HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն հանցանքների կենտրոնում

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է: Որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռեւս չի հարուցվել, սակայն մի շարք անձինք հարցաքննվել են, Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2019 թ. հիմնադրված եւ առավելապես որպես ԱՆԻՖ հայտնի պետական ֆոնդը (ANIF, Armenian National Interests Fund) 2023 թվականից հայտնվել է կառավարական, իրավապահ եւ վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոնում:

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

Ըստ էության, ԱՆԻՖ-ի վրա ուշադրություն սեւեռվեց եւ դրա գործունեության ուսումնասիրություն սկսվեց միանգամից մեկից ավելի ուղղություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Արժույթի միջազգային հիմնադրամ, Պետական վերահսկողական ծառայություն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) ԱՆԻՖ-ի գործունեությամբ սկսել էր հետաքրքրվել Տիգրան Ավինյանին առնչվող վարույթի շրջանակներում, որը վերաբերում էր պաշտոնների համատեղմանը: Այն հարուցվել էր 2022-ի դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ Ավինյանը 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, միաժամանակ՝ 2018-2021 թթ., նա ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետ: Ավինյանի կողմից փոխքաղաքապետի եւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումն ուսումնասիրելիս ԿԿՀ-ն ԱՆԻՖ-ից պահանջել էր 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները:

«Վերլուծելով ներկայացված տվյալները՝ Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»,- հայտարարել էր ԿԿՀ-ն եւ որոշել Ավինյանի վերաբերյալ իր կողմից հարուցված վարույթը կասեցնել, փոխարենը դրա նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն:

Լիազորությունների չարաշահում, գույքի հափշտակություն

Դատախազությունը ԿԿՀ-ից ստացած փաստաթղթերն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ 2023 թ. ապրիլի 22-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը):

Քրեական օրենսգրքի այս դրույթը սահմանում է. «ՀՀ կամ այլ պետության առեւտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել (500 հազարից մինչեւ 5 մլն դրամի վնաս - «Հետք») անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի առավելագույնը 20-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»: 

Քրեական վարույթի նախաձեռնումից շատ չանցած՝ վերադաս դատախազը որոշել էր այն Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցել Քննչական կոմիտեին: Սակայն ինչպես տեղեկացել ենք Դատախազությունից, ՔԿ-ի քննիչը կարճել է վարույթը: Այդուհանդերձ, քննիչի այս որոշումը դատախազը հետո վերացրել է:

Զուգահեռաբար ՔԿ-ն տեղեկանք է ստացել Պետական վերահսկողական ծառայությունից (ՊՎԾ), որը կազմվել էր 2023 թ. ԱՆԻՖ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում: Այս տեղեկանքի հիման վրա ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Խոսքն առեւտրային կազմակերպությունում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու մասին է: Սա նշանակում է, որ, ըստ իրավապահների, ԱՆԻՖ-ում ծառայողական լիազորությունները չարաշահելու հետեւանքով ընկերությանը հասցվել է ավելի քան 5 մլն դրամի վնաս: Այս հանցանքը պատժվում է տուգանքով՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի 20-ապատիկից 40-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

Բայց սա ամենը չէ, քանի որ նախաքննության հիմքում դրվել է եւս մեկ դրույթ՝ ՔՕ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը, այն է՝ առանձնապես խոշոր չափերով (5 մլն դրամից ավելի - «Հետք») վստահված գույքը հափշտակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Նկատենք, որ, ըստ Քրեական օրենսգրքի, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, ինչպես նաեւ վստահված գույքի հափշտակությունը համարվում են կոռուպցիոն հանցագործություններ:

Ի՞նչ է ԱՆԻՖ-ում հայտնաբերել ՊՎԾ-ն

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ԱՆԻՖ-ում իրենց հայտնաբերած խնդիրներն առնչվել են որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, ղեկավար անձանց աշխատավարձերի, պարգեւավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, գործընթացների փաստաթղթավորմանը:

Ըստ Պետրոսյանի՝ չնայած որոշ ծառայությունների մատուցման համար ԱՆԻՖ-ի կենտրոնական ապարատն ու ներկայացուցչություններն ունեն բարձր վարձատրվող հաստիքային աշխատակիցներ, պարզվել է, որ այդ ծառայությունների ձեռքբերումն արտապատվիրակվել է այլ ընկերությունների, ինչը ՊՎԾ-ն համարում է խնդրահարույց աշխատաոճ։ Վերահսկողական ծառայության ղեկավարը նշել է նաեւ, որ ԱՆԻՖ-ում կիրառվել են աշխատավարձերի հաշվարկման որոշակի մեխանիզմներ, որոնք, ըստ էության, ապօրինի չեն եղել, բայց արդյունավետության խնդիր կա։ Օրինակ՝ ընկերությունը սահմանել է համապատասխան նշաձողեր, սակայն հետո՝ այդ նշաձողերը հաղթահարված չլինելու կամ յուրովի մեկնաբանության արդյունքում, ԱՆԻՖ-ի ղեկավար կազմի որոշ պաշտոնատար անձինք զգալի պարգեւավճարներ են ստացել:

Այս ֆոնին Ռ. Պետրոսյանը նկատել է, որ ԱՆԻՖ-ը չի ունեցել տնտեսական այնպիսի էֆեկտ, որի պարագայում հիմնավորված կլիներ նման բարձր աշխատավարձերի ու պարգեւավճարների տրամադրումը, մասնավորապես, ղեկավար կազմին: Ընդ որում՝ կան մասնագետներ, այդ թվում՝ բարձրագույն կառավարման մարմնում, որոնք, ըստ Պետրոսյանի, իրենց լիազորություններն իրականացրել են միաժամանակ թե՛ կենտրոնական ապարատում, թե՛ ներկայացուցչություններից մեկում կամ երկուսում։ Նկատենք, որ, ըստ կանոնադրության, ԱՆԻՖ-ի կառավարման մարմինները երեքն են՝ բաժնետերերի ընդհանուր ժողովը (միակ բաժնետերը ՀՀ-ն է, որին ներկայացնում է էկոնոմիկայի նախարարը), տնօրենների խորհուրդը եւ միանձնյա գործադիր մարմինը՝ տնօրենը:

Ինչ վերաբերում է ներկայացուցչություններին, ապա ԱՆԻՖ-ը, իր պաշտոնական կայքի համաձայն, ունի այդպիսի 2 գրասենյակ՝ Փարիզում եւ Աբու Դաբիում:

Ֆրանսիայի ներկայացուցչությունը հիմնվել է 2021 թ. հունվարին: 2021-2022 թթ. դրա պատասխանատուն եղել է Հայարփի Վարդանյանը, որին փոխարինել է Անի Պեպանյանը (2022-2023 թթ.), վերջինիս էլ՝ Քրիստինա Ավագյանը: ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացուցչության հիմնադրման պահից նշված է որպես արտասահմանյան պատասխանատու (responsable à l'étranger):

Միջազգային կառույցի ուսումնասիրությունից հետո Կառավարությունը կտրուկ քայլերի է դիմել

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կամ ԱՆԻՖ-ի 100 % սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է: Հիմնադրման ժամանակ՝ 2019-ի մայիսին, դրա կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ էր, իսկ այսօր՝ 7,6 մլրդ դրամ:

2019-2021 թթ. ԱՆԻՖ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր Էկոնոմիկայի նախարարությանը (նախկինում՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն), 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, եւ ԱՆԻՖ-ը նորից անցավ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ:

2024-ի տարեսկզբյան ասուլիսում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2023-ի սկզբին հետազոտություն էր իրականացրել, եւ ԱՆԻՖ-ում խնդիրներ էին հայտնաբերվել, որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը եւ կորպորատիվ կառավարմանը: Դրանից հետո, ըստ Քերոբյանի, 2023-ի մայիսին Կառավարությունը որոշել է փոխել ԱՆԻՖ-ի մանդատը, քանի որ նախկին մանդատը բավականին լայն էր (պետական ֆոնդը մինչ այդ ներդրումներ էր կատարում ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռեստորանային բիզնեսում, ինչը միանշանակ չէր ընդունվում հանրության կողմից), եւ սա հարցեր էր առաջացրել նաեւ ԱՄՀ-ի մոտ:

Կառավարությունը որոշել էր, որ ԱՆԻՖ-ն այդուհետ պետք է այնպիսի ներդրումներ կատարի, որոնց արդյունքում կարտադրվեն տնտեսապես բարդ ապրանքներ, ինչպես նաեւ ՀՀ արտադրության ապրանքներ կարտահանվեն այնպիսի շուկաներ, որոնց հետ կապը նախկինում թույլ է եղել: Փոխարենը գործադիրը ֆոնդին արգելել է ներդրումներ կատարել հետեւյալ ոլորտներում՝ մանրածախ առեւտուր, հյուրանոցային ծառայություններ, հանրային սննդի կազմակերպում, շինարարություն, ժամանցի, շահումով խաղերի, ինտերնետով շահումով խաղերի կազմակերպում, հանքարդյունաբերություն, ֆինանսներ։

ԱՄՀ-ի հետազոտությունից հետո, ըստ Վ. Քերոբյանի, իրենք քննարկումներ են ունեցել ԱՆԻՖ-ի կառավարիչների հետ, քննարկել են նաեւ ֆոնդի 2022 թ. տարեկան հաշվետվությունը, ու չնայած, ըստ նախկին նախարարի, արտաքին աուդիտը խնդիրներ չի հայտնաբերել, իրենք գտել են, որ այն ճշգրիտ չի արտացոլում ֆինանսական վիճակը ԱՆԻՖ-ում: Ու պատահական չէ, որ Քերոբյանը 2023-ի նոյեմբերին չի հաստատել ԱՆԻՖ-ի 2022 թ. հաշվապահական հաշվեկշիռն ու ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը՝ հիմնավորելով, որ «հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության եւ վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը»: Միաժամանակ որոշվել է փոփոխություններ կատարել ֆոնդի ղեկավար կազմում:

Վայրիվերումներ ԱՆԻՖ-ի ղեկավար կազմում

2019-2023 թթ. տնօրենների խորհուրդը նախագահում էր Տիգրան Ավինյանը, անդամներն էին Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, իտալացի Իսիդորո Լուչիոլան, ինչպես նաեւ փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանն ու օգնական Սոնա Թեւանյանը, որոնց անունները ԱՆԻՖ-ի կայքում նշված չեն եղել (ներկայում երկուսն էլ քաղաքապետ Ավինյանի խորհրդականներն են): 

Հատկանշական է, որ, ԱՆԻՖ-ի նախկին կանոնադրության համաձայն, խորհրդի նախագահն ընտրվում էր խորհրդի կողմից եւ վերջինիս կազմից՝ ներդրումային ոլորտը համակարգող ՀՀ փոխվարչապետի ներկայացմամբ: Իսկ 2018-2021 թթ. այդ փոխվարչապետը հենց Ավինյանն էր:

2023-ի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետ դարձած Ավինյանի, ինչպես նաեւ նրան «փոխկապակցված» Բաբայանի ու Թեւանյանի լիազորությունները խորհրդի անդամի պաշտոնում դադարեցվել են էկոնոմիկայի նախարար Քերոբյանի նոյեմբերյան հրամանով (քանի որ ԱՆԻՖ-ի միակ բաժնետերը ՀՀ-ն է, իսկ բաժնետոմսերի կառավարումը հանձնվել է ԷՆ-ին, էկոնոմիկայի նախարարն է հանդես գալիս բաժնետիրոջ անունից):

Այս երեքի փոխարեն Քերոբյանը նշանակել է նոր անդամների՝ Էդգար Մկրտչյանին (փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար), Արման Ադիլխանյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար), Անի Իսպիրյանին (էկոնոմիկայի փոխնախարար): Խորհրդում մնացել են նաեւ դը Վիլպենն ու Լուչիոլան, ընդհանուր՝ 5 հոգի:

Օրեր անց՝ նոյեմբերի 15-ին, Քերոբյանը հաստատել է ԱՆԻՖ-ի նոր կանոնադրությունը, որը հիմնված էր Կառավարության 2023 թ. մայիսի որոշման վրա: Ըստ այդմ՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը պետք է ունենա առնվազն 7 անդամ, որոնցից 2-ը պետք է ընտրվեն Էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ՝ որպես խորհրդի ի պաշտոնե անդամներ, հասարակական հիմունքներով: Խորհրդում մյուսները պետք է լինեն անկախ անդամներ: Սահմանվել է նաեւ, որ խորհուրդը նախագահին պետք է ընտրի անկախ անդամների միջից: Սակայն դեկտեմբերի 22-ին ԷՆ-ն հայտնեց, որ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ է ընտրվել փոխնախարար Անի Իսպիրյանը, որը խորհրդի անդամ էր նշանակվել նախորդ կանոնադրության գործողության ժամանակ, երբ չկար ի պաշտոնե եւ անկախ անդամների տարանջատում, սակայն նոր կանոնադրության համաձայն ստացվում էր, որ Իսպիրյանն ի պաշտոնե անդամ է: Մինչ այդ խորհրդի նախագահը Դոմինիկ դը Վիլպենն էր:

Քերոբյանի տեղակալ Իսպիրյանի ղեկավարած խորհրդի կամ ավելի ճիշտ՝ երեք նոր անդամների առաջին քայլերից մեկը եղավ 2024 թ. հունվարի 5-ին ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունների դադարեցումը, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ֆոնդի աշխատակից Տիգրան Ղազարյանը:   

Այս փոփոխություններն, ըստ էության, դուր չեն եկել խորհրդի արտասահմանցի անդամներին՝ դը Վիլպենին եւ Լուչիոլային: Հունվարի 7-ին ԱՆԻՖ-ը հայտարարեց, որ նրանք հրաժարական են ներկայացրել խորհրդի անդամի պաշտոններից: Նրանց փոխարեն խորհրդում ներգրավվել են էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն (ի պաշտոնե անդամ) ու Արտակ Քամալյանը, որը 2020-2024 թթ. եղել է ԵԱՏՀ կոլեգիայի անդամ (նախարար): ԱՆԻՖ-ից հեռացել են նաեւ ներդրումային կոմիտեի արտասահմանցի անդամները:

Օրեր անց՝ հունվարի 30-ին, վարչապետը էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատեց Անի Իսպիրյանին, իսկ հաջորդ օրը Քննչական կոմիտեն հայտարարեց ԷՆ պաշտոնյաներին առնչվող սկանդալային գործի մասին, որի առանցքում էր Իսպիրյանը: Նա ու եւս մի քանի հոգի ձերբակալվեցին: Փետրվարի 14-ին նախարարի պաշտոնից ազատվեց Վահան Քերոբյանը, որը շուտով, ինչպես Իսպիրյանը, դարձավ մեղադրյալ: Շեշտենք, սակայն, որ այս գործը կապ չունի ԱՆԻՖ-ում կատարվողի հետ:

Իսպիրյանի պաշտոնանկությունից հետո ԱՆԻՖ-ի խորհրդի անդամների թիվը դարձավ 4, չնայած կանոնադրությամբ պետք է առնվազն 7 լիներ: Խորհուրդը զրկվեց նաեւ նախագահից: Սրա հետեւանքով փետրվարի 29-ին փոփոխություն կատարվեց ընկերության կանոնադրության մեջ: Սահմանվեց, որ խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաեւ նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում այդ պարտականությունները կատարում է նրա տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ խորհրդի տարիքով ավագ անդամը: ԱՆԻՖ-ի կայքի համաձայն՝ ընկերությունը չունի խորհրդի նախագահի տեղակալ, ինչը, եթե ճիշտ է, նշանակում է, որ խորհուրդը պետք է ժամանակավորապես նախագահի 53-ամյա Արտակ Քամալյանը:

Կանոնադրության փոփոխությամբ սահմանվել է նաեւ, որ մինչեւ կձեւավորվի խորհրդի 7-հոգանոց կազմը, մեկ տարի ժամկետով այն բաղկացած է առնվազն 4 անդամից եւ համարվում է իրավասու (քվորում ունեցող): Ամրագրվել է նաեւ, որ այդ ընթացքում խորհրդի նախագահի նկատմամբ չի տարածվում անկախ անդամ լինելու պահանջը:

Առաջին լուսանկարում՝ Դավիթ Փափազյան, Տիգրան Ավինյան, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան (ձախից աջ), աղբյուրը՝ Մեդիամաքս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter