HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սնանկ ճանաչված ավիաընկերության գույքն աճուրդի կհանվի, բայց դրա վրա մեկ այլ գործով արգելանք կա

2020 թ․ սեպտեմբերին սնանկ ճանաչված «Atlantis European Airways» (AEA) ավիաընկերության գույքն առաջիկայում պետք է աճուրդի հանվի։ Այդ մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից։ Հայկական ավիաընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը հայտնել է, որ դիմել է դատարան՝ աճուրդի թույլտվություն ստանալու համար, ապա տեղեկացրել, որ այն նշանակվելու է նոյեմբերի 10-ին։

Աճուրդի է հանվելու ավիաընկերությանը պատկանող 2 միավոր անշարժ գույք (2 շինություն՝ իրենց հողամասերով, գնահատվել են 123 մլն եւ 67 մլն դրամ), որոնք գտնվում են Երեւանի Լեռ Կամսարի փողոցում եւ գրավի տակ են, ինչպես նաեւ պարտապանին պատկանող շարժական գույք (համակարգիչներ, աթոռ, պահարան եւ այլն), որի ընդհանուր արժեքը գնահատվել է 1,8 մլն դրամ։

Հիշեցնենք, որ «AEA»-ն սնանկ է ճանաչվել իր գլխավոր գործընկեր «Յունիբանկի» պահանջով։ Հենց բանկն է այն միակ պարտատերը, որի երկու պահանջներն ապահովված են գրավով, ու, թերեւս, խոսքը հենց Լեռ Կամսարի փողոցում գտնվող անշարժ գույքերի մասին է։ Ավիաընկերության պարտատերերի ընդհանուր թիվը շուրջ 70 է։ Բայց եթե «AEA»-ի ամբողջ գույքը վաճառվի աճուրդի մեկնարկային գնով կամ հետագայում դրա արժեքն իջեցվի, ապա «Յունիբանկից» բացի՝ մյուսներին ոչինչ չի հասնի, քանի որ բանկի պարտքն վաճառվելիք գույքերի արժեքից ավելի մեծ է՝ 264 մլն դրամ եւ 257 հազ․ դոլար։

Հետաքրքիր է, սակայն, որ աճուրդի հանվող գույքի վրա մեկ այլ դատարանի կողմից դրված արգելանք կա։ «Հետքը» նախկինում գրել էր, որ մինչեւ «Յունիբանկը» ավիաընկերության դեմ դիմում կներկայացներ սնանկության դատարան, «AEA»-ին գումարային պահանջներով արդեն իսկ դատի էին տվել «Տարոն-Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանին փոխկապակցված արաբական «Meridien (FZE)» ընկերությունը եւ «Atlantis»-ի նախկին աշխատողները։ Այս երկու գործերով էլ արգելանք էր դրվել «AEA»-ի վերոնշյալ 2 միավոր անշարժ գույքի վրա։

Հետագայում, սակայն, աշխատակիցների գործը Երեւանի դատարանը հանձնել էր սնանկության դատարանին, որը մինչ այդ հասցրել էր սնանկ հայտարարել ավիաընկերությանը։ Սնանկության դատարանն էլ կարճել է իրեն հանձնված գործի վարույթը՝ հիմնավորելով, որ երբ առկա է սնանկության մասին ուժի մեջ մտած վճիռ, քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման։ Ներկայում «AEA»-ի ոչ միայն այդ, այլեւ մյուս նախկին աշխատողները սնանկ հայտարարված ընկերության պարտատերերի թվում են, բայց հարց է, թե ինչ կհասնի նրանց։ Նկատենք, որ աշխատողների գործի վարույթը կարճելու հետ միաժամանակ սնանկության դատարանը «Atlantis»-ի անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացրել է։

Բայց նույնատիպ արգելանք դեռ կա Շարժայում գործող «Meridien»-ի հայցով։ Ընդ որում՝ վերջինս սնանկության գործով պարտատեր չէ ու արդեն 2 տարի փորձում է իր գումարները ստանալ քաղաքացիական հայցի միջոցով։ Այս գործով առաջիկա նիստը նոյեմբերի 2-ին է, բայց եթե Երեւանի դատարանն այս դեպքում եւս որոշի վարույթը հանձնել սնանկության դատարանին, ինչպես արվել է նախկին աշխատողների հայցով դատի ժամանակ, ապա «Meridien»-ը, թերեւս, պիտի դիմի սնանկության դատարան՝ իրեն սնանկության գործով պարտատերերի մեջ գրանցելու համար։ Չնայած այդ դեպքում եւս անորոշ կլինի, թե արդյոք ընկերությունը կկարողանա հետ ստանալ իր գումարները, քանի որ աճուրդի հանվող գույքը եւ դրա ընդհանուր արժեքը մոտ 70 պարտատերերի պահանջների ծավալի համեմատ շատ փոքր են։ «Meridien»-ի գործում հետաքրքիրն այն է, որ արաբական ընկերության հայցի ներկայացումից մեկ տարի անց՝ «AEA»-ի սնանկ ճանաչվելու հաջորդ օրը, «Meridien»-ի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել սնանկության գործով կառավարիչը։

Անկախ ամեն ինչից՝ datalex.am հարթակում այս գործով մինչ օրս չկա նշում այն մասին, որ «Atlantis European Airways»-ի 2 միավոր անշարժ գույքի վրայից արգելանքը հանվել է։ Ու ստացվում է, որ նման պայմաններում, երբ ուժի մեջ է Երեւանի դատարանի կողմից դրված արգելանքը, այդ գույքը պետք է հանվի աճուրդի սնանկության գործի շրջանակներում։           

Տես նաեւ՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter