HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2023-ին Հայաստանից փողի արտահոսքն աճել է 55%-ով՝ հասնելով 4 մլրդ դոլարի. որտեղից է գալիս եւ ուր է գնում փողը

Հոդվածի պատրաստմանը մասնակցել է «Հետք Մեդիա Գործարանի» ուսանող Սոնա Սարգսյանը 

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների 2022 թվականի բարձր մակարդակը պահպանվել է նաև 2023-ին։ Մեկ տարում միայն Ռուսաստանից բանկերի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել մոտ 4 մլրդ դոլար։ 

Աննախադեպ ծավալի են հասել Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները՝ ավելի քան 4 մլրդ դոլար։ Այստեղ աշխարհագրությունն ավելի հետաքրքիր է՝ Ռուսաստանից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ, Մոնակո և այլն։  

Չի բացառվում, որ ուղիղ կապ կա դեպի Հայաստան և Հայաստանից դուրս դրամական փոխանցումների այս շղթայի և Հայաստանի միջոցով ռուսական ապրանքների վերաարտահանումների միջեւ։ 

2023-ին արտերկրից Հայաստան է փոխանցվել մոտ 5.7 մլրդ ԱՄՆ դոլար. հիմնական աղբյուրը պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն է

2023 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել, ընդհանուր առմամբ, մոտ 5 մլրդ 696 մլն ԱՄՆ դոլար։ Կենտրոնական բանկի տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ նախորդ տարվա համեմատ այս դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, աճել են 505 մլն դոլարով կամ 9.7%-ով։ 

Ինչպես նախորդ տարում, այնպես էլ 2023-ին տրանսֆերտների աճը, մեծ մասամբ, ապահովվել է Ռուսաստանից փոխանցումների հաշվին։ 

Մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 3 մլրդ 946 մլն դոլար, որը մեկ տարում աճել է 9.7%-ով։ Այդպիսով, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներն ամբողջ դրամական փոխանցումների մոտ 70%-ն են կազմել։ 

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին, 2021-ի համեմատ, Ռուսաստանից փոխանցումներն աճել են 4.1 անգամ։ 

Դա պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսաստանցիներով։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից՝ 2022-ի փետրվարից հետո, Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասն իր կապիտալը տեղափոխել է այստեղ։ Բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։

Իսկ 2023-ին, ինչպես երևում է, աճի այդ տեմպը չի պահպանվել։ Չնայած դրան՝ դրամական փոխանցումների ծավալը գերազանցում է նախորդ առնվազն 20 տարիների ծավալը։ 

Հայաստան դրամական փոխանցումների գծով երկրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Փոխանցումների ներհոսքը մեկ տարում կազմել է 663 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 1.1%-ով նվազել է։ 

Հատկանշական է Շվեյցարիայից կատարվող փոխանցումների կտրուկ աճը՝ մոտ 47%. մեկ տարում Հայաստան է փոխանցվել մոտ 141 մլն դոլար։ 

Հայաստան դրամական փոխանցումների առաջին հնգյակում են նաև Գերմանիան (103 մլն դոլար) և Մեծ Բրիտանիան (76 մլն դոլար)։ 

Տեսանելի աճ կա Արաբական Միացյալ Էմիրություններից փոխանցումների գծով։ 2023-ին Հայաստան է փոխանցվել 74 մլն դոլար, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 

Այս ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել բանկերի միջոցով արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները՝ ներհոսքը, ինչպես նաև՝ Հայաստանից արտերկիր փոխանցումները՝ արտահոսքը։ Կենտրոնական բանկի տվյալների հիման վրա առանձնացրել ենք ներհոսքի և արտահոսքի առաջին տասնյակը։ 

Ինչպես երևում է առաջին տասնյակից, նվազում կա ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ Ֆրանսիայի, Վրաստանի ու Ղազախստանի գծով։ 

Տնտեսագետ Աղասի Թավադյանը նկատում է, որ թեև տարեկան կտրվածքով Ռուսաստանից  դրամական փոխանցումների աճ կա, սակայն ամսական տվյալները վկայում են, որ 2023-ի մայիսից հետո, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, փողի ներհոսքը կրճատվել է։  

«Այս պահին միտումը բացասական է։ Մի կողմից արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները կրճատվում են, մյուս կողմից՝ աճում է Հայաստանից արտերկիր փողի արտահոսքը»,- ասում է տնտեսագետը։ 

Հարկ է նկատել, որ մինչև 2022 թվականը Ռուսաստանից Հայաստան հիմնականում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն էին փող ուղարկում։ 2022-ից հետո հիմնական աղբյուրը դարձան Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները։ Սակայն, ինչպես նկատում է Աղասի Թավադյանը, 2023-ի երկրորդ կեսից նրանք սկսել են ավելի քիչ գումար ստանալ և ուղարկել Հայաստանի բանկերի միջոցով, որը կարող է պայմանավորված լինել ինչպես նրանց սոցիալ-տնտեսական խնդիրներով, այնպես էլ՝ այն հանգամանքով, որ նրանց մի մասն արդեն լքել է Հայաստանը։

Դրանք ժամանակավոր փողեր էին, որոնք խթանեցին Հայաստանի տնտեսությունը՝ միևնույն ժամանակ մեծացնելով Հայաստանի տնտեսական կախվածությունը այդ փողերից և Ռուսաստանից։ 

«Հայաստանի տնտեսական աճը վերջին երկու տարում ապահովում են արտաքին գործոնները։ Տպավորություն է, որ կրկնվում է 2002-2008 թվականների պատմությունը, երբ արտաքին աշխարհից եկող, ցածր տոկոսադրույքներով գումարներով ապահովվեց Հայաստանի երկնիշ տնտեսական աճը, որից միայն 2-3 տոկոսային կետն էր ապահովվում ներքին տնտեսության հաշվին։ Փողերը հիմնականում գնում էին շինարարության ոլորտ, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո՝ 2008-ից հետո, պարզապես պայթեց»,- նշում է տնտեսագետը։

«Հայաստանից փողի արտահոսքի տեմպը մտահոգիչ է»

Ավելի արագ է աճել փողի արտահոսքը։ 2023-ին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 4 մլրդ 41 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1.4 մլրդ դոլարով կամ  55%-ով։ 

Փողի արտահոսքի էական աճ կա դեպի Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, ԱՄՆ, Մոնակո և այլն։

Մասնավորապես, 2023-ին Հայաստանից Ռուսաստան արված փոխանցումները ևս ավելացել են՝ հասնելով 641 մլն դոլարի, որը 2022 թվականի համեմատ աճել է 41.6%-ով։ 

2 անգամ աճել են Հայաստանից ԱՄԷ փոխանցումները, դրանք կազմել են 571 մլն դրամ՝ գերազանցելով ԱՄՆ-ի ցուցանիշը։ 

2023 թվականի ընթացքում աճել են նաև դրամական փոխանցումները Հայաստանից Սինգապուր և Իրան։ 

Դրամական փոխանցումների արտահոսքի մեջ ուշագրավ են նաև դեպի Հնդկաստան փոխանցումները։ Անզեն աչքով էլ երևում է, որ աշխատանքի նպատակով Հայաստան ժամանած հնդիկների թիվն օրեցօր ավելանում է։ Սակայն, տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից նրանց ուղարկած գումարներն այնքան մեծ չեն, որքան կարող է թվալ։ 2023 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից Հնդկաստան են ուղարկել ընդհանուր առմամբ 3.3 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 5.5%-ով։ 

Աղասի Թավադյանն ընդգծում է, որ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքի աշխարհագրությունը, ի տարբերություն նախորդ տարիների, դիվերսիֆիկացել է։ Օրինակ՝ Սինգապուրը, Մոնակոն, Մեծ Բրիտանիան, որոնք հայտնվել են առաջին տասնյակում, նախկինում ցածր հորիզոնականներում են եղել։ 

Թե ի՞նչ նպատակով են Հայաստանից գումարներ ուղարկվում, և ի՞նչ նպատակով են Հայաստան ուղարկվում, կարելի է միայն ենթադրություններ անել, քանի որ Կենտրոնական բանկն այլ տվյալներ չի հայտնում։

Չի բացառվում, որ դրանք Հայաստանից վերաարտահանումների շղթայի մի մասն են։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանը մի շարք ապրանքների համար, ինչպես՝ ավտոմեքենաներ, ադամանդ, ոսկի և ոսկերչական արտադրանք, տեխնիկա և այլն, դարձել է տարանցիկ երկիր։ Ապրանքներն այլ երկրներից ներմուծվում են Հայաստան և արտահանվում Ռուսաստան, կամ գործում է հակառակ սխեման՝ Ռուսաստանից ներմուծվում է, օրինակ՝ ադամանդ, ոսկերչական արտադրանք և արտահանվում Արաբական Միացյալ էմիրություններ, Հնդկաստան և այլն։ 

Վարկածները կարող են շատ լինել, սակայն մի բան, ըստ Աղասի Թավադյանի, ակնհայտ է՝ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ կլանել այն փողերը, որոնք արտերկրից փոխանցվում են, հետևաբար՝ դրանք արտահոսում են։ 

«Արտահոսքի այս տեմպերը մտահոգիչ են։ Այսօրվա մեր տնտեսության մեջ արտերկրից եկած դրամական հոսքերն էական դեր են խաղում։ Դրանք նպաստում են ծառայությունների աճին, սպառմանը, աշխուժացնում են տնտեսությունը։ Սակայն, ի սկզբանե՝ դեռևս 2022-ի ապրիլից, արդեն պարզ էր, որ դա կարճաժամկետ ազդեցություն է և հիմա էլ տնտեսական աճը ռիսկի տակ է»,- ասում է տնտեսագետը։

Ըստ նրա՝ եթե արտաքին գործոնները, այդ թվում՝ այս դրամական փոխանցումները սկսեն նվազել, Հայաստանի կառավարությունը, հնարավոր է, չկարողանա ապահովել բյուջեով ամրագրված 7% տնտեսական աճը 2024 թվականին։ 

Վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով 2023 թվականը ռեկորդային է եղել ինչպես դրամական փոխանցումների ներհոսքի, այնպես էլ՝ արտահոսքի գծով։ Սակայն, հաշվի առնելով ամսական կտրվածքով վերջին բացասական միտումները, չի բացառվում, որ 2024 թվականն ամփոփվի դրամական փոխանցումների նվազմամբ։ 

Այս ընթացքում դրամական փոխանցումների անկում է գրանցվել միայն 2015-2016 թվականներին և 2020 թվականին՝ COVID-19-ի բռնկման տարում։ 

Բացի ներհոսքից և արտահոսքից, փորձագետները կարևորում են նաև դրամական փոխանցումների զուտ ներհոսքը։ Այն ներհոսքի և արտահոսքի տարբերությունն է։ Խոշոր հաշվով՝ սա այն գումարն է, որը մնացել է երկրում՝ տնտեսության մեջ։ 

2023 թվականի զուտ ներհոսքը կազմել է մոտ 1 մլրդ 655 մլն դոլար։ Այն նախորդ տարվա համեմատ նվազել է 36%-ով, քանի որ, ինչպես նշվեց վերևում, փողի արտահոսքն ավելի արագ է աճել, քան ներհոսքը։ 

Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter