HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիայի» օդանավերի սեփականատերը դատի է տվել նախկին գործընկերներին. պատճառը 773 հազ. դոլար պարտքն է

Արաբական Շարժայի օդանավակայանի ազատ տնտեսական գոտում գրանցված «Meridien (FZE)» ընկերությունը դատի է տվել հայկական «Atlantis European Airways» ավիաընկերությանն ու կիպրական «Arolova Enterprises Limited»-ին: Սա ավիատորների վեճ է:

«Meridien»-ն անմիջական կապ ունի հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերության հետ, քանի որ նախկինում վերջինիս կողմից շահագործված 4 հատ «Boeing 737-500» տիպի օդանավերի տերն է, ավելին՝ թե՛ «Տարոն-Ավիայի», թե՛ «Meridien»-ի սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է: Դատական վեճի պատճառը ինքնաթիռի վարձակալության դիմաց չվճարած գումարն է, որն, ըստ հայցվոր «Meridien»-ի, կազմում է շուրջ 773 հազ. դոլար, գումարած՝ տոկոսները, որոնք, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, հաշվարկվում են դրամական պարտավորությունը չկատարելու հետեւանքով:

Հայցվորը դատարան է դիմել 2019 թ. օգոստոսին, եւ օրեր անց՝ սեպտեմբերին, հայցն ընդունվել է Երեւան քաղաքի դատավոր Արմենուհի Բադիրյանի վարույթ: Ըստ datalex.am հարթակի՝ գործն առայժմ ընթացքի մեջ է, դատաքննության փուլն էլ դեռ չի մեկնարկել: Առկա ինֆորմացիայից պարզ է դառնում, որ վեճի առարկան կողմերի միջեւ կնքված օդանավի վարձակալության եւ շահագործման պայմանագրով նախատեսված վարձավճարների մուծումն է, որը, Գառնիկ Պապիկյանի ընկերության տեղեկացմամբ, պատասխանողները պատշաճ չեն կատարել, հետեւաբար «Meridien»-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել «Atlantis European Airways»-ին եւ «Arolova Enterprises Limited»-ին համապարտության կարգով վճարել 773 հազար դոլար պարտքն ու համապատասխան տոկոսները:

Ֆինանսական վեճ՝ «հայտնի» օդանավի վարձակալության շուրջ

Չնայած որեւէ նշում չկա, թե ինչ օդանավի վարձակալության վերաբերյալ է վեճը, կարող ենք փաստել, որ խոսքը նախկինում ՀՀ-ում իբրեւ EK-73797 գրանցված բազմաչարչար ինքնաթիռի մասին է: Ինչու՞ բազմաչարչար. այն պարզ պատճառով, որ այս բորտը հերթական անգամ հայտնվում է փողի շուրջ ծագած վիճաբանության առանցքում: Շատերը կհիշեն 2015-ի ամռանը տեղի ունեցած միջադեպը, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծեծի էր ենթարկել «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանին: Պատճառն այն էր, որ այս ընկերությունը վարձակալել էր Գ. Պապիկյանի EK-73797 ինքնաթիռը, սակայն չլուծված գումարային հարցեր էին ծագել երկու ավիատորների միջեւ (ըստ մամուլի՝ «Էյր Արմենիան» պարտք էր մնացել 2,5 մլն դոլար), ինչին միջամտել էր Հայրապետյանը, եւ Ավետիսյանը հայտնվել էր հիվանդանոցում: Վերջինս, այդուհանդերձ, չէր բողոքել ՀՖՖ նախագահի դեմ, ու քրեական գործ չէր հարուցվել:     

Այժմ, փաստորեն, նմանատիպ մեկ այլ վեճ լուծվում է քաղաքավարի եղանակով՝ դատարանի միջոցով: Նշենք, որ «Atlantis European Airways» ավիաընկերության միանձնյա սեփականատերը 2018-ի մայիսից երեւանցի Կարեն Բդոյանն է, իսկ մինչ այդ ընկերությունը պատկանել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանի ընտանիքին: 

Հիշեցնենք, որ EK-73797-ը «Atlantis European Airways»-ի կողմից շահագործվել է 2018-2019 թթ., ավելի ճիշտ՝ հայկական ընկերությունը «թաց լիզինգի» պայմաններով օդանավը վարձակալության է տվել հունական եւ մոլդովական ավիաընկերությունների («Ellinair», «Fly One», «Air Moldova»): Դրանից հետո բորտը կրկին գրանցվել է «Տարոն-Ավիայի» անունով ու մի որոշ ժամանակ դեպի Ռուսաստան ու Վրաստան չվերթներ էր կատարում «Ավիակոմպանիա Արմենիայի» եւ դրա գործընկեր վրացական «Georgian Airways»-ի կարիքների համար: Երբ 2019-ի աշնանը «Տարոն-Ավիան» վերջնականապես լքեց հայկական շուկան, նրա անունով գրանցված բոլոր 4 «Boeing 737-500»-ները դուրս բերվեցին օդանավերի հայկական ռեգիստրից ու գրանցվեցին Գամբիայում: Այդուհանդերձ, EK-73797-ը, որն այժմ կրում է C5-BDF գրանցումը, մեր տեղեկություններով, դեռ Հայաստանում է:

Դատարանն արգելանք է դրել պատասխանողների գույքի վրա

Բուն վեճից զատից՝ «Meridien»-ի ու պատասխանողների միջեւ ծագել է նոր հարց, որը վերաբերում է հայցի ապահովման միջոցին: Այսպես՝ «Meridien»-ը գումարի բռնագանձման հայցը ներկայացնելիս դատարանին միջնորդել է կիրառել դրա ապահովման միջոց՝ արգելանք դնել պատասխանողների գույքի վրա: Դատավոր Բադիրյանը միջնորդությունը բավարարել է մասնակի. հայցագնի՝ 773 հազար դոլարի (մոտ 370 մլն դրամ) չափով արգելանք է դրվել «Atlantis»-ի եւ «Arolova»-ի գույքի վրա:

Դատարանի այս որոշման հիման վրա ԴԱՀԿ ծառայությունը արգելանքի է վերցրել հետեւյալ գույքը՝ «Atlantis»-ին պատկանող 2 միավոր անշարժ գույք Երեւանում (շուկայական ընդհանուր արժեքը գնահատվել է 202 մլն դրամ), «Arolova»-ին պատկանող եւ «Atlantis»-ի կողմից շահագործվող «Airbus A320-200» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-32002), ինչպես նաեւ այս օդանավի շահագործումից գոյացող դրամական միջոցները: Արգելանք է դրվել նաեւ «Atlantis»-ի բանկային հաշիվներում առկա մոտ 1,2 մլն դրամի վրա: Հատկանշական է, որ դատարանը մերժել է EK-32002-ի թռիչքների վրա արգելանք դնելու «Meridien»-ի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ ինքնաթիռի շահագործումից ստացվող միջոցները հետագայում կարող էին ծառայել պարտքը մարելուն (եթե, իհարկե, դատարանը ի վնաս պատասխանողների վճիռ կայացնի):  

2019-ի դեկտեմբերին «Atlantis»-ի ներկայացուցիչը միջնորդել է վերացնել գույքի վրա դրված արգելանքը, ինչը դատարանը կրկին բավարարել է մասնակի՝ վերացնելով միայն ավիաընկերության դրամական միջոցների վրա առկա արգելանքը: Սա չի գոհացրել «Meridien»-ին, որը դատավոր Արմենուհի Բադիրյանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Վերաքննիչը մերժել է «Meridien»-ի բողոքը

Այս բողոքին ի պատասխան՝ վերաքննիչ ատյանում «Atlantis»-ը հայտնել է, որ իր համար էական նշանակություն ունի ոչ թե բանկային հաշիվներին առկա գումարը (իրականում մեկ-երկու մլն դրամը ավիացիայի համար չնչին գումար է- հեղ.), այլ ընդհանրապես ավիաընկերության դրամական միջոցների վրա դրված արգելանքը, ինչը հնարավորություն չի տալիս իրեն բնականոն գործունեություն ծավալել՝ վճարել աշխատողների աշխատավարձերը, թռիչքային անձնակազմին ուղարկել անհրաժեշտ վերապատրաստումների, դասընթացների ու բուժզննման, որոնք ՀՀ գործող օրենսդրության պարտադիր պահանջ են: Արգելանքի պատճառով, ըստ «Atlantis»-ի, ինքը նաեւ չի կարող վճարումներ կատարել արտասահմանյան ու միջազգային գործընկերներին, որոնք իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկում, մատուցում աերոնավիգացիոն ծառայություններ եւ այլն:

Ահա թե ինչ համոզմունք է հայտնել «Atlantis»-ը. «Դրամական միջոցների վրա կիրառված հայցի ապահովման վերացմամբ որեւէ խոչընդոտ չի ստեղծվում պատասխանողի ենթադրյալ պարտավորությունների կատարման համար, ընդհակառակը, նույնիսկ եթե ենթադրենք, որ ընկերությունը գործի քննության արդյունքում դրամական պարտավորություններ ունենա հայցվորի հանդեպ, ապա դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու եւ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու արդյունքում շատ ավելի մեծ է հավանականությունը ընկերությունից գումար բռնագանձելու համար, եթե իհարկե, հայցվորի հիմնական նպատակը «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ի գործունեության դադարեցումն ու լուծարումը չէ, որին հասնելու համար նա օգտագործում է օրենսդրական լծակները»:

Պատասխանողը դատարանում նշել է, որ արգելանք է դրվել ոչ միայն իր անշարժ գույքի ու դրամական միջոցների, ինչպես նաեւ «Arolova»-ի օդանավի ու դրա շահագործումից ստացվող գումարների, այլեւ «Յունիբանկ» ԲԲԸ-ում «Arolova Enterprises Limited»-ի ունեցած բաժնետոմսերի վրա: «Atlantis»-ի հավաստիացմամբ՝ միայն այս բաժնետոմսերի եւ «Airbus A320-200» ինքնաթիռի արժեքները (դրանց չափերը չեն նշվում- հեղ.) մի քանի անգամ գերազանցում են «Meridien»-ի պահանջած գումարի չափը:

Վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Նարինե Բարսեղյան) գտել է, որ այն պարագայում, երբ իբրեւ հայցի ապահովման միջոց արգելանք է դրված «Arolova»-ին եւ «Atlantis»-ին պատկանող մի շարք գույքերի վրա, վերջինիս դրամական միջոցների վրա արգելանք կիրառելը համաչափ չէ ներկայացված պահանջին ու դրա ապահովմամբ հետապնդվող նպատակին, ինչպես նաեւ չի բխում արդարադատության պահանջից: Այս տարվա փետրվարին դատավոր Ն. Բարսեղյանը մերժել է «Meridien»-ի վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողել ստորին ատյանի որոշումը՝ «Atlantis»-ի դրամական միջոցները հանել արգելանքից:

Այսպիսով՝ ներկայում «Atlantis European Airways»-ը կարող է ազատորեն տնօրինել իր դրամական միջոցները, սակայն նրա երեւանյան անշարժ գույքը (2 միավոր), ինչպես նաեւ «Arolova Enterprises Limited»-ին պատկանող օդանավը եւ «Յունիբանկում» ունեցած բաժնետոմսերը շարունակում են մնալ արգելանքի տակ:                        

«Atlantis»-ի 3 օդանավերից 2-ն ունեն թռիչքային պիտանիության գործող վկայական 

Քաղավիացիայի կոմիտեի համաձայն՝ «Atlantis European Airways»-ը ներկայում ՀՀ-ում գրանցված է իբրեւ 3 հատ «Airbus A320-200» տիպի ինքնաթիռի (EK-32008, EK-32002, EK-32003) շահագործող: Սրանց նախկինում անդրադարձել ենք: Եթե EK-32002-ի սեփականատերը կիպրական «Arolova Enterprises Limited»-ն է, ապա EK-32008-ը պատկանում է հայկական «Յունիբանկ» ԲԲԸ-ին: Երկու օդանավերն էլ այս պահին ունեն թռիչքային պիտանիության գործող վկայականներ, իսկ ահա EK-32003-ի այդ վկայականի ժամկետը լրացել է 2019-ի սեպտեմբերի 15-ին եւ, բնականաբար, թարմացման կարիք ունի, այլապես ինքնաթիռը չի կարող շահագործվել: Ընդ որում՝ ՔԱԿ-ը EK-32002-ի գործունեության երկիր է նշում Հայաստանը, իսկ մյուս երկուսինը՝ Մոլդովան:

Մենք գրել ենք, որ չնայած «Atlantis European Airways»-ը թե՛ Մարությանների, թե՛ Բդոյանի ղեկավարման տարիներին ունեցել է եւ ունի իր ինքնաթիռները, մասնագետները, սեփական փոխադրումներ կատարելու համար անհրաժեշտ IATA-ի եւ ICAO-ի միջազգային կոդեր, այդուհանդերձ, ավիաընկերության հիմնական գործունեությունն իր օդանավերն այլ օպերատորների (հիմնականում՝ մոլդովական եւ հունական) վարձով տալն է:         

Առաջին լուսանկարում՝ «Տարոն-Ավիայի» («Meridien») EK-73797-ը եւ «Ատլանտիսի» («Arolova») EK-32002-ը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter