HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի մշակութային ժառանգության մասին միջազգային կոնֆերանսը կայացել է, որքան էլ ադրբեջանցիները փորձել են տապալել այն

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսը Վիեննայում կայացել է՝ չնայած Ադրբեջանի կողմից այն տապալելու փորձերին։ Կոնֆերանսը կազմակերպել էին Զալցբուրգի համալսարանը, «Կապույտ վահան» կազմակերպության Ավստրիայի գրասենյակը, Վիեննայի պատմական արվեստների թանգարանն ու Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը։ Բանը հասել էր նրան, որ Ավստրիայում Ադրբեջանի դեսպանը գնացել էր Զալցբուրգի համալսարանի ռեկտորի մոտ՝ փորձելով խոչընդոտել համալսարանի դասախոս, հայագետ, լեզվաբան Յասմին Դում-Թրագուտի (Jasmine Dum-Tragut) կողմից Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնֆերանսի կազմակերպումը։

Բուն կոնֆերանսից առաջ՝ մայիսի 11-14-ը, Զալցբուրգում բացվել էր «Մշակույթը հակամարտության մեջ, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում տեղի էր «Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգություն» (անգլերեն) գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի նախաձեռնությամբ: Յասմին Դում-Թրագուտն այս գրասենյակի Ավստրիայի կոմիտեի ղեկավարն է։  

Հայագետն ասում է, որ կոնֆերանսից առաջ տեղի ադրբեջանական համայնքն ու դեսպանատունը նամակներ էին ուղարկել միջոցառման մասնակիցներին, Վիեննայի թանգարանին, Ավստրիայի պետական կառույցներին, նույնիսկ՝ բանակին։ Բայց հավելում է, որ ինքը սովոր է նման «հիմար նամակներ» ստանալ թուրքերից ու ադրբեջանցիներից, եւ դա իրեն բնավ չէր անհանգստացնում։ Փոխարենը մտահոգիչ էր ադրբեջանցի դեսպանի՝ Զալցբուրգի համալսարանի ռեկտորի հետ հանդիպումը։ Սակայն դրա հաջորդ օրը համալսարանի կայքի առաջին էջում լուսաբանվել է միջոցառումը։ Դում-Թրագուտն ասում է, որ համալսարանն աջակցեց իրեն՝ պաշտպանելով ազատ խոսքն ու մշակույթը։

Մայիսի 13-14-ը Վիեննայի պատմական արվեստների թանգարանում տեղի է ունեցել «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» թեմայով միջազգային կոնֆերանսն ու դրան հաջորդող աշխատարանը (workshop): Բուն թեման Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումն էր։

Տիկին Դում-Թրագուտն ասում է, որ հավանական մասնակիցներից ոմանք հրաժարվեցին մասնակցել կոնֆերանսին, քանի որ, իրենց ասելով, չէին ցանկանում ներքաշվել հակամարտության մեջ, չնայած նրանց ասում էին, որ խնդիրը մշակութային է, այլ ոչ քաղաքական։ Հայագետը նկատում է, որ եթե Ավստրիայում մարդիկ թեկուզ որոշակի գիտելիքներ ունեն Հայաստանի մասին, ապա Արցախի մասին չեն լսել։ Վերջինիս մասին տեղի հանրությունը որոշ բաներ լսեց 2020-ի պատերազմի ժամանակ, բայց դրանից հետո կրկին մոռացան, քանի որ լրատվամիջոցներն այլեւս չէին խոսում Արցախի թեմայից։ Ինքը՝ Դում-Թրագուտը, պատերազմի օրերին եւ դրանից հետո փորձում էր Ավստրիայում հնարավորինս շատ ինֆորմացիա տարածել տեղի ունեցողի վերաբերյալ, նաեւ օգնություն էր հավաքում հայ զինվորների համար։ Հավելում է, որ որպես հայագետ, լեզվաբան դասախոսություններ է կարդում Արցախի, դրա մշակութային ժառանգության մասին՝ ձգտելով իրազեկ պահել ավստրիական հանրությանը։  

Կոնֆերանսի մասնակիցներից վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ այն միջազգային ուժերով էր կազմակերպվել, իսկ հայկական կողմը բովանդակային աջակցություն է ցուցաբերել։

Հայ բանախոսները հիմնականում խոսել են Արցախի մշակույթի ժառանգության ճակատագրի մասին, իսկ արտասահմանցի փորձագետներն անդրադարձել են միջազգային իրավունքով մշակութային ժառանգության պաշտպանությանը հասնելու ուղիներին։ Հրատապ հարցերը, ըստ Գրիգորյանի, նորություն չէին հայ լսարանի համար, մինչդեռ նորություն էին միջազգային լսարանի համար։ Հիմնականում խոսվել է պատերազմի ընթացքում Արցախում մշակութային ժառանգությանը հասցված վնասի, ինչպես նաեւ պատերազմից հետո իրականացված վայրագությունների հետեւանքով վնասի մասին։

Հայ բանախոսները բարձրաձայնել են Արցախում պատերազմից հետո եկեղեցիների, գերեզմանատների, տարբեր հուշարձանների քանդման դեպքերը։ Բանախոսներից մի քանիսը ներկա իրավիճակը զուգորդել են Նախիջեւանում հայ մշակութային ժառանգության ճակատագրի հետ։ «Երբ խոսում ենք Նախիջեւանի եւ Արցախի մասին, շատ տեսանելի է դառնում նույն Ալիեւների վարած քաղաքականությունը վերջին 20 տարիների ընթացքում։ Ակնհայտ է, որ նրանք նույնը ցանկանում են պրոյեկտել Արցախի պարագային։ Արցախի արդեն իսկ օկուպացրած տարածքներում նմանությամբ կրկնվում է (չենք կարող ասել նույնությամբ, քանի Նախիջեւանի պարագայում 27 հազար հուշարձան ամբողջությամբ ոչնչացվել է, ամբողջ վանական համալիրներ եւ եկեղեցիներ վերացել են երկրի երեսից, գիտենք նաեւ Ջուղայի խաչքարերի պատմությունը, որոնք ոչնչացվել են)։ Արցախի դեպքում կան ոչնչացման դեպքեր, այս պահին ավելի հաճախ հանդիպում ենք աղվանականացման դեպքերի, երբ տաճարների պատերից սրբվում են հայկական արձանագրությունները։ Այս մասին նույնպես լուրջ փորձագիտական ելույթներ եղան»,- ասում է Սեդա Գրիգորյանը։

Վերջինիս բանախոսության թեման իր իսկ ֆիլմից էր, որի վրա դեռ աշխատում է։ Զուգահեռներ է տարել Արցախի եւ Նախիջեւանի ճակատագրերի միջեւ։ Ռեժիսորն ասում է՝ ֆիլմում ներկայացված են նաեւ մշակութային ժառանգության արցախցի մասնագետներ, որոնք օրուգիշեր աշխատում են՝ այն պահպանելու համար։ Նրանք, արդեն իսկ ապրելով Արցախում, երաշխավոր են այդ ժառանգության պահպանման համար։

«Հետքի» զրուցակիցն անդրադառնում է Նախիջեւանի օրինակին։ Ասում է՝ այն պահից, երբ նախիջեւանահայությունը հարկադրված լքեց իր հայրենիքը, ամբողջ շրջանի հայ մշակութային ժառանգությունը վերացվեց։ Հստակ կարելի է ասել, որ Նախիջեւանում 27 հազար հուշարձան է վերացվել։ «Մարդու ներկայությունը հողում, իր մշակութային ժառանգության տարածքում էական նշանակություն ունի, հատկապես մեր կոնֆլիկտի պարագայում։ Շատ կարեւոր է խոսել, հիշել, որ 100 հազար հայ այնտեղ է ապրում այս պահի դրությամբ, եւ նրանց այնտեղ լինելն արդեն իսկ երաշխիք է, որ մշակութային ժառանգությունը պահպանված լինի։ Իսկ որպեսզի հասնենք դրան, պետք է հասնենք հայերի՝ իրենց հայրենիքում ապրելու անվտանգությանը եւ իրավունքների հնարավոր իրագործմանը»,- նշում է վավերագրող ռեժիսորը։

Որ «Կապույտ վահանը» վահան դառնա Հայաստանի համար

Սեդա Գրիգորյանը շեշտում է Վիեննայի կոնֆերանսում «Կապույտ վահան» («Blue Shield») կազմակերպության ավստրիական կոմիտեի մասնակցությունը։ Սա հակամարտությունների եւ բնական աղետների պայմաններում վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության առաջատար միջազգային կազմակերպություն է, որը գործում է տասնյակ երկրներում։ Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում «Կապույտ վահանի» հայաստանյան գրասենյակ բացելու ուղղությամբ։ Գրիգորյանը հուսով է, որ առաջիկա ամիսներին դա տեղի կունենա։ Իսկ կոնֆերանսում այդ կազմակերպության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը խոսում է նշված գաղափարին աջակցելու մասին։ Ռեժիսորը առանձնացնում է կազմակերպության փորձը՝ ռազմական բախումների ու բնական աղետների պայմաններում մշակութային ժառանգության պաշտպանության համար անհրաժեշտ հմտություններ փոխանցել, վերապատրաստել մշակութային ու թանգարանային ոլորտի մասնագետներին, ինչպես նաեւ զինվորականներին։

«Կապույտ վահանի» Ավստրիայի կոմիտեի նախագահ Կառլ Հաբսբուրգ-Լոթրինգենը (Karl Habsburg-Lothringen) հստակ շեշտադրումներով խոսել է արցախյան հակամարտության մասին։ Գրիգորյանն ասում է, որ նա շատ լավ է տիրապետում խնդրին։ «Նման ելույթներն ու կարծիքները պետք է մեծապես լուսաբանվեն, որովհետեւ, այո, մենք կարիք ունենք, որ միջազգային փորձագետները մեր կողքին լինեն։ Բայց երբ մեր կողքին են, մենք դա հնարավորինս տեսանելի պիտի դարձնենք, որովհետեւ մեր ճշմարտությունն իրականում աշխարհի ճշմարտությունն է, մենք պետք է կարողանանք այն աշխարհի բերանով հնչեցնել»,- ասում է հայ ռեժիսորը։

Կոնֆերանսի բանախոսներից է եղել ավստրիական բանակի իրավական խորհրդատու, ռազմական գործի մասնագետ, գնդապետ Միխայել Պեսենդորֆերը (Michael Pesendorfer), որն անդրադարձել է ռազմական հակամատությունների ժամանակ մշակութային ժառանգության խնդիրներին։ Հանդիսատեսի կարգավիճակով կոնֆերանսին մասնակցել են Սլովակիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր անձամբ էին ձեռնարկել 2004 թ․ Հայոց ցեղասպանությունը Սլովակիայում պաշտոնապես ճանաչելու գործընթացը։ Նրանք կոնֆերանսին մասնակցել են իրենց նախաձեռնությամբ։

Նման միջոցառումները պաշտոնական Երեւանը պիտի հանրայնացնի

Սեդա Գրիգորյանը նշում է, թե մեծ ցանկություն եւ հույս ունի, որ նման միջոցառումները Հայաստանը պետական մակարդակով խոշորացույցի տակ կառնի՝ նպաստելով դրանց հանրայնացմանը։ «Հետքի» զրուցակիցը շեշտում է՝ սա ոչ թե ոտքի վրա կազմակերպված կամ ինչ-որ հիշատակի, այլ գիտական, մասնագիտական լուրջ միջոցառում էր, որտեղ հնչել են հայ եւ օտարերկրացի մասնագետների ելույթներ։

«Սա պետք է լինի մեր զենքը, հատկապես երբ ուզում ենք հասնել խաղաղության եւ պայքարել խաղաղության զենքերով։ Պետք է ամուր կառչենք մեր բոլոր այն բարեկամներից եւ այն համարձակ մարդկանցից, ովքեր չեն նայել ադրբեջանական կողմի բողոքներին, իսկ այս կոնֆերանսի համար ադրբեջանական կողմը որոշակի զանգեր է արել, փորձել է խոչընդոտել, բայց միջազգային ընկերները չեն վախեցել, չեն երկմտել եւ մասնակցել են»,- ասում է Գրիգորյանն ու կարեւորում կոնֆերանսին Հայ առաքելական եկեղեցու, Ավստրիայում ու Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի մասնակցությունը։

Կոնֆերանսի մասնակից ռեժիսորը շեշտում է, որ պաշտոնական Երեւանը պետք է նախաձեռնողականություն դրսեւորի եւ նման միջոցառումների հանրայնացման կոնկրետ քաղաքականություն վարի․ «Սա պետք է լինի մեր դիվանագիտության, քաղաքականության ողնաշարի շատ կարեւոր մասերից մեկն այս պահին»։

Կոնֆերանսի լուսանկարները տրամադրել է Սեդա Գրիգորյանը

Մեկնաբանություններ (1)

George
When it comes to usurping other people's cultural heritage through falsification of history, the Azeri authorities are second to none! That's why they have a territorial claim on Iranian provinces inhabited by Azeri people, and they removed Persian inscriptions from Nizami Ganjavi Mausoleum. Likewise, they claim Artsakh as their historical territory (being aware of the fact that it’s been donated to them by despot Stalin), and they removed Armenian inscriptions from the walls of the centuries-old Armenian Apostolic churches (according to them: “Albanian religious/Christian” buildings) in occupied Artsakh. Unlike the self-publicized cultural destruction of Armenian heritage in Artsakh, independent Azerbaijan’s covert campaign to re-engineer Nakhichevan’s historical landscape between 1997 and 2006 is little known outside the region. But one man, Armenia-based researcher Argam Ayvazyan, anticipated the systematic destruction decades before. Ayvazyan feared that Nakhichevan’s Armenian material heritage was destined to disappear, like its indigenous Armenians already had. The region’s Armenian population shrunk following the 1921 treaties of Kars and Moscow, in which Turkish negotiators secured the territory as an exclave under the administration of Soviet Azerbaijan. Ayvazyan was barely 17 when he started photographing the cultural heritage of his native Nakhichevan. From 1964 to 1987, he collected enough documentation to ultimately publish 200 articles and over 40 books. His photographic missions were self-financed, undercover, dangerous, and supported by his closest companion: “My wife, a teacher, was my number one pillar,” recalls Ayvazyan. https://hyperallergic.com/482353/a-regime-conceals-its-erasure-of-indigenous-armenian-culture/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter