HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բեռնափոխադրող «Հայվեյզ» ավիաընկերությունը օդանավ շահագործողի վկայական է ստացել

«Հայվեյզ» ավիաընկերությունը փետրվարի 27-ին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչը նրան առեւտրային (կոմերցիոն) թռիչքներ իրականացնելու իրավունք է տալիս: Վկայականի գործողության ժամկետը 16 տարով է՝ մինչեւ 2040 թ.:

«Հետքը» նախկինում գրել է, որ «Հայվեյզը» մտնելու է ավիաբեռնափոխադրումների շուկա: Նկատենք, որ ներկա պահին ՕՇՎ ունեցող մյուս 9 հայկական ավիաընկերությունները ուղեւորափոխադրողներ են:

Առայժմ «Հայվեյզը» չունի IATA-ի եւ ICAO-ի կոդեր, առանց որոնց չի կարող իրականացնել միջազգային թռիչքներ: Սակայն ընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը մեզ փոխանցել է, որ արդեն դիմել են միջազգային այդ կառույցներին եւ սպասում են նրանց պատասխանին: Ըստ Ստեփանյանի՝ առաջին ուղղությունները լինելու են դեպի Ռուսաստան, իսկ հետո նախատեսում են ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը դեպի ասիական երկրներ: «Հայվեյզը» նախատեսում է երկինք բարձրանալ այս գարնանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 11-ին «Հայվեյզը» Մեծ Բրիտանիայից Երեւան է տեղափոխել իր առաջին օդանավը՝ «Boeing 737-400SF» տիպի բեռնատար ինքնաթիռը, որը նախկինում գրանցված էր Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (VP-BCK): Փետրվարի 27-ին օդանավը ստացել է ՀՀ գրանցում՝ EK-HAY: 1997 թ. թողարկված ինքնաթիռը «Հայվեյզի» սեփականությունն է:

2023-ի աշնանը «Հետքի» հետ վերջին զրույցում անդրադառնալով օդանավի ձեռքբերմանը՝ Օ. Ստեփանյանը նշել էր, որ առժամանակ կաշխատեն այս մեկով, իսկ հետո կդիտարկեն ավիապարկն ընդլայնելու տարբերակը:

«Հայվեյզը» նախկինում ցանկանում էր մտնել ուղեւորափոխադրումների ոլորտ, բայց հետո ծրագրերը փոխվել էին: 2023 թ. մայիսին Օվսաննա Ստեփանյանը «Հետքին» հայտնել էր, որ օդով բեռներ տեղափոխելը ներկա պայմաններում բավական ձեռնտու բիզնես կարող է լինել: Գլխավոր պատճառը ծովային եւ ցամաքային ճանապարհով Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների դժվարություններն են: Ըստ Ստեփանյանի՝ այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ծաղիկները, պաղպաղակը, մրգերը, գինիներն ու կանաչեղենը, այլ փչացող մթերքներ, ամենաարագը կարելի է տեղափոխել հենց օդով:

Հայկական ավիացիայի որոշ ներկայացուցիչներ «Հետքի» հետ զրույցում այս ֆոնին կարծիք էին հայտնել, որ մեր շուկան բավական փոքր է օդային բեռնափոխադրումների համար, եղած բեռներն էլ կարելի է տեղափոխել մարդատար օդանավերով: Սակայն «Հայվեյզի» տնօրենն ասել էր, որ մարդատարների բեռնախցիկի դռները բեռնատարների դռներից ավելի փոքր են, եւ կան ծավալով մեծ բեռներ, կոնտեյներներ, որոնք հնարավոր չէ մտցնել մարդատարների մեջ: Ըստ Օվսաննա Ստեփանյանի՝ մարդատար բորտերը ուղեւորներից ու նրանց ուղեբեռներից դուրս կարող են տեղափոխել 2-3 տոննա բեռ, այնինչ «Boeing 737-400SF»-ն ունի 18 տ բեռ տեղափոխելու հնարավորություն: Սա համեմատելով հետխորհրդային բեռնատար «Անտոնովների» ու «Իլյուշինների» հետ՝ «Հայվեյզի» ղեկավարն ասել էր, որ «Boeing 737-400SF»-ի վառելիքի ծախսատարությունն ավելի քիչ է, ինչը, բնականաբար, դրականորեն է ազդում բեռնափոխադրման ծառայության գնագոյացման վրա: 

Մեծ Բրիտանիայում՝ դեռեւս նախկին գրանցումով, 20.02.2023, հեղ.՝ Դեյվ Սթարջիս/airteamimages.com

Ինչ վերաբերում է հայկական շուկայի փոքր լինելուն, Ստեփանյանը նշել էր, որ այն, իրոք, փոքր է, սակայն իրենց թիրախը ոչ միայն տեղական շուկան է, այլեւ հարեւան երկրներն ու տարածաշրջանները: «Հայվեյզի» դիտակետում են ԵԱՏՄ շուկան, Իրանն ու Վրաստանը, այլ երկրներ: Տարբերակներից մեկը մուլտիմոդալ փոխադրումներն են. ըստ այդմ՝ բեռները տարբեր երկրներից օդանավով կարող են բերվել Հայաստան, ապա բեռնատար մեքենաներով ուղարկվեն, օրինակ, Իրան ու Վրաստան: Հեռանկարում էլ դիտարկվում է Չինաստանից ու Հնդկաստանից բեռներ բերելու տարբերակը:

«Հայվեյզի» ղեկավարը մեզ նաեւ փոխանցել էր, որ բեռնափոխադրումների շուկա մտնելուց առաջ իրենք արել են համապատասխան ուսումնասիրություններ ու հաշվարկներ եւ այս ոլորտ մտնելը հիմնավորված են համարում: Ըստ Ստեփանյանի՝ տարբեր գործընկերներից ունեն առաջարկներ. վերջիններս պատրաստակամություն էին հայտնել օդանավի առկայության դեպքում օգտվել դրա ծառայություններից:

Հավելենք, որ փետրվարի 24-ին Քաղավիացիայի կոմիտեում կայացած հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ «Հայվեյզը» ծառայություններ է մատուցելու նաեւ պետության կարիքների համար:

2019-ին հիմնադրված այս ավիաընկերության միանձնյա սեփականատերը գործարար Գեւորգ Նալբանդյանն է, որը բիզնեսներ ունի Շվեդիայում եւ Հայաստանում։ Նալբանդյանի անունն առնչվում է տարբեր ոլորտների, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն (պահածոներ, գինիներ, ծխախոտ), կահույքի արտադրություն, առեւտուր, ֆինանսավարկային ոլորտ: Գ. Նալբանդյանը նաեւ ավիատեխսպասարկող «Քրոսս Թեքնիքս» ՍՊԸ-ի սեփականատերն է: Այս ընկերությունն է սպասարկում «Հայվեյզի» «Boeing 737-400SF» ինքնաթիռը:

Առաջին լուսանկարում՝ «Հայվեյզի» ինքնաթիռը Մեծ Բրիտանիայում՝ դեռեւս նախկին գրանցումով. 23.02.2023, հեղ.՝ Ստյուարտ Լոուսոն/airteamimages.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter