HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Ավստրիացի հայագետը պարգևատրվել է Արցախի մշակութային ժառանգության ուսումնասիրության համար

«Շտեֆանուս» հալածյալ քրիստոնյաների հիմնադրամը 2024 թվականի ապրիլի 20-ին Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յասմին Դում-Թրագուտին պարգևատրել է այս տարվա Շտեֆանուս հատուկ մրցանակով։ Հիմնադրամը գիտնականին հատուկ գնահատանքի է արժանացրել Լեռնային Ղարաբաղի հայ-քրիստոնեական ավանդույթները հետազոտելու և նվիրվածության համար: «2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման միջոցով Լեռնային Ղարաբաղից արտաքսվեց հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, ինչից հետո տեղի հայկական մշակութային ժառանգությունը հայտնվել է վտանգի տակ»,- նշված է «Շտեֆանուս» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հինգշաբթի՝ մարտի 20-ին հայտարարեց հիմնադրամը, խորհրդի մրցանակը արժեւորում է «գիտական նվիրումը, որը զուգորդվում է արտասովոր քաջությամբ», այն բանից հետո, երբ Յասմին Դում-Թրագուտն իր գործունեության համար քննադատվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում է այդ երկրների կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտման հանգամանքը: «Մեր այս տարվա հաղթողին բնորոշ է տպավորիչ հաստատակամությունը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քարոզչության առջև», - ասում է գործադիր տնօրեն Միքայելա Կոլլերը: Մրցանակի հետ մեկտեղ հիմնադրամը ֆինանսավորում կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցելու նպատակով։ 

Ի թիվս բազմաթիվ նախաձեռնությունների, հայագետի գործունեությունը թուրք-ադրբեջանական քարոզչության թիրախում է հայտնվել, մասնավորապես՝ 2022թ․ մայիսին «Կապույտ վահան Ավստրիայի» հետ համատեղ Վիեննայում Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգությանը նվիրված կոնֆերանսի կազմակերպման, թեմատիկ աշխատության հրատարակման, ինչպես նաև՝ 2023թ․ գերմանացի աղվանագետ Յոստ Գիպերտի համախմբագրությամբ լույս տեսած «Կովկասյան Աղվանք» ձեռնարկի հրատարակման համար։

Յասմին Դում-Թրագուտը ղեկավարում է Քրիստոնեական Արևելքի հետազոտությունների կենտրոնի Հայագիտության բաժինը, հետազոտում և դասավանդում է Զալցբուրգի համալսարանի Աստվածաշնչի ուսումնասիրության և եկեղեցու պատմության ամբիոնում, ինչպես նաև՝ Հայաստանում: Հայերենի ու հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականը հայտնի է նաև որպես Հայաստանի վերաբերյալ ամենաընթերցված գերմանալեզու ճանապարհորդական ուղեցույցի հեղինակ: Նա Հայաստանի պատվավոր քաղաքացի է և արդեն արժանացել է մի քանի հեղինակավոր պարգևների։ 2023թ․ դեկտեմբերին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների և հայագիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին «Մովսես Խորենացի» մեդալով:

Լուսանկարը՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter