ. սեպտեմբերի 16-ին՝ «AEA»-ի սնանկ ճանաչվելու հաջորդ օրը, ինչը հարցեր է առաջացնում: Հակընդդեմ հայցերը 3 անգամ վերադարձվել են թերի կամ սխալ ձեւակերպված լինելու պատճառով, եւ միայն 4-րդ փորձից է դատարանն այն վարույթ ընդունել:      

«Atlantis European Airways»-ի երեւանյան 2 միավոր անշարժ գույքի վրա արգելանք է դրված նաեւ նախկին 7 աշխատողների գործով, որը եւս քննում է Երեւանի դատարանը:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք եզրակացնել, որ «AEA»-ի սնանկության գործով, ըստ ամենայնի, կբավարարվեն «Յունիբանկի» ապահովված պահանջները, իսկ տակը մնացած ունեցվածքի (եթե, իհարկե, այդպիսին լինի) իրացումից ստացված միջոցները կբաշխվեն մյուս պարտատերերին:

Այս ֆոնին ավելի հետաքրքիր է թվում «Meridien (FZE)»-ի հայցով քաղաքացիական գործը, քանի որ այդտեղ սեղանին նաեւ մյուս պատասխանողի՝ կիպրական «Arolova»-ի գույքն է՝ օդանավն ու բանկում ունեցած բաժնետոմսերը, բայց, ինչպես տեսանք, պատասխանող կողմը (փաստացի՝ «AEA»-ի անունից հանդես եկող սնանկության գործով կառավարիչը) ձգտում է շահած դուրս գալ այս գործում՝ ներկայացնելով բավականին մեծ հակընդդեմ պահանջ:

Տպավորություն է, որ տեղի ունեցողը մշակված սցենար է. «Atlantis European Airways»-ը իր թիկունքին կանգնած եւ միաժամանակ պարտատեր հանդիսացող «Յունիբանկի» կողմից սնանկության տարվելուց հետո փորձում է առավել արդյունավետ ձեւերով ձերբազատվել մյուս պարտատերերի պահանջներից կամ գոնե նվազեցնել դրանք, որպեսզի առաջիկայում հնարավորինս քիչ վճարի նրանց եւ լուծարվի առանց «ավելորդ գլխացավանքի»:         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter